ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

ԱՄՆ-ում կստեղծեն աշխարհում ամենահզոր Frontier գերհամակարգիչը

AMD եւ Cray ընկերությունները Միացյալ Նահանգների իշխանությունների հետ համագործակցությամբ մինչեւ 2021-2022 թվականը կմշակեն գերհամակարգիչ, որը, սպասվում է, կդառնա ամենահզորն ինչպես ԱՄՆ-ի տարածքում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ռիք Փերրին CNBC հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի AMD մշակող ընկերությունը Cray-ի հետ մեկտեղ, որը մասնագիտացած է գերհամակարգիչների ստեղծման բնագավառում, հավակնոտ նպատակ են դրել ստեղծելու մեքենա, որի աշխատանքային անվանումն է Frontier: Փերրին ընդգծում է, որ նոր գերհամակարգչի մոտավոր հզորությունը կկազմի 1,5 էքսաֆլոպս: Դա նշանակում է, որ այն մեկ վայրկյանում կկարողանա մշակել մեկուկես քվինտիլիոն (1 500 000 000 000 000 000) հաշվողական գործողություն: Փերրին ճշտել է, որ նոր գերհամակարգիչը կգործի Թենեսիի նահանգի Համալսարանին կից Օք Ռիջ ազգային լաբորատորիայի հիմքի վրա:
«Frontier-ի ռեկորդային հզորությունը մեր երկրին հնարավորություն կընձեռի առաջատար դիրքեր գրավել համաշխարհային գիտության բնագավառում, որն ապահովում է ամերիկացիների եւ ամբողջ աշխարհի կյանքն ու տնտեսական բարգավաճումը»,- ասել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության ղեկավարը:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն՝ Intel ընկերության հետ համատեղ պլանավորում են ձեռնամուխ լինել մեկ այլ գերհամակարգչի՝ Aurora-ի ստեղծմանը, որը կգործի Չիկագոյի (Իլինոյսի նահանգ) Արգոնի ազգային լաբորատորիայում: Դրա արտադրողականությունը կկազմի մեկ էքսաֆլոպս: