ՆՁԱԿ
   
   

Գիտատեխնիկական գրադարանի մասին

«Նորամուծության և ձեռներեցության ազգային Կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչական կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանը հայտնի է տարածաշրջանում և երկրի սահմաններից դուրս իր մասնագիտացված եզակի հարուստ ֆոնդերով: Գրադարանի առաքելությունն է` գիտատեխնիկական և արտոնագրային ռեսուրսների հավաքագրումը, գիտատեխնիկական տեղեկատվական և գրադարանային ծառայությունների մատուցումը:

Գիտատեխնիկական գրադարանի ֆոնդը կազմում է շուրջ 22 մլն. օրինակ գրականություն, այդ թվում`

 

 

  • Գրքեր - գրքեր, ավանդադրված ձեռագրեր և ատենախոսությունների սեղմագրեր
  • պարբերականներ - ամսագրեր, սեղմագրային հանդեսներ (РЖ), տեղեկատվական, սեղմագրային և վերլուծական տեղեկագրեր ու հավաքածուներ, ՀՀ իրավական դաշտն ընդգրկող պաշտոնական տեղեկագրեր
  • արտոնագրեր - հեղինակային վկայագրեր, գյուտերի և օգտակար մոդելների նկարագրություններ, ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների տեղեկագրեր, սեղմագրային հրատարակություններ
  • արդյունաբերական կատալոգներ - ֆիրմային կատալոգներ, գնացուցակներ
  • նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր (ստանդարտներ) - պետական ստանդարտներ, ճյուղային ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, ստանդարտների վերաբերյալ ամսագրեր և հավաքածուներ
  • տեսաերիզներ
  • ձայներիզներ
  • օպտիկական կրիչներ (CD, DVD)


ԳՏԳ-ի ընդհանուր, գիտական և համակարգչային ընթերցասրահներում իրականացվում է գրադարանային-տեղեկատվական սպասարկում, իրականացվում է նաև արտոնագրային որոնում տարածաշրջանում եզակի` շուրջ 18 միլիոն օրինակ փաստաթղթերից: Համակարգչային սրահում այցելուներն անվճար օգտվում են համացանցից, միջազգային գիտատեխնիկական տեղեկատվական բազաներից (EBSCO, SpringerLink BioONE, Oxford Reference Online, OARE Online Access to Research in the Environment, Britannica Online Encyclopaedia և այլն), գրադարանի էլէկտրոնային գրացուցակից` օգտագործելով ժամանակակից տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ:

Գրադարանը սպասարկում է 5916 անհատ ընթերցողների՝ ներառյալ մասնաճյուղերը (ուսանողներ, ասպիրանտներ, գիտնականներ, արտոնավարներ, գործարարներ, մասնագետներ, կենսաթոշակառուներ), շուրջ 200 կազմակերպությունների՝ ԲՈՒՀ-եր, պետական կառավարման մարմիններ, արդյունաբերության տարբեր ոլորտների ձեռնարկություններ:



     

Գրադարանը տարեկան ունենում է շուրջ 7419 հաճախում՝ տրամադրելով 203256 օրինակ փաստաթուղթ (ներառյալ մասնաճյուղերը): Անհատ և կոլեկտիվ օգտվողների պատվերով կատարվում են թեմատիկ որոնումներ համապատասխան էլեկտրոնային ռեսուրսներում, արտասահմանյան գիտատեխնիկական տվյալների բազաներում, արտասահմանյան գրադարանների, ինչպես նաև ՀՀ գրադարանների համահավաք էլեկտրոնային գրացուցակում: Գրադարանն իրականացնում է նաև փաստաթղթերի էլեկտրոնային առաքում off-line ռեժիմով: Ըստ անհրաժեշտության էլեկտրոնային փոստով տրամադրվում են համապատասխան հոդվածների լիատեքստ տարբերակները, ինչպես նաև` սպասարկում միջգրադարանային աբոնեմենտով: 


Գրադարան մուտք գործող գրականությունը մուտքագրվում է էլեկտրոնային գրացուցակում` համապատասխան տվյալների բազաների կառավարման համակարգերով /ALEPH, ИРБИС/: Համացանցի միջոցով, մատչելի որոնողական ապարատով, հասանելի է ԳՏԳ-ի էլեկտրոնային գրացուցակը, որում պարբերականների տվյալների բազան պարունակում է ամսագրերի հոդվածների նկարագրություններն իրենց համառոտագրերով (ՏԲ-ն եզակի է հանրապետությունում):

     ԳՏԳ-ն անդամակցում է`
     Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին (eLCA)
    Էլեկտրոնային գրադարաններից և նոր տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվողների ու մշակողների միջազգային ասոցիացիային (ELNIT):

     Գիտատեխնիկական գրադարանի գործընկերներ են`

  • Պետական հանրային գիտատեխնիկական գրադարան (ГПНТБ)
  • Ռուս-հայկական ինովացիոն համագործակցության կենտրոն (РАЦИС)
  • ԱՊՀ երկրների ԳՏԼ Ազգային տեղեկատվական կենտրոններ և գլխադասային կազմակերպություններ
  • Գիտատեխնիկական լրատվության միջպետական համակարգող խորհուրդ (МКСНТИ)
  • Գիտական և տեխնիկական տեղեկատվության համառուսաստանյան ինստիտուտ (ВИНИТИ РАН)
  • Գիտատեխնիկական բաժանորդագրական գործակալություն (ООО ИНФОРМНАУКА)