ՆՁԱԿ
   
 

Գրքի շնորհանդես - քննարկում

2019թ. մարտի 28-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը «Հանդիպում գրքերի հեղինակների, գիտնականների հետ» միջոցառումների շարքից կազմակերպել է գրքի շնորհանդես, որի շրջանակներում կայացել է նաև քննարկում «Հայաստանի ներկայիս տնտեսությունը և երկրի զարգացման սցենարը» թեմայով:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը: Միջոցառումը վարել է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լևոն Ղարիբյանը, ով ներկայացրել է հեղինակին և խոսել միջոցառման նպատակի մասին:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը  ներկայացրել է Մոսկվայում լույս տեսած «Անորոշության գոտիները և տնտեսության տարբերակայնությունը. Ինչպես կանխատեսել և կարգավորել տնտեսական գործընթացները անորոշության պայմաններում» իր նոր գիրքը: Հեղինակը նշել է, որ գիրքը գրված է պարզ ու հասանելի լեզվով, ընթերցողը կարող է բացահայտել տնտեսության «հիվանդությունները», համակարգել տնտեսության զարգացման համար անհրաժեշտ նպատակային, նորմատիվային և կարգավորող ցուցանիշները, գնահատել կանխատեսման որակը, ինչպես նաև բարձրացնել կանխատեսումների և ընդունվող որոշումների արդյունավե­տու­թյունը նաև ՀՀ տնտեսությունում:  Բացի այդ, գիրքը հնարավորություն է տալիս ձևավորել հստակ պատկերացումներ տնտեսական վերլուծության և կանխատեսման վերաբերյալ: Այն կարող է զարգացնել տնտեսական գործընթացների հետազոտության և կանխատեսման մոտեցումները և դառնալ հիմք նոր և արդիական եզրահանգումների համար:

Հեղինակին ուղղված հարցերի շուրջ ծավալվել է քննարկում, մտքերի փոխանակումներ, որոնք վերաբերում էին միջազգային բարձր վարկանիշային կազմակերպությունների զեկույցների ցուցանիշների կիրառմանը ՀՀ տնտեսության զարգացման վերաբերյալ համապատասխան վերլուծությունների, կանխատեսումների կատարման, կառավարության ծրագրերի մշակման ժամանակ, բուհերի ուսումնական պրոցեսում կանխատեսումային ծրագրավորման փաթեթների գործիքակազմի կիրառման անհրաժեշտության, Հայաստանի տնտեսության անցումային շրջանի երկար տևողության, Եվրասիական և ԵՄ ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության մասին և այլն:

Վերջում Ռուսաստանի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի ներկայացուցիչը առաջարկեց Հայաստանի տնտեսության զարգացմանը աջակցելուն ուղղված, օգտակար և լավագույն տնտեսագիտական մտքերի և առաջարկների ձևավորման նպատակով կազմակերպել Համահայկական տնտեսագիտական գիտաժողով`  «Հայաստանի անցումային շրջանի խնդիրները» թեմայով, որը գոհունակությամբ է ընդունվել ներկաների կողմից:

Հեղինակը իր հրատարակած արժեքավոր գրքերը գրադարանին նվիրաբերելու համար ի նշան երախտագիտության ՆՁԱԿ-ի տնօրեն Գևորգ Վարդանյանը հանձնել է շնորհակալագիր:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի, Ռուսաստանի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի դասախոսներ, ասպիրանտներ, ուսանողներ, Տնտեսական Զարգացման և Հետազոտությունների Կենտրոնի, Հայաստանի Հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոնի ներկայացուցիչներ և հետաքրքված անձինք:

Միջոցառման շրջանակներում գործել է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի «Տնտեսագիտություն: Բիզնես: Նորարարություն» թեմատիկ ցուցահանդեսը, մասնակիցներից ոմանք դարձել են գրադարանի օգտատեր: