ՆՁԱԿ
   
 

Մասնագիտական քննարկում 

2019թ. սեպտեմբերի 30-ին ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը Գրադարանավարի օրվան ընդառաջ նախաձեռնել էր հանդիպում և մասնագիտական քննարկում մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրքերի հեղինակ Գագիկ Սուքիասյանի հետ «Գրադարանավարների մասնագիտական որակավորման չափանիշները և գրադարանային գործի զարգացման արդի մարտահրավերները» խորագրի ներքո:

Միջոցառման նպատակն էր վերանայել և գնահատել գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման պետական չափանիշները և դրանք հաշվի առնել մասնագետների վերապատրաստման, ատեստավորման, գրադարանը նոր կադրերով համալրելու և ուսումնական հաստատություններում համապատասխան առարկայական ծրագրերը վերանայելու գործընթացներում:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության, Հայաստանի Ազգային արխիվի, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի  Թանգարանագիտության, գրադարանագիտության և  մատենագիտության ամբիոնի, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական, Ավ. Իսահակյանի անվ. Կենտրոնական,  Հանրապետական  գիտաբժշկական գրադարանների, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Հայաստանի ազգային ագրարային, Հյուսիսային, Երևանի «Հայբուսակ» համալ­սարանների,  Երևանի N6 արհեստագործական պետական, Զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանների, Մշակույթի պետական, Պետական հումանիտար – տեխնիկական, Պետական տեխնոլոգիական, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական, Պետական հումանիտար, Տարածաշրջանային N1 պետական, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջների և ՆՁԱԿ-ի ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես է եկել Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը: Քննարկումը վարել է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լևոն Ղարիբյանը, ով կարևորելով նման հանդիպումների և քննարկումների կազմակերպումը հույս հայտնեց, որ մասնակիցների կողմից մտքերի, առաջարկների և օգտակար փորձի ներկայացումը հնարավորություն կստեղծի համատեղ ջանքերով լուծել գրադարանային մարտահրավերներով պայմանավորված մի շարք խնդիրներ:

Զեկուցումով հանդես է եկել Գագիկ Սուքիասյանը, ով ներկայացրել է իր նոր հրատարակած «Գիրքը, գրադարանը և ընթերցանությունը Հայաստանի պետական բուհերում» գիրքը նվիրված ՀՀ պետական բուհերի զարգացման պատմության մեջ գրքի, գրադարանի և ընթերցանության արդիական նշանակության, գրադարանային-մատենագիտական գործի զարգացման համակողմանի վերլուծությանը: Բանախոսը իր ելույթում առանձնապես կարևորել է ժամանակակից գիտակրթական բարեփոխումների պահանջով գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշների հստակեցան հարցը:

Բացի այդ,  հեղինակը խոսել է գրքագիտությանը, գրադարանագիտությանը, մատենագիտությանը վերաբերող  իր հեղինակած  մի շարք գրքերի մասին և դրանք նվիրաբերել գրադարանին:

Կայացել է ակտիվ քննարկում և մտքերի փոխանակում մոտակա 10 տարիներին ավանդական գրադարանների լինելիության հարցի շուրջ: Եղել են առաջարկներ գրադարանավարի աշխատանքը մանկավարժի աշխատանքին հավասարեցնելու, երկար տարիների աշխատանքայինի փորձ ունեցող գրադարանավարներին վերապատրաստման դասընթացների միջոցով նոր  որակավորում տալու վերաբերյալ և այլն: Վերջում որոշվեց արդյունավետ համագործակցելու համար շարունակական դարձնել նման քննարկումները: 

Միջոցառման շրջանակներում գործել է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի  թեմատիկ  և նոր գրականության ցուցահանդես: