ՆՁԱԿ
   
 

«Իմ հաջողության բանալին» 

2021թ. մարտի 12-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը (ՆՁԱԿ) կազմակերպել էր տեղեկատվական հարթակ երիտասարդ ձեռներեցների լավագույն փորձի փոխանակման համար «Իմ հաջողության բանալին» խորագրով:
Միջոցառման գլխավոր նպատակն էր աջակցել երիտասարդությանը զարգացնելու ձեռնարկատիրական հմտություններ, ձևավորելու ձեռներեցին հատուկ նորարարական մտածողություն, բիզնեսում մրցունակ լինելու հատկանիշներ, արդյունավետ պլանավորելու կարիերան:
Միջոցառմանը մասնակցել են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանի ազգային ագրարային, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական, Հյուսիսային, Եվրասիա միջազգային համալսարանների,  «Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն» կրթական հիմնադրամի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողներ, դասախոսներ, Wearm School Armenia-ի  անդամներ և այլ հետաքրքված անձինք:
Ներկաներին ողջույնի խոսքով դիմել է ՆՁԱԿ-ի տնօրեն Հայկ Մարգարյանը: ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ղեկավար, միջոցառման մոդեռատոր Լևոն Ղարիբյանը դիմելով մասնակիցներին  կարևորել է նման հանդիպումները՝ ելնելով ՓՄՁ զարգացման 2020-2024թթ. ռազմավարության նպատակներից, մասնավորապես աջակցելու Հայաստանում ձեռնարկատիրական մշակույթի զարգացմանը։
Միջոցառման հյուրերց էր ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի նախագահ, «Հիմնարկ» փակ բաժնետիրական ընկերության համահիմնադիր և տնօրեն, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս Ռուբեն Օսիպյանը, ով ելույթ ունեցավ «Ձեռնարկատիրության ու հնարավորություններ գտնելու մասին» թեմայով և խոսեց ձեռներեց դառնալու շարժառիթների,  բիզնես սկսելու և նրան աջակցող կառույցների, բիզնեսում նորարարության դերի, մարդկային կապիտալի կարևորության մասին, ինչպես նաև ներկայացրեց Հայկական փոքր և միջին ձեռնարկատիրության համայնապատկերը:
Այնուհետև ներկաները լսեցին Wearm School Armenia դպրոցի հիմնադիր տնօրեն Արմեն Քոչարյանին, ով խոսեց  թե ինչպե՞ս հաջողության հասնել բրզնեսում, թվային մարքեթինգի աշխարհում, ի՞նչ   մասնագիտություն ընտրել թվային մեդիայում և ներկայացրեց Wearm School Armenia-ի ստեղծման պատմությունը և գրանցած հաջողությունները: Որից հետո Wearm School-ի մարքեթինգի մասնագետ Գևորգ Պետրոսյանը ներկայացրեց թվային մարքեթինգի կարևոր բնութագրիչները, մարքեթինգային տարբեր գործիքների կիրառման հնարավորությունները:
Արմեն Քոչարյանը անակնկալ մատուցեց մասնակիցներին կազմակերպելով խաղարկություն, որի հաղթողը հնարավորություն ստացավ անվճար մասնակցել դպրոցի 4 ամսյա դասընթացներին (280 հազ. դրամ արժողության) անիմացիայի, մոնտաժի, գրաֆիկական դիզայնի և թվային արվեստի վերաբերյալ:
Վերջում հյուրերը պատասխանեցին երիտասարդներին հուզող հարցերին: Մասնակիցները  ծանոթանալով հյուրերի բիզնես-հաջողության գաղտնիքներին, հնարավորության ունեցան հաղորդակցվելու նրանց հետ և մասնակցելու բաց քննարկումներին:
Wearm School Armenia-ի տնօրենը դիմեց ՆՁԱԿ-ի ղեկավարին ցանկություն հայտնելով շարունակել հետագա համագործակցությունը կապված ապագա ծրագրերի իրականացման հետ:
Միջոցառման շրջանակներում գործում էր ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի  բիզնեսի, նորարարության վերաբերյալ գրականության ցուցահանդեսը: