ՆՁԱԿ
   
 

«Ինովացիոն համագործակցությունը ԱՊՀ տարածությունում. Նոր մարտահրավերներ և առաջնահերթություններ»

Մոսկվայում, ս./թ. հունիսի 3-ին, «Россотрудничество»-ն կազմակերպել էր փորձագիտական կլոր սեղան՝ ԱՊՀ անդամ-երկրների մինչև 2030թ. Ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի շրջանակներում: Միջոցառումն անցկացվեց օն-լայն ռեժիմով, «Ինովացիոն համագործակցությունը ԱՊՀ տարածությունում. Նոր մարտահրավերներ և առաջնահերթություններ» թեմայով: Քննարկվեցին իրենց հրատապությամբ առաջնակարգություն ստացած մի շարք հարցեր, մասնավորապես.

  1. Նոր տասնամյակում ԱՊՀ երկրների առջև նետված գլոբալ մարտահրավերները:
  2. ԱՊՀ տարածությունում ինովացիոն համագործակցության առանձնահատկությունները:
  3. ԱՊՀ անդամ-երկրների համագործակցության նոր առաջնահերթությունները և գլխավոր ուղղությունները:
  4. ԱՊՀ անդամ-երկրների Ինովացիոն համագործակցության մինչև 2030թ. ժամանակաշրջանի միջպետական ծրագրի նախագիծը:

Կլոր սեղանի մոդերատորն էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միջազգային համագործակցության վարչության պետ, ԱՊՀ անդամ-երկրների Ինովացիոն համագործակցության մինչև 2030թ.  ժամանակաշրջանի միջպետական ծրագրի նախագծի մշակման աշխատանքային խմբի ղեկավար՝ Սերգեյ Մալենկոն:

 

                Կլոր սեղանի աշխանքներին մասնակցեցին.

  1. «Россотрудничество»-ի ղեկավարի տեղակալ՝ Միխայիլ Բրյուխանովը,
  2. Հայաստանի Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն, Գիտատեխնիկական ինֆորմացիայի Միջպետական կոորդինացիոն խորհրդի նախագահ՝ Գևորգ Վարդանյանը,
  3. Ղազախստանի Իոնոսֆերայի ինստիտուտի տնօրեն՝ Ժումաբեկ Ժանտաևը,
  4. «ԼԻԿ-Գրուպ» ընկերության Գլխավոր տնօրեն՝ Սերգեյ Իսաևը,
  5. Ղազախստանի Հանրապետության Թվային ոլորտների զարգացման, նորամուծությունների և աէրո-տիեզերական արդյունաբերության նախարարության Գիտատեխնիկական զարգացման դեպարտամենտի փոխտնօրեն՝ Ալիյա Կիպշաբեկովան,
  6. ԱՊՀ Գործադիր կոմիտեի Տնտեսական համագործակցության դեպարտամենտի բաժնի պետ՝ Թիմուր Մանսուրովը,
  7. Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության միջազգային կապերի գրասենյակի տնօրեն՝ Անտոն Մոսկալենկովը,
  8. Բելառուսի Հանրապետության Համակարգային վերլուծության և գիտատեխնիկական ոլորտի ինֆորմացիոն ապահովման ինստիտուտի միջազգային գիտական-ինովացիոն աշխատանքների մասով փոխտնօրեն՝ Օլգա Նաումովիչը,
  9. «Սկոլկովո» հիմնադրամի փոխնախագահի տեղակալ՝ Ալեքսանդր Օկունևը,
  10. ՌԴ ԱԱՊ Ինովացիոն ձեռնարկատիրության զարգացման հիմնադրամի Գլխավոր տնօրենի տեղակալ, ԱՊՀ անդամ-երկրների ինովացիոն համագործակցության Միջպետական ծրագրի Առևտրայնացման կենտրոնի ներկայացուցիչ՝ Օլգա Սերեդան:                                 

Միջոցառման ընթացքում զեկույցով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն, Գիտատեխնիկական ինֆորմացիայի Միջպետական կոորդինացիոն խորհրդի նախագահ՝ Գևորգ Վարդանյանը: Որպես Գիտատեխնիկական ինֆորմացիայի Միջպետական կոորդինացիոն խորհրդի նախագահ՝ Գևորգ Վարդանյանը ներկայացրեց ԳՏԻՄԽ գործունեությունը, խոսեց միջպետական համագործակցության մի շարք հարցերի շուրջ: Նկատի առնելով ԳՏԻՄԽ գործունեության որոշ ուղղությունների ընդգրկումը Միջպետական ծրագրում, Գ. Վարդանյանը հայտնեց Միջպետական Խորհրդի պատրաստակամությունը՝ համագործակցելու ԱՊՀ անդամ երկրների   մինչև 2030թ ինովացիոն համագործակցության Միջպետական ծրագրի շրջանակներում:

«Россотрудничество»-ի ղեկավարի տեղակալ՝ Միխայիլ Բրյուխանովն իր ելույթում կարևորեց գիտական ոլորտում ԱՊՀ անդամ-երկրների փոխգործակցությունը՝ ուղղված յուրաքանչյուր պետության ազգային տնտեսության մրցունակության բարձրացմանը:                

Մինչև 2030թ. Միջպետական համագործակցության ծրագրով առաջադրվող գլխավոր խնդիրներից մեկն է, ինչպես իր զեկույցում նշեց ՌԳԱ Միջազգային համագործակցության վարչության պետ՝ Սերգեյ Մալենկոն, ԱՊՀ երկրների համար առավել կարևոր, ամենատարբեր ուղղություններին առնչվող (տրանսպորտային համակարգերից մինչև տիեզերական հետազոտություններ, դեղագիտությունից մինչև հեռահաղորդակցություն) ինովացիոն նախագծերի ցանկի սահմանումը: «Սկոլկովո» հիմնադրամի փոխնախագահի տեղակալ՝ Ալեքսանդր Օկունևն իր զեկույցում նշեց առաջիկա տասնամյակի նետած մարտահրավերներին առաջարկվող նախագծերի համապատասխանության խստագույնս հաշվարկման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԱՊՀ և «Սկոլկովո» համագործակցությունը ձեռներեցության և նորամուծությունների ոլորտում: Նա կիսվեց իր դիտողություններով՝ շուկայի փոփոխությունների կապակցությամբ, որտեղ ակնհայտ է նորագույն տեխնոլոգիաների բաժնի նշանակալի աճը,  ինչպես նաև ընկերությունների միաձուլման և, արդյունքում, կոնցեռնների ձևավորման միտումները՝ ուղղված մրցունակության բարձրացմանը: Օկունևը նշեց, որ անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել ոչ նորագույն տեխնոլոգիաների վաճառքին, այլ վերջիններիս օգտագործմանը համատեղ արդյունքի և համատեղ կադրերի պատրաստմանը՝ ԱՊՀ երկրներում նոր աշխատատեղերի ստեղծման համար և հենց այդ նպատակին պետք է ուղղվի միջպետական փոխգործակցության ընթացակարգերի առավելագույնս պարզեցման հարցը:                            

Որպես ամփոփ արդյունք, սահմանվեց Ծրագրի գլխավոր նպատակը.

Ինովացիոն համագործակցության միջպետական ծրագիրը կոչված է ձևավորելու պայմաններ՝ ԱՊՀ անդամ-երկրների տնտեսական և գիտական ներուժի հզորացման համար: