ՆՁԱԿ
   
 

«Գրադարանը բաց գիտության համար»

ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանը 2022թ. նոյեմբերի 29-ին Zoom հարթակում անցկացրել է առցանց քննարկում «Գրադարանը բաց գիտության համար» խորագրով, որի շրջանակներում միջոցառման մասնակիցները միացել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Պետական հանրային գիտատեխնիկական գրադարանի (ГПНТБ СО РАН) Բաց գիտության գիտական հետազոտությունների բաժնի կողմից կազմակերպված «Գրադարանը բաց գիտության համար» գիտական սեմինարին:

Հանդիպմանը մասնակցել են Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական, Ռուսաստանի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանների Երևանյան մասնաճյուղերի,    Հայաստանի պետական տնտեսագիտական, Եվրասիա միջազգային, Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանների, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի,  «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի,  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Տիգրան Հայրապետյան գրադարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Աջափնյակի Շ. Ազնավուրի անվան գրադարանի, Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի, Վայոց ձորի, Սյունիքի, Արմավիրի մարզային գրադարանների, ՆՁԱԿ-ի և մասնաճյուղերի  ներկայացուցիչներ:

Մասնակիցներին ողջունել է Գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լևոն Ղարիբյանը, ով կարևորել է միջոցառման նպատակը.  ծանոթանալ որպես զարգացած  մասնագիտական ներուժ ունեցող ՌԳԱ Սիբիրյան մասնաճյուղի Պետական հանրային գիտատեխնիկական գրադարանի բաց գիտությանը վերաբերող օգտակար փորձին ու ստանալու  արժեքավոր  տեղեկատվություն:

Սեմինարի շրջանակներում մասնագետները հետաքրքիր և բովանդակալից ելույթներ են ունեցել  բաց հասանելիության համաշխարհային ռեսուրսների, գրադարանավարի իրավասությունների, կրթական ռեսուրսների բաց մատչելիության, ռեպոզիտարիայի տեսակների, որոնման առանձնահատկությունների, հեղինակային իրավունքի, ընթացիկ հետազոտությունների տեղեկատվական համակարգերի, գիտության համապարփակ աջակցությանը վերաբերող թեմաների շուրջ:

Գիտական սեմինարի ավարտից հետո ստանալով բավականին արժեքավոր և ծավալուն տեղեկատվություն, կայացել է մասնակիցների մտքերի փոխանակում ու որոշվել է  ելույթների նյութերը հետագայում տրամադրել քննարկման մասնակիցներին, գրադարաններին, որպես բաց գիտությանը և բաց հասանելիության համաշխարհային ռեսուրսներին վերաբերող կարևոր ուղեցույցներ:

Տես նաև՝ https://www.facebook.com/photo?fbid=503840551779981&set=pcb.503841708446532