ՆՁԱԿ
   
 

Հայ-ամերիկյան բիզնես ֆորումում ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և քննարկվել հայամերիկյան ՏՏ գործակցությունը

07.09.2018

Սեպտեմբերի 7-ին՝ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-ամերիկյան բիզնես ֆորում:
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդնանյանը ողջունելով ֆորումի մասնակիցներին, նշել է. «Մենք բոլորս միևնույն հայացքներն ենք կիսում և նույն ուղղությամբ ենք առաջ շարժվում:  ԱՄՆ-ն տեխնոլոգիական լիդեր երկրներից է, և մենք էլ տեխնոլոգիական բազմակողմանի զարգացման ուղին ենք բռնել՝ փոխշահավետ համագործակցելով ԱՄՆ-ի հետ: Հայկական ընկերությունների ծառայությունների շուրջ 60 տոկոսը արտահանվում է ԱՄՆ. Հայաստանը նաև պրոդուկտ է արտահանում: Այս ամենը հանգեցնում է նրան, որ աշխատատեղեր են ստեղծվում թե՛ Հայաստանում, և թե՛ Միացյալ նահանգներում:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ Տրանսպորտի, Կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը՝ընդգծելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերից է:
Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշել է. «Սիլիկոնյան հովտի «տուն» հանդիսացող Կալիֆոռնիա նահանգի և Հայաստանի հայթեք ընկերությունների միջև, իհարկե, աշխատանքային կապեր կան, սակայն դրանք համակարգված չեն: Վստահ ենք, որ այս ֆորումի շրջանակում՝ Կալիֆոռնիայի օրենսդիրների և Սիլիկոնյան հովտի ներկայացուցիչների մասնակցությամբ, արդյունավետ քայլեր կձեռնարկենք»:
Կալիֆոռնիա նահանգի սենատոր Անտոնի Պորտանտինոն ասաց. «Սա իմ երկրորդ այցն է: Ուրախ եմ կրկին գտնվել Հայաստանում, հատկապես նման դինամիկ դելեգացիայով։ Անչափ ոգևորված ենք տեսնել Հայաստանում PicsArt-ը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, Թումո ստեղծարար կենտրոնը, Impact Hub-ը. այս ամենը չափազանց ոգևորիչ է.  մենք Հայաստանում զարգացման մեծ հնարավորություններ ենք տեսնում»:
Կալիֆոռնիայի նահանգային ժողովի անդամ Էվան Լոուն, ով ներկայացնում է Սիլիկոնյան հովիտը, ընդգծել է. «Սիլիկոնյան հովտի հաջողությունը պայմանավորված նաև բազմազան մշակույթների գործոնով, որտեղ էլ մեծ դեր է խաղում Կալիֆոռնիայի հայ բնակչությունը»: Լոուն նաև հույս է հայտնել, որ ֆորումի արդյունքում գործարար հաջողություններ կարձանագրեն:
Հայ-ամերիկյան բիզնես ֆորումի շրջանակում պանելային քննարկում է անցկացվել, որի խոսնակներն էին TechNet ավագ փոխնախագահ Անդրեա Դեվեաուն, Կալիֆոռնիա նահանգի սենատոր Հենրի Սթերնը, Կալիֆոռնիայի նահանգային ժողովի անդամներ Աութում Բըրքը և Էվան Լոուն, Տրանստպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը: Քննարկմանը մասնակցել են նաև ամերիկյան և հայկական առաջատար այլ ընկերությունների ներկայացուցիչներ:
Հայ-ամերիկյան բիզնես ֆորումի նպատակը գործարար կապերի հաստատումն ու ներդումային հնարավորությունների ձեռքբերումն է: Ֆորումի շրջանակում IUNetworks, Haktech, OGMA, EGS, GlobalAM, Optym, Shtigen, Owlfinity և OddEye ընկերությունները ամերիկյան գործարարներին ներկայացրել են իրենց պրոդուկտներն ու ծառայությունները:
Հայամերիկյան ֆորումում ներկայացվել է նաև թե՛ հայաստանյան և թե՛ միջազգային ՏՏ ամենախոշոր միջոցառումը՝ 2019-ին Հայաստանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) օրակարգային թեմաները, բացի այդ՝ պաշտոնապես հայտարարվել է նաև WCIT 2019-ի նախնական գրանցման մասին:
https://ittrend.am/2018/09/08/%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%AB%D5%A6%D5%B6%D5%A5%D5%BD-%D6%86%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1/