ՆՁԱԿ
   
 

Նոր համաձայնագիր՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ

16.01.2018

Հունվարի 16-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ հանդիպում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործադիր տնօրեն Դեյվիդ Կլիվի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՄԳՏԿ հայկական տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Համլետ Նավասարդյանը, կոմիտեի աշխատակազմի ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի և ՄԳՏԿ-ի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը բարձր գնահատեց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի նշանակությունը Հայաստանի գիտնականների համար՝ նշելով, որ կենտրոնը նրանց մեծ ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել՝ միջազգային խոշոր գիտական  նախագծերին մասնակցելու հնարավորություններ տալով:
«Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը Հայաստանի գիտական և գիտատեխնիկական գործունեությունը ֆինանսավորող  խոշոր աղբյուրներից մեկն է. առ այսօր ՄԳՏԿ կողմից ֆինանսավորվել են Հայաստանից ներկայացված 175 նախագծեր` ավելի քան 45.0 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: ՄԳՏԿ նախագծերի իրականացման համար ՄԳՏԿ հայաստանյան տարածաշրջանային բաժանմունքը ստացել է 4.4 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ շուրջ 4000 գիտական սարքավորումներ, որոնք փոխանցվել են համապատասխան գիտական կազմակերպություններին: ՄԳՏԿ հետ համագործակցության շրջանակներում Հայաստանում անցկացվել է շուրջ 50 գիտաժողով և սեմինար, շուրջ 400 հայաստանցի գիտնականներ ստացել են դրամաշնորհներ՝ հանրապետությունից դուրս իրականացվող միջազգային գիտական միջոցառումների մասնակցելու նպատակով: Կենտրոնի կողմից ֆինանսավորված ծրագրերի արդյունքում կատարված հետազոտությունները նպաստել են 50 դոկտորական և 200 թեկնածուական ատենախոսություններ պաշտպանելուն: Կենտրոնի՝ գիտական արդյունքի առևտրայնացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում Հայաստանում ֆինանսավորվել է 10  նախագիծ, արդյունքում` ստեղծվել է շուրջ 60 աշխատատեղ:  Ֆինանսավորվել է նաև 785.2 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով 6 նախագիծ տեղեկատվական  տեխնոլոգիաների ոլորտում, ինչն այդ ոլորտի հայաստանյան կազմակերպություններին հնարավորություն է տվել զարգացնել իրենց հեռահաղորդակցության  համակարգերը»,- իր խոսքում նշեց պարոն Հարությունյանը:
ՄԳՏԿ գործադիր տնօրեն Դեյվիդ Կլիվն իր հերթին նշեց, որ Հայաստանի կողմից ՄԳՏԿ կառավարիչների խորհրդին ներկայացված  հայտերն ու իրականացված ծրագրերն ավանդաբար արժանանում են բարձր գնահատականի՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանը՝ որպես գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային առաջատարներից մեկի:
Հանդիպման ընթացքում ՄԳՏԿ գործադիր տնօրեն Դեյվիդ Կլիվը և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև՝ Հայաստանի Հանրապետությունում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայկական տարածաշրջանային բաժանմունքի տեղակայման պայմանների մասին» համաձայնագիրը: Նման համաձայնագիր Հայաստանը ստորագրել էր նաև  1998 թ-ին, սակայն այն խմբագրելու և վերաստորագրելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ 1994 թ. Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին» համաձայնագիրն ուժը կորցրել է նոր՝ 2015 թ. դեկտեմբերին ստորագրված «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագրի վավերացումից հետո:
Հիշեցնենք, որ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը միջկառավարական կազմակերպություն է, որն ստեղծվել է 1992 թվականին՝ Եվրոպական Միության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի կողմից: Հետագայում կենտրոնին են միացել այլ երկրներ, այդ թվում՝ 1994 թ.-ից՝ Հայաստանը:  2015 թ.-ից Ռուսաստանը դադարեցրել է իր անդամակցությունը ՄԳՏԿ-ին, ինչի կապակցությամբ էլ ՄԳՏԿ կենտրոնական գրասենյակը Մոսկվայից պաշտոնապես տեղափոխվել է Աստանա: Կենտրոնի հիմնական նպատակներից է հետխորհրդային երկրների գիտնականների՝ միջազգային գիտական հանրությանը ինտեգրմանը նպաստելը:
1998-ից գործում է ՄԳՏԿ հայաստանյան տարածաշրջանային բաժանմունքը, որի ծավալած գործունեությունը մեծապես նպաստել է հայ գիտնականների և  հետազոտական խմբերի ակտիվ մասնակցությանը ՄԳՏԿ մի շարք ծրագրերին:
http://scs.am/am/b35a5db0115deda779420817