ՆՁԱԿ
   
   

Փոխհամագործակցության զարգացում

2018թ. սեպտեմբերի 26-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը հյուրընկալել էր Ռուսաստանի պետական հանրային գիտատեխնիկական գրադարանի (ГПНТБ) գլխավոր տնօրեն` տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Յակով Շրայբերգին և գրադարանային աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Գալինա Եվստիգնևային: Հանդիպմանը ներկա էին նաև ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լ Ղարիբյանը, կազմակերպատնտեսական վարչության պետ Ս. Մադաթյանը և միջոցառումների կազմակերպման համակարգող Ա. Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում հյուրերը խոսեցին իրենց գրադարանի ներկայիս գործունեության, ծրագրերի, կազմակերպած միջազգային կոնֆերանսների արդյունքների, մոտակայում կազմակերպվող գրադարանային միջազգային «ЛИБКОМ» կոնֆերանսի մասին: Կենտրոնի տնօրինությունը հրավեր ստացավ մասնակցելու մոտակա կոնֆերանսին և գրադարանի 60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին: Փոխհամագործակցությունը զարգացնելու ուղղությամբ Լ. Ղարիբյանը արեց մի շարք առաջարկություններ, մասնավորապես`մեթոդական օգնության  և փորձի փոխանակման նպատակով Ռուսաստանի գրադարանային բարձրակարգ մասնագետներին գործուղել Հայաստան,  ГПНТБ-ի հրատարակությունները անվճար տրամադրել Կենտրոնին, ստեղծել ԱՊՀ երկրների գիտատեխնիկական գրադարանների ասոցացիա և այլն:

Հանդիպման ավարտին Յակով Շրայբերգը պատրաստակամություն հայտնեց մոտակա միջազգային միջոցառման ժամանակ ԱՊՀ գործընկերների հետ քննարկել և նոր շունչ տալ նախկինում ձևավորված միջգրադարանային ծրագրերին:   

Հանդիպումը վաղեմի գործընկերների հետ անցավ ջերմ ու բարեկամական մթնոլորտում: Հյուրերը հեռացան հայ և ռուս գործընկերության երկարամյա կապերը զարգացնելու ակնկալիքով: Շրայբերգը նվիրեց գրադարանին իր հեղինակած գրքերի եռհատորյակը և այլ նյութեր: