ՆՁԱԿ
   
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Նորամուծության եվ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

 ՀՐԱՎԵՐ

«Ներկայացնում են հեղինակները» միջոցառումների շարք
«Բնապահպանության ոլորտի նոր հրատարակություններ» 
հանդիպում-քննարկում

Հունիսի 21, 2017թ., ք. Երևան

2017թ. հունիսի 21-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը կազմակերպում է «Մարդը և բնությունը` մեկ ընտանիք» կարգախոսի ներքո հանդիպում-քննարկում բնապահպանության ոլորտին նվիրված գրքերի հեղինակների մասնակցությամբ, որի նպատակն է գիտատեխնիկական հանրությանը տրամադրել տեղեկատվություն ոլորտի արդի խնդիրների մասին, լսել ելույթներ մասնագետների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ: Միջոցառման շրջանակներում հեղինակները Գիտատեխնիկական գրադարանին կնվիրաբերեն վերջիններիս կողմից հեղինակած մասնագիտական գրքեր:

Միջոցառումը նախատեսված է բնապահպանության ոլորտի կառավարման մարմինների, բուհերի, գիտահետազոտական, հասարակական և միջազգային  կազմակերպությունների ներկայացուցիչների,  մասնագետների և այլ անձանց  համար:

 

ԾՐԱԳԻՐ

  • Ողջույնի խոսք
  • Հեղինակների ելույթներ
  • ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանը կներկայացնի ծրագրի ազգային թիմի փորձագետների հետ համատեղ պատրաստված Հայաստանի Հանրապետության «Էմերալդ ցանցը» գիրքը, այն վերաբերում է հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներին, որոնք ունեն բուսական, կենդանական  հազվագյուտ, անհետացող տեսակներ ու դրանց բնական միջավայրը պահպանելու, վերականգնելու ներուժ: Կներկայացվեն նաև «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության և օգտագործման բնագավառում պետական ծրագիրը» և «Ազգային պորտֆելիո ԳԷՀ-6» հրատարակությունները:
  • «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ-ի նախագահ Գոհար Օգանեզովան կներկայացնի իր հեղինակած «Կանաչ Հայաստան» գիրքը
  • նվիրված Հայաստանի անտառներում և այլ բուսական համակեցություններում աճող բույսերին:
  • «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն»-ի Կառավարման խորհրդի անդամ Դշխուհի Սահակյանը կներկայացնի բնապահպանական խնդիրներին և դրանց լուծման ուղիներին նվիրված իր և կազմակերպության կողմից հեղինակված գրքերը:

 

  • Քննարկման թեմաներ`
  • Ներկայացված գրքերի դերը և նշանակությունը ուսումնական գործընթացում
  • Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման հեռանկարները
  • Կենսաբազմազանության, վտանգված տեսակների պահպանման խնդիրները
  • Բնապահպանական իրազեկության և կրթության աջակցում:

Մասնակիցները կծանոթանան նաև  «Շրջակա միջավայրի պահպանություն» խորագրով գրականության ցուցահանդեսին (գրքեր, ատենախոսությունների սեղմագրեր, ամսագրեր, սեղմագրային հանդեսներ, արտոնագրային, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր, արդյունաբերական կատալոգներ), ինչպես նաև գրադարանի տրամադրած ժամանակակից ծառայություններին:

Միջոցառումը տեղի կունենա 2017թ. հունիսի  21-ին, ժամը 14:30-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում (կայքէջ` http://www.innovcentre.am/hy/, ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/InnovCentre), հասցե` ք. Երևան, Կոմիտասի 49/3, խորհրդակցությունների դահլիճ, 2-րդ հարկ):

Կոնտակտային տվյալներ

 «ՆՁԱԿ» ՊՈԱԿ
Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին
Հեռ.`011-238747, Էլ. փոստ` adasarg@innovcentre.am