ՆՁԱԿ
   
 

Գրադարանը որպես բիզնեսի աջակցման և մտավոր զարգացման կենտրոն

2021թ. հունիսի 29-ին, ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը մասնագիտական գրականության ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպել է հանդիպում, պրոբլեմային ուղղվածության քննարկում, մտքերի փոխանակում սննդի և վերամշակող արդյունաբերության ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ «Ներկայի և ապագայի գյուղատնտեսությունը»  խորագրով:
Միջոցառմանը մասնակցել են բիզնեսի ոլորտի «Երևանի գարեջուր» ՓԲԸ, «ՎԻԼ ՖՈՒԴ» և «ՏԻՍՈԿ» ՍՊԸ-ների ներկայացուցիչներ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) դասախոսներ, ուսանողներ, մասնագետներ, գիտական գրադարանի աշխատակիցներ:  Zoom հարթակում միացել են ՆՁԱԿ-ի Գյումրու, Վանաձորի, Հրազդանի, Կապանի մասնաճյուղերի կողմից հրավիրված շահառուները և այլ հետաքրքրված անձինք:
Ներկաներին ողջունել է Գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լևոն Ղարիբյանը, ով կարևորել է ներկայիս գրադարանների դերը որպես մտավոր զարգացման, սոցիալ-մշակութային և մասնավորապես՝ բիզնեսի աջակցման կենտրոններ, հրավիրել  օգտվելու գրադարանի նորարարական էլեկտրոնային ծառայություններից, մասնագիտական արդիական տեղեկատվական պաշարներից ինչպես տեղում, այնպես էլ գրադարանի սոցիալական հարթակի միջոցով:
«Ներկայի և ապագայի գյուղատնտեսությունը» թեմայով քննարկմանը ելույթ է  ունեցել  ՀԱԱՀ-ի  դասախոս  Պարգև Ստեփանյանը, ով ոլորտում երկարամյա աշխատանքային փորձից ելնելով խոսել է ոլորտի ներկա իրավիճակի մասին, արել մի շարք առաջարկություններ,  որից հետո կայացել է կարծիքների և մտքերի  փոխանակում:
Կենտրոնի բաժինների ղեկավարներ Հասմիկ Հարությունյանը, Լաուրա Ավետիոսվան, Նաիրա Հարությունյանը մասնակիցներին  ծանոթացրել են մասնագիտացված ֆոնդերի թեմատիկ գրականությանը (գրքեր, ամսագրեր, արտոնագրային և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր, արդյունաբերական կատալոգներ), մասնավորապես սննդամթերքի վերաբերյալ Հայկական ՍՍՀ հանրապետական մի շարք ստանդարտները  (РСТ Арм. ССР), որոնցում ներկայացված են տեխնոլոգիաներ ու բաղադրատոմսեր  (ինչը բացակայում է ներկայումս գործող փաստաթղթերում):  Ներկայացվել են նաև արտոնագրային ֆոնդի նախկինում ծառայողական օգտագործման համար, իսկ այժմ բաց և արդիական  որոշ գյուտերը, գրադարանի էլեկտրոնային գրացուցակում ձևավորված տվյալների շտեմարանները և դրանցից հեռավար օգտվելու հնարավորությունները:
Փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության պատասխանատու Իվետա Միշինևան ներկայացրել է հանրապետությունում միայն մեր գրադարանի կողմից իրականացվող ծառայության առավելությունները և արդյունավետությունը ի տարբերություն համացանցի ու առաջարկել օգտվել այս հնարավորությունից:
Վերջում  անցկացվել է ոլորտին առնչվող  վիկտորինայի ձևաչափով խաղ-մրցույթ, որի հաղթող ՀԱԱՀ-ի «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն, սննդամթերքի անվտանգություն և հիգիենա» ամբիոնի վարիչ Սիրանուշ Ալթունյանին հանձնվել է պատվոգիր:
Գրականության հետագա բաժանորդագրության ընթացքում ներկաների տեղեկատվական պահանջարկը հաշվի առնելու նպատակով տրամադրվել են գրադարանում պատրաստված սննդի արդյունաբերության ոլորտի թրեյլերներում ներկայացված  նոր ամսագրերի և գրքերի ցանկերը:
Մասնակիցների համար կազմակերպվել է թեմատիկ գիտատեխնիկական գրականության ցուցահադես: