«ՋՋՌ-440 ռեակտորներով Էներգաբլոկի սարքավորումները և շահագործման ռեժիմները»
Գրքի շնորհանդես-քննարկում
Ապրիլի 28, 2017թ., ք. Երևան
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը կազմակերպում է նվիրատվությամբ ստացված էներգետիկայի ոլորտին վերաբերող «ՋՋՌ-440 ռեակտորներով Էներգաբլոկի սարքավորումները և շահագործման ռեժիմները» գրքի շնորհանդեսը և հանդիպում հեղինակների հետ: Կքննարկվեն հարցեր կապված ատոմային էներգետիկայի անվտանգության, դրա զարգացման առաջնային ուղղությունների, հիմնախնդիրների, ատոմային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործման, ինչպես նաև այլընտրանքային էներգետիկայի հեռանկարների վերաբերյալ:
Գրքի հեղինակներն են`
- Արա Սահակյան (տ.գ.թ., Հայասատանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) «Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության» ամբիոնի դոցենտ, Հայկական Ատոմային էլեկտրակայանի ուսումնավարժական կենտրոնի առաջատար ճարտարագետ-տեխնոլոգ)
- Ոստանիկ Մարուխյան (տ.գ.թ., պրոֆեսոր, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, միջազգային և Հայաստանի ինժեներական ակադեմիաների իսկական անդամ, ՀԱՊՀ-ի Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնի ղեկավար)
- Վահրամ Պետրոսյան (տ.գ.դ. պրոֆեսոր, միջազգային և Հայաստանի ինժեներական ակադեմիաների իսկական անդամ, «Հայատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, Միջուկային անվտանգության միջազգային կենտրոնի ղեկավար, ԱՊՀ երկրների վաստակավոր էներգետիկ):
Միջոցառումը նախատեսված է բուհերի ուսանողների, դասախոսների, գիտահետազոտական կազմակերպությունների և ատոմային էլեկտրակայանների շահագործման, միջուկային անվտանգությունը կարգավորող մասնագետների և այլ անձանց համար:
Դասագրքում մանրամասն ներկայացված են ՋՋՌ-440 Էներգաբլոկի հիմնական սարքավորումները, աշխատանքային ռեժիմները, կառավարման սկզբունքները և նրանում ընթացող տեխնոլոգիական պրոցեսները: Դիտարկված են էներգաբլոկի շահագործման ռեժիմները, որոնք վերլուծվել են հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման ապահովման տեսանկյունից:
ԾՐԱԳԻՐ
- Ողջույնի խոսք
- Հեղինակների ելույթներ
Համահեղինակները կներկայացնեն մայրենի լեզվով առաջին անգամ հրատարակված և բավականաչափ տարողունակ արժեքավոր գրքի ստեղծման պատմությանը և նպատակը:
- Քննարկման թեմաներ
- Ատոմային էներգիայի առանցքային դերը երկրի էներգետիկայի զարգացման, էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման գործում:
- Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և կայանի ներկայիս վիճակը:
- Այլընտրանքային էներգետիկայի հեռանկարներն ու առանձնահատկությունները:
Մասնակիցները կծանոթանան նաև «Էներգետիկ համակարգի անցյալը, ներկան և ապագան» խորագրով ցուցահանդեսին (առցանց և գրադարանում), որտեղ իրենց ուրույն տեղն ունեն գրքերը, ատենախոսությունների սեղմագրերը, ամսագրերը, սեղմագրային հանդեսները, արտոնագրային, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը, արդյունաբերական կատալոգները, ինչպես նաև գրադարանի կողմից տրամադրվող ժամանակակից ծառայություններին:
Միջոցառումը տեղի կունենա 2017թ. ապրիլի 28-ին, ժամը 15:00-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտասի 49/3, խորհրդակցությունների դահլիճ, 2-րդ հարկ, կայքէջ` http://www.innovcentre.am/hy/, ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/InnovCentre):
Կոնտակտային տվյալներ
Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին
Հեռ.`011-238747, էլ. փոստ` adasarg@innovcentre.am