ՆՁԱԿ
   
 

2021թ. դեկտեմբերի 21-ին ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում ZOOM առցանց հարթակում կազմակերպվել է վեբինար-քննարկում «Գրադարանների էլեկտրոնային ռեսուրսների առանձնահատկությունները, առկա խնդիրները և լուծումները» թեմայով, հաշվի առնելով տեխնոլոգիական նոր առաջընթացի պայմաններում էլեկտրոնային ռեսուրսներով գրադարանների հավաքածուների համալրման հրամայական դառնալը:
Վեբինարին մասնակցել են Հայասատանի ազգային գրադարանի, Հանրապետական գիտաբժշկական գրադարանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի, «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի և մասնաճյուղերի,  Հայաստանի ամերիկյան, պետական տնտեսագիտական, Վ. Բրյուսովի անվան պետական, ազգային պոլիտեխնիկական համալսարանների  գիտական գրադարանների,  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի,  Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական  համալսարանի, դպրոցների գրադարանների, ՆՁԱԿ-ի և 4 մասնաճյուղերի  ներկայացուցիչներ:
Մասնակիցներին ողջունել է Գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լևոն Ղարիբյանը և հանդես եկել ծավալուն զեկուցումով: Իր ելույթում նա խոսել է գրադարանային էլեկտրոնային ռեսուրսների առանձնահատկությունների, համացանցում դրանց մտավոր սեփականության անվերահսկելիության խնդիրների, գոյություն ունեցող հեղինակային իրավունքի պաշտպանության տեխնոլոգիաների մասին: Նշել է նաև, որ ժամանակի պահանջներից ելնելով էլեկտրոնային ռեսուրսներով գրադարանային ֆոնդերի համալրումը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ ու բազմաբնույթ դարձնել առցանց ծառայությունները, ինչի շնորհիվ ժամանակակից օգտվողին տանը կամ աշխատանքային վայրում հեռավար կտրամադրվի օպերատիվ, հավաստի և լիարժեք տեղեկատվություն:
Գրադարանի համապատասախան բաժինների վարիչներ՝ Գայանե Հովհաննիսյանը, Հասմիկ Հարությունյանը, Լաուրա Ավետիսովան իրենց ելույթներում ներկայացրել են էլեկտրոնային հրատարակությունների համալրման, մշակման, պահպանման և սպասարկման գործընթացը, դրանք կանոնակարգող ՌԴ իրավական և նորմատիվ-տեխնիկական որոշ փաստաթղթեր, ինչպես նաև խոսել են գրադարանի սեփական փորձի մասին:
Վերջում մի շարք մասնակիցներ ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Առաջարկություններ են եղել շարունակական դարձնել փորձի փոխանակման և մասնագիտական քննարկման վեբինարների կազմակերպումը, ստեղծել «Գրադարանավարի առցանց հարթակ» համացանցում և միասնական ջանքերով, ակտիվ փոխհամագործակցության շնորհիվ դիմակայել ժամանակակից գրադարանային մարտահրավերներին:

նայել նաև՝ https://www.facebook.com/levon.gharibyan/videos/238845494989984/