ՆՁԱԿ
   
   

Բիզնեսին նվիրված մոտիվացիոն գրքերի ներկայացում - քննարկում

Ս.թ. մարտի 16-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը «Էդիթ Պրինտ» հրատարակչության հետ համատեղ կազմակերպել է վերջինիս կողմից հայերեն թարգմանված և հրատարակված համաշխարհային բեսթսելերներ հանդիսացող բիզնեսին նվիրված մոտիվացիոն գրքերի ներկայացում - քննարկում: 

Միջոցառման նպատակն էր կարևորել  «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից  ձևավորված նոր մշակույթը` հայերեն թարգմանելու և հանրությանը հնարավորություն ընձեռելու մայրենի լեզվով ուսումնասիրելու բիզնեսին նվիրված մոտիվացիոն գրականության համաշխարհային  բեսթսելերները, ինչպես նաև արժևորել հրատարակչություն-գրադարան համագործակցությունը, որը կնպաստի նաև համալրելու ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ֆոնդը լավագույն բիզնես գրականությամբ:

Միջոցառմանը մասնակցել են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, Եվրասիա միջազգային համալսարանի, Ռուսաստանի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողներ, դասախոսներ, գրադարանների ղեկավարներ և հետաքրքրված անձինք: 

Բացման խոսքով հանդես է եկել Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը, որից հետո խոսքը փոխանցել «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանին: Վերջինս խոսել է հրատարակչության իրականացրած աշխատանքների և մոտակա ծրագրերի մասին, շեշտել, որ հրատարակչությունը շարունակում է հայերեն թարգմանել և հայ ընթերցողներին տրամադրել մոտիվացիոն և բիզնես գրականության համաշխարհային բեսթսելերները, որոնք  տասնամյակներ շարունակ օգնել են միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում:  Նշել նաև, որ այս նախաձեռնությամբ ոչ թե միայն բիզնես նպատակներ են հետապնդել, այլ փորձել են թե՛ նյութական, թե՛ հոգևոր արժեքները համատեղել և օգնել մեր հայրենակիցներին հետ չմնալու ժամանակի շնչից:

Ներկաները ծանոթացել են հետևյալ բեսթսելերներին, դրանք են`

  • Հանրահայտ գործարար և գրող Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը, որտեղ ներկայացված է սկզբունքակենտրոն մոտեցում`լուծելու անհատական և մասնագիտական խնդիրները, օգնելու փոխվել և օգտվել փոփոխությունների արդյունքում ստեղծված հնարավորություններից: Time ամսագիրն այն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում:
  • Կյանքն ու գործը ճիշտ և արդյունավետ ղեկավարելու բոլոր ժամանակների բեսթսելեր Սպենսեր Ջոնսոնի և Քեն Բլանչարդի​ «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը, որը համարվում է երբևէ հրատարակված ամենահաջողակ մենեջմենթի գրքերից:
  • Մոտիվացիոն գրականության նմուշներից է կյանքում և բիզնեսում փոփոխություն մտցնելու բոլոր ժամանակների թիվ 1 բեսթսելերը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը, այն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր վերաբերմունքը փոփոխության նկատմամբ:

Բանախոսը ներկայացրել է նաև Վահագն Դիլբարյանի  «100 բիզնես գաղտնիքներ» վերնագրով առաջին հայալեզու, ծավալուն բիզնես ուղղվածություն ունեցող գիրքը, որտեղ ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են և ներկայացված է Հայաստանի փորձը: Գիրքը հնարավորություն է տալիս յուրացնել սեփական բիզնեսը զարգացնելու 100 մոտեցում, ինչպես նաև կրթել երիտասարդ սերնդին իրենց կարիերայում և սեփական նախագծերում ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ցուցաբերելու համար:

Ելույթից հետո Շ. Կարապետյանը գրքերը նվիրել է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանին և հայտնել համագործակցությունը շարունակելու մասին: Ի պատասխան ՆՁԱԿ-ի տնօրենը հրատարակչության  ղեկավարությանը հանձնել է շնորհակալագիր` ի նշան երախտագիտության` գրադարանին արժեքավոր բիզնես գրքեր նվիրաբերելու համար:

Վերջում ներկաները իրենց հարցերը ուղղել են հրատարկչության ներկայացուցիչներին և հայտնել իրենց շնորհակալությունը և գոհունակությունը մարդկանց գրքասիրությամբ և ընթերցասիրությամբ վարակելու համար, որի արդյունքում կունենանք կարդացած, զարգացած, ժամանակի շունչը զգացող հասարակություն:

Ելույթներ են ունեցել նաև հրատարակչության կոմերցիոն տնօրեն` Արեգ Մկրտչյանը, «Մենեջեր «Մեկ րոպեն»» և «Ո՞ւր է իմ պանիրը» գրքերի թարգմանիչ Նազելի Կարապետյանը և «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքի թարգմանիչ Ալինա Միրզոյանը:

Միջոցառման շրջանակներում գործել է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում առկա բիզնես գրականության ցուցահանդես, մասնակիցներից ոմանք  դարձել են գրադարանի օգտատեր:

 

Նայել նաև`

  • Մոտիվացիոն գրականությունը՝ սեփական երկիրն ավելի լավը դարձնելու միջոց. գրքերի ներկայացում-քննարկում

http://ankakh.com/article/92652/mvotivatsivon-grakanuthyune%D5%9D-syepakan-yerkirn-avyeli-lave-dardznyelu-midjvots--grqyeri-nyerkayatsum-qnnarkum

  • Քովի, Ջոնսոն, Բլանչարդ. մոտիվացիոն գրքերի ներկայացում-քննարկում

http://haynews.am/hy/1521111702

  • Բիզնեսին նվիրված մոտիվացիոն գրքերի ներկայացում-քննարկում 

http://www.bso.am/calendar/action~agenda/page_offset~-1/request_format~html/

  • «Առավոտ» օրաթերթ

http://www.aravot.am/2018/03/17/943307/

  • Panorama.am 

https://www.panorama.am/am/shortNews/2018/03/15/%D4%B7%D5%A4%D5%AB%D5%A9-%D5%8A%D6%80%D5%AB%D5%B6%D5%BF-%D5%B0%D6%80%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/1209725