Ստարտափներից մինչև տեխնոկրթություն ու գիտություն, իսկ Հայաստանը՝ Մարսի հետազոտությունների կենտրոն. «ԴիջիԹեք 22»-ն արդեն պատմություն է
Տեխնոլոգիական ոլորտի սկսնակ ու առաջատար ընկերություններին մեկ հարթակի տակ էր համախմբել տարվա հաշվետու միջոցառումը։ 17-րդ Դիջիթեքին մասնակցում էր ավելի քան 120 ընկերություն, 30 խոսնակ 9 երկրից և 2000 գրանցված այցելու։ Այս տարվա տեխնոցուցահանդեսը ամենամեծն էր իր պատմության մեջ՝ 2000 քառակուսի մետր տարածքով։ Միաժամանակյա համաժողովներ ու պանելային քննարկումներ, հստակ գոտիներ՝ բուն ցուցահանդեսի տարածք, ստարտափներ, կրթական կազմակերպություններ և նախագծեր, կանաչ տեխնոլոգիական գոտի, հովանավորների հատված։
Տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական միջոցառմանը մասնակցում էին ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու ընկերություններ տարբեր երկրներից՝ Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից։ Ինչպե՞ս կհիշվի DigiTec22-ը, որո՞նք էին ամենահետաքրքիր իրադարձություններն ու ի՞նչ սպասել տեխնոիրադարձության ավարտից հետո:
Համաժողովի ընթացքում պանելային քննարկումներում հանդես եկան ամենատարբեր երկրների ներկայացուցիչներ՝ քննարկելով իրենց երկրի փորձը և համադրելով դրանք Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում կիրառելիության հետ:
«ԴիջիԹեք22»-ին ներկայացված էին ամենահետաքրքիր նոր ստարտափներն ու արդեն իսկ հայտնի բիզնեսներ՝ ֆինանսաբանկային ոլորտից մինչև կրիպտո, ռեստորանային լուծումներից մինչև հաստոցաշինություն, AI նկարչությունից մինչև հակակարկտային համակարգեր:
Առանձին տաղավարով ներկայացված էր կանաչ էներգիայի ոլորտում տվյալների կառավարմամբ զբաղվող ZEVIT ընկերությունը: Ընկերությունը հիմնականում աշխատում է քամու էներգիայի ոլորտի ընկերությունների հետ: Նպատակ ունեն կանաչ էներգիան դարձնել ավելի մատչելի:
Sceyt ընկերության հիմնադիր Արամ Մանուկյանն էլ նշեց, որ 2020 թվականին հիմնադրած ընկերությունը զբաղվում է հաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցելով: Ընկերությունը հնարավորություն է տալիս գոյություն ունեցող հավելվածներում րոպեների ընթացքում ինտեգրել բազմաֆունկցիոնալ չատ, որը թույլ կտա փոխանակել տվյալ հավելվածի օգտատերերի միջև հաղորդագրություններ, աուդիո, վիդեո ֆայլեր:
«Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը ցուցահանդեսին ներկայացրեց 5R (վերացում, վերօգտագործում, վերամշակում, վերականգնում, վերջնական թափոնների կառավարում) հայեցակարգով արտահայտված թափոնների կանխարգելման և կառավարման սկզբունքները:
Իսկ 2024-ին Հայաստանը կդառնա Մարսի հետազոտությունների կենտրոն։ Հայաստան կժամանեն տիեզրագնացներ Գերմանիայից, Ավստրիայից, Իսրայելից, Իտալայից և Մեծ Բրիտանիայից։ Կանցկացվեն տիեզերական փորձարկումներ՝ նախապատրաստելով Մարսի հետազոտական առաքելություններին։
«ԴիջիԹեք22»-ին նաև առաջին անգամ ներկայացավ «AMADEE-24»՝ Ավստրիական տիեզերական ֆորումը Հայաստանում ներկայացնող կազմակերպչական թիմը։ Ըստ կազմակերպիչների՝ ֆորումը 2024-ին կներկայանա «Գառնիից (ՀՀ) Գառնի (Մարս)» խորագրով։ Դեպի Մարս թռիչքի AMADEE-24 անալոգի մոդելավորումը գիտահետազոտական նպատակներով է։ Այս թռիչքի փորձարկումները տեղի են ունենում երկու տարին մեկ անգամ: Առաքելությունն իրագործելու համար ընտրվում է երկիր, որտեղ ենթադրյալ վեց տիեզերագնացի անձնակազմը մասնակցում է դեպի Մարս թռիչքի և վերջինիս վրա վայրէջքի փորձարկմանը:
Նորություններ ուներ նաև Հայաստանում ամենաստեղծարար տեխնոլոգիական կենտրոնը։ Եվրամիության հետ համատեղ ԹՈՒՄՈ-ն կկառուցի ինժեներական և կիրառական գիտելիքների համալիր։
Տաղավարով ներկայացված էր նաև Օհանյան կրթահամալիրը, որտեղ բացի հիմնական դպրոցական առարկաներից, դասավանդվում է նաև ռոբոտաշինություն և ինժեներիա առարկաները, որի շրջանակում երեխաները հավաքում և ծրագրավորում են ռոբոտներ:
Ծրագրի գլխավոր մաս էր կազմում ռոբոտաշինությունը և ավտոմատացումը։ Ներկայացված էին Արմաթ ճարտարագիտական աշխատանոցի բազմաթիվ նախագծեր․ դրոններից մինչև ռոբոտներ ու սեյսմակայուն շենքի և ամրակայուն կամրջի նախագիծ։
«Մեր սեյսմակայուն շենքը երկրաշարժի ժամանակ չի փլուզվի։ Երրորդ հարկը կառուցված է մնացած հարկերին հակառակ, որն էլ ապահովում է շենքի սեյսմակայունությունը։ Նախագիծը կազմել ենք 3 օրում, փորձարկումներ ևս անցել է»,- ներկայացրին նախագծի հեղինակ Կարինե Ղազարյանն ու Ռիտա Ամիրյանը։
«ԴիջիԹեք»-ում էր ներկայացված նաև Արմաթի առաջին «շրջանավարտ-ստարտափը»՝ Նոյեմբերյան քաղաքում ստեղծված ProtoLab-ը, որը 3D մոդելավորմամբ և տպագրությամբ զբաղվող տեխնոինժեներական աշխատանոց է:
«Մենք ընկերություններին առաջարկում ենք իրենց անհատական, յուրօրինակ գրասենյակային պարագաները: Այն, ինչ մարդիկ երևակայում են, մենք այդ ամենը կարող ենք իրագրոծել: Այս ամենից զատ, նաև աշխատում ենք առանձին ստարտափ պրոդուկտի վրա»,- ասաց ProtoLab-ից Մանե Պողոսյանը:
Ավելի քան 10 գիտական տաղավարներ իր շուրջն էր համախմբել Գիտուժ նախաձեռնությունը, որի նպատակն է գիտության հանրայնացումը: Գիտուժից նշեցին, որ առաջին անգամ է, որ «ԴիջիԹեք»-ին ներկայանում են տաղավարների նման քանակով:
Հատկանշական է, որ այս տարի տաղավարներ ունեին ոչ միայն հայկական, այլ նաև վրացական ստարտափները, որոնք ներկայացնում էին մի շարք SaaS պրոդուկտներ, ռուսական ստարտափներ՝ AI-ից մինչև հաստոցաշինական լուծումներ առաջարկող, ինչպես նաև իրանական ստարտափներ՝« Իրանական ընկերությունների միություն Գլոբալ իննովացիոն կենտրոն»-ի կողմից. վերջինս 2022 թվականից ԱՏՁՄ անդամ է:
«Իրանական ընկերությությունների միություն Գլոբալ ինովացիոն կենտրոնը» «ԴիջիԹեք»-ի ընթացքում ներկայացրեց իր ասոցիացայի կազմի մեջ մտնող ընկերությունների գործունեությունը և պրոդուկտները։ Կազմակերպիչներից նշեցին, որ կենտրոնի կողմից ներկայացված մոտ 10 ընկերությունները Հայաստանում նոր գործակցության եզրեր գտնելու հեռանկարներ ունեն:
Այս տարի «ԴիջիԹեք»-ը կրում էր «Ամբիցիոզ Թեք․բաց տնտեսությունների դիմակայությունն աշխարհի աճող առկայության պայմաններում» խորագիրը։
«Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաները դիմակայության ապահովման կարևորագույն գործիքներից են, և Հայաստանը այս տարվանից սկսած պետք է դիրքավորվի, ԴիջիԹեքը, մասնավորապես, պետք է դիրքավորվի որպես վայր, և համաժողովը, որպես միջոցառում, որտեղ աշխարհի փոքր երկրները քննարկում են իրենց առջև դրված խնդիրները»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։
Հայաստանում առաջին ԱԹՍ օդանավակայանն է կառուցվում․ կփորձարկվեն տարբեր անօդաչու թռչող սարքեր
2023 թվականի ամռանը Հայաստանն անդօչու թռչող սարքերի օդանավակայան կունենա. այն կառուցվում է Լոռու մարզի Լեռնապատ համայնքում։
Այս նպատակով 2021 թվականին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գումար էր հավաքվում։ Դրամահավաքը կազմակերպել էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Կարեն Վարդանյանի անվան կրթական» եւ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամները:
iTel.am-ը «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի» տնօրեն Սուրեն Վարդանյանի հետ զրուցել է օդանավակայան կառուցելու նպատակների, դրա շինաշխատանքների, ընթացիկ դժվարությունների, պետություն-մասնավոր հատված համագործակցության մասին։
Գաղափարն առաջացավ 44–օրյա պատերազմի ընթացքում
ԱԹՍ նախագծումն ու շահագործումը պահանջում է համալիր ինժեներական գիտելիքներ, ուստի շարունակելով Կարեն Վարդանյանի երազանքը՝ ինժեներական կրթությունը վաղ հասակից հասանելի դարձնելը, մենք էլ որոշեցինք նպաստել երեխաների տեխնիկական կրթությանն ավելի բարդ սարքերի հետ աշխատանքի միջոցով, որոնք հետագայում կարող են օգտագործվել այնպիսի պետական ոլորտներում, ինչպիսիք են արտակարգ իրավիճակները, գյուղատնտեսությունը եւ լավագույն դեպքում՝ ռազմարդյունաբերությունը։ Հենց այս նպատակին է ծառայում նաեւ ամենամյա անցկացվող «Հաւք» ԱԹՍ մրցույթը:
44-օրյա պատերազմը եւս մեկ անգամ վկայեց, որ մենք չվերջացող պատերազմի մեջ ենք եւ պետք է շարունակել այն, ինչ սկսել ենք:
Հանգանակության առաջին փուլից անհրաժեշտ գումարը հավաքվեց
Հանգանակությանը մասնակցել է շուրջ 2800 անձ։ Ունեցել ենք նաեւ առանձին փոխանցումներ ոչ ֆեյսբուքյան դրամահավաքով մեր ընկերների եւ գործընկերների կողմից։
Առաջին փուլից հավաքվել է գումարը, սակայն հիմա կանգնած ենք որոշակի դժվարությունների առաջ՝ պայմանավորված դրամի արժեւորմամբ։ Ընդհանուր առմամբ, մոտ 35% կորուստ ենք ունեցել։
2023 թվականին շենքը պատրաստ կլինի
Ամբողջովին ավարտել ենք թռիչքուղու շինարարությունը, որն ունի 9 մետր լայնություն, 120 մետր երկարություն: Պատրաստ է նաեւ թռիչքուղու հարակից տարածքը, տեղադրվել է կոյուղու վերամշակման կայանը։ Չնայած մեծ ցանկություն կար մեծացնել շենքի սկզբնական նախագիծը եւ կառուցել ավելի մեծ ու հարմարավետ շենք, սակայն դրամի արժեւորման պատճառով հետաձգվեց: Հուսամ՝ այդ երազանքը կիրականացնենք ավելի ուշ։
Քանի որ ավելի քան մեկ տարի պահանջվեց, որպեսզի ստանանք համապատասխան շինարարական թույլտվությունները, շենքի շինաշխատանքներն ուշ սկսեցինք: Եղանակային պայմանները հաշվի առնվելով՝ այս պահին էլ աշխատանքները դադարեցված են: Օրերը տաքանալուն պես կվերսկսենք շինարարությունը եւ «Հաւք» 2023 մրցույթը կդիմավորենք հարմարավետ շենքում։
Կարեւոր էր, որ ԱԹՍ օդանավակայանը Երեւանում չլինի
Մեզ համար կարեւոր էր, որ փորձակայանը Երեւանում չլինի. կրկին Կարեն Վարդանյանի երազանքի հետեւից ենք գնացել։ Կարենն իր կյանքի վերջին տարիների մասնագիտական գործունեությունն ամբողջությամբ կապում էր ՀՀ ապակենտրոն տեխնոլոգիական զարգացմանը՝ Արմաթ ինժեներական լաբորատորիաներից սկսած մինչեւ ապակենտրոնացման թեմայով աշխարհի ամենամեծ տեխնոլոգիական կոնֆերանս WCIT2019-ը ՀՀ-ում անցկացնելը։ Լեռնապատ գյուղի ընտրությունը պայմանավորված էր փորձակայանի գործարկման համար անհրաժեշտ լանդշաֆտների առկայությամբ, ինչպես նաեւ տրանսպորտային եւ այլ ենթակառուցվածքային նպատակահարմարությամբ։
Օդանավակայան կառուցելու հիմնական նպատակը
Պատերազմական իրավիճակում հաջողելը մեր օրերում էապես եւ մեծապես կապված է բարձր տեխնոլոգիական սարքերի նախագծման եւ հաջող կիրառման հետ։
Կարծում եմ՝ բոլորիս երազանքն է ունենալ մի պետություն, որն ունակ կլինի ուղղակի ռազմարդյունաբերական պատվերներ իջեցնել տեխնոլոգիական ոլորտում գործող խմբերին ու ընկերություններին։ Հիմա, սակայն, չենք կարող այդ ամբիցիաներից խոսել, ուստի մեր ջանքերն ուղղում ենք դպրոցահասկաների ու դեռահասների վրա՝ կարեւորելով նրանց շփումը բարձր տեխնոլոգիական սարքերի հետ դեռեւս դպրոցական տարիքից։
Ամենակարեւորն այն է, որ մենք չենք ուզում զուտ տեխնոլոգիական կրթություն տալ, այլ ցանկանում ենք փոխանցել մտածողություն, որ այդ գիտելիքի վերջնական կիրառման ամենաճիշտ եւ անհրաժեշտ տեղը հենց պետությունն ու պետական անվտանգային համակարգերն են։
«Հաւք» մրցույթը եւս դրա լավագույն օրինակն է. մրցույթի խնդիրներն ամբողջությամբ եւ բացառապես վերցված են արտակարգ իրավիճակներից: Այն երկու տարի անընդմեջ իրականացնում ենք արտակարգ իրավիճակների նախարարության հետ. կարեւորում ենք ցանկացած ձեւաչափով պետական մարմինների ներգրավվածությունը մրցույթին, քանի որ հենց նմանատիպ միջոցառումներից են ծնվում մասնավոր-պետություն լավագույն համագործակցությունները։ Լիահույս ենք՝ 2023 թվականին եւս մեր գործընկերների շարքում տեսնելու ենք առնվազն երեք նախարարություն՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների:
Ի՞նչ տեսակի ԱԹՍ–ների համար է նախատեսված օդանավակայանը
Փորձակայանը նախատեսված է թե՛ թեւավոր, թե՛ պտուտակավոր սարքերի համար: Տարածքը միշտ բաց է լինելու նաեւ բոլոր այն խմբերի համար, որոնց անհրաժեշտ է իրականացնել որեւէ տեսակի աշխատանք եւ փորձարկում
Ակտիվ համագործակցությունը պետական մարմինների հետ
Ինչպես նշեցի, «Հաւք» մրցույթի շրջանակում փորձում ենք ակտիվ համագործակցել պետական մարմինների հետ: Դեռ հաջողվում է շարունակական կայուն համագործակցությունն ԱԻՆ-ի հետ։ Հույս ունենք՝ մյուս տարի ավելի լայն մասնակցություն կունենանք պետությունից. արդեն սկսել ենք աշխատել այդ ուղղությամբ, հանդիպումներ ունենալ:
Զինված ուժերի հետ դեռեւս համագործակցություն չկա։
Ավելի քան 250 բարձրակարգ բժիշկ 15 զարգացած երկրից. հայկական Docus ստարտափը կյանքեր փրկող հարթակ է մշակել
Պատահում է, երբ բուժառուն որևէ խնդրի շուրջ լիարժեք եզրակացություն ստանալու համար կարիք է ունենում այցելել մի քանի բժշկի կամ լքելով հայրենիքը, ստանալ խորհրդատվություն այլ երկրների բարձրակարգ հիվանդանոցների բժիշկներից: Հայկական Docus ստարտափի մշակած տելեբժշկության հարթակը, լուծելով խնդիրը, Եվրոպայի և ԱՄՆ-ի 250 լավագույն բժիշկներին կապում է զարգացող երկրների հիվանդանոցների հետ:
«Մեր նպատակն է լավագույն բժշկական փորձը հասանելի դարձնել բոլորին: Տեսնում ենք աշխարհը, որի ցանկացած անկյունում, ցանկացած բուժհաստատություն կարող է բուժառուի համար ապահովել որակյալ բուժօգնություն՝ հենվելով համաշխարհային մակարդակի գիտելիքի և փորձի վրա»,- ասաց ստարտափի համահիմնադիր, տեխնոլոգիական տնօրեն Գևորգ Նազարյանը:
2021 թվականի նոյեմբերից ստարտափի հիմնադիրներ Գևորգ Նազարյանը և Ռոբերտ Սարգսյանը, թողնելով Մոսկվայում իրենց շահութաբեր բիզնեսը, տեղափոխվում են Հայաստան և սկսում Docus-ի վրա աշխատել: Համահիմնադիրներից Նազարյանի խոսքով՝ գաղափարի գեներացման փուլում մեծ ներդրում է ունեցել Krisp, 10Web ընկերությունների ու BigStory վենչուրային ֆոնդի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը:
«Զգացինք, որ կա նման հարթակի պահանջարկ: Հաճախ պատահում է, երբ բուժառուները կարիք են զգում նույն խնդրով տարբեր բժիշկների դիմել՝ հասկանալու իրենց ունեցած խնդրի լուծման ճանապարհները: Կարիք է լինում նաև լքել երկիրը՝ Եվրոպայի կամ ԱՄՆ-ի թոփ բժիշկներին իրենց խնդրին ծանոթացնելու համար: Խորացանք ու հասկացանք, որ նման դեպքերը ավելի շատ են, քան մենք պատկերացնում ենք»,- նշեց Նազարյանը:
Docus-ն անվտանգության բարձր ստանդարտներով web հարթակ է, որի միջոցով հնարավոր է ստանալ համաշխարահային մակարդակի բուժում: Հարթակն ունի Եվրոպայի և ԱՄՆ-ի 15 երկրներից ավելի քան 250 թոփ մասնագետների բազա, որոնք 30 րոպեանոց տեսազանգով կամ գրավոր տարբերակով կապվում են տեղի ընտրված գործընկեր բուժհաստատության բժիշկների հետ՝ ծանոթանալով հարթակում առկա բուժառուի առողջապահական բոլոր գրառումներին և բուժման իրենց տարբերակն են առաջարկում:
«Շատ մանրակրկիտ ենք ընտրում բժիշկներին՝ անպայման ուշադրություն դարձնելով փորձին, կրթությանը, հեղինակությանը, գիտական գործունեությանը, համագործակցության շրջանակներին: Ունենք քաղցկեղի, կարդիոհիվանդությունների, նյարդաբանական և այլ հիվանդությունների բժիշկներ՝ նպատակ ունենալով ավելացնել ցանկը», - ասաց համահիմնադիրը:
Հարթակում ներգրավված բժիշկներից յուրաքանչյուրը իր մատուցած ծառայությունների համար իր գինն է առաջարկում: Կան բժիշկներ, որոնք սիմվոլիկ գումար են պահանջում՝ կարևորելով փորձի փոխանակումը և հումանիտար առաքելությունը։
Հիմնադիրները ստարտափը հիմնելիս դիտարկել են հայկական շուկան, սակայն հիմա կենտրոնացած են Հնդկաստանի վրա, որի շուկան զգալիորեն մեծ է:
«Ներդրումների տեսանկյունից դժվար է Հայաստանից սկսելը: Ներդրողները ուշադրություն են դարձնում շուկայի մեծությանը ու պոտենցիալ աճին, որի պատճառով սկսել ենք Հնդկաստանից: Առաջիկա 1-2 տարիներին նպատակ ունենք այլ շուկաներ էլ մուտք գործել, Հայաստանն էլ այդ շարքում կլինի»,- նշեց Նազարյանը:
Նմանը չունեցող ստարտափը փակել է նախասաղմնային փուլի ներդրումները: Ստարտափին աջակցել են Formula, BigStory վենչուրային ֆոնդերն ու հրեշտակ ներդրողները:
Docus-ի կայացման գործում անմասն չեն մնում բարձրակարգ խորհրդատուները: Թիմը 8 հոգուց է բաղկացած՝ առաջիկայում նպատակ ունեն ևս մի քանի անդամով համալրել իրենց թիմը:
Docus-ի համահիմնադիրը ընդգծում է՝ ստարտափ ունենալը լավ բան է, բայց երբ գիտակցում ես, որ ի հավելում դրան, արածդ աշխատանքը կարող է կյանքեր փրկել, աննկարագրելի մոտիվացիա է առաջանում:
Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը կունենա իր նոր բրենդինգը
2023 թվականի մարտին կայանալիք ՏՏ ոլորտի խոշորագույն «ԴիջիԹեք» ցուցահանդեսին կկայանա Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգի ներկայացումը, այս մասին հրավիրված ԱՏՁՄ տարեսկզբի մամուլի ասուլիսին ասաց միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ ՏՏ ոլորտի նոր բրենդինգը ներկայացնելուց հետո ԱՏՁՄ-ն նախատեսում է հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքներ իրականացնել։
«2022թ. մենք բավականին լայնածավալ աշխատանք ենք սկսել տեխնոլոգիական բրենդինգի ձևավորման համար: Վերջին 5 տարում բավականին մեծ փոփոխություններ են կատարվել ոլորտում, և մենք կարիք ունենք նոր բրենդինգի, նոր ձևով աշխարհին ներկայանալու»,-նշեց Չոբանյանը:
Բրենդինգը կներառի ՀՀ տեխնոլոգիական ոլորտի ուղերձները աշխարհին, ինչը թույլ կտա շահագրգիռ և որոշում կայացնող անձանց ամբողջ աշխարհում ձևավորել ավելի հստակ մոտեցում Հայաստանի ներուժի և հնարավորությունների վերաբերյալ:
Չոբանյանը նաև ընդգծեց, որ իրենց նպատակն է ՀՀ-ում ոլորտի հեղինակությունը բարձրացնելը և՛ երկրի ներսում, և՛ դրա սահմաններից դուրս։ Ըստ Չոբանյանի` իրենց առջև դրված խնդիրներից է նաև ոլորտի համախմբումն ու ազգային արժեքների տարածումը, և միության ստեղծած ու իրականացրած յուրաքանչյուր ծրագրում կա ազգային բաղադրիչ։
Հայաստանի մի շարք դպրոցների աշակերտներ կկարողանան ուսումնասիրել և ծանոթանալ արհեստական բանականության հետաքրքիր ու բարդ աշխարհին
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և ԿԳՄՍ նախարարության համատեղ «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի շնորհիվ 2023 թվականից Հայաստանի մի շարք դպրոցների աշակերտներ հնարավորություն կստանան ուսումնասիրել և ծանոթանալ արհեստական բանականության հետաքրքիր ու բարդ աշխարհին: Սա նաև հնարավորություն կտա շատ աշակերտների կատարել ճիշտ մասնագիտական ընտրություն:
Ծրագրի հեռանկարների, հնարավորությունների, գործարկման ժամկետների և մի շարք կարևոր հարցերի մասին պատմել է FAST-ի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը և ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության՝ հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը:
Սուսաննա Ազատյանն ընդգծեց, որ նման դասընթացի իրականացման գաղափարը ողջունելի է, քանի որ այն կնպաստի ավագ դպրոցում սովորողների մասնագիտական կողմնորոշմանը՝ հավելելով, որ նման մասնագիտական ռեսուրսի կարիքը զգացվում է Հայաստանի աշխատաշուկայում: Միաժամանակ ծրագրի ներդրման շնորհիվ սովորողները հնարավորություն կունենան ուսումը շարունակել համապատասխան ուղղվածությամբ ուսումնական հաստատություններում:
«Ծրագրի փորձարկումը նախատեսվում է 2 մակարդակով՝ առաջին մակարդակը մեկնարկում է 10-րդ դասարանից և միտված է զարգացնելու մաթեմատիկական և ալգորիթմիկ մտածելակերպ ունեցող սովորողների խումբ, ովքեր կզինվեն անհրաժեշտ հմտություններով ու կստանան մասնագիտական կողմնորոշում հետագա կրթական ուղին ընտրելու համար։ Պիլոտային փուլի մեկնարկը կտրվի 2023 թ․ սեպտեմբերին։
Երկրորդ մակարդակը մեկնարկում է 11-րդ դասարանի երկրորդ կիսամյակից և աշակերտին հնարավորություն կտա ստանալու Արհեստական բանականության ուղղությամբ տեսական և գործնական խորացված գիտելիքներ ու հմտություններ։ 2023 թվականի հունվարից նախատեսված է երկրորդ մակարդակի պիլոտավորումը Տավուշի ավագ դպրոցներում՝ ՀՀ ԿԳՍՄ նախարարության կողմից ձեռնարկած Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի շրջանակում»,- ասաց Սուսաննա Ազատյանը:
Նա ընդգծեց, որ ծրագիրը համահունչ է «Հայաստանի Հանրապետության կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիր»-ից բխող 2022-2026 թվականների գործողությունների ծրագրով սահմանած թիրախներին, այն է՝ ԳՏՃՄ առարկաների դասավանդման բարելավմանն ու զարգացմանն ուղղված գործողություններ:
«Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)»-ի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը նշեց, որ «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը դեռ մշակման փուլում է գտնվում և ծրագրով նախանշված է ընդհանուր մաթեմատիկական կրթության որակի բարելավում 10-12-րդ դասարաններում, ծրագրավորման և համակարգչային գիտության, կրթության բարելավում, որոնք նախապայման են արհեստական բանականությունը սովորելու և մասնագիտական կողմնորոշման համար: «Կարևոր է շատ, որ աշակերտները հենց դպրոցում հասկանան, թե ի՞նչ է արհեստական բանականությունը, և թե ի՞նչ է իրականացնում այս ոլորտի հետազոտողը: Ինչպես նաև կիրականացվեն դասավանդող խմբի վերապատրաստումներ, որից հետո այս բոլոր բաղադրիչների մշակման արդյունքում արդեն 2023 թվականի սեպտեմբերից ծրագիրը կփորձարկվի 10 դպրոցներում»,- ասաց նա:
Անուշ Այվազյանն ընդգծեց, որ արհեստական բանականությունն աշխարհի ամենազարգացող ուղղություններից մեկն է, և, որպեսզի մեր երկիրը և երեխաները ապագայում մրցունակ լինեն աշխարհի մակարդակով, ապա այս կրթությունը պետք է սկսեն դպրոցական ծրագրից, որովհետև այնտեղ կան շատ թերացումներ, որոնք տանում և հանգեցնում են հետագայում ավելի խորը բացերի այն փուլում, երբ քաղաքացին պետք է մասնագետ դառնար:
«Դրա համար մեր ամբողջ ծրագիրը սկսվում է դպրոցականից, հիմնականում դպրոցական մակարդակում մենք այդ նախապայման հանդիսացող գիտելիքների վրա ենք հիմքը դնում՝ մաթեմատիկա և ծրագրավորում: Այնուհետև այն երեխաները, ովքեր կկարողանան ավելին, 12 –րդ դասարանում իրենց համար ծրագիր կլինի նաև խորացված արհեստական բանականության ուղղությամբ: Մենք նպատակ ունենք ամբողջ Հանրապետության մակարդակով բարձրացնել այս երկու ուղղությունների դերը, որը ԳՏՃՄ ոլորտի համար պահանջվող մասնագիտության հիմքն է»,- ասաց նա:
Ըստ Անուշ Այվազյանի՝ այս հիմքը դնելուց հետո այն երեխաներին, ովքեր մոտիվացիա և համապատասխան գիտելիքներ կունենան արհեստական բանականության ուղղությամբ, կուղղորդեն դեպի այդ դաշտ, ինչպես նաև կունենան երեխաների մի մեծ խումբ, ովքեր խորացված գիտելիքներ կունենան ԳՏՃՄ ոլորտին անհրաժեշտ մասնագիտությունների համար:
Անդրադառնալով ուսուցիչների ու մասնագետների մասով բացը լրացնելու հարցին՝ մասնագետը նշեց, որ մի քանի մոդել ունեն. մաթեմատիկայի մասով, հիմնվելով եղած մասնագետների վրա, փոխելու են դասավանդման մեթոդաբանությունը, որպեսզի երեխաներին կարողանան ներգրավել և ակտիվ ուսումնառություն իրականացնել: ԳՏՃՄ ոլորտի գիտելիքների՝ ծրագրավորման և արհեստական բանականության մասով ունեն երկու մոդել, մեկն ավելի շատ հիմնված է առցանց հարթակների և ինքնուսուցման վրա, և այստեղ փոխվում է ուսուցչի դերը. նա դառնում է օժանդակող, որպեսզի այդ ինքնակրթությունը իրականացվի: Երկրորդ մոդելի դեպքում ինդուստրիայից և բուհական կրթությունից մարդկանց են ներառում դասավանդողի դերում՝ արդեն հիբրիդային ֆորմատով:
Մեզ հետ զրույցում Անուշ Այվազյանն ասաց, որ ծրագրի հանդեպ դպրոցների հետաքրքրությունը մեծ է. եղել են և՛ մասնավոր, և՛ պետական դպրոցներ, որոնք անձամբ են դիմել ծրագիրը իրենց դպրոցներում փորձարկելու հարցով:
Նա կարևորեց նաև այն փաստը, որ սա պետական ծրագիր է, և լինելու է ոչ թե արտադպրոցական խմբակ, այլ՝ հաստատված առարկայացանկ:
«Եվ ընդհանրապես այս ծրագիրը համագործակցությունների հիման վրա ծրագիր է: Մենք նպատակ չունենք կրկնել կամ նորից ինչ-որ բան ամբողջովին մշակել, եթե կան ոլորտային կառույցներ, որոնք հմտացած են տարբեր բաղադրիչներով, մենք գնում ենք համագործակցության, օրինակ՝ «Այբ»-ը, ՔՈԱՖ-ը, «Դասավանդիր Հայաստան»-ը: Շատերի հետ մեր ցանկությունները և պլանները համընկել են և արդեն նախնական պայմանավորվածություններ ձեռք են բերվել»,- եզրափակեց FAST-ի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը: