ՆՁԱԿ
   
   

«Ներկայացնում են հեղինակները» միջոցառումների շարք

«Բնապահպանության ոլորտի նոր հրատարակություններ»
 Հանդիպում-քննարկում

2017թ. հունիսի 21-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը կազմակերպել էր «Մարդը և բնությունը` մեկ ընտանիք» կարգախոսի ներքո «Բնապահպանության ոլորտի նոր հրատարակություններ» խորագրով հանդիպում-քննարկում բնապահպանության ոլորտին նվիրված գրքերի հեղինակների մասնակցությամբ, որի նպատակն էր գիտատեխնիկական հանրությանը տրամադրել տեղեկատվություն ոլորտի արդի խնդիրների մասին, լսել ելույթներ մասնագետների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության Տեղեկատվության և էկոկրթության, Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժինների, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի,  ՄԱԿ-ի UNDO ծրագրի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան), Երևանի պետական համալսարան իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի, Երևանի բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի (Օրհուս կենտրոն) ղեկավարները, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ագրոէկոլոգիայի ամբիոնի, Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի,  Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի և Երևանի լեզվահասարակագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնների, Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության  ԳՀԻ-ի, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի, ինչպես նաև «Լոռե էկո-ակումբ», «Հայկական բուսաբանական ընկերություն», «Թռչնասերների կենտրոն», «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի», «Էկոլոգիական կենսունակություն», «Հասարակական Civil voice ձայն» հասարակական կազմակերպությունների,  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Հանրային ռադիոյի ներկայացուցիչներ և այլն:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գ. Վարդանյանը: Միջոցառման մոդեռատոր, ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լ. Ղարիբյանը ներկայացրել է հեղինակներին և  խոսել միջոցառման նպատակի մասին:

Մասնակիցները լսել են հեղինակների ելույթները.

  • ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանը ներկայացրել է ծրագրի ազգային թիմի փորձագետների հետ համատեղ պատրաստված Հայաստանի Հանրապետության «Էմերալդ ցանցը» գիրքը, այն վերաբերում է հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներին, որոնք ունեն բուսական, կենդանական  հազվագյուտ, անհետացող տեսակներ ու դրանց բնական միջավայրը պահպանելու, վերականգնելու ներուժ, ինչպես նաև ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության և օգտագործման բնագավառում պետական ծրագիրը», «Ազգային պորտֆելիո ԳԷՀ-6» և վերջերս լույս տեսած «Տեխնոլոգիական կարիքների գնահատում կլիմային փոփոխության հարմարվողականության համար» հրատարակությունները:
  • «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ-ի նախագահ Գոհար Օգանեզովան ներկայացրել է իր հեղինակած «Կանաչ Հայաստան» գիրքը
    նվիրված Հայաստանի անտառներում և այլ բուսական համակեցություններում աճող բույսերին և կարևորել գրքի կրթական նշանակությունը հասարակության համար:
  • «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն»-ի Կառավարման խորհրդի անդամ Դշխուհի Սահակյանը ներկայացրել է  բնապահպանական խնդիրներին և դրանց լուծման ուղիներին նվիրված իր և կազմակերպության հեղինակած մի շարք գրքեր: Հեղինակը խոսել է բնության պահպանությանն ուղղված հասարակության իրազեկվածության բարձրացման կարևորության մասին, առաջարկել է զարգացնել համագործակցությունը ՆՁԱԿ-ի հետ  հրատակված գրքերը գրադարանին ի պահ տալու նպատակով:
  • ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաաշխատող, համահեղինակ Ալլա Ալեքսանյանը ներկայացրել է բնակմիջավայրերի դասակարգմանը և նկարագրմանը վերաբերող «Հայաստանի բնակմիջավայրերը» գիրքը և նշել գրքի գիտական, կիրառական և կրթական նշանակությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ հարակից երկրների համար:

Միջոցառման շրջանակներում հեղինակները Գիտատեխնիկական գրադարանին նվիրել են ներկայացված մասնագիտական գրքերը, որի համար ստացել են շհորհակալագրեր: Բացի այդ ներկաներից ոմանք ցանկություն են հայտնել իրենց հրատարակած արժեքավոր գրքերը նույնպես տրամադրել գրադարանին:

Ելույթների ընթացքում մասնակիցները իրենց հետաքրքրող հարցերը ուղղել են հեղինակներին, կայացել են քննարկումներ ուսումնական գործընթացում ներկայացված գրքերի նշանակության, նպատակային օգտագործման, կենսաբազմազանության, վտանգված տեսակների պահպանման խնդիրների, բնապահպանական իրազեկության ու կրթության աջակցման հետ կապված հարցերի  և այլնի շուրջ:

Վերջում մասնակիցները ծանոթացել են Լ, Ղարիբյանի կողմից ներկայացված գրադարանի ժամանակակից ծառայություններին  և ինչպես նաև  «Շրջակա միջավայրի պահպանություն» խորագրով գիտատեխնիկական գրականության ցուցահանդեսին: