ՆՁԱԿ
   
 

«Գիտությունը, տեխնիկան և ինովացիոն տեխնոլոգիաներն ամենազորության և երջանկության դարաշրջանում»

2017 թվականի հունիսի 11-14-ը «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Վարդանյանը մասնակցել է Թուրքմենստանի Նախագահի նախաձեռնությամբ կազմակերպված «Գիտությունը, տեխնիկան և ինովացիոն տեխնոլոգիաներն ամենազորության և երջանկության դարաշրջանում» խորագրի ներքո անցկացված միջազգային գիտաժողովի աշխատանքներին և հանդես եկել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում գրանցված արդյունաբերական սեփականության օբյեկտների ինովացիոն ներուժի գնահատումը» թեմայով գիտական զեկույցով, որը ճանաչվել է որպես «Տնտեսական զարգացում, միջազգային համագործակցություն և իրավունք» խորագրով սեկցիայի լավագույն զեկույցը:
Գիտաժողովի փակման արարողության ժամանակ հանդես է եկել պլենար զեկուցմամբ՝ ներկայացնելով Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գործունեությունը և հնարավոր համագործակցության հեռանկարները:

Բացի այդ, Թուրքմենստանի Տեխնոպարկում և Գիտությունների ակադեմիայի Սեյսմաբանության և մթնոլորտի ֆիզիկայի ինստիտուտում կայացել են աշխատանքային հանդիպումներ գիտատեխնիկական մշակումների, նորարարական տեխնոլոգիաների առևտրայանացմանն աջակցության, ինչպես նաև համատեղ այլ ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: Արդյունքում, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնք կամրագրվեն Թուրքմենստանի Նախագահի՝ Հայաստան այցի շրջանակներում շահագրգիռ կողմերի միջև համագործակցության պայմանագրով: