Երևանում կանցկացվի բլոկչեյն տեխնոլոգիաներին նվիրված միջազգային համաժողով
11.04.2018
Ապրիլի 11-ին Լոֆտ կենտրոնում կայացել է «Թվային գարունը Հայաստանում» (“Digital spring in Armenia”) խորագրով մամուլի ասուլիս՝ նվիրված ապրիլի 22-ին Հայաստանում կայանալիք «Հայկական բլոկչեյն ֆորում» (“Armenian Blockchain Forum”) առաջին միջազգային համաժողովին։
Մամուլի ասուլիսի բանախոսներն էին․ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ECOS-ի կառավարման գործընկեր Իլյա Գոլդբերգը և “Armenian Blockchain Forum”-ի կրթական կլաստերի գործադիր տնօրեն Անաստասիա Տյուրինան։
Կարևորելով բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը իր խոսքում մասնավորապես նշել է համաժողովի նպատակը․ «Համաժողովն առաջատար ընկերությունների, մասնագետների և գործարարների պրակտիկ գիտելիքների միավորման տեղեկատվական-կրթական էկոհամակարգ է, որի նպատակն է ստեղծել տեխնոլոգիական ընկերությունների համար զարգացման բարենպաստ պայմաններ։ Համաժողովը նախատեսված է ոչ միայն տեղական, այլև միջազգային ընկերությունների համար։ Սա լավ հնարավորություն է հայաստանյան ընկերությունների համար, որոնք աշխատում են բլոկչեյն տեխնոլոգիաների ուղղությամբ, որպեսզի գործնական կապեր հաստատեն ներդրողների հետ և իրենց նախագծերում ներգրավեն ներդրումներ»:
Էմիլ Տարասյանը նաև տեղեկացրել է, որ հայկական Բլոկչեյն համաժողովը բաղկացած կլինի 4 բաժիններից, որոնցում տեղի կունենան քննարկումներ՝ նվիրված բլոկչեյնի բնագավառի ապագային, ազդեցությանն աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների, կրիպտոարժույթներում ներդրումների և ICO-նախագծերի վրա: Կանցկացվի 12 կրթական դասընթաց ուսանողների և գործարարների համար, որոնք նոր են սկսում հետաքրքրվել բլոկչեյն տեխնոլոգիաներով:
Ընդհանուր հայտերի արդյունքում տարբեր երկրներից ընտրված 15 լավագույն ստարտափ թիմերը հնարավորություն կստանան ներկայանալու պրոֆեսիոնալ ներդրողների առջև, մասնակցելու աքսելերացիոն ծրագրին և ստանալու ներդրումներ: Կգործի նաև առանձնացված տարածք B2B և B2G (business-to-government) հանդիպումների համար:
«Հայաստանի կառավարության ներգրավվածությունն այս նախագծում պայմանավորված է այն հանգամանքով, որ, հռչակելով տեխնոլոգիական ոլորտի զարգացումը որպես գերակա ուղղություն, կառավարությունը կարևորում է նաև բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացումը և դրանց ներդրումը Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում։ Այս շատ նեղ մասնագիտական ոլորտում, մեր կարծիքով, Հայաստանը առավելություն ունի: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեսանկյունից սրանք բիզնեսի մշակույթ փոփոխող տեխնոլոգիաներ են, որոնք բավականին հետաքրքիր տեխնոլոգիական լուծումներ են տալիս` ստեղծելով վստահության վրա հիմնված համակարգ, ինքնակարգավորվող համակարգեր, որոնք բարձրացնում են ծառայությունների մատուցման որակը, ապահովում արդյունավետություն։ Դրանք, սակայն, պարունակում են նաև ռիսկեր: Մենք փորձում ենք հասկանանալ, թե գլոբալ աշխարհում բլոկչեյն տեխնոլոգիաների ի՞նչ խնդիրներ կան։ Նշվում է 2 ուղղություն․ առաջինը գիտելիքի պակասն է, որը մենք փորձում ենք լուծել պետական և մասնավոր հատվածում, որպեսզի տեխնոլոգիաներն ավելի արագ տարածում ունենան և ավելի մեծ մասշտաբ կրեն: Այս համաժողովը նույնպես ուղղված է գիտելիքի բացը լրացնելուն: 2-րդ բացը, որ կա բլոկչեյն տեխնոլոգիաներում, դա բլոկչեյն տեխնոլոգիաների անվտանգության խնդիրներն են: Տարբեր շերտերի անվտանգության խնդիրներ կան. անձնական տվյալների պաշտպանությունից մինչև մարդու իրավունքի գրանցում և պահպանում․․․ Լուրջ խնդիրներ կան նաև սպառողների շահերի պաշտպանության տեսակետից: Մենք ցանկանում ենք, որպեսզի բլոկչեյն տեխնոլոգիաները ճիշտ կիրառություն ստանան մեր տնտեսության մեջ` սկսելով մեր թվային օրակարգից: Դուք գիտեք, որ մենք ունենք Հայաստանում արդեն ձևավորված թվային օրակարգ, ունենք նախաձեռնություններ, որոնք պետք է իրականացնենք՝ սկսենք թվայնացնել մեր տնտեսության բիզնես պրոցեսները։ Կարծում եմ, այս տեխնոլոգիաները այլընտրանքային տեխնոլոգիաներ են, որոնք ցույց են տալիս իրենց արդյունավետությունը»,- ասել է Էմիլ Տարասյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Երևանում կայանալիք “Armenian Blockchain Forum” առաջին միջազգային համաժողովին նախատեսվում է շուրջ 600 մասնակից Հայաստանից, ԱՄՆ-ից, Իռլանդիայից, Չինաստանից, Շվեյցարիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից։ Միջոցառմանը ներկա գտնվելու համաձայնություն են հայտնել նաև 30-ից ավել ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ և հրեշտակ ներդրողներ։
http://mineconomy.am/hy/919