ՆՁԱԿ
   
 

Ազգային գրադարանային շաբաթ  

2021թ. ապրիլի 16-ին «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը կազմակերպել էր գրադարանային շրջայց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Գրադարանային գործ» մասնագիտությամբ  ուսանողների ու դասախոսների համար:
Մասնակիցներին ողջունեց գրադարանի ղեկավար Լևոն Ղարիբյանը և խոսեց գիտատեխնիկական գրադարանի դերակատարման մասին: Ներկաները գրադարանի համապատասխան բաժիններում ծանոթացան գրադարանային գործառույթներին, մասնավորապես` ընթերցողների գրանցման և սպասարկման, գրականության համալրման, գիտական և տեխնիկական մշակման, գրադարանային գործընթացների ավտոմացման ԻՐԲԻՍ համակարգում փաստաթղթերի մուտքագրման, ավանդական և էլեկտրոնային գրացուցակներից օգտվելու հնարավորություններին: Մասնակիցները այցելեցին ֆոնդեր և տեղում ծանոթացան գրքերի, ամսագրերի, տարբեր կրիչների տեսքով արտոնագրային և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, արդյունաբերական կատալոգների հարուստ հավաքածուներին:
Բացի այդ, հյուրերը դիտեցին գործող գիտատեխնիկական գրականության, այդ թվում՝ գրադարանային գործին վերաբերող թեմատիկ ցուցահանդեսը:
Վերջում ՀՊՄՀ թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Սուքիասյանը մասնակիցներին ներկայացրեց  իր հեղինակած «Գիրքը և գրադարանային տեղեկատվական մշակույթը Արցախում» հրատարակված գիրքը (2020թ.), որը նվիրեց գրադարանին:  Ներկայումս գիրքը, պատերազմից հետո թշնամու ստահոտ քարոզչության  պայմաններում շատ կարևոր փաստագրական նյութ է Արցախում գրքի և գրադարանային-տեղեկատվական մշակույթի զարգացման պատմության  մասին:
Մասնակիցները առաջարկեցին շարունակել համագործակցությունը գրադարանի հետ գործնական դասընթացների և այլ ձևաչափի միջոցառումներ  համատեղ անցկացնելու համար:

   

    


2021թ. ապրիլի 15-ին «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը կազմակերպել էր  մասնագիտացված ֆոնդերի (գրքեր, ամսագրեր, արտոնագրային և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր, արդյունաբերական կատալոգներ) գրականության ցուցահանդես  «Ներկայի և ապագայի էներգետիկան» խորագրով:
Կայացավ հանդիպում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալի, ամբիոնի վարիչների, դասախոսների  և ուսանողների հետ:
Ներկաները ծանոթացան գրադարանի մասնագիտացված ֆոնդերին, էլեկտրոնային գրացուցակից օգտվելու հնարավորություններին, ֆեյսբուքյան էջին և կայքէջին, ինչպես նաև նրանց ներկայացվեց փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայությունը: Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի գիտության և արտաքին կապերի գծով տեղակալ Արամ Գևորգյանը գրադարանին նվիրեց դասախոսների հրատարակած գրքերը: Վերջում մասնակիցները ցանկություն հայտնեցին շարունակելու հետագա համագործակցությունը գրադարանի հետ: Ուսանողներից շատերը դարձան գրադարանի բաժանորդներ և պատրաստակամ էին նույնիսկ այդ պահին  օգտվելու և պատվիրելու ներկայացված մի շարք գրքերից:

   

    


2021թ. ապրիլի 14-ին «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը կազմակերպել էր  մասնագիտացված ֆոնդերի (գրքեր, ամսագրեր, արտոնագրային և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր, արդյունաբերական կատալոգներ) գրականության ցուցահանդես  «Ռազմական գործ»  խորագրով: 
Կայացավ հանդիպում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների և ավագ սպա՝ փոխգնդապետ Ս. Պետրոսյանի հետ: Ներկայացվեցին՝

  • 1990-2003թթ. գրադարանում գործող «Ռազմական գրականության սրահի» ռազմական գործին, տեխնիկային վերաբերող գրականությունը (գրքեր, կատալոգներ, տեղեկատուներ, ամսագրեր և այլն), որն իր դերակատարումն էր ունեցել Հայկական բանակի տեղեկատվական աջակցության գործում:
  • Գրադարանի կողմից նախկինում հրատարակված «Հայ զինվորի գրադարան» մատենաշարի 18 թողարկումները, ինչպես նաև ռազմական գործի վերաբերյալ ռուսական ամսագրերը:

Կուրսատները ծանոթացան գիտատեխնիկական գրադարանի բոլոր բաժինների գործունեությանը, ինչպես նաև ֆեյսբուքյան էջին և կայքին: «Հայ զինվորի գրադարան» մատենաշարի 18  թողարկումները  գրադարանը նվիրեց  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի գրադարանին և կուրսանտներին: Կուրսատներից շատերը դարձան գրադարանի բաժանորդներ: