ՆՁԱԿ
   
 

Հայաստանի տնտեսության ապագան ստարտափ էկոհամակարգերի զարգացման մեջ է.

Global AM 

02.03.2018

Ստարտափ էկոհամակարգի զարգացումը կարող է իսկական հեղափոխություն գործել հայաստանյան տնտեսության մեջ. արագ զարգացող ստարտափ ընկերությունները, որոնք իրենց գաղափարներն ու ապրանքները վաճառում են աշխարհով մեկ, լուրջ ներդրումներ կներգրավեն աշխարհի տարբեր ծայրերից՝ տնտեսական զարգացում և ֆինանսական կայունություն ապահովելով երկրում` անկախ կառավարության գործողություններից և երկրում քաղաքական իրավիճակից: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Global AM հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Պողոսյանը:
Ստարտափները նորարարական գաղափարներ ունեցող նոր ընկերություններ են, որոնք, որպես կանոն, մեծ ներուժ ունեն արագընթաց զարգացման և միջազգային շուկա մուտք գործելու համար: Գևորգ Պողոսյանի խոսքով՝ եթե Հայաստանում առնվազն մի քանի նման ընկերություն լինի, ապա դրանք, ընդամենը 4-5 տարի ինտենսիվ զարգանալով, կարող են լուրջ ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա:
Գևորգ Պողոսյանը նշեց, որ հայաստանյան որոշ ստարտափներ արդեն իսկ դուրս են եկել երկրի սահմաններից: Օրինակ, GG և Menu.am ծառայություններն արդեն սկսել են աշխատել հարևան երկրներում: Մյուսներն հայտնի են ոչ միայն տարածաշրջանում, այլև՝ ամբողջ աշխարհում. դրանց թվում են Pixart, Joomag, Teamable, Sololearn նախագծերը, ինչպես՝ նաև ավելի նորերը, ինչպիսիք են «խելացի» Volterman դրամապանակը և Moon թռչող տեսախցիկը: Վերջին երկու նախագծերը վերջին ամիսներին քրաուդֆանդինգի միջոցով մեծ ներդրումներ են ներգրավել. Volterman-ն ընդամենը մեկ ամսվա ընթացքում ավելի քան 1 միլիոն դոլար է հավաքել (ներկայումս՝ ավելի քան 1,8 միլիոն. ուշագրավ է, որ այդ ներդրումների միայն 3,7 տոկոսն իրականացվել է Հայաստանից, մնացած բոլոր ներդրողներն այլ երկրներից են), Moon տեսախցիկը՝ 420 000 դոլար: Երկու դեպքում էլ, ինչպես նշեց Գևորգ Պողոսյանը, խոսքը Հայաստանում մշակվող և ստեղծվող, սակայն ամբողջ աշխարհում վաճառվող նախագծերի մասին է:
Ըստ Գևորգ Պողոսյանի՝ հայկական ստարտափները միջազգային շուկա դուրս բերելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել այդ շուկան. պետք է իմանալ, թե ինչ ընկերություններ կան այնտեղ, ինչով են զբաղվում, ինչպիսի հնարավորություններ է ընձեռում այս կամ այն երկիրը և ինչպես մեր նախագծերը կարող են հետաքրքրել իրենց սպառողներին: Դրանով էլ  զբաղվում է Պողոսյանի ղեկավարած կազմակերպությունը՝ օգնում է խթանել հայաստանյան ստարտափ նախագծերը միջազգային շուկայում:
Այսօր՝ մարտի 2-ին, Creative Minds ՀԿ-ի կողմից «Էրազմուս+» եվրոպական ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումը ևս, ըստ նրա, կարող է նպաստել տեղական ստարտափների զարգացմանը: 9 երկրներից 30 երիտասարդներ այցելել են Global AM-ի գրասենյակ, որտեղ հնարավորություն են ունեցել ծանոթանալ Հայաստանում ստարտափ էկոհամակարգին և կիսվել իրենց երկրների փորձով:
Ինչպես նշեց Գևորգ Պողոսյանը, յուրաքանչյուր երկիր ունի ստարտաթ էկոհամակարգի զարգացման իր առանձնահատկությունները, ուստի յուրաքանչյուր երկրի փորձը հետաքրքիր և արժեքավոր է հայաստանյան ստարտափների և նրանց համար, ովքեր դրանք զարգացնում են: «Անկախ կոնկրետ երկրում ստարտափ էկոհամակարգի զարգացման մակարդակից՝ մենք միշտ սովորելու բան ունենք: Ինչն էլ մենք անում ենք այսօրվա միջոցառմանը՝ կիսվում ենք մեր փորձով, ուսումնասիրում ենք այլ երկրների փորձը: Հետագայում մենք, իհարկե, կշարունակենք պահպանել շփումներն այս երիտասարդների հետ, քանի որ նեթվորքինգը մեր առաջնահերթություններից մեկն է»,- ասաց Պողոսյանը:
https://news.am/arm/news/439204.html