ՆՁԱԿ
   
 

Բիղնես

 

Անտոնիո Սուրյան

 

Ճարտարագետ, գյուտարար, զինագործ, դեղագործ, բժիշկ, համաճարակաբան, բարերար Անտոն Հովսեփի Սուրյանը ծնվել է մոտավորապես 1539թ., ենթադրաբար՝ Սիրիայում։ XVI դարում Վենետիկ ժամանող արևելքցիները հայտնում էին իրենց անձնական տվյալները` մկրտության ժամանակ տրված անունը և այն քաղաքի կամ երկրի անունը, որտեղից եկել էին։ Եվ քանի որ Անտոնը եկել էր Սիրիայից (Սուրիա), նրան գրանցում են որպես Անտոնիո Հայ Սուրյան: Երիտասարդ տարիքից Անտոնը լավատեղյակ էր առևտրական ու ռազմական նավատորմի տեխնիկային, տիրապետում էր տարաբնույթ գիտելիքների, ինչը նրան մղում էր ամեն գնով մտնելու Սան Մարկոյի հանրապետության ռազմածովային ծառայության մեջ։ Նրա դիմումն ընդունվում է, և նա փորձնական ժամանակաշրջանով աշխատանքի է ընդունվում զինանոցում։  Շուտով մարդիկ հասկանում են, որ Վենետիկի հանրապետության համար Անտոնը անգնահատելի ձեռքբերում է, քանի որ նա շատ արագ աչքի է ընկնում իր բազմակողմանի գիտելիքներով ու փայլուն ընդունակություններով։ Այս բոլորի հետևանքը լինում է այն, որ Անտոնը արժանանում է ճարտարագետի կոչման: Անտոնի տաղանդը դրսևորվում է նաև հրազենագործության մեջ։ Նրա առաջին մեծ հաջողությունը եղավ մեծ նավերը ջուրն իջեցնելու համար մշակած ծրագիրը, ինչպես նաև դարերի ընթացքում կուտակված թափոններից ծովածոցը մաքրելու համար հորինած մեքենան։ Ա. Սուրյանը 1571թ. մասնակցում է Կորնթոսի ծովամարտին, կառավարում հրանոթների ի՛ր իսկ հնարած դասավորությունը և, վտանգելով անձը, արագորեն նորոգում վթարված նավերը։ Անտոնը հատուկ հնարամտության միջոցով ջրի երես է հանում վենետիկյան խորտակված մի թնդանոթաձիգ առագաստանավ` իր բոլոր արժեքավոր մասերով։ 1575թ. Վենետիկում սկսվում է ժանտախտի ահավոր համաճարակ։ Հանրապետության ղեկավարների ձեռնարկած միջոցառումները արդյունք չեն տալիս։ Շուտով համաճարակն այնքան է տարածվում, որ Սան Մարկոյի ծովափում կառուցվում է նավերից բաղկացած մի հիվանդանոց, որը լեցուն էր ժանտախտով հիվանդ հարյուրավոր մարդկանցով։ Տեսնելով ժանտախտի համաճարակի ահագնացող չափերը` Անտոն Սուրյանը կառավարությանն առաջարկում է իր բժշկական օգնությունը։ Այդ ժամանակ Վենետիկի Հանրապետությունում բժշկական գործունեությունը կարգավորող օրենքներն այնքան խիստ էին, որ դատախազությունը խստագույնս պատժում էր ապօրինի բուժողների ցանկացած փորձ: Սակայն կառավարությունը, տեղյակ լինելով, որ Սուրյանը դեռևս 1571 թ. նավային ճակատամարտերի ժամանակ իր պատրաստած դեղերով շատ վիրավորների էր բուժել ու փրկել, ընդունում է նրա օգնության առաջարկը և նրան վստահում Վենետիկի մի ամբողջ թաղամասի բնակչության փրկության գործը։ 1575 թ. հուլիսի 21-ից Սուրյանը, դրսևորելով գերմարդկային արիություն ու կազմակերպչական ոգի, ձեռնամուխ է լինում բռնկված համաճարակի դեմ պայքարին։ Նա ամբողջովին նվիրվում է մարդկանց փրկելու սրբազան գործին և իր պատրաստած ուժեղ դեղով անհատույց բուժելով, փրկում հազարավոր մարդկանց կյանքեր։ 1577թ. հուլիսին Վենետիկում ժանտախտի համաճարակը հայտարարվում է հաղթահարված։ Պարզ է դառնում, որ Սուրյանը փրկել էր ոչ միայն հազարավոր մարդկանց, այլև ամբողջական ընտանիքների կյանքեր և դրա դիմաց ոչ միայն վարձատրություն չէր խնդրել, այլև իր գրպանից էր առատորեն վճարել։ Վենետիկի Հանրապետության Սենատի որոշմամբ Ա.Սուրյանը պարգևատրվում է, իսկ հուլիսի 17-ը հռչակվում է Փրկության օր, և նրա պատվին կառուցվում է սուրբ Փրկիչ եկեղեցին: Վաթսուն տարին չբոլորած Անտոնիո Սուրյանը մահանում է 1591 թ.օգոստոսի 22-ին, Վենետիկում։ Նրան թաղում են Սուրբ Մարտին եկեղեցում։