ՆՁԱԿ
   
 

 

Չինաստանում ռոբոտ են ստեղծել` նոր կորոնավիրուսի կասկածով անձանց անալիզները հավաքագրելու համար

Չինաստանի ռոբոտների առաջատար արտադրող Siasun ընկերությունը` Շենյանի ավտոմատացման ինստիտուտի աջակցությամբ, ռոբոտ է ստեղծում, որը կզբաղվի 2019-nCoV վիրուսով պայմանավորված թոքաբորբի կասկածով անձանց բժշկական անալիզների հավաքագրմամբ: Ըստ կայքի տվյալների՝ ռոբոտն իր վրա կվերցնի բուժքույրերի գործառույթների մի մասը: Նրանք անընդհատ իրենց բարձր ռիսկի են ենթարկում հիվանդներին զննելիս, որոնք մեծ հավանականությամբ կարող են թոքաբորբով վարակված լինել: Ենթադրվում է, որ նորագույն տեխնոլոգիաները թույլ կտան զգալիորեն արագացնել և հեշտացնել վարակի առկայության ստուգումը:
Նախագիծն իրականացվում է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի եւ կառավարության մի շարք գերատեսչությունների աջակցությամբ: Հեղինակների գաղափարի համաձայն` հեռակառավարվող ռոբոտը մեխանիզացված ճկուն ձեռքի միջոցով հիվանդի բերանի խոռոչի մեջ զգուշորեն վիրախծուծ կդնի: Այսպիսով, բժիշկները կկարողանան բացարձակապես ապահով կերպով թուքի նմուշ ստանալ:
Սպասվում է, որ այս տեխնոլոգիան կնվազեցնի վարակի դեպքերի թիվը վարակի տարածման դեմ պայքարող բժշկական անձնակազմի շրջանում:

Հոնկոնգի գիտնականները կորոնավիրուսի արագ ախտորոշման սարք են մշակել

Հոնկոնգցի գիտնականները մշակել են դյուրակիր սարք, որը թույլ Է տալիս արագ եւ արդյունավետորեն ախտորոշել 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակումն ընդամենը 40 րոպեում: Սարքն արդեն սկսել է կիրառվել Չինաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հուբեյի նահանգում, որը հայտնվել Է համաճարակի կենտրոնում: «Մենք այն ուղարկել ենք շատ վայրեր եւ հուսով ենք, որ մարդիկ այն կօգտագործեն»,- նշել Է նորույթի գլխավոր մշակող պրոֆեսոր Վեն Վեյցզյան Հոնկոնգի Գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանից:Սարքն անալիզի է ենթարկում օրգանիզմի հեղուկ արտաթորումների նմուշները: Ավելի վաղ հոնկոնգցի հետազոտողների այդ նույն խումբը համանման սարքեր է թողարկել թռչնագրիպի եւ խոզագրիպի արագ ախտորոշման համար: 

Պլաստիկե աղբը 1 րոպեում սպանում է զարգացող երկրների երկու բնակչի  

Յուրաքանչյուր 30 վայրկյանում զարգացող երկրներում մեկ մարդ է մահանում պլաստիկե աղտոտման հետևանքով: Այդ մասին հայտնում է  մի շարք կազմակերպությունների կատարած հետազոտությունը:
Հետազոտողների զեկույցում նշվում է, որ թափոնների և պլաստիկի աղբանոցների մերձակայքում բնակվելու հետեւանքով առաջացած հիվանդություններից տարեկան մահանում է մինչև 1 մլն մարդ: Այդ հիվանդություններին թվում հետազոտողները նշում են քաղցկեղը, մալարիան և դիարեան:
Ուսումնասիրության հեղինակները կոչ են անում այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են՝ Coca-Cola-ն, Nestlռ-ն, PepsiCo-ն եւ Unilever-ը, մինչեւ 2025 թվականը կրկնակի կրճատել այն պլաստիկի քանակությունը, որը նրանք տարածում են զարգացող երկրներում:
Հետազոտությանը մասնակցել են Tearfund օգնության և զարգացման միջազգային գործակալությունը, զարգացման ուսումնասիրման բրիտանական ինստիտուտը, ինչպես նաեւ WasteAid և Fauna & Flora International (FFI) կազմակերպությունները:

Արհեստական ինտելեկտին կսովորեցնեն կատակել     

Ստենֆորդի համալսարանից  չինուհի Հի Հին սկսել է զբաղվել հումորի զգացում ունեցող արհեստական ինտելեկտի մշակմամբ: Հետազոտողը մտադիր է հումորի բազմաթիվ տեսություններ օգտագործել նպատակին հասնելու համար: Հի Հիի խոսքով՝ իր առջեւ բարդ խնդիր է ծառացած, քանի որ ինտելեկտն աշխատում է որոշակի ալգորիթմով, իսկ դա բացառում է իմպրովիզացիան: Մշակողը վստահ է, որ արհեստական ինտելեկտը ծիծաղելի չի դառնա, եթե նեյրոցանցում բեռնվեն աշխարհի բոլոր կատակներն ու անեկդոտները:
Ուսուցման ժամանակ Հի Հին և իր թիմը որոշել են ստուգել բառախաղի տեսությունը և նեյրոցանցին սովորելու են տվել մի քանի նույնանուն բառեր, որպեսզի ինտելեկտը կարողանա վերարտադրել ծիծաղելի նախադասություններ՝ դրանցում փոխելով հասկացությունները: Որպեսզի փոխարինումից հետո կատակը չկորցնի իր իմաստը, նեյրոցանցը նախադասությանը մի երկու նոր բառ է հավելել: Սակայն արդյունքները չեն ուրախացրել գիտնականներին: 

Ամերիկահայ գործարարի հիմնած թվային գրադարանը 30 մլն դոլարի ներդրում է ստացել

Տաղանդների հայտնաբերման ոլորտում առաջատար ամերիկյան Creative Artists Agency ընկերությունը մտադիր է 30 մլն դոլար ներդնել Epic! կրթական-տեխնոլոգիական ընկերության զարգացման գործում:
Ըստ ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Սուրեն Մարկոսյանի ներդրումներն ուղղվելու են ռեսուրսի տեխնիկական զարգացմանն ու լսարանի ընդլայնմանը:
«Մենք աստիճանաբար վերածվում ենք ԱՄՆ-ում գործող հիմնական թվային ուղեցույցի՝ նախատեսված երեխաների համար: Մեր ակտիվ օգտատերերը ոչ միայն երեխաներն են, այլև նախակրթարանների և միջնակարգ դրոցների ուսուցիչները», - նշել է Մանուկյանը:
Epic!-ը ընթերցանության յուրատեսակ հարթակ է, որն իրենից թվային գրադարան է ներկայացնում՝ նախատեսված մինչև 12 տարեկան երեխաների համար: Ներկա պահին առցանց հարթակում կարելի է գտնել ավելի քան 35 000 աուդիոգիրք և տեսանյութ: Օնլայն գրադարանի լսարանը կազմում է 1.7 միլիոն մարդ:

Հայաստանի
ամերիկյան համալսարանը և PicsArt-ը հիմնում են արհեստական բանականության լաբորատորիա

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և PicsArt ընկերությունը համատեղ ջանքերով հիմնում են արհեստական բանականության (AI) հետազոտական լաբորատորիա, որն աշխատատեղեր կստեղծի դասախոսների և ուսանողների համար, որոնք կիրականացնեն նորարարական հետազոտություններ մեքենայական ուսուցման և համակարգչային տեսլականի (computer vision) ոլորտներում:
ՀԱՀ-ը և PicsArt-ը միասին աշխատում են նոր մոդել ստեղծելու շուրջ, որը առաջ կմղի գիտությունն ու հետազոտությունը և կմեծացնի ակադեմիական ու մասնագիտական ունակությունները արհեստական բանականության ոլորտում՝ գիտությունն ու հետազոտության արդունքները  արդյունաբերությանը կապելու միջոցով:
«Արհեստական բանականությունն արագորեն զարգանում է ամբողջ աշխարհում, և կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է այն զարգացնել Հայաստանում ևս: Մենք շատ ուրախ ենք, որ PicsArt-ի հետ համատեղ ջանքերով հիմնում ենք արհեստական բանականության լաբորատորիա, որը այդ ոլորտում հետազոտություններ իրականացնելու լայն հնարավորություններ կստեղծի: Ես ակնկալում եմ, որ այս նախաձեռնությունը մեզ առաջ կմղի տվյալ ոլորտում և կզարմացնի այլ երկրների», նշում է ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը:
Նախնական փուլում արհեստական բանականության լաբորատորիան աշխատանք կտրամադրի ՀԱՀ-ի երկու դասախոսի, առաջատար հետազոտողների, ինչպես նաև Համակարգչային գիտության և Տվյալագիտության բակալավրիատներում սովորող 15 ուսանողի: ՀԱՀ-ի դասախոսներն ու PicsArt-ի մեքենայական ուսուցման մասնագետները կսկսեն դասընթցներ անցկացնել 2020թ.-ի հունվարից: Վեցշաբաթյա դասընթացից հետո լավագույն ուսանողներն արհեստական բանականության լաբորատորիայում աշխատանքի առաջարկ կստանան:

«Արհեստական բանականությունն արագ զարգացող ոլորտ է, ուստի անչափ կարևոր է, որ այս կամ հարակից այլ ոլորտներում սովորող ուսանողները բարձրորակ կրթություն ստանան և ձեռք բերեն հետազոտական հմտություններ, ինչը նրանց մրցունակ կդարձնի աշխատաշուկայում:
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում:  ՀԱՀ-ը հավատարմագրված է ԴԲԱԸ բուհերի հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից և հանդիսանում է Քալիֆորնիայի համալսարանի համագործակիցը: Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի միջոցով ՀԱՀ-ը  Հայաստանում և տարածաշրջանում տրամադրում է արևմտյան չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն՝ միաժամանակ խթանելով նորարությունը և հետազոտական աշխատանքը:

Ռուսաստանը եւ Ճապոնիան լուսնային ռոբոտ են ստեղծում

«Անդրոիդային տեխնիկա» գիտաարտադրական միավորումը  նախատեսում է GITAI ընկերության (GITAI սթարտապ) ճապոնացի գործընկերների հետ համատեղ ստեղծել ռոբոտ Լուսնի մակերեսին առաջադրանքների կատարման համար:
«Ճապոնացի գործընկերները մտածում են մոտավորապես նույն ուղղությամբ, ինչ եւ մենք. դա ռոբոտատեխնիկական համալիրների պլանաչափ մշակում է՝ մերձավոր եւ հեռավոր տիեզերքի յուրացման համար։ Որպես առաջնահերթ նպատակ ինչպես նրանք, այնպես էլ մենք տեսնում ենք Լուսինը, այսինքն՝ այն ռոբոտատեխնիկական համալիրները, որոնք կկարողանան գործել եւ օգտակար գործառույթներ իրականացնել Լուսնի վրա»,- ասել է Դուդորովը։
Գործադիր տնօրենը հավաստիացրել է, որ «GITAI ընկերությունը մասնագիտանում է անտրոպոմորֆ կառույցների աշխատանքներում»։ Նա ավելացրել է, որ ճապոնացի գործընկերները օգտագործում են կառավարման հագուստներ, որոնք նման են «Անդրոիդային տեխնիկայի» ստեղծածներին։ Այդ այսպես կոչված հարցադրող սարքերը թույլ են տալիս ռոբոտը կառավարել պատճենող ռեժիմով՝ մեքենան կրկնում է մարդ-օպերատորի շարժումները։
Ճապոնական ընկերության ներկայացուցիչները Ռուսաստան են եկել այս շաբաթ, բանակցությունների արդյունքներով համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել։ «Կստորագրենք համագործակցության համաձայնագիր։ Այնուհետեւ կկազմենք համատեղ ծրագրեր 2020, 2021 թվականների եւ հետագայի համար»,- նշել է Դուդորովը՝ ավելացնելով, որ համաձայնագիրը կստորագրվի առաջիկայում։
Ռոբոտատեխնիկական համալիրի ստեղծման աշխատանքն ավարտելուց հետո, ասել է «Անդրոիդային տեխնիկայի» ղեկավարը, կողմերը նախատեսում են դիմել «Ռոսկոսմոսին» եւ JAXA-ին (ճապոնական տիեզերական գործակալություն) ռոբոտի կիրառումն ապահովելու համար։ 

Գրենլանդիան 7 անգամ ավելի արագ է հալվում, քան 20 տարի առաջ

1992-ից մինչև 2018-ը Գրենլանդիայում սառույցի հալման արագությունը  յոթ անգամ մեծացել է, հետևաբար, մինչև 21-րդ դարի վերջը կղզուց հալած ջուրը կարող է հանգեցնել Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման՝ 7 սանտիմետրով: Այսպիսի եզրակացության է հանգել Բևեռագետների միջազգային խումբը, որի ուսումնասիրությունը հրապարակվել է «Nature» գիտական ամսագրում:
Գրենլանդիայի սառույցների հալման մակարդակը որոշելու համար միջազգային 50 կազմակերպությունների 89 գիտնականներ վերլուծել են 30 տարվա արբանյակներից արված լուսանկարները և համեմատել կղզու ափամերձ հատվածում տեղի ունեցած փոփոխությունները: Այսպիսով, նրանք պարզել են, որ 1992-ից ի վեր Գրենլանդիան կորցրել է 3,8 տրիլիոն տոննա սառույց, ինչը համապատասխանում է ծովի մակարդակի 10,6 մմ բարձրացմանը:
Եթե 1990-ականների սկզբին ջրի մակարդակի բարձրացման մոտ 1 միլիմետրը համապատասխանում էր սառույցի հալմանը, ապա այժմ այդ ցուցանիշը 7 միլիմետր է, այսինքն՝ Գրենլանդիան այժմ 7 անգամ ավելի արագ է հալվում:

Որքան է մարդու կյանքի «բնական» տևողությունը. նոր հետազոտությունն ապշեցրել է 

ԴՆԹ անալիզի միջոցով կյանքի տևողությունը որոշելու նոր մեթոդը զարմանահրաշ բացահայտում է արել: Պարզվում է, մարդու կյանքի «բնական» տևողությունն ընդամենը 38 տարի է:
Հետաքրքիր է, որ նեանդերթալցիները, որոնք սերտ կապված են ժամանակակից մարդու հետ, ապրել են ամենաշատը 37,8 տարի: Հիմնվելով ԴՆԹ-ի վրա՝ կարելի է պնդել, որ մարդը ևս բնական միջավարում կապրեր 38 տարի: Սակայն կենսապայմանների փոփոխությունն ու բժշկության զարգացումը մարդու կյանքի միջին տևողությունը երկարաձգել են: Այսօր համաշխարհային միջին վիճակագրական տվյալներով կանանց կյանքի միջին տևողությունը 68,5 տարի է, տղամարդկանցը՝ 73,5 տարի:

2019 թվականին Համաշխարհային օվկիանոսի ջրի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել

Մինեսոտա նահանգի Սբ․ Թոմաս համալսարանի պրոֆեսոր Ջոն Աբրահամը նշում է, որ օվկիանոսների տաքացումը հանգեցնում է ավելի ուժգին փոթորիկների հայտնվելուն և խաթարում է ջրի ցիկլը, ինչը նշանակում է ավելի շատ ջրհեղեղներ, երաշտներ և անտառային հրդեհներ, ինչպես նաև ծովի մակարդակի բարձրացում:
«Օվկիանոսը հենց այն է, ինչը մեզ հայտնում է, թե որքան արագ է տաքանում Երկիրը: Մենք պարզեցինք, որ 2019 թվականը ուսումնասիրությունների պատմության մեջ ոչ միայն ամենատաքն է եղել, այլ նաև ցույց է տվել մեկ տասնամյակի ընթացքում ամենամեծ տաքացման աճը»,-նշում է Աբրահամը:
Գիտնականները ակնկալում են, որ մինչև դարի վերջ օվկիանոսի մակարդակի բարձրացումը կլինի մոտ մեկ մետր, ինչը կհանգեցնի ամբողջ աշխարհում մոտ 150 միլիոն մարդու տեղահանմանը։

Արհեստական ինտելեկտը կվերափոխի Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայության աշխատանքը

Մեծ Բրիտանիայի MI-5 հակահետախուզության ծառայության ղեկավար Էնդրյու Փարքերը կարծում է, որ արհեստական ինտելեկտի կիրառումն արմատապես կփոխի գերատեսչության աշխատանքը, բայց չի փոխարինի մարդկանց:
Արհեստական ինտելեկտը թույլ կտա «գլուխ հանել հազարավոր մարդկանց վերաբերող տվյալներից՝ առավելագույնս մոտեցված իրական ժամանակին», սակայն ամեն դեպքում վերջնական որոշումը կընդունեն հատուկ ծառայության սպաները, համոզված է նա:
Տեղեկատվության հավաքման գործում «հաջորդ քայլն», կդառնա մեքենայական ոուսուցումը (ուսուցումն այն ծրագրերի հիման վրա, որոնք ստեղծվել են արհեստական ինտելեկտի մեթոդների միջոցով՝ մեծ քանակությամբ տվյալների հիման վրա):

Գիտնականները մարդկության ինտելեկտի աղետալի անկում են կանխատեսել

Բոուլդերի Կոլորադոյի համալսարանի (ԱՄՆ) գիտնականներն ապացուցել են, որ մթնոլորոտում ածխաթթվական գազի պարունակության բարձրացումը կարող է աղետալիորեն ազդել մարդկանց իտելեկտուալ ունակությունների վրա: Հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես է ածխածնի երկօքսիդի մակարդակի բաձրացումն ազդում երեխաների ուսուցանելիության վրա: Նախորդ գիտափորձերը ցույց են տվել, որ գազի բարձր պարունակությունն իրոք ներգործում Է մտավոր ունակությունների վրա, սակայն խնդիրը հեշտությամբ լուծվում է՝ օդափոխելով սենյակը: Միեւնույն ժամանակ անհայտ էր այն ազդեցությունը, որը գործում Է մեծ քանակությամբ ածխաթթվական գազ պարունակող թարմ օդը: Մասնագետներն ուսումնասիրել են երկու սցենար: Առաջինում մարդկությունը նավազեցնում է մթնոլորտ արտանետվող ածխաթթվական գազի քանակը, երկրորդում արտանետումները մնում են նախկին մակարդակի վրա: Պարզվել է, որ աշակերտների կոգնիտիվ ունակությունները նվազում են ցանկացած դեպքում: Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ լավագույն տարբերակով մինչեւ 2100 թվականն ինտելեկտի անկումը կկազմի 25 տոկոս, վատագույն տարբերակով՝ 50 տոկոս:

NASA-ն հայտարարել «բամբակյա» մոլորակների գոյության մասին

NASA-ի աստղագետները, «Հաբլ» տիեզերական աստղադիտակի օգնությամբ, հաստատել են նոր դասի մոլորակների գոյությունը, որոնք Արեգակնային համակարգում անալոգներ չունեն:
Նշվում է, որ 2600 լուսային տարվա հեռավորության վրա Կարապի համաստեղության Kepler-51 աստղային համակարգում երեք էկզոմոլորակներ են հայտնաբերվել: Չափերով դրանք համեմատելի են Յուպիտերի և Սատուրնի հետ, բայց դրանց զանգվածը հարյուրավոր անգամ պակաս է: Դա պայմանավորված է այդ մոլորակների խտությամբ. այն կարելի է համեմատել քաղցր բամբակի հետ: Գիտնականները մոլորակների նոր դասը super-puff են անվանել:
Մինչ այժմ աստղագետները գիտեին մոլորակների միայն երեք տեսակների մասին՝ երկրային, ինչպիսիք են Երկիրը և Մարսը, սառցե հսկաները (Նեպտուն) և գազային հսկաները (Յուպիտեր): Հնարավոր է, super-puff-երն իրենցից ներկայացնում են մոլորակների անցումային փուլը. եթե այդպես է, ապա Kepler-51 համակարգը եզակի լաբորատորիա կդառնա գիտական տեսությունների ստուգման համար:
«Բամբակյա» էկզոմոլորակների տարօրինակությունները հասկանալու համար գիտնականներից մի քանի տարի է պահանջվել: Ենթադրաբար, բոլոր երեք հսկաները բաղկացած են ջրածնից և հելիումից, և շրջապատված են մեթանի շերտով: Ըստ կազմի այն շատ նման է Տիտանի մթնոլորտին, որը Սատուրնի արբանյակներից է: