ՆՁԱԿ
   
 

Գործարար աշխարհ

 

Ավո Ուվեզյան  

Աշխարհի սիգարային առաջատար ապրանքանիշերի հետ հավասարի իրավունքով մրցակցում է ազդեցիկ գործարարներից Ավո Ուվեզյանը, ով ավելի շատ հայտնի է Ավո անունով: Այդպես են կոչվում նաև նրա հանրահայտ դոմինիկյան սիգարները: Աշխարհում չկա այնպիսի մասնագիտացված խանութ, որտեղ ցուցադրված չլինեն «Ավո» ապրանքանիշի բազմաբույր ու բազմազան սիգարները, որոնք իրենց տիրոջ նման անկանխատեսելի են և արտասովոր: Սովորաբար Ավոյին բնութագրում են որպես մեծ սրտի և անկեղծ հոգու տեր անձնավորության, ով իր կյանքում երկու մեծ սեր է ունեցել` ջազը և սիգարը:

Այն ճանապարհը, որով Ավո Ուվեզյանը մտավ սիգարի աշխարհ` սկսվեց երաժշտության հանդեպ պաշտամունքից: Հենց այդ ճանապարհին էլ նա գրեց 20-րդ դարի հիթային երգերից մեկը` «Strangers in the Night»-ը, որը երաժշտության աշխարհում դարձավ Ֆրենկ Սինատրայի յուրօրինակ այցեքարտը:

Երգ-երաժշտությունը ողջ կյանքում ուղեկցել են Ավոյին, և դա պատահական չէ` նա ծնվել ու մեծացել է Բեյրութում` երաժիշտների ընտանիքում: Ապրելով և մեծանալով այդպիսի միջավայրում` Ավոն 16 տարին լրանալուն պես որոշում է ջազ-խումբ հիմնել, այնուհետև համերգներ է կազմակերպում Լիբանան ժամանած զբոսաշրջիկների համար: Սակայն շուտով մահանում է հայրը, և ընտանիքի հոգսն ու պատասխանատվությունն ընկնում են պատանու ուսերին: Նա իր խմբով մեկնում է Թեհրան` հանդես գալով տեղի հանգստյան տների ռեստորաններում: Մարդիկ այնքան են հավանում այդ կատարումները, որ ռեստորան են այցելում միայն նրան լսելու համար: Ավոյի մասին լուրերն արագ հասնում են շահի պալատ: Շահ Ռեզա Փեհլևին նրան հրավիրում է և խնդրում նվագել: Երբ Ավոյի մատները դիպչում են դաշնամուրի ստեղներին` պալատը լցվում է կախարդական երաժշտությամբ: Շահի սիրտը նվաճված էր...  նա տղային առաջարկում է մնալ և դառնալ իր պալատական դաշնակահարը: Այդպես Ավոն հայտնվում է մի աշխարհում, որի մասին միայն հեքիաթներում էր լսել: Սակայն որոշ ժամանակ անց Փեհլևին հասկանում է, որ երիտասարդին երաժշտական կրթություն է հարկավոր, այլապես նրա տաղանդը կկորչի: Շահի հովանավորությամբ Ավոն մեկնում է ԱՄՆ և ընդունվում Ջուլիարդի երաժշտական դպրոցը: Այդ տարի էլ ամուսնանում է մի ոսկերչի դստեր հետ:

Երաժշտության հանդեպ սերը հանգիստ չի տալիս Ավոյին: Որոնումների ճանապարհին նա հայտնվում է Պուերտո Ռիկոյում, որտեղ երկրորդ անգամ ամուսնանում է, ստեղծում ջազ խումբ և ելույթներ ունենում տեղի հանգստյան տների ռեստորաններում: Դրանցից  մեկում հանդիպում է Ժակ Մելքոնյանին, ում հետ հետագայում լավ ընկերներ են դառնում: Մի օր Ժակը և Ավոն որոշում են երեկոն ավարտել ռեստորանի լավագույն սիգարներից մեկական հատիկ վայելելով: Ավոյի գրպանի համար դա զգալի կորուստ էր: Սակայն զոհաբերությունը փոխհատուցվելու էր, և այն էլ ինչպես...  Սիգարի վեր բարձրացող միապաղաղ քուլաների ներքո ջազ երաժշտություն ըմբոշխնելու ժամանակ Ժակը լուրջ դեմքով նայում է ընկերոջը և հարց տալիս, թե ինչու նա Կարիբյան կղզիներում գտնվող իր առանձնատան շրջակայքում սիգարի ցանքատարածքներ չի ստեղծում. Մտորելով ընկերոջ առաջարկի շուրջ` Ավոն մեկնում է Դոմինիկյան Հանրապետություն` սիգարի արտադրությունն ուսումնասիրելու: Տուն վերադառնալով` հիմնում է սեփական արտադրությունը` ճիշտ է, դեռևս փոքրածավալ և միայն մտերիմներին հյուրասիրելու համար: Սակայն մի օր նրան առաջարկում են փորձի համար մի քանի սիգար ուղարկել հանրահայտ «Դավիդով» ընկերության նյույորքյան խանութ` վաճառելու: Որոշ ժամանակ անց ընկերությունը խնդրում է ևս մի քանի տուփ ուղարկել: Դա ոգևորում է նորաթուխ գործարարին, նա 25 տոկոսով ավելացնում է ներդրումները` զոհաբերելով վերջին գումարները:
Նրա սիգարները մի քանի տարում նվաճեցին համաշխարհային շուկան: Այդ ողջ ընթացքում մաեստրոն շարունակում է արարել նաև նոտաներով` կազմակերպելով ջազ փառատոներ: Ամեն տարի նոյեմբերի սկզբին Շվեցարիայում Ավոյի անունով գրանդ-փառատոն է անցկացվում, որին հրավիրվում են նրա երգիչ ընկերները` Ռեյ Չառլզը, Ջեյմս Բրաունը, Թաջ Մահալը:
Եվ այսօր որպես հատուցում այդ մեծ սիրո` 80-ն անց վարպետը ձեռք է բերել այն ամենը, ինչ հարկավոր է մարդկային երջանկության համար` հարգանք, սեր, փառք...