ՆՁԱԿ
   
 

Գործարար աշխարհ

Հենրի Ֆորդ. մեքենաշինության արքան

 

Իրականություն է թե լեգենդ` ասվում է, որ 1872 թ. Միչիգանի նահանգի Դիրբորն քաղաքի մոտակայքում գտնվող հոր ֆերմայում աշխատանքի ժամանակ իռլանդացի գաղթականի որդին ընկավ ձիուց և հենց այդ պահին որոշեց ստեղծել տրանսպորտային այնպիսի միջոց, որն ավելի հուսալի կլիներ և չէր օգտագործի կենդանու ուժ: Այդ անհաջողակը Հենրի Ֆորդն էր: Համաշխարհային մեքենաշինության հսկայի` «Ֆորդ» ընկերության գոյության համար աշխարհը գուցե իսկապես պարտական է այդ դիպվածին...

 

 

Եթե երբևէ որոշվի թվարկել 10 անվանի մարդկանց, որոնք 20-րդ դարի խորհրդանիշ են դարձել, անկասկած, Հենրի Ֆորդը կլինի նրանցից մեկը: Ինժեներ, գյուտարար Ֆորդը ոչ միայն ԱՄՆ ավտոմոբիլային արդյունաբերության հիմնադիրներից էր, «Ֆորդ մոթոր քոմպընիի» (Ford Motor Company) հիմնադիրը, կոնվեյերային-հոսքային արտադրության հիմնադիրը, ամերիկյան մեքենաշինության արքան և «ամերիկյան երազանքի» շոշափելի իրականացումը, նա նաև կազմակերպչական և տեխնիկական առաջընթացի, սոցիալական երաշխիքների խորհրդանիշն է:

 

Հենրի Ֆորդը ծնվել է 1863թ. հուլիսի 30-ին Միչիգանի նահանգի` Դիրբորնից ոչ հեռու գտնվող Սպրինգֆիլդ ավանում: 12 տարեկանում արդեն Հենրին սարքավորում է փոքրիկ արհեստանոց, որտեղ անցկացնում էր ամբողջ ազատ ժամանակը: Տարիներ անց հենց այստեղ էլ նա նախագծում է իր առաջին շոգեշարժիչը:

1879 թ. տասնվեցամյա Հենրին Դետրոյտում դառնում է մեքենավարի աշակերտ: Ավարտելով ուսումնառությունը` զբաղվում է շոգեքարշերի շարժիչների նորոգմամբ ու տեղադրմամբ, մի քանի տարի տարբեր ընկերություններում աշխատում է մեխանիկ: Այդ ընթացքում նա իր հացը վաստակում է ժամացույց նորոգելով (դա հետագայում դարձավ ամբողջ կյանքի հոբբին) և ինքնուրույն սովորում մեխանիկա, ինժեներական գործ:

1891թ. Ֆորդը նախագծում է գազոլինային սայլակը, որը պատրաստվում է միայն երկու տարի անց: Այդ փոքրիկ սայլակը թեև երկգլխանի շարժիչ ուներ, ժամում զարգացնում էր 20 մղոն արագություն` պահեստարանում ունենալով ընդամենը 12 լիտր վառելիք:

1893 թվականից Հենրին «Էդիսոն իլյումինեյթինգ քոմփընի» (Թոմաս Էդիսոնի էլեկտրական ընկերության) գլխավոր ինժեներն էր: Կարճ ժամանակ անց կյանքի է կոչվում «Ֆորդ» մակնիշի` ներքին այրման քառատակտ շարժիչով նրա առաջին ավտոմոբիլը: 1899թ. Հենրին ազատվում է գլխավոր ինժեների պաշտոնից, որպեսզի ամբողջովին նվիրվի Դեթրոյթում սեփական ավտոմոբիլային ընկերության ստեղծմանը: 1899-1902 թթ. նա «Դեթրոյթ օթոմոբիլ քոմփընիի» գլխավոր ինժեներն էր: Սակայն ընկերությունը սնանկանում է, և Ֆորդը որոշում է հեղինակություն ձեռք բերել` իր մեքենաներով մասնակցելով ավտոմրցարշավի:

1903թ., ֆինանսիստների խմբի օգնությամբ, Հենրի Ֆորդը հիմնեց «Ֆորդ մոթոր քոմփընին» և ստացավ բաժնետոմսերի 25,5 տոկոսը: Կանոնադրական կապիտալը 150 000 դոլար էր, որից առձեռն հնարավոր եղավ ստանալ միայն 28 000-ը:

Որպես ավտոմոբիլային գործարան վերաձևավորվեց Դետրոյտի նախկին ֆուրգոնի ֆաբրիկան: 2-3 աշխատողով բրիգադները այլ արտադրողների պատվերով մեքենաներ էին հավաքում պահեստամասերից: Չնայած դրան` քիչ անց` 1903թ. հուլիսի 23-ին, վաճառվեց ընկերության առաջին ավտոմոբիլը` «А մոդել» «բենզինային սայլակը»` 8 ձիաուժ հզորությամբ:

 

«А մոդելը»` Հենրի Ֆորդի

առաջին ավտոմեքենան

 

«Ֆորդ մոթոր քոմփընիի» հիմնադրումից 10 տարի անց արդեն Ֆորդին բոլորը գիտեին որպես մեքենաշինության հանճարի: 1905թ. ֆինանսական գործընկերները չհամաձայնեցին Ֆորդի` էժան մեքենաներ արտադրելու մտադրությանը, քանի որ մեծ պահանջարկ ունեին թանկարժեք մոդելները, և հիմնական բաժնետեր Ալեքսանդր Մալկոլմսոնը Ֆորդին վաճառեց իր բաժնեմասը: 1906թ. Ֆորդը դարձավ ընկերության նախագահը և վերահսկիչ փաթեթի տերը:

«Ֆորդի» առաջին տարբերանշանը հայտնվեց 1907թ.` շնորհիվ Բրիտանիայում ընկերության մշտական ներկայացուցիչներ Փերրիի, Թորնթոնի և Շրայբերի: Գովազդի շրջանակներում այն ներկայացվեց որպես «բարձր կարգի նշան», որ կոչված է խորհրդանշելու հուսալիությունն ու տնտեսական արդյունավետությունը:

Հաջորդ 5 տարում Հենրի Ֆորդը ղեկավարեց ընդհանուր զարգացումն ու արտադրական ծրագիրը: Այդ ընթացքում օգտագործելով այբուբենի 19 տառը`А-ից մինչև S-ը, «Ֆորդ մոթոր քոմփընին» թողարկեց նույնքան մոդելի մեքենաներ, որոնց մի մասն այդպես էլ մնացին որպես փորձնական:

1908թ. Ֆորդը աշխարհում առաջինը սկսեց էժան մեքենաների մասսայական արտադրությունը: Երևան եկավ «T մոդելը», որը համարվեց շուկայի «ամենակատարյալ» մեքենան, որ կարող էր վարել անգամ 15-ամյա պատանին: Հենց առաջին տարում «Ֆորդը» վաճառեց այդ մոդելի 10 000 մեքենա: Իսկ նախքան այդ ստեղծվել էին 8 այլ մոդելներ, որոնք տարբերվում էին միայն ոչ բարձր գնով:

 

Լեգենդար «T մոդելը»

 

Ֆորդի գլխավոր նպատակը դարձավ մեքենան ճոխության առարկայից առաջին անհրաժեշտության առարկա դարձնելը: Երբ հայտնվեց «T մոդելը», ԱՄՆ-ում մեքենաների մեծ մասն արժեր 1100-1700 դոլար, «լյուքս» մեքենայի գինը հասնում էր մինչև 2500 դոլարի, իսկ «T մոդելն» արժեր ընդամենը 825-850 դոլար: Այն տարիների համար 400 դոլարը հսկայական գումար էր: Նախկինում ավտոմոբիլը համարվում էր հարուստների խաղալիք, իսկ Ֆորդի շնորհիվ մարդը, որ շաբաթական 40 ժամ աշխատում էր գործարանում, կարող էր գնել ավտոմեքենա: Ընդ որում` մեքենաների վաճառքն Ամերիկայում իրականացվում էր նորաստեղծ առևտրական ցանցի միջոցով: 1913-14 թթ. ԱՄՆ-ում գործում էր 7 հազար դիլեր, որոնք ոչ միայն վաճառում, այլ նաև նորոգում էին «T մոդելը»: 1914 թ. վաճառվել էր արդեն 250 հազար մեքենա, որ ԱՄՆ ավտոմոբիլային շուկայի մոտ 50 տոկոսը: 1921 մայիսի 31-ին Ֆորդի ավտոմոբիլային ընկերությունը թողարկեց 5 000 000-րդ մեքենան: 1927թ., երբ արտադրությունից հանվեց «T մոդելը», վաճառվել էր արդեն այս մակնիշի 15 միլիոն մեքենա:

Վերահսկողության նպատակով Ֆորդը ստեղծեց արտադրության ամբողջական ցիկլ` հումքի ձեռքբերումից մինչև մետաղի մշակում, մեքենայի թողարկում: 1914թ. նա վճարում էր ԱՄՆ-ում ամենաբարձր աշխատավարձը` օրական 5 դոլար, աշխատակիցներին բաժին էր հանում ընկերության շահույթներից, կառուցեց օրինակելի աշխատանքային թաղամաս, թեև մինչև 1941 թ. թույլ չէր տալիս իր գործարաններում արհմիություն ստեղծել:

1914թ. Ֆորդի գործարաններն անցան շուրջօրյա աշխատանքային ռեժիմի` երեք հերթով, 8-ական ժամով` երկու հերթով 9-ական աշխատանքային ժամի փոխարեն, ինչը հնարավորություն տվեց ևս մի քանի հազար մարդու ապահովել աշխատանքով: Ընդ որում`«բարձրացված» 5 դոլար աշխատավարձը բոլորին երաշխավորված չէր. աշխատողը պետք է իր ստացածը ծախսեր ընտանիքի կարիքների համար, իսկ եթե վատնում էր, նրան ազատում էին աշխատանքից:

1928թ. հունվարին ասպարեզ եկավ նոր «А մոդելը», որում նորությունն այն էր, որ տեղադրված էր քամուց պաշտպանող ապակի, որն այդ ժամանակից ի վեր դարձավ մեքենաների անհրաժեշտ տարր: 

Թեև նոր մոդելը հավանել էին և' գնորդները, և' դիլերները, ավտոմոբիլների արտադրության բնագավառում Ֆորդն արդեն առաջատարի նախկին դիրքը չուներ. 1940թ. ընկերությանը բաժին էր ընկնում շուկայի 20 տոկոսից էլ պակասը:

1909 թվից Ֆորդն սկսեց համագործակցել Ռուսաստանի հետ: 1919թ., Նյու Յորքում գործող խորհրդային բյուրոյի նախաձեռնությամբ, Ֆորդի հետ կնքվեց Ռուսաստանում «Ֆորդզոն» տրակտորների վաճառքի պայմանագիր: Ֆորդը, կնքելով այդ պայմանագիրը, հանուն Խորհրդային Ռուսաստանում իր ֆիրմայի հաջողության` «զոհեց» իր քաղաքական հայացքները: Խորհրդային միությունը դարձավ «Ֆորդի» տրակտորների արտասահմանյան ամենամեծ սպառողը, մեծ էր նաև այստեղ սպառվող մեքենաների քանակը: Իսկ 1929թ. կնքվեց Խորհրդային միությանը տեխնիկական օգնություն ցուցաբերելու պայմանագիր, որի համաձայն` պետք է ԽՍՀՄ-ում կազմակերպվեր արտադրական ամբողջական ցիկլով արտադրություն: Արտադրությունը կազմակերպելու համար ընտրվել էր Նիժնի Նովգորոդը` հետագայում մեզ քաջ հայտնի Գորկու ավտոմոբիլային գործարանը`ГАЗ-ը, որն սկսեց գործել արդեն 1931թ. մայիսին և 1932թ. հունվարին արդեն արտադրանք թողարկեց:

Հավատացած, որ ինքը հանճարեղ է, Ֆորդը կարծես սկսեց կորցնել ճկունությունն ու նորարարի զգացողությունը: 30-ական թթ. լուրջ փոփոխությունների ենթարկվեց սպառողական պահանջարկը, իսկ Ֆորդը, հավատարիմ իր նախկին հայեցակարգին, հաշվի չէր առնում դա: Արդյունքում ստիպված եղավ մեքենաշինության առաջատարի իր դիրքը զիջել մեկ այլ հզոր ընկերության` «Ջեներալ մոթորսին»:

Չնայած հարյուրամյա գոյության ընթացքում «Ֆորդ» ընկերությունը բազում փոփոխությունների ենթարկվեց, բայց սկզբունքը, որ մարդիկ պետք է ունենան հասանելի, հուսալի և ժամանակակից ավտոմոբիլներ, մնաց անփոփոխ: Ընկերությունը ստեղծելիս Ֆորդի երազանքն էր այնպիսի մեքենայի արտադրությունը, որի գինը ավելին չէր լինի, քան գործարանում աշխատող բանվորի տարեկան աշխատավարձը: Մեքենաշինության արքան իրականացրել էր նաև այդ երազանքը, ու նաև դա էր «Ֆորդ մոթոր քոմփընիի» հարյուրամյա գործունեության հաջողության գաղտնիքը:

Թվում է, թե մեքենաշինության հսկային որևէ այլ բան այլևս չպիտի հետաքրքրեր, սակայն Ֆորդը հրապուրված էր ամերիկյան մշակույթով, երկրորդ աշխարհամարտից առաջ դարձավ Հիտլերի երկրպագուն, ապա լոյս ընծայեց թերթ, որում տպագրվում էին հակասեմիթական հոդվածներ և 1938թ. ֆյուրերից պարգև ստացավ: 1936թ. որդու` Էդսելի հետ հիմնադրեց Ֆորդի հիմնադրամը (ներկայումս ամերիկյան ամենամեծ մարդասիրական կազմակերպությունը, որի ֆինանսական ակտիվները 1999թ. կազմում էին 12 մլրդ դոլար), փորձեց սենատոր ընտրվել, առողջ ապրելակերպ էր վարում...

1945թ. Ֆորդն իր ընկերության կառավարումը, որ ձևակերպված էր նրա միակ որդու` Էդսելի անունով, հանձնեց թոռանը` Հենրի Ֆորդ կրտսերին, և հեռացավ գործերից: Երկու տարի անց` 1947թ. ապրիլի 7-ին Դիրբորնում 83 տարեկանում վախճանվեց մեքենաշինության արքան` Հենրի Ֆորդը: