«Ներկայիս գիտատեխնիկական գրադարանը»
Հանդիպում - սեմինար
Սույն թվի հոկտեմբերի 10-ին, «Գրադարանավարի օր» մասնագիտական տոնի առթիվ «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը Հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի նոր ուսանողների համար կազմակերպել է հանդիպում-սեմինար «Ներկայիս գիտատեխնիկական գրադարանը» խորագրով:
Հանրապետության երկրորդ խոշոր գրադարանի մասին պատկերացում ունենալու նպատակով, ուսանողները դասախոսի հետ կատարել են շրջայց մասնագիտական գրականության 5 ֆոնդերում, դիտել են գործարար գրականության ընթերցասրահում գործող գիտատեխնիկական գրականության ցուցահանդեսը, գրադարանի ղեկավարը և բաժինների մասնագետները ներկայացրել են գրադարանի արդի գործունեությունը, ժամանակակից տեղեկատվական-գրադարանային ծառայությունները, մասնավորապես` համալրման, տեխնիկական և գիտական մշակման գործառույթները, ինչպես նաև անհատներին և կազմակերպություններին տրամադրվող փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայությունը, խոսվել է էլեկտրոնային պաշարներից և մի շարք միջազգային տվյալների բազաներից օգտվելու հնարավորությունների, գրադարանի Համացանցում գործելու, գրականության առցանց (on-line) ցուցահանդեսների կազմակերպման և այլնի մասին:
Մասնակիցներին հանգամանորեն ներկայացվել է գրադարանի էլեկտրոնային գրացուցակում գիտատեխնիկական փաստաթղթերի մուտքագրումը գրադարանային գործընթացների ավտոմատացման «ԻՐԲԻՍ-64» համակարգով:
Աշխարհի ժամանակակից գրադարանների վերաբերյալ կայացել է ֆիլմի դիտում: Բոլոր մասնակիցները գրանցվել են և դարձել գրադարանի բաժանորդներ, որի հետ կապված որպես նոր ընթերցողների, ինչպես նաև փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայությունից օգտվելու նպատակով, նրանց էլեկտրոնային փոստով տրամադրվելու են 2017թ. «Библиотековедение» մասնագիտական ամսագրի հոդվածները:
Վերջում համալսարանի դասախոսը առաջարկել է հետագա համագործակցության շրջանակներում ուսանողների համար գրադարանի առանձին գործառույթների վերաբերյալ կազմակերպել գործնական դասընթացներ:
Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին