Ավելի քան 5000 մասնակից՝ աշխարհի 35 երկրներից. Սևանի ափին անցկացվում է Sevan Startup Summit 2018-ը
23.07.2018
Sevan Startup Summit-ը միջազգային աստիճանի է հասել: Հուլիսի 22-ին Սևանա լճի ափի վրանային քաղաքում միջացառումը հավաքել է ստարտափերի հեղինակներին և աշխարհի 35 երկրների մասնակիցներին: Seaside Startup Summit-ի տնօրեն Վահագն Ռափյանը հիշում է, որ դեռ անցյալ տարի կազմակերպիչները ուրախանում էին, որ հայ ստարտափերը և ներդրողները հետաքրքրվում են իրենց միջոցառումով և ցանկություն հայտնում մասնակցել դրան (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վահագն Ռափյանը պատմել է, որ այս տարի վրանային ճամբարում ապրում է Summit-ի ավելի քան 800 մասնակից, սակայն օրվա ընթացքում նրանց այցելում են հարյուրավոր հյուրեր, մենթորներ, դասախոսներ և ներդրողներ, այդ պատճառով ցերեկը ճամբարում առնվազն 1500 մարդ է լինում:
«Մեր հաշվարկներով այս տարի գագաթաժողովին ավելի քան 5000 մարդ կլինի», - նշել է Ռափյանը:
Այս տարի գագաթաժողովում հայկական ստարտափերը քիչ չեն. այստեղ ևˊ գրքերի հանդեպ հետաքրքրություն առաջացնելուն ուղղված նախագծի վրա աշխատողներ կան և երիտասարդ աղջիկներ, որոնց նախագիծը կօգնի աուտիզմով երեխաների ծնողների կյանքը հեշտացնել ևˊ ռոբոտներ հավաքող դեռահասներ ևˊ շատ ուրիշներ:
Քիչ չեն նաև մասնակիցներն Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից և Բելառուսից, ինչպես նաև ավելի հեռավոր երկրներից, ինչպիսիք են Հնդկաստանը, Կանադան և Ավստրալիան:
Ավստրալիայում, ի դեպ, Seaside Startup Summit նախագծի շրջանակներում 2019-ին կանցկացվի հաջորդ միջոցառումը, ասել է գագաթաժողովի պրոդյուսեր, համահիմնադիր Արթուր Ջանիբեկյանը:
Այս տարվա սկզբին միջազգային աստիճանի հասած Seaside Startup Summit-ը անցկացվեց Արաբական Միացյալ Էմիրություններում (Ռաս էլ Խայմա) և Հնդկաստանում (Գոա), իսկ ներկայիս գագաթաժողովը որոշակի իմաստով երկու միջոցառումների ընդհանրացումն է:
Գագաթաժողովը մեծ ապագա ունի, վստահ է Արթուր Ջանիբեկյանը. այս տարի այստեղ ՏՏ ոլորտից արդեն ավելի քան 1000 մասնագետներ կան և ամեն տարի նրանց թիվն աճելու է, իսկ գագաթաժողովի աշխարհագրությունն ընդլայնվելու է:
Այս տարի գագաթաժողովի մրցանակային հիմնադրամը չի փոխվել. 13 մրցույթների և «բիգ բեթլի» համար հատկացվել է մոտ 50 հազար դոլար: Բայց կա նաև հետաքրքիր նորամուծություն. գագաթաժողովի հիմնադրամը պատրաստ է ֆինանսավորման կարիք ունեցող 2 կամ 3 հեռանկարային ստարտափերում 100 հազար դոլարի ներդրում կատարել:
Քանի որ դրամաշնորհները միշտ չէ, որ ծառայում են իրենց նպատակներին, գագաթաժողովի կազմակերպիչները որոշել են, որ ուղղակի ներդրումները և մենթորների օգնությունը ավելի շատ կնպաստեն այդ նախագծերի զարգացմանը:
Հիշեցնենք, որ Sevan Startup Summit 2018-ը հուլիսի 22-29-ը անցկացվում է Սևանի ափին: Գագաթաժողովը նպատակ ունի ստարտափերի և ներդրողների միջև համագործակցության նոր ուղիներ ստեղծել. այստեղ կան ավելի քան 120 նոր ստարտափեր, և նրանց համար շաբաթվա ընթացքում կազմակերպվելու են բազմաթիվ դասընթացներ, դասախոսություններ և մրցույթներ: Կլինեն նաև ներդրողներ, վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ և ոլորտի ներկայացուցիչներ:
https://news.am/arm/news/463164.html