ՆՁԱԿ
   
 

«Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոց

23.10.2017

2017թ. հոկտեմբերի 23-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում տրվեց «Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոցի մեկնարկը, որը  կազմակերպվել է Նորամուծության և  ձեռներեցության ազգային կենտրոնի, «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի  համատեղ ջանքերով և կանցկացվի ք. Ծաղկաձորում սույն թվականի հոկտեմբերի 23-ից 26-ը:

Դպրոցին մասնակցում են մինչև 35 տարեկան թվով 50 երիտասարդ գիտնականներ, ուսանողներ, ասպիրանտներ, գիտաշխատողներ, սկսնակ ձեռներեցներ և նորարարներ Հայաստանից, ԱՊՀ և Արևելյան գործընկերության այլ երկրներից:

Դպրոցի նպատակն է ինտերակտիվ դասընթացների միջոցով մասնակիցներին ծանոթացնել գիտաինովացիոն նախագծերն առևտրայնացնելու արդյունավետ մեխանիզմներին, գաղափարից  մինչև շուկա հասնելու գործընթացին և առանձնահատկություններին, ինչպես նաև տալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ մտավոր սեփականության օբյեկտների պահպանության և կառավարման բնագավառներում:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում են սեմինարներ, դասախոսություններ, վարպետության դասեր ինովացիոն մենեջմենթի և նախագծերի կառավարման ոլորտի հայ և արտերկրից հրավիրված առաջատար մասնագետների կողմից:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից հովանավորվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ:

Դպրոցի բացման արարողությանը մասնակիցներին ողջույնի խոսքով հանդես եկան` «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» տնօրեն Գ. Վարդանյանը,  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Է. Տարասյանը,  «Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի» տնօրեն Ս.Ռիբինսկին,  Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի նեյտրոնային ֆիզիկայի լաբորատորիայի հետազոտող, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի սոցիալական ենթակառուցվածքների կառավարման գրասենյակի տնօրեն Անդրեյ Թամոնովը, Ինովացիոն և առևտրայնացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Իսաևը և Աստանայի Նազարբաևի անվան համալսարանի երիտասարդ գիտնական Դանա Ակիլբեկովան:

Այսպիսով, 2015թ.-ից ի վեր արդեն 3-րդ տարին անընդմեջ իրականացվող «Նորարարությունների կառավարում»  միջազգային երիտասարդական գիտական դպրոցով կազդարարվի «Նորարարի դպրոց» երկարաժամկետ ծրագրի մեկնարկը: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն սեմինարներ, աշխատաժողովներ և եռամսյա դասընթաց, որոնք նպատակ ունեն խրախուսելու երիտասարդների ներգրավումը նորարարական ձեռնարկատիրական գործունեության ոլորտում, զարգացնելու նրանց բիզնես հմտությունները, աջակցելու նորարարական բիզնես գաղափարների առևտրայնացմանը, և բավարարելու տնտեսության առանձին ճյուղերում առկա ինովացիոն նախագծերի կառավարման ոլորտում մասնագիտացած կադրերի նկատմամբ պահանջարկը:

Բացման արարողության ավարտից հետո աշխատանքային խմբերը մեկնեցին Ծաղկաձոր  դպրոցի ծրագրով նախատեսված աշխատանքներին  մասնակցելու  նպատակով:

Կայքէջ` https://innovmanage2017.wixsite.com/youthschool/

Նայել նաև`

https://armenpress.am/arm/news/909708/spasvox-lrahos-23102017.html

http://nt.am/am/news/245207/

https://www.youtube.com/watch?v=j3dt9gZgRvU

https://www.youtube.com/watch?v=7DhB5RIqypc

https://gospress.ru/2017/10/24/v-armenii-startovala-tretya-mezhdunarodnaya-molodezhnaya-nauchnaya-shkola-upravlenie-innovatsiyami/

http://arm.rs.gov.ru/ru/news/19016

http://eiu.am/%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%D5%BD%D5%A5%D5%B4%D5%AB%D5%B6%D5%A1%D6%80%D5%B6%D5%B8%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5/

 


Ք. Ծաղկաձորում ընթացող «Նորարարությունների կառավարում» երրորդ միջազգային գիտական դպրոցի առաջին աշխատանքային օրն էր` երեք սեսիայից բաղկացած, որոնցից առաջինում «Ստեղծագործական մտածելակերպ և ինովացիա» թեմայով հանդես եկավ «NASA տիեզերական առաքելությունների զարգացման» ծրագրի նորարարական տեխնոլոգիական առաջարկների վերանայման և գնահատման մենեջեր, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս տիկին Մարի-Հրաչուհի Պօղոսեանը: Նա իր դասախոսության ժամանակ մասնակիցներին ներկայացրեց ներկա մշտապես փոփոխվող բիզնես միջավայրում դիմակայելու գործում ստեղծագործական մտածելակերպի նշանակությունը և կարևորությունը, ինչպես նաև բոլոր այն խոչընդոտները, որոնց հանդպում են մարդիկ իրենց ստեղծագործական պոտենցիալը բացահայտելու և զարգացնելու ճանապարհին:

Տիկին Մարին երկրորդ սեսիայի ընթացքում կարևորեց ստեղծագործական մտածելակերպի դերը ինովացիաների ստեղծման գործընթացում` համեմելով զվարճալի և հետաքրքիր օրինակներով ու նկարներով:

Երրորդ սեսիայի ընթացքում մասնակիցները պատկերացում կազմեցին, թե ինչպես ստեղծագործ մտածելակելպի արդյունքում ձևավորել հետազոտական գաղափարներ, այնուհետև մոդելավորել դրանք և վերածել նորարարական սթարթափի:

Օրն ավարտվեց մշակութային գեղեցիկ երեկոյով, որի ընթացքում անմիջական միջավայրում մասնակիցները վայելեցին տարբեր ազգերի երաժշտություն, պարեր և խաղեր:

 

 


24.10.2017

Ք. Ծաղկաձորում ընթացող «Նորարարությունների կառավարում» երրորդ միջազգային գիտական դպրոցի երկրորդ աշխատանքային օրը, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Մարի-Հրաչուհի Պօղոսեանը և Blue Book Training & Coaching Center -ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Մանասերյանի անցկացրեցին գործնական  սեսիաներ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան աշխատելու իրենց նորարարական գաղափարների վրա, մասնավորապես, սովորեցին՝ ինչպես ներկայացնել իրենց նախագծերը ներդրողներին և մոդելավորել գաղափարներն ու բիզնես պրոցեսները:

Օրվա 2-րդ կեսին The Crowdfunding Formula հարթակի հիմնադիր և «Քրաուդֆանդինգի 37 գաղտնիք» գրքի հեղինակ Նարեկ Վարդանյանը ներկայացրեց քրաուդֆանդինգի՝ որպես նորարարական գաղափարների այլընտրանքային ֆինանսավորման միջոցի էությունը, առավելություններն ու առանձնահատկությունները:

Որպես ամփոփում` աշխատանքայի օրվա վերջում բանախոսները ներկայացրեցին հաջողված հայաստանյան սթարթափների, այն է` առաջին հայկական եռաչափ մոդելավորման սարքի և Volterman Smart Wallet հայկական արտադրության բազմաֆունկցիոնալ դրամապանակի մարքեթինգային արշավների առաձնահատկությունները, քննարկեցին հաջողության ճանապարհին հանդիպած խոչընդոտներն ու գաղտնիքները:

 


 25.10.2017

«Նորարարությունների կառավարում» 3-րդ միջազգային երիտասարդական գիտական դպրոցի երրորդ օրն էր: Առավոտյան «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Թի-Էս-Դի) ընկերության նախագահ և տնօրեն, «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ի հիմնադիր Վ. Շաքարյանի դասախոսության ժամանակ մասնակիցները ծանոթացան նորարարական ապրանքի պլանավորման գործընթացին, ինչպես նաև պատկերացում կազմեցին վերջիններիս առևտրայնացման համար անհրաժեշտ արտադրական և մարքեթինգային առանձնահատկությունների մասին:

Այնուհետև Ռուսաստանի Դուբնա քաղաքի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Սոցիալական ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Անդրեյ Տամոնովը ներկայացրեց ՄՀՄԻ-ի` տարիների ընթացքում փոխշահավետ միջազգային համագործակցության արդյունքում մշակված գիտական արդյունքները, արձանագրված հաջողությունները և նորարարությունների առևտրայնացման ոլորտում հնարավոր զարգացման հեռանկարները:

Կեսօրին Ռուսաստանից ժամանած, Նորարարությունների առևտրայնացման միջազգային բյուրոյի տնօրեն Սերգեյ Իսաևը ներկայացրեց «ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համագործակցության միջպետական ծրագիրը», առաջարկվող հնարավորությունները, ինչպես նաև կատարված դիտարկումները ապագա տեխնոլոգիական զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Օրվա վերջում մասնակիցները, հիմնվելով դպրոցի շրջանակներում ձեռք բերված գիտելիքների վրա, հնարավորություն ունեցան, բաժանվելով խմբերի, մշակել, միմյանց ներկայացնել սեփական գաղափարների Business Canvas մոդելները: Մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն ունեցավ հանդես գալ որպես ներդրող` սիմվոլիկ «ներդրում» կատարելով իր նախընտրած նախագծի առաջխաղացման համար: