ՆՁԱԿ
   
 

«Նորարարությունների կառավարում» II միջազգային երիտասարդական գիտական դպրոց

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը 2016թ. սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը ք. Ծաղկաձորում  կազմակերպել են «Նորարարությունների կառավարում» II միջազգային երիտասարդական գիտական դպրոցը:
Ծրագիրը իրականացվել է ՀՀ Նախագահի կողմից հովանավորվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ:
Դպրոցի նպատակն էր ինտերակտիվ դասընթացների միջոցով մասնակիցներին ծանոթացնել գիտաինովացիոն նախագծերի առևտրայնացման արդյունավետ մեխանիզմներին, գաղափարից մինչև շուկա հասնելու գործընթացին և դրա առանձնահատկություններին, ինչպես նաև մատուցել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ մտավոր սեփականության օբյեկտների պահպանության և կառավարման բնագավառներում:
Դպրոցին մասնակցել են Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ուկրաինայից, Խորվաթիայից, Բելառուսից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից ժամանած 20-35 տարեկան երիտասարդ գիտնականներ, ուսանողներ, ասպիրանտներ, գիտաշխատողներ և նորարարներ:
Դպրոցի շրջանակներում անցկացվել են սեմինարներ, դասախոսություններ, վարպետության դասեր ինովացիոն մենեջմենթի և նախագծերի կառավարման ոլորտի առաջատար հայ մասնագետների կողմից:
Դասախոսությամբ և վարպետության դասով հանդես է եկել Commercialization Reactor-ի հիմնադիր, մի շարք ստարտափերի ստեղծող և ֆինանսավորող, գործարար և գիտական շրջանակներում որպես «բիզնես հրեշտակ» ճանաչված Նիկոլայ Ադամովիչը` հրավիրված Լատվիայի Հանրապետությունից:
Դպրոցի բացման արարողությունը կայացել է սեպտեմբերի 30-ին ժ.10:00-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում: Բացման խոսքով հանդես են եկել Դպրոցի կազմակերպչական կոմիտեի նախագահ, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը: Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել են Նիկոլայ Ադամովիչը և «NASA տիեզերական առաքելությունների զարգացման» ծրագրի նորարարական տեխնոլոգիական առաջարկների վերանայման և գնահատման մենեջեր, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Մարի-Հրաչուհի Պօղոսեանը: Տեղի է ունեցել նաև «Երիտասարդ նորարարի դպրոց» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում կազմակերպված «Նորարարությունների կառավարում» կրթական առաջին ծրագրի մասնակիցներին հավաստագրերի հանձման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ավարտից հետո աշխատանքային խմբերը մեկնել են Ծաղկաձոր` դպրոցի ծրագրով նախատեսված աշխատանքներին մասնակցելու համար:

Կազմակերպչական կոմիտեի կազմ

Նախագահ` Գևորգ Հրաչյայի Վարդանյան, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ

Անդամներ`

Սիրուշ Տիրացվյան - Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Նորամուծությունների առևտրայնացման և ձեռներեցության աջակցման բաժնի պետ, «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիայի» խորհրդի անդամ

Վարդանյան Հայկ - «Երիտասարդ նորարարների և գիտնականնների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ

Ջոն Կարապետյան - Աշխարհագրական գիտությունների թեկնածու, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտի Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության Ա. Նազարովի անվան ինստիտուտի տնօրեն

Զարուհի Եսայան - Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Նորամուծությունների առևտրայնացման և ձեռներեցության աջակցման բաժնի առաջատար մասնագետ

Լուսինե Գասպարյան - քիմ. գիտ. թեկտածու, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող

Խաչատրյան Արփի - Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Տեղեկատվական ապահովման և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ

Աննա Սարգսյան - Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի ենթաբաժնի վարիչ

Լիպարիտ Խաչատրյան - Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Նորամուծությունների առևտրայնացման և ձեռներեցության աջակցման բաժնի առաջին կարգի մասնագետ

 

 Բացում՝

Նորարարությունների կառավարում II միջազգային երիտասարդական գիտական դպրոցի

http://www.nt.am/am/events/23264/

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ

http://paara.am/erkrord-mijazgayin-eritasardakan-dproc/

«Նորարարությունների կառավարում» կրթական ծրագիր

http://heyevent.com/event/aqnyvddgjsrmya/

Սպասվող լրահոս 30.09.2016

http://www.armenpress.am/arm/news/861985/spasvox-lrahos-30092016.html