«ՍտարտՀաբ» նախագիծը կմիավորի Հայաստանի ստարտափների սկսնակներին և ՏՏ ոլորտի առաջատարներին
21.06.2018
«ՍտարտՀաբ» նախագծի օֆլայն հարթակի շնորհիվ ստարտափների ներկայացուցիչները հնարավորություն կունենան քննարկումներ անցկացնելու ՏՏ ոլորտի առաջատարների հետ: «ՍտարտՀաբ» օֆլայն հարթակը կիրականացվի պարբերաբր կազմակերպվող հանդիպում-քննարկումների միջոցով:
«Արմենպրես»-ի հաղորմամբ՝ նախագծի օֆլայն հարթակի մեկնարկը հունիսի 21-ին տվեցին «Տեխնոլոգիական զարգացման կենտրոն» հիմնադրամն ու Beeline-ը:
«ՍտարտՀաբ» օֆլայն հարթակը հանդիպում-քննարկումների շարք է, որտեղ փորձելու ենք միավորել ստարտափների սկսնակներին արդեն որոշակի արդյունքի հասած փորձագետների հետ: Կփորձենք Հայաստանում ստարտափների ոլորտում սկսնակների կարողություններն օգտագործել այս նախագծի շրջանակում»,-ասաց «Տեխնոլոգիական զարգացման կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Չախալյանն ու հավելեց, որ հանդիպումները կլինեն մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ:
Հանդիպում-քննարկումներին կմասնակցեն հետաքրքիր մարդիկ, ովքեր ինչ-որ բանի են հասել ՏՏ և առհասարակ բիզնեսի ոլորտում:
«ՍտարտՀաբ» նախագիծը բաղկացած է երկու հարթակից՝ օֆլայն և օնլայն: Օնլայն հարթակը պատրաստում են թողարկել հուլիսի վերջին: «Այն լինելու է տեղեկատվական-ուսումնական կայք՝ ուղեցույց, որտեղ ամբողջովին ներկայացվելու է Հայաստանի ստարտափ-ոլորտը: Մենք նպատակ ունենք բոլոր ստարտափների մասին տեղեկատվություն տալ հասարակությանը»,-նշեց Չախալյանը:
Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իրենց սոցիալական քաղաքականության հիմնական ուղղություններից համարեց Հայաստանում ստարտափների զարգացումը: «Մեզ համար շատ կարևոր է, որ ստարտափների համակարգն օգնի տաղանդավոր հայ երիտասարդներին՝ ստեղծելու արդյունք, որը կօգտագործվի ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում: «ՍտարտՀաբ» նախագիծը ևս մեկ քայլ է, որ ստարտափ համակարգը դառնա ամենալավն աշխարհում»,-ասաց նա:
«ՍտարտՀաբ» նախագծի օֆլայն հարթակի առաջին հանդիպման խորագիրն էր «Ստարտափները Հայաստանում. հիմնախնդիրներ և զարգացման ուղղություններ»:
https://armenpress.am/arm/news/938364.html#.WyyJGVyk0M4.facebook