ՆՁԱԿ
   
 

Գործարար աշխարհ

 

Ալեքսանդր Մանթաշյան

 

«...  Նա տալիս էր առանց ետին հաշիվների, առանց գաղտնի մտածումների, առանց սին փառամոլության։ Տալիս էր, որովհետեւ այդպես էր թելադրում նրա զգայուն հոգին»։

                                                                                                                    Շիրվանզադե

Ծնվել է Թիֆլիսում, 1842թ. մարտի 3-ին։ Հայրը մանուֆակտուրայի վաճառական էր։ Սովորել է Թիֆլիսի Գալուստ Վարդապետ Փափազյանցի մասնավոր դպրոցում և ստացել հիմնավոր կրթություն։ Տիրապետում էր մի քանի լեզուների՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն և անգլերեն։ 1864թ. Հովհաննես Մանթաշովը  որդուն ուղարկում է Լայպցիգ, որտեղ նա  առևտրական հարաբերություններ  է հաստատում Գերմանիայի և Պարսկաստանի հայ վաճառականների հետ։ 1868թ. Հովհաննեսը որդու հետ շրջագայում է Եվրոպայում և առեւտրական լայն կապեր հաստատում մի շարք քաղաքների վաճառական տների միջև։

2013-02-20 Հոր մահից հետո Ալեքսանդր Մանթաշյանցը ստանում բավական մեծ գումար՝ 200.000 ռուբլի դրամագլուխ: Հեռատեսորեն զգալով նավթարդյունբերության մեծ հեռանկարները, տեղափոխվում է Բաքու և սկսում զբաղվել նավթի արդյունաբերությամբ։ Շուտով Մանթաշյանցի նավթի առևտրական տներն ու նրանց մասնաճյուղերը տարածվում են ամբողջ աշխարհում`Վարշավա, Մադրիդ, Փարիզ, Օդեսա, Սարատով, Սուդան, Բեյրութ, Պաղեստին, Կալկաթա, Բոմբեյ, Կ. Պոլիս, Զմյուռնիա... Այդ ժամանակ Մանթաշյանցի դրամագլուխը կանխիկ դրամով կազմում էր մոտ 30 միլիոն ռուբլի։ Բացի այդ, նա ուներ հանքեր, գործարաններ, կալվածքներ, տներ, հյուրանոցներ, ամառանոցներ ու շոգենավեր։  Առեւտրական գործունեությանը զուգընթաց՝ Ալ. Մանթաշյանցը շատ կարևոր էր համարում ազգօգուտ հասարակական աշխատանքները, որոնք նա իրականացնում էր Թիֆլիսի բարեգործական ընկերության միջոցով։ Մինչեւ 1895թ. նա ընկերության փոխնախագահն էր, այնուհետեւ ցմահ դառնում է նրա պատվավոր նախագահը։ Նրա նվիրական իղձն էր՝  խոշոր նվիրաբերում կատարել Էջմիածնին։ Նրա առաջարկով կազմվում է նոր վեհարանի նախագիծ՝ ընդարձակ սրահներով եւ ընդունարաններով։ Այդ աշխատանքների համար Մանթաշյանցը տրամադրում է 250.000 ռուբլի։ Հաճախակի լինելով Փարիզում՝ նրա մեջ հղանում է այնտեղ հայկական եկեղեցի կառուցելու միտքը, որի շինարարության համար ծախսվում է 2 200 000 ֆրանկ:  Համարելով, որ հայ ազգը և հայ եկեղեցին մի միություն են, նա իր բարեգործությունների մեծ մասը հատկացնում էր ազգային-եկեղեցական հաստատություններին։ Պատահական չէ, որ նրա միջոցներով Կովկասի տարբեր վայրերում հիմնվել են մի շարք նոր եկեղեցիներ։

Նա հնարավոր բոլոր միջոցներով նպաստում էր հայկական դպրոցների հիմնադրմանին, սահմանում կրթական թոշակներ, օգնում թերթեր, ամսագրեր հրատարակելու գործին, նպաստներ նշանակում ոչ միայն մտավորականներին, այլև կարիքավոր բոլոր խավերին։ «Ուսանողը մեր ապագան է». սա էր Մանթաշյանցի սկզբունքը. սկսած 1881 թվականից՝  նա տարեկան 200 ուսանող որդեգիրներ էր պահում։ Այդ ուսանողներից էին Նիկողայոս Ադոնցը, Ալեքսանդր և Կոնստանտին Խատիսյան եղբայրները, Ստեփան Շահումյանը, Կոմիտասը, Արմենակ Շահմուրադյանը, Սիամանթոն, Քրիստափոր Պետրոսյանը, Հակոբ Մանանդյանը, Հայկանուշ Դանիելյանը և բազմաթիվ տաղանդավոր այլ երիտասարդներ։ Նա նյութապես ապահովել է նաև բազմաթիվ հայ գրողների, այդ թվում՝ Հովհ. Թումանյանին, Ալ. Շիրվանզադեին, Մուրացանին, Մինաս Չերազին, Ա. Չոպանյանին, Սիամանթոյին, Հովհ. Շահնազարին և այլոց։

1911թ. գարնանը Մանթաշյանցի առողջական վիճակը վատանում  և մեծ բարերարը կնքում է իր մահկանացուն։ ։ Հետաքրքիր է նաև Մանթաշյանցի կտակը, ըստ որի՝  նրա աճյունն ամփոփվում է իր իսկ կառուցած՝ Թիֆլիսի հայկական վանքի եկեղեցում։ 1938թ. Լավրենտի Բերիայի կարգադրությամբ քանդվում, հողին են հավասարեցվում այդ եկեղեցին, Մանթաշյանցի և այնտեղ թաղված հայ անվանի գործիչների գերեզմանները։ Ալ. Մանթաշյանցը մեծ նշանակություն էր տալիս հայ ավանդական ընտանիքի ամրությանը։ Իր հարստությունը բաժանելով ութ զավակների միջև՝ նա ընդգծել է մի կարևոր նախապայման. որդիները զրկվում էին ժառանգության իրավունքից, եթե չամուսնանան հայ օրիորդների հետ։ Բացի այդ, կտակով նա իր ժառանգներին զրկել էր անշարժ գույքը վաճառելու իրավունքից։ Այդ ամենը պետք է ժառանգաբար անցներ թոռներին, որոնք կարող էին տեր դառնալ միայն 30 տարեկան հասակում։ Այսինքն՝ նրանք կապված պետք է լինեին իրենց ծննդավայրին, նրա հող ու ջրին։  Մանթաշյանցի հայրենասիրության վկայությունն էր նաև այն, որ ընտանիքի անդամները տանը պարտավոր էին խոսել միմիայն հայերեն։ Լույս ու առատություն, բարություն և ազնվություն տարածելով իր շուրջը՝ Ալեքսանդր Մանթաշյանցը հավետ մնալու հայի սրտում և հիշողության մեջ։ Շատ ուրախալի է, որ Երևանի քաղաքապետարանի  որոշմամբ հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը կանգնեցվել է մեր քաղաքում, որն իր խորհրդանշական ներկայությամբ դեռ շատերին կստիպի մտածել բարեգործության մասին: