Երևանին նվիրված նոր հրատարակված գրքերի հեղինակների հետ հանդիպում-քննարկում
2018թ. հունիսի 21-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) Երևանի 2800-ամյա հոբելյանին ընդառաջ կազմակերպվել է Երևանին նվիրված նոր հրատարակված գրքերի հեղինակների հետ հանդիպում-քննարկում:
Միջոցառման նպատակն էր կարևորել հազարամյակների պատմություն ունեցող մեր մայրաքաղաքի անցյալի ու ներկայի, ճարտարապետության, մշակույթի, էներգետիկայի և ընդհանրապես, քաղաքի կյանքի մասին պատմող նոր գրքերի հրատարակումը, և նման արժեք ներկայացնող մասնագիտական գրքերով ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի հիմնապաշարների համալրումը:
Միջոցառմանը մասնակցել են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի, Երևան քաղաքի պատմության թանգարանի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Ռուսաստանի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասանճյուղի, «Քաղաքաշինություն և իրավունք» ՀԿ-ի, Երևանի թիվ 25 գրադարանի, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ և ՆՁԱԿ-ի աշխատակիցներ:
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով: Միջոցառումը վարել է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լ. Ղարիբյանը, ով ներկայացրել է միջոցառման կազմակերպման նպատակը և խոսել գրադարանի արդի գործունեության և գրադարանային-տեղեկատվական ծառայություններին մասին:
Ելույթ է ունեցել Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Սարգսյանը, ով իր ելույթում խոսել է թանգարանի գործունեության, Երևանի 2800-ամյակին նվիրված կատարվելիք աշխատանքների մասին: Վերջինս նշել է, որ թանգարանը ոչ միայն քաղաքի անցյալին ու ներկային վերաբերող հնագիտական, ազգագրական, կերպարվեստի, եզակի լուսանկարների, պատմության և մշակույթի այլ բնագավառների հարուստ հավաքածուների ցուցասրահ և պահոց է, այլ նաև գիտական հաստատություն, ինչն արտահայտվում է պարբերաբար կազմակերպվող գիտական նստաշրջաններով, գիտական զեկուցումների ժողովածուների, ցուցադրված ու պահվող նյութերի կատալոգների ու տեղեկատվական բուկլետների, գրքույկների և այլ հրատարակությունների պատրաստմամբ։ Տիկին Սարգսյանը ներկայացրել է Երևանի պատմությանը և մշակույթին վերաբերող, թանգարանի կողմից հրատարակված «Երևանի տարեգրությունը», «Երևանի նշանավոր ընտանիքները», «Երևանը հայ երգարվեստում» գրքերը, «Երևան» գիտական հոդվածների ժողովածուն (4 հատոր) և հրավիրել ներկաներին մասնակցելու Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումներին:
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, արվեստաբան Անի Հայկազուն Գրիգորյանը հանդես է եկել Ալեքսանդր Թամանյանի 140-ամյակին նվիրված զեկուցումով. «Հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի գիտական ժառանգությունը Երևանի վերաբերյալ» թեմայի շուրջ: Արվեստաբանը ներկայացրել է իր հեղինակած «Երևանի մեմորիալ հուշարձանները» գիրքը, որտեղ զետեղվել են մահարձանները՝ որպես ճարտարապետական փոքր ձևի լավագույն օրինակներ և տրվել մասնագիտական վերլուծություն, ինչպես նաև` Երևանի հուշաքարերի պատմությունն ու դրանց գեղագիտական արժեքը ներկայացնող «Հուշագրելու արվեստը Երևանում» գիրքը: Հեղինակը խոսել է նաև մեր բնակելի միջավայրի անբաժան մաս կազմող հայաստանյան հուշաքարերի, որպես մշակութային արժեքների պահպանության, խնամքի և հանրահռչակման կարևորության մասին:
Ելույթ է ունեցել գիտնական, գրքերի հեղինակ, հրապարակախոս, Հայկական էներգետիկական ակադեմիայի նախագահ Ստեփան Պապիկյանը, ով խոսել է Երևանի էներգետիկայի պատմության և զարգացման հեռանկարների մասին և ներկայացրել իր հեղինակած «Երևանի էնեգետիկան 110 տարեկան է» և «Երևան քաղաքի փողոցների լուսավորության պատմություն» գրքերը: Հեղինակը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանի և Արցախի էներգետիկային առնչվող և իր կողմից պատրաստված բոլոր նյութերը համապատասխան աջակցության դեպքում հանրությանը կներկայացնի մեկ ամբողջական գրքի տեսքով:
ՆՁԱԿ-ի տնօրենը գրքերի հեղինակներին է հանձնել շնորհակալագրեր` գրադարանին արժեքավոր գրքեր նվիրաբերելու, հավաքածուն համալրելու համար և հույս հայտնել, որ համագործակցությունը իրենց հետ կլինի շարունակական:
Մասնակիցները ծանոթացել են նաև միջոցառման շրջանակներում գործող գիտատեխնիկական գրադարանում առկա մասնագիտական գրականության ցուցահանդեսին:
Նայել նաև`
http://www.azg.am/AM/2018062915
«Ազգ» օիրաթերթ, 29-06-2018