ՆՁԱԿ
   
 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է նոյեմբերի 5-8-ը Երևանում անցկացվող Երկրորդ համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին՝ հայազգի ճանաչված գիտնականների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Դանիայից և մի շարք այլ երկրներից: 


Հանրապետության Նախագահը ողջունել է գիտնականներին հայրենիքում և կարևորել արդեն պարբերական բնույթ ստացող Համահայկական գիտական համաժողովի անցկացումը Երևանում: «Շատ կարևոր է, որ երիտասարդները այս միջոցառման շրջանակներում հնարավորություն են ունենում շփվելու գիտության, տեխնոլոգիաների ոլորտում արդեն մեծ հաջողությունների հասած անհատների հետ, բայց կարծում եմ, որ այս համաժողովը կարևոր է նաև այլ տեսանկյունից. այն հնարավորություն է ոչ միայն գիտության մեջ նոր գաղափարների, առանձին ճյուղերում հաջողությունների հասած մարդկանց հետ երիտասարդների շփման, այլ նաև շատ լավ հնարավորություն է տեսնելու, թե հաջողության հասած մարդիկ ինչով կարող են օգտակար լինել մեր երկրին: Մենք այլ ճանապարհ չունենք գիտելիքահենք տնտեսության վրա խարսխված պետություն կառուցելուց բացի»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը՝ ներկայացնելով պետության ներկայիս սուղ հնարավորությունների պայմաններում անգամ կրթության, գիտության բնագավառներում հաջողությունների հասած և ձգտումներ ունեցող մարդկանց խրախուսման, աջակցության ուղղությամբ իրականացվող հետևողական քաղաքականությունը:
Հանդիպմանը մասնակցող գիտնականները պատմել են Հանրապետության Նախագահի աջակցությամբ կյանքի կոչված Համահայկական գիտական համաժողովներից իրենց տպավորությունների, առաջին համաժողովից հետո արձանագրված ձեռքբերումների, ինչպես նաև այս օրերին Հայաստանից բազմաթիվ երիտասարդ գիտնականների մասնակցությամբ միջոցառման շրջանակներում տեղի ունեցած քննարկումների մասին, որոնք միտված են համատեղելու սփյուռքի և Հայաստանի գիտական ներուժը, փորձի փոխանակում իրականացնելու, քննարկելու գիտության, կրթության բնագավառների խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, նաև Հայաստանի զարգացմանն իրենց նպաստը բերելու հնարավորությունները:

Հայազգի գիտնականները Հանրապետության Նախագահի հետ մտքեր են փոխանակել Հայաստանում գիտության և կրթության զարգացման խթանման նպատակով հետագա համագործակցության շուրջ: Հանդիպման ընթացքում Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև գիտնականներին հետաքրքրող հարցերին: