ՆՁԱԿ
   
 

Արևային օդատաքացուցիչով կոմբինացված չորանոց

2015թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը, լինելով հայաստանյան գիտատեխնոլոգիական ներուժի և տնտեսության կայուն զարգացման միջև հաղորդակցության տեղեկատվական հարթակ, կազմակերպել է հայաստանյան շուկայի համար նորույթ հանդիսացող հայ հեղինակի և արտադրողի նորարարական առաջարկի` գյուղատնտեսական տարատեսակ մթերքի չորացման  համար նախատեսված արևային օդատաքացուցիչով  կոմբինացված չորանոց-խցիկի շնորհանդես: 

Գործարար միջոցառմանը մասնակցել են  ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեխնոլոգիական զարգացման վարչության պետը, չիր արտադրող անհատ ձեռներեցներ, «Չիր», «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ների, Նոր Այգի»  «Լագարտեքս»,  «Էդգարվլադ» , «Գալս» ՍՊԸ-ների, «Ֆրուիտո  Բելլե», «Վիլիջ Հաուզ» պահածոների գործարանների, Արցախ Բրենդի, «Առողջ այգի» կոոպերատիվի, Արմավիրի և Սյունիքի մարզերի ԳԱՄԿ-ների,  Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, UNIDO ENPARD ծրագրի ազգային համակարգողների, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, «Էկո-Գլոբ» ՀԿ-ի, «Ջրաշեն 1» գյուղատնտեսական ասոցացիայի,  մի շարք հեռուստաընկերությունների, լրատվական գործակալությունների  ներկայացուցիչներ և հետաքրքրված անձինք:

Ներկաներին ողջույնի խոսք է հղել Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը և նշել, որ Կենտրոնը հանդիսանալով միջնորդ նորարարի և ձեռներեցի միջև աջակցում է հայրենական նորարարական արտադրանքի առաջխաղացմանն  ու շուկայում ձեռներեցության մրցունակության բարձրացմանը:

Ելույթ է ունեցել արևային էներգետիկայով զբաղվող ընկերության մարքեթինգային խորհրդատու Նունե Արզումանյանը, ով մասնակիցներին ներկայացրել է ընկերության գործունեությունը, խոսել արևային կոմբինացված չորանոցի ստեղծման մասին  և խոսքը փոխանցել ընկերության տնօրեն, նորարարական առաջարկի հեղինակ, գյուտարար Աշոտ Արզումանյանին և չորացման տեխնոլոգիայի բարձրակարգ փորձագետ Անդրանիկ Վերանյանին:

Աշոտ Արզումանյանը ներկայացրել է արևային օդատաքացուցիչով կոմբինացված չորանոցը, որը, համադրելով և համակցելով տարբեր էներգակիրներ` արևային էներգիա, էլեկտրաէներգիա և ինֆրակարմիր ճառագայթում, հնարավորություն է ընձեռում կազմակերպել գյուղատնտեսական տարատեսակ մթերքի չորացման էներգախնայող, էներգաարդյունավետ և տնտեսապես շահավետ արտադրություն:

Հեղինակը խոսել է կոմբինացված չորանոցի կառուցվածքի, աշխատանքի սկզբունքի, առավելությունների և տեխնիկական պարամետրերի մասին,  նշել որ արևային կոմբինացված չորանոցը հանդիսանում է տեխնիկական նորույթ, որը գրանցված է մտավոր սեփականության գործակալության կողմից: Սարքավորման հիմքում դրված է արևի էներգիային օգտագործման տեխնոլոգիան, ինչը ապահովում է էլեկտրաէներգիայի խնայողություն: Սարքի առավելություններն են աշխատանքի անընդհատությունը, ավտոմատացումը, Էկոլոգիական մաքրությունը, գնային առավելությունը, արտահանման հնարարավորությունը, Էներգախնայողությունը,  մշտական և արագ տեխնիկական սպասարկումը:

Միջոցառման վերջում կայացել է առաջարկի ակտիվ քննարկում, Աշոտ Արզումանյանը և Անդրանիկ Վերանյանը պատասխանել են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, «Նոր Այգի», «Չիր», ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ներկայացուցիչների` մասնավորապես սարքավորման արժեքի, մի շարք պարամետրերի, էներգաարդյունավետության  վերաբերյալ հարցերին, նշելով որ կոմբինացված չորանոցը իր տեխնիկական ցուցանիշներով չի զիջում միջազգային առաջատար արտադրողների անալոգներին, մի շարք առավելություններով գերազանցում է հայաստանյան շուկայում առկա չորացման սարքերը, իսկ գնային առումով` առավել մատչելի է կախված պտվիրատուի կողմից ընտրված պարամետրերից: Սարքավորումը ունի սննդի անվտանգության եվրոպական և միջազգային ստանդարտներին ու նորմերին համապատասխան չորացված մթերքի կայուն բարձր որակ ստանալու հնարավորություն, որը կապահովի արտահանման/իրացման արտաքին նոր շուկաներ:

Միջոցառման վերջում ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեխնոլոգիական զարգացման վարչության պետը իր ելույթում նշել է նման քննարկումների կարևորությունը արտադրության մեջ գիտական մտքի կիրառման համար, որ պետք է շարունակական լինի գյուտարարի ու արտադրողի միջև, արտադրողները պետք է իրենց դիտողությունները և առաջարկությունները ներկայացնեն հեղիանկին, որպեսզի սարքավորումը ապահովի ավելի որակյալ, մաքուր և կառավարվող չորացում:  Նա նաև կարևորել է արտադրողների միավորվելը, որը կնպաստի արտադրության աճին և  չրի արտահանմանը նոր շուկաներ:  

Միջոցառումը լուսաբանվել է «Արմենիա», «ԱՐ», «Արարատ» հեռուստաընկերությունների և «Деловой Экспресс» տնտեսական շաբաթաթերթի, «Yerevan.Today» լրատվական գործակալության կողմից:

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նայել հետևյալ տեսանյութերը`

http://yerevan.today/all/society/5814/arevayin-odataqacucichov-choranocner-haykakan-shukayum

 

Հայ գյուտարարի արարած արևային օդատաքացուցիչով կոմբինացված չորանոց-խցիկը ճանաչում է ձեռք բերում:

https://www.youtube.com/watch?v=sav6dUW3EqQ