ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Գիտնականները վերնաշապիկ են ստեղծել,  որի միջոցով հնարավոր է սմարթֆոն լիցքավորել

Իտալացի և իսպանացի գիտնականների խումբը վերնաշապիկ է ստեղծել, որի օգնությամբ հնարավոր է բջջային հեռախոսներ լիցքավորել: Մասնագետները ստեղծել են «էլեկտրոնային գործվածքի» նախատիպը, որի հիմքում ընկած են ոչ թանկարժեք և ոչ սովորական նյութեր, ինչպես օրինակ՝ լոլիկի կեղևը:
Ներկայում էլեկտրոնային գաջեթների արտադրության մեջ հիմնականում մետաղներ են կիրառվում, սակայն ծրագրավորողների խոսքով՝ իրենց հաջողվել է «մի քայլ առաջ անցնել», քանի որ կարողացել են էլեկտրաէներգիա ստանալ՝ օգտագործելով թեթև, առավել հասանելի և պակաս թունավոր նյութեր:
Նրանք հատուկ բանաձև են մշակել, որը թույլ է տվել լոլիկի կեղևի և ածխածնի նանոմասնիկների համադրությունից էկոլոգիական սպիրտ ստանալ: Երբ տվյալ նյութը տաքանում է, սպիրտը ներթափանցում է գործվածքի մեջ և կպչում է բամբակին: Արդյունքում գործվածքն էլեկտրոնային հատկություններ է ձեռք բերում:
Փորձագետները նշում են, որ քայլելիս կամ վազելիս մարդ տաքանում է, և եթե նա նման հատկություններով վերնաշապիկ կրի, նրա մարմնի և շրջակա միջավայրի ցածր ջերմաստիճանի միջև տարբերությունը կարող է էլեկտրականություն արտադրել:
Գիտնականներն այժմ շարունակում են իրենց աշխատանքը՝ հույս ունենալով, որ հետագայում գաջեթները հնարավոր կլինի ներկառուցել «էլեկտրոնային գործվածքում»: