ՆՁԱԿ
   
 

Գործարար աշխարհ

Ալեք Մանուկյան

 

Ալեք Թագավորի Մանուկյան (1901, Զմյուռնիա, Օսմանյան Թուրքիա - Հուլիսի 10, 1996, Դետրոյտ) - հայ հասարակական գործիչ, մեծահարուստ բարերար, ճարտարագետ, արդյունաբերող:

Ալեք Մանուկյանը Իզմիրի շրջանի Քասապա գյուղաքաղաքից էր: Նրա հայրը` Թագվոր Մանուկյանը, հայ համայնքի առաջնորդն էր` հարգված ու ձեռներեց մի մարդ, ով ընտանիքը պահում էր հացահատիկի առևտրով: Տղան սկզբնական շրջանում օգնում էր հորը` համատեղելով ուսումն ու աշխատանքը: Դեռ դպոցական տարիքից աչքի էր ընկնում հայագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությամբ ու հայրենասիրությամբ: Ալեք Մանուկյանի կյանքի առաջին տարիները համընկան հայ ժողովրդի ողբերգական էջին, երբ թուրքի յաթաղանից հալածված` բազմաթիվ հայեր լքեցին հայրենիքը ու ապաստան գտան օտար ափերում: Ուստի 1920 թ. 19-ամյա Ալեքն ընդամենը մի քանի տասնյակ դոլար գրպանում, շատ շատերի հետ բռնում է պանդխտության ճանապարհը, դեպի ԱՄՆ` երկիր, որտեղ ոչ միայն ապահով էր, այլև երազանքներն իրականացնելու առումով հեռանկարային, 1924-ից` հաստատվել Դետրոյտում:

Հետագայում նրան են միանում ընտանիքի մյուս անդամները: Սկզբնական շրջանում նա հաստատվում է Բրիջպորտում (Կոնեկտիկուտ), որտեղ որպես բանվոր աշխատանքի է անցնում գործարաններից մեկում, միաժամանակ գումար վաստակում մեծահասակների համար երեկոյան հայոց լեզվի դասընթացներ կազմակերպելով: Սակայն դա չի բավարարում ապագա գործարարին և քաղաքից քաղաք տեղափոխվելով` 1924 թվականին նա ընտանիքի հետ վերջնականապես հաստատվում է Դետրոյթում` աշխատանքի անցնելով մեքենաշինական մի ընկերությունում: Եռանդուն երիտասարդը Ամերիկա էր մեկնել սեփական գործը հիմնելու և ընտանիքի համար բարեկեցիկ կյանք ապահովելու փափագով: Նոր երկրին, նոր միջավայրին ու նոր բարքերին Մանուկյանը նախանձելի արագությամբ է ընտելանում և շնորհիվ իր խելքի ու աշխատասիրության` 1929 թվականին, երբ ողջ Ամերիկան հազարավոր փորձառու և հաջողակ ընկերությունների կործանման պատճառ դարձած մեծ ճգնաժամի մեջ էր, հիմնում է ավտոմեքենաների մասեր
արտադրող սեփական «Մասքո» ընկերությունը: Այն  բարգավաճում է և շուտով շահույթ ապահովում գործարանատիրոջը: Այդ ընթացքում երիտասարդ Մանուկյանն ամուսնանում է Մարիի հետ` ողջ կյանքում հանձին նրա` կողքին ունենալով հավատարիմ ու նվիրված, խելացի և բարեսիրտ ընկերուհու և կյանքի ուղեկցի: Սակայն միայն գործերի հաջող ընթացքը, անձնական երջանկությունը և ընտանիքի բարօրությունը չէին բավարարում Ալեքի հոգևոր պահանջները: Հայապահպանման գործին ծառայելու և սփյուռքահայերին բաժին ընկած փորձությունները թեթևացնելու բուռն ձգտումով, նա 1930-ին անդամագրվում է Հայկական բարեգործական համընդհանուր միությանը` մեծ առաքելություն դնելով իր ուսերին և ողջ պատասխանատվությամբ ու հետևողականությամբ լծվելով այդ գործին, ինչպես նաև չմոռանալով իր գումարները կրկնապատկելու մասին, ինչն այնքան անհրաժեշտ էր հայապահպանության համար մղվող պայքարում:
Ամենակարևորը սակայն այն է, որ ընկերության հաջողություններն ու շահույթները հնարավորություն տվեցին հայ բարերարին իրականացնել բազմապիսի հայանպաստ ծրագրեր. միայն այդ դեպքում էր նա իրեն լիարժեք զգում, հասկանում, որ զուր չի ապրում:
Մանուկյանի գործունեությունն ուղղված է եղել սփյուռք-հայրենիք կապերի ընդլայմանն ու ամրապնդմանը:
1994-ին Մանուկյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Պարգևատրվել է բազմաթիվ պատվո շքանշաններով, արժանացել մի շարք համալսարանների պատվո դոկտորի կոչման: Ալեք Մանուկյանի կյանքն ու գործունեությունը իր ընտանիքին, ժողովրդին ու հայրենիքին նվիրվածության բացառիկ դրսևորում էր: