«ՋՋԷՌ-440 ռեակտորներով Էներգաբլոկի սարքավորումները և շահագործման ռեժիմները»
Գրքի շնորհանդես-քննարկում
Ապրիլի 28, 2017թ., ք. Երևան
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանում 2017թ ապրիլի 28-ին կազմակերպվել է նվիրատվությամբ ստացված էներգետիկայի ոլորտին վերաբերող «ՋՋԷՌ-440 ռեակտորներով Էներգաբլոկի սարքավորումները և շահագործման ռեժիմները» գրքի շնորհանդեսը և հանդիպում հեղինակների հետ: Միջոցառման նպատակն էր կարևորել մայրենի լեզվով տեխնիկական բնույթի գրքի հրատարակումը, մասնավորապես ատոմային էներգետիկայի բնագավառին վերաբերող նման բնույթի առաջին անգամ հրատարկվող և բավականաչափ տարողունակ դասագրքի ստեղծումը, ինչպես նաև քննարկել հարցեր կապված ատոմային էներգետիկայի անվտանգության, դրա զարգացման առաջնային ուղղությունների, հիմնախնդիրների, ատոմային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործման, ինչպես նաև այլընտրանքային էներգետիկայի հեռանկարների վերաբերյալ:
Միջոցառմանը ներկա էին գրքի հեղինակներ Ոստանիկ Մարուխյանը (տ.գ.թ., պրոֆեսոր, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, միջազգային և Հայաստանի ինժեներական ակադեմիաների իսկական անդամ, ՀԱՊՀ-ի Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնի ղեկավար), Վահրամ Պետրոսյանը (տ.գ.դ. պրոֆեսոր, միջազգային և Հայաստանի ինժեներական ակադեմիաների իսկական անդամ, «Հայատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, Միջուկային անվտանգության միջազգային կենտրոնի ղեկավար, ԱՊՀ երկրների վաստակավոր էներգետիկ), Արա Սահակյանը (տ.գ.թ., Հայասատանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) «Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության» ամբիոնի դոցենտ, Հայկական Ատոմային էլեկտրակայանի ուսումնավարժական կենտրոնի առաջատար ճարտարագետ-տեխնոլոգ):
Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի, «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ների, «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի, Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի Էներգետիկայի ռազմավարության կենտրոնի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկային և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի ամերիկյան դեսպանության Տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի, Ոստիկանության ակադեմիայի կրթահամալիրի, «Շեն հոլդինգ» ՓԲԸ-ի, «Էկոլուր» հասարակական կազմակերպության և ԶԼՄ-ի ներկայացուցիչներ, թվով 60 հոգի:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գ. Վարդանյանը: Միջոցառման մոդեռատոր, ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լ. Ղարիբյանը ներկայացրել է հեղինակներին և խոսել միջոցառման կազմակերպման նպատակի մասին:
Այնուհետև շնորհանդեսի համար իրենց գոհունակության խոսքն են հայտնել և ելույթներ ունեցել հեղինակներ` Ոստանիկ Մարուխյանը, ով հանգամանորեն ներկայացրել է Ազգային պոլիտեխնիկական համալսարանում էներգտիկայի ոլորտի մասնագետների պատրաստման գործում տարվող կարևոր աշխատանքների, միջազգային ծրագրերի, դասավանդող կադրային ներուժի թարմացման, համալսարանում բացված, սարքավորումներով հագեցած Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնի մասին և խոսել ատոմակայանի շահագործող անձնակազմի համար մայրենի լեզվով տեխնիկական դասագրքի ստեղծման կարևորության մասին: Արա Սահակյանը իր ելույթում խոսել է գրքի ստեղծման պատմության և նպատակի մասին, մասնավորապես, որ գիրքը նախատեսված է օգտվողների լայն շրջանակի համար, սկսած ուսանողից մինչև մասնագետ: Վահրամ Պետրոսյանը իր ելույթում տեղեկացրել է, որ գիրքը հրատարակվել է ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ֆինանսավորմամբ, որի հետ համագործակցում են 1992թ.-ից, խոսել է Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) անվտանգության և դրա մակարդակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, ինչպես նաև նշել, որ ՀԱԷԿ-ը անվտանգ է ճիշտ շահագործման դեպքում, այս տեսանկյունից դասագիրքը անձնակազմի վերապատրաստման գործում շատ օգտակար կլինի:
Ելույթներից հետո հեղինակները պատասխանել են ներկաներին հետաքրրող հարցերին:
Վերջում գրքի ստեղծման և միջոցառման կազմակերպման համար շնորհակալական խոսքեր են ասել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրեն Հ. Հովսեփյանը և տնօրենի տեղակալ Ա. Գևորգյանը, Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի գլխավոր մասնագետ Ս. Բզնունին, ով ևս խոսել է գրքի կարևորության և ՀԱԷԿ-ի անվտանգության ապահովման մասին:
Մասնակիցները ծանոթացել են նաև «Էներգետիկ համակարգի անցյալը, ներկան և ապագան» խորագրով ցուցահանդեսին (առցանց և գրադարանում), որտեղ ներկայացված էին գրքեր, ատենախոսությունների սեղմագրեր, ամսագրերը, սեղմագրային հանդեսները արտոնագրային, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր, արդյունաբերական կատալոգներ, ինչպես նաև գրադարանի կողմից տրամադրվող ժամանակակից ծառայություններին: