ՆՁԱԿ
   
 

Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը կգործարկվի

31.10.2016

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն այսօր՝ հոկտեմբերի 31-ին նախաձեռնել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպում: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանի խոսքով՝ հանդիպման նպատակն է համատեղ քննարկել մտահոգող խնդիրներն ու իրազեկել կառավարության ծրագրով  նախատեսվող փոփոխությունները:
Այսպիսով՝ ՊԵԿ-բիզնես երկխոսության նոր ձևաչափի մեկնարկը տրված է: Խնդրահարույց են շարունակում մնալ ապրանքների մաքսային արժեքի որոշման առանձնահատկությունները: Ոլորտի պատասխանատուների վստահեցմամբ՝ մեծ ուշադրություն է դարձվելու գործարքի գնի մեթոդին: «Միշտ չէ, որ եվրոպական երկրներից ներկրվող ապրանքների համար ներկայացված փաստաթղթերը բավարարում են օրենքի պահանջները: Եվ հակառակը՝ նաև ռիսկային երկրներից կարող են ներկրվել օրենսդրությանը համապատասխանող փաստաթղթերով ապրանքներ»,- ասում է է Սամվել Ավետիքյանը: Այդ ուղղությամբ, ըստ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի, փոփոխությունները մեկնարկել են, և անելիք ունեն թե՛ բիզնեսը, թե՛ մաքսային մարմինը: Նրա դիտարկմամբ՝ բիզնեսի ներկայացրած փաստաթղթերի արժանահավատությունը ճշտելու համար իրականացվելու է հետբացթողումային արդյունավետ հսկողություն: ՊԵԿ-ում վստահեցնում են, որ օրինապահ և ոչ օրինապահ բիզնեսի նկատմամբ կլինի տարբերակված մոտեցում: «Ինչպես ՀՀ վարչապետը և ՊԵԿ նախագահը նշեցին, կձևավորվեն բարեխիղճ հարկ վճարողների ցանկեր, որոնց համար կլինեն պարզեցված գործընթացներ: Կկրճատվի ձևակերպումների ժամանակահատվածը, գործառույթների մի մասը կիրականացվի մաքսատներում»,- շեշտում է Սամվել Ավետիքյանը:
Բարեխիղճ տնտեսավարողների համար առաջիկայում նաև այլ նորամուծություններ են սպասվում. կգործարկվի լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը: «Այն փոխադարձ վստահության վրա հիմնված համակարգ է, որը նպատակ ունի խրախուսել, դյուրինացնել և ավելի արտոնյալ պայմաններ ապահովել բարեխիղճ տնտեսավարող սուբյեկտների համար»,- ասում է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Բարեփոխումների արդյունքն առաջինը զգում, գնահատում է հասցեատերը և ակնկալում շարունակականություն: ՊԵԿ-ն առաջիկայում ժամանակացույց կառաջարկի խորհրդատվության համար, ցանկացողները կարող են նախապես հերթագրվել, ինչպես նաև գրավոր կամ բանավոր փոխանցել հուզող հարցերը: «Այսուհետ ցանկացած պահանջ, ցանկացած խնդիր դառնալու է քննարկման առարկա և լուծումները տրվելու են շատ արագ»,- հավաստիացնում է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը:

http://armef.com/hy/news/keter-ev-ayl-dzknikner/liazorvac-tntesakan-operatori-instituty-kgorcarkvi/


IT’s Armenia համաժողով

31.10.2016

Հոկտեմբերի 28-ին Տոկիոյում անցկացվել է Հայաստանի ՏՏ ոլորտին նվիրված IT's Armenia երկրորդ համաժողովը: Միջոցառումը կազմակերպել են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը՝ Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO) հետ համագործակցությամբ, աջակցել են Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA), Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնությունն ու Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ROTOBO):
Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը: Այնուհետ ներկաներին ողջույնի խոսք է հղել նաև Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության գործադիր փոխնախագահ Կացումի Հիրանոն:
Հայաստանի ՏՏ ոլորտի առավելություններն են ներկայացրել «Ինստիգեյթ», «ՎՕԼՕ», «Արմինովա Թեքնոլոջիս», «Լեւիաթան», «ԱյՅուՆեթվորքս», «ՎիէմՈւեր Իսթերն Յուրոփ» և «Գրանատուս Վենչուրս» ընկերությունները, Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչները: Նրանք առանձնահատուկ ընդգծել են ճապոնական ընկերությունների՝ Հայաստանում ներդրումային և համագործակցության այլ ծրագրերի իրականացման հեռանկարները:
Համաժողովին մասնակցել են ճապոնական շուրջ 100 ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի աշխատանքը եզրափակել են  ՀՀ նախագահի համաշխարհային ՏՏ մրցանակի դափնեկիր Ցուգիո Մակիմոտոն և Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնության նախագահ Յասումինե Սատակեն:

http://armef.com/hy/news/tekhnologianer/it-is-armenia/


ՀՀ-ում վենչուրային նոր հիմնադրամ կստեղծվի

31.10.2016

Հայաստանում հաջորդ տարի նոր ձևաչափի վենչուրային հիմնադրամ կստեղծվի:
Այս մասին Banks.am-ին տեղեկացրել է «Դոմ-Դենիել» ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանը՝ ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում հոկտեմբերի 28-29-ին կայացած FinTech ձևաչափի առաջին Fintegration հաքաթոնի շրջանակում:
Արտաշես Քալանթարյանը նշել է, որ նոր հիմնադրամն էապես կտարբերվի աշխարհում արդեն գործող հիմնադրամներից:
«Այն կլինի աքսելերացիոն ծրագրի և վենչուրային ֆոնդի խառնուրդ, որի նպատակն է լինելու գտնել խելացի երիտասարդների և ապացուցել նրանց, որ անկախ աշխարհագրական դիրքից` լավ գաղափար ունենալու դեպքում ամեն ինչ հնարավոր է, և որ այդ գաղափարներն իրագործելու հարցում մենք նրանց կօգնենք»,- ասել է Արտաշես Քալանթարյանը:

http://www.banks.am/am/news/newsfeed/12825/


Հայաստանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով

31.10.2016

Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ﬕությունը, երկար տարիներ լինելով Հայաստանի ﬕակ տեխնոլոգիական ոլորտի ասոցիացիան և ներառելով հանրապետության, ըստ էության, բոլոր խոշոր խաղացողներին այդ ոլորտում, իր գործունեության ընթացքում ձևավորել է ռազմավարություն։ Այս մասին, ինչպես նաև կառավարության նոր ծրագրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվելիք բարեփոխուﬓերի մասին լրագրողների հետ զրույցում խոսեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների ﬕության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը։ Մինչ վերջերս եղել է անﬕջական և ուղղակի համագործակցություն նախկին էկոնոﬕկայի նախարարության հետ, որը պատասխանատու էր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի համար։ Բնականաբար, նոր փոփոխությունից հետո, ﬔնք կանք և լինելու ենք տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հիﬓական գործընկերներից ﬔկը։ Մեր քննարկուﬓերի ընթացքում ձևավորվում են այն առաջնահերթությունները և այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զարկ տալու համար»։ Հայկ Չոբանյանի խոսքով՝ իրենց ﬕությունը ուղղակի մասնակցություն չի ունեցել ՏՏ ոլորտին վերաբերող փաստաթղթի մշակման հարցում։ «Մենք նախկինում ուղարկել ենք ﬔր մոտեցուﬓերը նախկին Էկոնոﬕկայի նախարարություն, որը այն ժամանակ պատասխանատու էր ոլորտի համար»,-նշեց Չոբանյանը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ﬕության փոխտնօրենը կառավարության ծրագրի մասին խոսելիս այն գնահատեց այսպես. «Կառավարության ծրագրում տեխնոլոգիաների տեխնոլոգիաների ոլորտը համարյա թե առկա չէ։ Իհարկե, այնտեղ կան շուրջ տասը կետ, որոնք վերաբերում են ՏՏ ոլորտին»։ Փոխտնօրենի խոսքով՝ կառավարության այս գործողությունների ծրագիրը ընդհանրապես չի արտացոլում ռազմավարական ուղղությունները, որոնք առկա էին վերջին տարիներին, որոնք առկա են նաև այսօր։ Առաջինը, որ նա նշեց, ռազմավարության բացակայությունն է, որը հանգեցնում է այն բանին, որ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ինչ-որ ﬕ ոլորտ կարող է ﬕ կողմ ﬓալ: Դրանից հետո էլ ժամանակ է հարկավոր, ﬕնչև որ նորից ոլորտը դրվի իր տեղում։ «Մենք պիտի նպաստենք, որպեսզի առաջիկայում ռազմավարական փաստաթղթերով կոմպենսացնենք այս փաստաթուղթը, որի ձևավորմանը կմասնակցի ամբողջ ոլորտը։ Ես համոզված եմ, որ փետրվար-մարտ աﬕսներին ﬔնք կունենանք նախագիծ, որը կներկայացնենք հասարակության դատին»,- հավելեց Չոբանյանը։
Հայաստանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործ… http://armenpress.am/arm/print/865958/hayastanum-kanckacvi-texekatvakan-tekhnologianeri-hamashkharhayin.html 2/2 «Մենք պետք է լինենք կառուցողական, լինենք նաև պահանջկոտ, այսինքն՝ լինեն փաստաթղթեր, հաշվարկներ, կոնկրետ ծրագրեր իրենց արդյունքներով և, բնականաբար, պետք է լինի ճնշում ոլորտի կողﬕց։ ՏՏ ոլորտի զարգացման նախաձեռնողը չպիտի լինի կառավարությունը, այլ պետք է լինի հենց տվյալ ոլորտը։ Այս աﬔնն իրականացնելով, իմ կարծիքով, ﬔնք կկարողանանք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին ներկայացնել Հայաստանը»,-ասաց Չոբանյանը։ 2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման մասին համաձայնագիր է ստորագրվել: Այն ստորագրել են Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ﬕության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Յու Այ Թի Ի ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն Հայկ Չոբանյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթը:

http://armenpress.am/arm/news/865958/hayastanum-kanckacvi-texekatvakan-tekhnologianeri-hamashkharhayin.html


DECENT-ը Հայաստանում բլոկչեյնի զարգացման կենտրոն է հիմնադրել

 27.10.2016

Բլոկչեյն լուծումների մասսայականացման մրցավազքը թեժանում է. ոլորտի առաջատարներն ընդլայնում են գործունեության աշխարհագրությունը՝ կատարելով զգալի ներդրումներ և նոր տաղանդներ ներգրավելով հետազոտությունների և տեխնոլոգիայի զարգացման գործընթաց:  
Այդ առիթով ուշագրավ է բլոկչեյն ստարտափ DECENT Հիմնադրամի կողմից «Բլոկչեյն հետազոտությունների եւ զարգացման կենտրոն» Հայաստանում հիմնադրելը. քայլ, որն ուղղված է DECENT-ի գլոբալ կոնտենտի տարածման ազատականացման ոչ այնքան դյուրին նպատակի իրականացմանը նոր թափ և որակ հաղորդելուն:
Կենտրոնի համահիմնադիր-տնօրեն, Հարվարդի համալսարանի շրջանավարտ Գագիկ Եղիազարյանն այդ կապակցությամբ ասել է.
«Հայաստանի ընտրությունը ինքնանպատակ չէ. Անդրկովկասի «Սիլիկոնյան Հովիտը» արդեն իսկ հարյուրավոր տեխնոլոգիական ընկերությունների հանգրվան է: Ինչպես ստարտափների, այնպես էլ շատ վերազգային հսկաների համար այն գնալով վեր է ածվում զարգացման կենտրոնի տեխնոլոգիական այնպիսի ուղղությունների համար, ինչպիսիք են, օրինակ, արհեստական բանականությունը, մեքենայացված ընկալումը, խոշորածավալ տվյալները, «ամպային» լուծումները»:
VMware, National Instruments, Synopsys, Mentor Graphics և տեղական չեմպիոններ Picsart և Joomag-ների կողքին DECENT-ը ներդնում է մինչ այժմ Հայաստանի ֆինանսա-տեխնոլոգիական պորտֆելում բացակայող և արագ թափ հավաքող բլոկչեյնի «սաղմերը»՝ թվային կոնտենտի ապակենտրոնացված վաճառքի հարթակի զարգացման կենտրոնի տեսքով: Վերջինիս նպատակն է հեղինակ-միջնորդ-գնորդ շղթայից բացառել միջնորդին:
Շահույթ չհետապնդող DECENT-ի հարթակը թույլ է տալիս յուրօրինակ թվային ապրանքների ազատ փոխանակում իրականացնել՝ օգտագործելով վերջինիս վճարումների օժանդակման համակարգը առանց միջնորդավճարի: Երրորդ կողմին զրկելով գործարքից շահելու հնարավորությունից, հարթակը հեղինակին թույլ է տալիս ինքնուրույն ձևավորել ստեղծագործության գինը, իսկ գնորդին՝ որոշելու. գնել, թե ոչ:  Յուրաքանչյուր գործարք գրանցվում է կրիպտոգրաֆիկ լուծումներով հագեցված քիբեր-պաշտպանությամբ օժտված տվյալների պահոցում, որով երաշխավորվում է փոփոխություններ և անցանկալի ներխուժումներ կատարելու անհնարինությունը:
DECENT-ի համակարգի բոլոր ծառայությունները օգտագործում են նույն ճարտարապետությունը: DECENT-ցանցը, DECENT-երաժշտությունը, DECENT-գրքերը շուտով հասանելի կլինեն, իսկ DECENT-եթերը ամենահավակնոտն է. վերջինս հեղինակ-գնորդ հարաբերությունները համալրում է հազարավոր ֆիլմեր և հաղորդումներ ուղիղ եթերում դիտելու հնարավորությամբ:
«DECENT-ի նոր «Բլոկչեյն հետազոտությունների և զարգացման կենտրոնը» մեծապես կկրճատի արտադրություն-շուկա ժամանակահատվածը: Անկասկած, շատ շուտով ավանդական ոլորտներում ցնցումների նոր ալիքի ականատեսը կլինենք: Բլոկչեյնով պայմանավորված զարգացումների արագությունը խոստումնալից է. ուրախ եմ, որ կարող ենք այս նոր իրականության կայացմանը մեր մասնակցությունը բերել», - ասել է DECENT-ի համահիմնադիր Արման Ալեքսանյանը:
յս պահին DECENT-ը կենտրոնացած է իր նախնական-դրամական-առաջարկ (ICO) գործընթացը հաջող ավարտի հասցնելուն:  Մեկնարկից հետո մոտ 4000 հովանավորներ իրենց մասնակցությունն են բերել՝ տրամադրելով $3 500 000-ին համարժեք բիթքոյն:
DECENT-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մատեյ Միխալկոյին ուրախացնում է հատկապես այն փաստը, որ մասնակիցների գերակշռող մասը փոքր գումարներ տրամադրողներ են:
«DECENT-ի ուժը իր մասնակիցների, նրանց հզորացման, ինչպես նաև խմբագիրների իշխանությունը սահմանափակելու մեջ է: Դեռ երեք շաբաթ կա մինչ գործընթացի ավարտը, և DECENT-ը վստահ է, որ կյանքի կկոչի նախատեսված ծրագրերը», - ասել է նա:
Թվայնացված և քիբեր-պաշտպանված լինելը հրամայական է ինչպես անհատների և մասնավոր ձեռնարկությունների այնպես էլ երկրների և կառավարությունների համար. վերջինները ակտիվ մասնակցում են բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման և ներդրման գործընթացին, ընդլայնելով ոլորտի հնարավորությունները: Շատ երկրներ սկսում են հասկանալ և փայփայել կայուն աշխատատեղերն և մրցունակության նոր հնարավորությունները, որ իրենց հետ բերում են հաջորդ սերնդի երիտասարդ ձեռնարկություններն ու ձեռնարկատերերը:
Ս.թ. սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Չինաստանի կառավարությունը աշխատում է բլոկչեյնի վրա հիմնված սոցիալական վճարումների համակարգի մշակման և ներդրման ուղղությամբ: Այս տարվա սկզբին Ռուսաստանի Կենտրոնական Բանկը հայտարարեց ֆինանսական համակարգում բլոկչեյն տեխնոլոգիաների հնարավոր կիրառման ուսումնասիրությունների, Ուկրաինայի կառավարությունը հայտարարեց Աուկցիոն 3.0՝ բլոկչեյնի վրա հիմնված պետական ակտիվների վաճառքների թափանցիկությունը ապահովող մրցութային վաճառքների համակարգի, իսկ Վրաստանը՝ բլոկչեյնի կիրառմամբ հողի նկատմամբ սեփականության գրանցման նոր համակարգի մշակման մասին:
Հայաստանի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը կարծիք է հայտնել, որ բլոկչեյնը նոր ու կարևոր գիտելիք և ներդրումային հնարավորություններ է առաջարկում Հայաստանին:
Banks.am-ը նշում է, որ բլոկչեյնը տվյալների համակարգ է, որը հնարավորություն է տալիս ստեղծել թվային արժույթով (բիթքոին) կատարված գործարքների գրանցամատյան և բաշխել այն ցանցին միացած համակարգիչների միջև: Բլոկչեյնում առկա ինֆորմացիան գաղտնագրվում է, ինչը թույլ է տալիս ապահով օգտվել տվյալների բազայից` առանց որևէ համակարգող մարմնի:

http://www.banks.am/am/news/newsfeed/12812/


Հայաստանում մեկնարկեց «ԵՄ-ն բիզնեսի համար» շաբաթը

25.10.2016

Տարիներ շարունակ Եվրոպական միությունն աջակցել է լայնածավալ բարեփոխումների և ծրագրերի իրականացմանը՝ ուղղված Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը: Եվրոպական միությունը, դիտարկելով նորարությունը, առևտուրն ու ՓՄՁ ոլորտի զարգացումը որպես տնտեսական զարգացման հենասյուներ, պատրաստ է աջակցել Հայաստանին հասնելու զարգացման իր հետագա նպատակներին: Որպես այդ ջանքերի մաս՝ 2016 թվականի ընթացքում արդեն երկրորդ անգամ տեղի է ունենում EU4Business-ը՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով մեկշաբաթյա միջոցառումների շարքը: Այն իրականացվում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության շրջանակում, որը կազմակերպում է Եվրոպական միությունը ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնող գործընկեր հաստատությունների հետ միասին: Այս անգամ «ԵՄ-ն բիզնեսի համար» շաբաթը մեկնարկել է հոկտեմբերի 24-ին և կտևի մինչև հոկտեմբերի 28-ը: Առաջինը «Ներդրումներ Արևելյան գործընկերության ՓՄՁ-ներում» պանելային քննարկումն էր:
Բիզնեսի զարգացմանը նվիրված 8-րդ ժողովի հիմքում նորարարությունն է՝ որպես տարածաշրջանային և ազգային մակարդակով մրցունակությունը խթանող կարևոր գործիք: Ժողովի շրջանակում պաշտոնապես գործարկվեց նաև «EU4Business՝ ԵՄ-ն բիզնեսի համար» վեբկայքի պիլոտային տարբերակը, որը կոչված է բիզնեսներին ուղղված ԵՄ աջակցությունն ավելի հասանելի ու տեսանելի դարձնելուն: Կարճ ժամանակահատվածում կգործարկվեն նաև EU4Business կայքէջեր՝ մշակված անդամ երկրների համար իրենց լեզուներով: Ժողովին հաջորդել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը:
Դեսպան Սվիտալսկին հանդես է եկել բացման խոսքով: «ԵՄ-ի համար իր տարեկան գործողությունների շարքում այս շաբաթը կարևորներից է: Մենք հավատացած ենք, որ տնտեսական ճկունությունը շատ կարևոր է թե՛ մեզ համար, թե՛ Հայաստանի պես երկրների, և մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում տնտեսական զարգացման աջակցությանն ու համագործակցության լավագույն հնարավորությունների տրամադրմանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ԵՄ-ում: Խորհրդանշական է միջոցառումների շաբաթը մեկնարկել բիզնեսի զարգացմանը նվիրված ժողովով: ՓՄՁ-ներն ապահովում են աշխատատեղերի մեծամասնությունը, ուստի ՓՄՁ-ներով պայմանավորված տնտեսական հնարավորությունները ևս պետք է կարևորվեն: Այս նախաձեռնությունը հզոր ազդանշան է ԵՄ-ի համար՝ աջակցելու բիզնեսներին՝ տնտեսության գործնական շահերի, ինչպես նաև երկրի և տարածաշրջանի մրցունակությունը խթանելու նպատակով»:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է. «Ես ողջունում եմ «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագիրը կրող միջոցառումների մեկնարկը Երևանում և շնորհակալություն հայտնում եվրոպացի գործընկերներին այս հրաշալի նախաձեռնության համար։ Հայաստանը մեծապես կարևորում է Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի կողմից գործընկեր երկրներին տնտեսական բարեփոխումների իրականացմանը ցուցաբերվող օժանդակությունը՝ առանձնակի շեշտադրելով համագործակցության շարունակականության ապահովումը և հետագա գործակցության խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Մրցունակ և արդյունավետ ՓՄՁ-ների գործունեությունը մեր երկրի տնտեսական զարգացման կարևորագույն նախապայմաններից է»։

http://eunewsletter.am/hy/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A5%D5%AF%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D6%81-%D5%A5%D5%B4-%D5%B6-%D5%A2%D5%AB%D5%A6%D5%B6%D5%A5%D5%BD%D5%AB-%D5%B0-2/


Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է  ՄՀՄԻ պատվիրակությանը

19.10.2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» խորագրով գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած գիտնականների պատվիրակությանը՝ ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Վիկտոր Մատվեևի գլխավորությամբ:
Գիտաժողովն անցկացվում է հոկտեմբերի 19-22-ը, Երևանում և նվիրված է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի 60-ամյակին ու ինստիտուտին Հայաստանի անդամակցության 25-ամյակին:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել միջազգային գիտաժողովի անցկացումը Երևանում, որի շրջանակներում մեկ հարկի տակ են հավաքվել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի 17 անդամ պետություններից անվանի գիտնականներ, բարձրաստիճան հյուրեր, ինստիտուտի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:
Անվանի գիտնականների մասնակցությամբ նմանատիպ հանդիպումները և հավաքը մեկ տեղում Սերժ Սարգսյանը լավ հնարավորություն է համարել գիտական հանրության ներկայացուցիչների և հատկապես երիտասարդ գիտնականների համար՝ գիտության ասպարեզում բարձր նվաճումների հասած անհատականությունների հետ անմիջական շփում ունենալու առումով: Նախագահի համոզմամբ, նման միջոցառումները ոչ միայն գիտական, այլ նաև տարբեր մշակույթներ և ավանդույթներ կրող, տարբեր գիտական դպրոցներ ներկայացնող անձանց միջև երկխոսության հնարավորություն է՝ միտված համագործակցության նոր ուղղությունների նախանշմանն ու ոլորտի արդիական խնդիրների քննարկմանը: Հանրապետության Նախագահը կարևորել է միջազգային գիտական ծրագրերին հայ գիտնականների ակտիվ մասնակցությունը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հնարավորության սահմաններում համակողմանիորեն խթանում է գիտության զարգացումը և խրախուսում է Հայաստանի տնտեսության մեջ գիտելիքահենք ճյուղերի զարգացումը:
Վիկտոր Մատվեևը իր գլխավորած պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել գիտաժողովը Հայաստանում բարձր մակարդակով հյուրընկալելու համար, անդրադարձել ինստիտուտի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրենը գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանն ինստիտուտին անդամակցումից ի վեր՝ անցած 25 տարիներին բավականին ակտիվորեն է մասնակցել ինստիտուտի գործունեությանը:
http://www.president.am/hy/press-release/item/2016/10/19/President-Serzh-Sargsyan-meeting-with-delegation-of-Joint-Institute-for-Nuclear-Research/


Նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է նախարարության համակարգի որակի ենթակառուցվածքի ազգային մարմինների ղեկավարների հետ

12.10.2016

Հոկտեմբերի 12-ին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել որակի ենթակառուցվածքի ազգային մարմինների ղեկավարների հետ: 
Հանդիպման առանցքում նախարարության համակարգի կազմակերպությունների գործունեությանն առնչվող հարցերն էին:
Նախարար Սուրեն Կարայանը կարևորել է առավել որակյալ ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը և գործարարների հետ արագ և թափանցիկ աշխատանքը, ուր կբացառվեն սուբյեկտիվ որոշումները:
Բիզնես միջավայրի բարեփոխմանն ուղղված քայլերը պետք է կատարվեն արագ և տեղին` վերականգնելով վստահության մթնոլորտը մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ:
- Անհրաժեշտություն կա բաց հարթակի ձևավորման, ինչը հնարավորություն կտա գործարարներին հուզող բոլոր խնդիրներին ու հարցերին առցանց  տալ սպառիչ պատասխան: Կան բազմաթիվ խնդիրներ որակի ենթակառուցվածքների, մատուցվող ծառայությունների հետ կապված: Գործարար միջավայրը պետք է հստակ զգա կատարվող փոփոխությունները, որոնք պետք է լինեն կտրուկ և արագ, բայց ոչ մատուցվող ծառայությունների որակի հաշվին,- նշել է Սուրեն  Կարայանը:
Նախարարի խոսքով` համակարգը պետք է ստեղծի հավելյալ արժեք տնտեսվարող սուբյեկտների համար, ձևավորի միջազգային չափանիշներին համապատասխան միջավայր, ինչը հնարարվորություն կտա արտադրող ընկերություններին կազմակերպել ՀՀ-ում բարձրորակ և արտահանման պոտենցիալ ունեցող մրցունակ արտադրանք:
Էլեկտրոնային նորարարական լուծումների ներդրմամբ հնարավոր կլինի բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, ինչը գործընթացներում կնվազեցնի մարդկային գործոնը` որոշումների կայացման մեջ բացառելով սուբյեկտիվ մոտեցումը:
Միաժամանակ, արդյունավետ աշխատանք պետք է տարվի կադրերի բարելավման և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ:
Կատարվող աշխատանքների ու բարեփոխումների ներկայացման հարցում կարևորվել է հանրային իրազեկման խնդիրը. սա հնարավորություն կտա տեսանելի դարձնել կազմակերպությունների գործունեությունը` արժեվորելով իրականացվող աշխատանքները:
Հանդիպման ավարտին նախարար Սուրեն Կարայանի կողմից տրվել են հանձնարարականներ` սեղմ ժամկետներում բարեփոխումների և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ  առաջարկների ներկայացման համար:
 http://www.mineconomy.am/arm/1025/1/news.more.html#prettyPhoto


Հայաստանը բարելավել է դիրքերը գլոբալ մրցունակության ինդեքսում. Համաշխարհային տնտեսական ֆորում

28.09.2016

Համաշխարհային տնտեսական ֆորումը կազմել է Գլոբալ մրցունակության 2016-17թթ. ինդեքսը՝ դիտարկելով իրավիճակը 138 երկրներում։
Հայաստանը զբաղեցնում է 79-րդ տեղը, անցած տարի մեր երկիրը եղել է 82-րդը։
«Մրցունակության գլոբալ ինդեքսում» առաջին տեղը, ինչպես նախորդ տարիներին, զբաղեցրել է Շվեյցարիան։ Երկրորդ տեղում Սինգապուրն է, երրորդում՝ ԱՄՆ-ը։ Առաջին տասնյակում են նաև Նիդերլանդները, Գերմանիան, Շվեդիան, Ճապոնիան, Հոնկոնգը և Ֆինլանդիան։ Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Չադը, Մավրիտանիան և Եմենը։
Ադրբեջանը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 37-րդ, Թուրքիան՝ 55-րդ, Վրաստանը՝ 59-րդ, Իրանը՝ 76-րդ տեղը։ Ռուսաստանը 43-րդն է։
Գլոբալ մրցունակության ինդեքսը ներառում է մրցունակության 12 ցուցանիշ (կոռուպցիայի ծավալ, մակրոտնտեսական միջավայր, առողջապահական և կրթական ոլորտներ, աշխատաշուկայի արդյունավետություն, տեխնոլոգիական ներուժ, գործարար միջավայրի բարելավում և այլն) և կազմվում է ամեն տարի՝ սկսած 1979 թվականից, բաց տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով ավելի քան 100 երկրների հազարավոր փորձագետների կարծիքները։

http://www.1in.am/2016282.html


Հայաստանը ունի երկնային մշակութային ժառանգություն

12.08.2016

«Հայաստանն ունի շատ հարուստ ու երկնային մշակութային ժառանգություն»,- այս խոսքով է Հայաստանի հետ համագործակցության մասին իր պատմությունը սկսում ԱՄՆ Smithsonian հաստատության միջազգային կապերի բաժնի ղեկավար Մոլլի Ֆաննոնը: Նրա խոսքով՝ որպես համաշխարհային մշակույթի պահպանմամբ զբաղվող խոշորագույն հաստատություն, Smithsonian-ը ցանկանում է պահպանել ու տարածել ոչ միայն հազարամյա պատմություն ունեցող հայերի իրեղեն մշակույթը, այլև պարը, կերակուրները, կենսակերպը, արվեստի բովանդակությունը:
Այդ նպատակով Smithsonian հաստատությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ, Հայաստանի կառավարության հետ համատեղ ծրագրեր է մշակում, որոնք ուղղված են հայկական մշակույթի պահպանմանը և մշակութային զբոսաշրջության զարգացմանը. «Մեր նպատակն է ապահովել Հայաստանի մշակութային ոլորտի կայուն զարգացումը՝ այն կապելով մշակութային զբոսաշրջության հետ և տնտեսական նոր հնարավորություններ ստեղծելով այդ ոլորտում»:
Մոլլի Ֆաննոնի խոսքով՝ մշակույթի պահպանությունը տնտեսական զգալի աղբյուրներ է պահանջում, այսպիսով՝ մշակութային ժառանգության ոլորտում տնտեսական հնարավորությունների ստեղծումը շատ կարևոր է:
Եռակողմ ծրագրի շրջանակներում Smithsonian-ը ստեղծել է «Իմ Հայաստան» ծրագիրը, որի նպատակն է գրգռել զբոսաշրջիկների հետաքրքրասիրությունը և խթանել նրանց ներգրավումը Հայաստանի մշակութային ժառանգության մեջ.
«Զբոսաշրջիկների մեծ մասը Երևան է այցելում, լավ ժամանակ անցկացնում Երևանում (իրոք, այն հրաշալի քաղաք է և զբոսաշրջիկին առաջարկելու շատ բան ունի), որից հետո միայն մեկ օրով զբոսաշրջիկներն այցելում են գյուղական վայրեր: Մեր նպատակն այդ հոսքը կանգնեցնելը չէ: Մենք ցանկանում ենք նոր զբոսաշրջիկների գրավել, որոնք հիմնականում կայցելեն ոչ թե մայրաքաղաք, այլ՝ կշրջեն Հայաստանի այլ վայրերով»:
Մոլլի Ֆաննոնը նշում է, որ Smithsonian-ը հայկական կողմի հետ միասին երկու հիմնական ուղի է մշակել՝ հյուսիսային և հարավային, որոնց շուրջ ստեղծվելու են ենթակառույցներ՝ զբոսաշրջիկներին թույլ տալով հաճելի և հարմարավետ հանգիստ վայելել Հայաստանի մարզերում՝ միաժամանակ մարզերի բնակիչների համար նոր հեռանկարային աշխատատեղեր բացելով:

http://armef.com/hy/news/menq/hayastann-uni-erknayin-mshakutayin-jarangutyun/


Մեկնարկել է ԵՀԳԳ-ի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության նոր ծրագիրը

26.07.2016

Հուլիսի 26-ին Երևանում կայացել է Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. Ծրագրի մեկնարկին նվիրված աշխատաժողով:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ծրագրի ղեկավար Ջոն Բարկերը:
Աշխատաժողովին ներկա էր Ռումինիայի տարածքային զարգացման և հանրային կառավարման նախարարության ներկայացուցիչ Էուջենիա Ստանչիուն, ով հանդիսանում է Ծրագրի կառավարման մարմնի պատասխանատուն: Տեղեկատվական աշխատաժողովին մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների, ՀՀ մարզպետարանների և քաղաքապետարանների, ՀՀ հասարակական կազմակերպությունների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, մշակութային և հնագիտական ասոցիացիաների, զբոսաշրջության և տարածաշրջանային զարգացման գործակալությունների, հատուկ պահպանվող տարածքների, հետազոտական հաստատությունների, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Անդրսահմանային համագործակցության նոր ծրագիրն ունի երկու առաջնային նպատակ.

1) խթանել Սևծովյան ավազանում գործարարության և ձեռնարկատիրության զարգացմանը (համատեղ նպաստել զբոսաշրջության և մշակութայնի ոլորտներում բիզնեսի և ձեռներեցության զարգացմանը, բարձրացնել միջսահմանային առևտրի հնարավորությունները,  գյուղատնտեսական և հարակից ոլորտների արդիականության մակարդակը),
2) խթանել Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանության համակարգումը և ծովային աղբի արտանետման համատեղ նվազեցումը (բարելավել շրջակա միջավայրի համատեղ մոնիթորինգի արդյունքները, խթանել ընդհանուր իրազեկվածության բարձրացումը և մշակել գետերի ու ծովային աղբի նվազեցմանն ուղղված համատեղ գործողություններ):
Ծրագրի մասնակից երկրներն են. Բուլղարիան, Հունաստանը, Ռումինիան, Հայաստանը, Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Ուկրաինան: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 54 մլն եվրո:

Աշխատաժողովի ընթացքում մանրամասն ներկայացվել է Ծրագրի կառավարման համակարգը, Ծրագրի ներքո իրականացվող ծրագրերի հայտադիմումների փաթեթների ձևաչափերը և բովանդակությունը, գործընկերների դերն ու պարտականությունները, հիմնական պահանջները, Ծրագրի մեկնարկի առանցքային կետերը, իրականացման կարգը և Ծրագրին առնչվող մի շարք այլ հարցեր:
Մասնավորապես միջոցառման մասնակիցների ուշադրությանը և քննարկմանն են ներկայացվել Ծրագրի շրջանակներում խորհրդատվության տրամադրման, դասընթացների կազմակերպման, գործընկերային հարաբերություններ ստեղծելու, միջսահմանային համագործակցության հնարավորությունները:

http://www.mineconomy.am/arm/976/1/news.more.html


Չինաստանում հանդիպել են «Մետաքսի ուղու» երկրների ներկայացուցիչները

11.07.2016

Հուլիսի 2-ից 7-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Յանտայ քաղաքում տեղի ունեցած Բարձր և նոր տեխնոլոգիաների գոտիների «Մետաքսի ուղի» ասոցիացիայի հիմնադիր նիստին:
Ասոցիացիան նպատակ ունի հաստատել փոխշահավետ համագործակցություն «Մետաքսի ուղու» երկրների գիտատեխնիկական և տեխնոլոգիական կազմակերպությունների միջև, ինչպես նաև` նպաստել ասոցիացիայի անդամ երկրների կազմակերպությունների երկկողմ և բազմակողմ փոխգործակցության զարգացմանը և գիտատեխնոլոգիական ինստիտուտների ինովացիոն ծառայությունների մակարդակի բարձրացմանը: Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է ասոցիացիայի հիմնադրման պակտ:
Պակտը ստորագրել են Չինաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Լիտվայի, Ուկրաինայի Վրաստանի և Հայաստանի գիտական, գիտակրթական, գիտատեխնոլոգիական, տեխնոլոգիական և ինովացիոն կազմակերպությունների ներկայացուցիչները: Հայաստանի Հանրապետության կողմից ասոցիացիայի հիմնադիր է հանդիսանում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն:
Տեղի են ունեցել նաև համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ երկկողմ քննարկումներ Չինաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Վրաստանի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, Յանտայի Բարձր և նոր տեխնոլոգիաների պետական գոտու տնօրեն Չժան Չժենչժունի հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ Հայաստանում տեխնոլոգիաների տրանսֆերի հայ-չինական համատեղ կենտրոնի ստեղծման, ինչպես նաև Յանտայի Բարձր և նոր տեխնոլոգիաների պետական գոտում հայաստանյան կազմակերպություններին անվճար հարթակ տրամադրելու վերաբերյալ: Նախատեսվում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծառայությունների և գիտատեխնիկական արդյունքների (այդ թվում՝ նաև գաղափարների) ուսումնասիրություն:
Նիստի ընթացքում ձևավորվել է ասոցիացիայի կոմիտե (յուրաքանչյուր երկրից մեկ մասնակից սկզբունքով)` Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ է ընտրվել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը: Չինական կողմն իր հետաքրքրությունն է ներկայացրել Հայաստանի որևէ քաղաքի հետ Յանտայի բարեկամական կապեր հաստատելու և համապատասախան պայմանագիր կնքելու ուղղությամբ:


Կստեղծվի Եվրասիական ասոցիացիա

04.07.2016

Հունիսի 30-ից հուլիսի 2-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը Մոսկվայում մասնակցել է «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիա ստեղծելու մասին» մտադրությունների հուշագրի ստորագրմանը նվիրված միջազգային հանդիպմանը:
Հանդիպումը կազմակերպվել էր Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից, որին մասնակցում էին Եվրասիական տարածաշրջանի վեց պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Վիետնամի, Ղրղզստանի, Մոնղոլիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են անդամ-պետությունների  միջև համագործակցությանն առնչվող առանցքային խնդիրներ, Եվրասիական տարածաշրջանում գիտության ինտեգրման, գիտական ու նորարարական առաջընթացի և ասոցիացիայի աշխարհագրության ընդլայնման հեռանկարներ, բազմակողմ գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման և մրցույթների անցկացման հնարավորություններ: Արդյունքում` Եվրասիական տարածաշրջանի վեց պետությունների գիտության ֆինանսավորմամբ զբաղվող կազմակերպությունների միջև  ստորագրվել է  «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիա ստեղծելու մասին» մտադրությունների հուշագիր:
Պարոն Մարդոյանի կողմից առաջարկվել է քննարկել ասոցիացիային Իրանի, Չինաստանի, Սերբիայի և Իսրայելի անդամակցության հնարավորության հարցը, ինչը հավանության է արժանացել ասոցիացիայի անդամ-պետությունների բոլոր ներկայացուցիչների կողմից: Հետագայում ասոցիացիայի ընդլայնումը և նշյալ պետությունների անդամակցությունը հնարավորություն կընձեռի գիտության, տեխնիկայի և նորարարության ոլորտներում թե' երկկողմ, թե' բազմակողմ համագործակցային կապերը խորացնելու համար:
Հուշագրի ստորագրմանը հաջորդած քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են ասոցիացիայի շրջանակներում համագործակցության սկզբնական փուլի կազմակերպմանն առնչվող մի շարք խնդիրների` ներառյալ համատեղ ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմները և ծավալները, տարածաշրջանի գիտական ներուժի առավել արդյունավետ օգտագործման եղանակները, գիտելիքահենք տնտեսության զարգացման ուղիները, անդամ-պետությունների աջակցությամբ բազմակողմ հետազոտական ծրագրերի մրցույթի իրականացումը, անդամ-պետությունների համար փոխադարձ հետաքրքրություն  ներկայացնող գիտահետազոտական ոլորտների սահմանումը, համատեղ գիտական խմբերի ձևավորման խթանումը և այլն:
Քննարկվել և հավանության է արժանացել նաև «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիայի մասին» կարգի նախագիծը, որով սահմանվում են նշյալ ասոցիացիայի գործունեության հիմնական ոլորտները և կառուցվածքը: Քննարկումների արդյունքում որոշվել է նաև անցկացնել բազմակողմ գիտահետազոտական նախագծերի մրցույթներ` կողմերի համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող, սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող և եվրասիական տարածաշրջանի հիմնական մարտահրավերների լուծմանն առնչվող ոլորտներում: Յուրաքանչյուր մրցույթի  թեմատիկ ուղղվածությունը, ֆինանսավորման պայմանները, անցկացման ժամկետները և այլ դրույթներ կսահմանվեն մրցույթն անցկացնող կողմերի միջև լրացուցիչ պայմանագրերի միջոցով:


Կայացել է ՀՀ վարչապետի Լավագույն կին գործարար 2016թ. մրցանակաբաշխությունը

29.06.2016

Հունիսի 29-ին Ռեդիսոն Բլու հյուրանոցում կայացել է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» 2016 թվականի մրցանակաբաշխությունը:
Միջոցառումն իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Նախապատրաստումը և անցկացումն իրականացրել է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը:
ՀՀ վարչապետի անունից միջոցառման մասնակիցներին ողջունել և մրցանակներ է հանձնել ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հատուկ մրցանակ է հանձնել նաև նախարար Արծվիկ Մինասյանը:
Մրցանակաբաշխության հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսումը, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատումը և սատարումը: Միջոցառումն անցկացվում է  2012 թվականից: 
Մրցանակաբաշխությունն անցկացվում է  6 անվանակարգերով.

«Լավագույն կին գործատու»
2. «Լավագույն կին նորարար»
3. «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ»
4. «Լավագույն երիտասարդ կին գործարար»
5. «Լավագույն սկսնակ կին գործարար»
6. «Լավագույն արտահանող կին գործարար»
    
«Լավագույն արտահանող կին գործարար» անվանակարգով մրցանակներն այս տարի շնորհվել են առաջին անգամ: 
Յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվում է երկուական մրցանակ՝ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի լավագույն կին գործարարների համար: 2016 թվականի մրցանակաբաշխությանը ներկայացվել է 140 հայտ, որոնցից 38-ը՝ Երևանից և 102-ը՝ մարզերից: 
Վարչապետի մրցանակներից զատ, այս տարվա մրցանակաբաշխության համար առաջին անգամ մրցանակներ են սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: 
Մրցանակաբաշխության ավարտից հետո կայացել է «Կին գործարարների մարտահրավերները» խորագրով քննարկում:
Միջոցառման կազմակերպմանը ֆինանսական աջակցություն են տրամադրել ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող USAID/PRP ծրագիրը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):
http://www.mineconomy.am/arm/947/1/news.more.html
http://www.smednc.am/am/multicontent/news/166/


Կնքվել է համաձայնագիր Բորտնիկի հիմնադրամի հետ

29.06.2016

Հունիսի 27-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը Մոսկվայում ստորագրել է համաձայնագիր Գիտատեխնիկական ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացմանն օժանդակող ռուսաստանյան հիմնադրամի  հետ: Համաձայնագրի նպատակն է միջազգային համագործակցության, տեխնոլոգիական, գիտական անձնակազմի և հետազոտողների երկկողմ փոխանակումների միջոցով աջակցել փոքր և միջին ինովացիոն կազմակերպությունների և գիտական կառույցների զարգացմանը: Տվյալ համաձայնագրի գործողությունների հիմնական շրջանակն ընդգրկելու է էներգաարդյունավետության, տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիայի և բժշկության, տիեզերական և ատոմային հետազոտությունների, ինժեներական գործի և տեխնոլոգիաների, նյութագիտության ոլորտները:Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում են համատեղ մրցույթներ, «Հորիզոն-2020»-ի շրջանակներում համատեղ նախագծերի ծրագրում և իրականացում, փոքր և միջին ձեռնարկությունների և գիտական կառույցների միջև ցանցային փոխհամագործակցություն:Հիշեցնենք, որ Գիտատեխնիկական ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացմանն օժանդակող հիմնադրամը, որը ստեղծողի անունով կոչվում է նաև Բորտնիկի հիմնադրամ, ներդրումներ է կատարում հեռանկարային գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման, նոր բարձրտեխնոլոգիական փոքր արտադրությունների ստեղծման, ինչպես նաև երիտասարդներին գիտատար ձեռնարկատիրական գործունեության մեջ ակտիվորեն ներգրավելու ուղղություններով: Հիմնադրամը մեծ տեղ է հատկացնում նաև Ռուսաստանի Դաշնությունից դուրս գործող ձեռնարկատերերի հետ կապերի հաստատման հարցերին: Հիմնադրամի ներկայացուցիչների կողմից առաջարկվել է նաև աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Մոսկվայում Գիտության պետական կոմիտեի ներկայացուցիչների համար բացել գրասենյակ:

http://www.scs.am/am/d75773af13f2bd5970976055


Կնքվել է փոխըմբռնման հուշագիր Արևելյան գործընկերության երկրների միջև

28.06.2016

Հունիսի 27-ից 28-ը Թբիլիսիում կայացել է Արևելյան գործընկերության երկրներում գիտության, տեխնոլոգիաների և նորարարության գնահատման հարթակի երրորդ աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում ստորագրվել է «Արևելյան գործընկերության երկրներում գիտության, տեխնոլոգիաների և նորարարության գնահատման տարածաշրջանային հարթակի հիմանդրման մասին» փոխըմբռնման հուշագիրը, որի ստորագրող կողմերն են` Հայաստանի Հանրապետությունը, Վրաստանը, Մոլդովայի Հանրապետությունը, Ադրբեջանական Հանրապետությունը և Ուկրաինան: Հայաստանի Հանրապետության կողմից փոխըմբռնման հուշագիրը ստորագրել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը: Փոխըմբռնման հուշագիրը հնարավորություն կընձեռի Արևելյան գործընկերության երկրներին գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում ստեղծել տարածաշրջանային գնահատման հարթակ, որի նպատակն է անդամ-պետությունների համար միասնական գիտական և գիտատեխնիկական փորձագիտական համակարգի և անկախ փորձագետների շտեմարանի ստեղծումը, գիտական փորձաքննության ոլորտում Եվրամիության ձևաչափերի ու ստանդարտների կիրառումը և այլն: ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն համակարգելու է փոխըմբռնման հուշագրի շրջանակներում անկախ փորձագետների միացյալ շտեմարանի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև` ձևաչափերի ու չափանիշների համաձայնեցման գործընթացը, իսկ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվելիք 6 գործընթացներում կոմիտեն հանդես է գալու որպես մասնակից համակարգող: Հանդիպման ընթացքում Շոթա Ռուսթավելու անվան ազգային գիտական հիմնադրամի տնօրեն Մ. Չիթաշվիլու հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման վերաբերյալ:

http://www.scs.am/am/2a577ca8ef68cf8446714202 


Նոր քիմիական տարրն անվանակոչվել է հայ գիտնականի պատվին

09.06.2016

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) անվանակոչել է 4 նոր քիմիական տարրեր:  Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ տարրն անվանվել է oganesson (Og)` հայ մեծ գիտնական Յուրի Ցոլակի Օգանեսյանի պատվին: Տարրն այդպես անվանակոչելու առաջարկն արել են Դուբնայի (ՌԴ) Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և Լիվերմորի (ԱՄՆ) ազգային լաբորատորիայի գիտնականները` հաշվի առնելով Յուրի Օգանեսյանի նորարարական մոտեցումները հետազոտությունների ժամանակ: Յուրի Ցոլակի Օգանեսյանը ծնվել է 1933 թ. ապրիլի 14-ին ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Օգանեսյանը փորձարարական միջուկային ֆիզիկայի բնագավառի մեծագույն գիտնականներից է, 2003 թվականից Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Գ. Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավարը: Յուրի Օգանեսյանը նաև ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է, ԵՊՀ պատվավոր դոկտոր: Նա մեծ ավանդ ունի  ՀՀ գիտական կազմակերպությունների և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև  համագործակցության զարգացման գործում, ինչի համար էլ 2010 թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալով»:Մենդելեևի աղյուսակում հայտնվել են նաև nihonium (Nh) moscovium (Mc), tennessine  (Ts) նոր տարրերը, որոնք անվանակոչելիս հաշվի են առնվել դրանց հայտնաբերման վայրերը: ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն շնորհավորանքներ է հղել անվանի գիտնականին և ՄՀՄԻ նախագահ Վիկտոր Մատվեևին:

 http://www.scs.am/am/3857591f2f9257f059844158


Հայաստանը միացավ «Հորիզոն 2020»-ին

19.05.2016

Այսօր Եվրոպական հանձնաժողովի հետազոտության, գիտության և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի կողմից ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության  և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագիրը: «ԵՄ հետազոտությունների, գիտության և նորարարության ոլորտի համագործակցությունը բաց է աշխարհի առաջ: Հայաստանը 16-րդ երկիրն է, որ ասոցացվում է Հորիզոն 2020-ին՝  հետազոտությունների և նորարարության ոլորտի հանրային ֆինասավորման աշխարհի խոշորագույն ծրագրին: Այն կբերի նոր և տարբերվող հմտությունների ու գաղափարների ներհոսք և կնպաստի հետազոտությունների ուղղությամբ միջազգային համագործակցության զարգացմանը»,_ նշել է ԵՄ հանձնակատար Մոեդասը: «Հորիզոն 2020-ի միջոցով Հայաստանի հետազոտական ինստիտուտներն ու մասնավոր հատվածը  հնարավորություն կունենան ստանալու առաջավոր հետազոտական և զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման ֆինանսավորում: Հորիզոն 2020-ի բացումը Հայաստանի համար վառ օրինակ է առ այն, որ  ԵՄ-ն հանձնառու է  առավել ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները», - նշել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հաանը: Համաձայնագիրը Հայաստանին թույլ է տալիս առավել ընդլայնել Եվրոպական միության հետ համագործակցությունը հաջողակ ու արդիական տնտեսությունների համար կենսական նշանակություն ունեցող հետազոտությունների և նորարարության ուղղություններով: Այն ցույց է տալիս Եվրոպական միության հանձնառությունը՝ նպաստելու իր գործընկերների ծրագրին ասոցացված երկրների գիտական և նորարարական կարողությունների զարգացմանը:  Այն ևս մեկ քայլ է հետազոտությունների և նորարարության ոլորտը աշխարհի առաջ բացելու ԵՄ-ն նպատակին ընդառաջ: Մինչև այժմ Հայաստանը մասնակցել է Հորիզոն 2020-ին միայն երրորդ երկրների շարքում: Դա նշանակում է, որ Հայաստանի սուբյեկտները չեն պահպանել ծրագրի իրականացման համար  պահանջվող մասնակիցների նվազագույն քանակը և չեն օգտվել ծրագրի մի շարք կարևոր բաղադրիչներից, որոնցից է նորարարական բիզնեսների  աջակցությունը: ՀՀ ներկայացուցիչները չեն ունեցել մուտք դեպի քաղաքական ուղղությունների պատասխանատու առանցքային գերատեսչություններ: Համաձայնագրի շնորհիվ, ՀՀ հետազոտական ինստիտուտները, համալսարաններն ու անհատ հետազոտողները կկարողանան օգտվել Հորիզոն 2020-ի կողմից տրամադրվող բոլոր հնարավորություններից ամենատարբեր ոոլորտներում՝ հիմնարար գիտական բնագավառից  մինչև ցուցադրական նախագծեր, նույն՝  ԵՄ անդամ պետությունների և ծրագրին ասոցացված գործընկեր մյուս երկրների  կազմակերպությունների և անհատ հետազոտողների համար նախատեսված պայմաններով: Հայաստանյան ՓՄՁ-ներն ու մասնավոր սուբյեկտերը նույնպես հնարավորություն կունենան օգտվելու ընդլայնված աջակցությունից՝ նոր գաղափարներ մշակելու և նոր արտադրատեսակներ և ծառայություններ շուկա ներմուծելու նպատակով:

http://www.scs.am/am/93573e996857309692388499


 

2017