ՆՁԱԿ
   
 

Համագործակցություն

2018թ. մայիսի 30-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում  կայացել է Գևորգ Վարդանյանի հանդիպումը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի տեխնիկական խորհրդատու Փիեր Փրիվիչի և KaldschmidtConsult ընկերության խորհրդատու, միջնորդ և թրեյներ Սյուզաննա Կալդշմիթի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Նորամուծությունների առևտրայնացման և ձեռներեցության աջակցման բաժնի պետը և համապատասխան բաժինների ներկայացուցիչներ:

Փիեր Փրիվիչը ներկայացրել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքները, մասնավորապես` համագործակցությունը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի  «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» և «Հորիզոն 2020» հետազոտական ու նորարարական ծրագրերի  շրջանակներում, որոնք նպատակաուղղված են սկսնակ գործարարների, տեղական տնտեսական զարգացման միջոցառումների և լավագույն նորարարական ծրագրերի իրականացման  աջակցմանը:

Փրիվիչը ներկայացրել է Գերմանիայից ժամանած Սյուզաննա Կալդշմիթին, որպես   պետական և մասնավոր ընկերությունների  կարողությունների և շարունակական զարգացման  հարցերով փորձառու մասնագետի:

ՆՁԱԿ-ի տնօրենը հյուրերին համառոտ ներկայացրել է կազմակերպության և չորս տարածաշրջանային մասնաճյուղերի գործունեությունը, Կենտրոնի կազմում գործող  գիտատեխնիկական գրադարանի ռեսուրսները, ինչպես նաև նորարարներին, ձեռներեցներին, գիտնականներին, ուսանողներին և այլ շահառուներին տրամադրվող տեղեկատվական, գրադարանային, խորհրդատվական ծառայությունները և այլն:

Նորամուծությունների առևտրայնացման և ձեռներեցության աջակցման բաժնի պետը ներկայացրել է տարվող աշխատանքները նորարարական գաղափարների առևտրայնացման աջակցման գործում,  չորս տարի շարունակ կազմակերպվող «Նորարարությունների կառավարում» միջազգային երիտասարդական գիտական դպրոցի, Նորարարությունների կառավարման ոլորտի մենեջերների պատրաստմանը ուղղված երկարաժամկետ  դասընթացների կազմակերպման անհրաժեշտության մասին և հյուրերին առաջարկվել է աջակցել արտերկրից լավագույն մասնագետների ներգրավմանը դասընթացների անցկացման գործում:

Սյուզաննա Կալդշմիթը մոտիկից ծանոթանալու համար շրջայց կատարեց Կենտրոնի բաժիններում, գրադարանի ֆոնդերում, լսեց առկա խնդիրների մասին: Հանդիպման վերջում նա հայտնեց իր պատրաստակամությունը համագործակցելու և օգտակար լինելու ՆՁԱԿ-ի  ավելի արդյունավետ գործունեություն ծավալելու համար: