ՆՁԱԿ
   
 

Ոչ միայն պարզապես կաշխատենք, այլ նաև նոր կադրեր կպատրաստենք. DISQO–ն մասնաճյուղ է բացում Հայաստանում

15.10.2018

DISQO ընկերության բոլոր երեք հիմնադիրները հայկական ծագում ունեն, ե՛ւ ԱՄՆ–ում, ե՛ւ Հայաստանում աշխատելու գաղափարը նրանց մոտ վաղուց էր ծագել։ Այժմ, շնորհիվ ստացված 13.5 մլն դոլարի չափով ներդրման, այսպիսի հնարավորությունը, վերջապես, հայտնվեց՝  DISQO–ն մասնաճյուղ է բացում Հայաստանում։
Լրագրողներին ընկերության համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Դրո Քոչարեանը պատմեց, որ առաջին 2 տարվա ընթացքում ընկերությունը նախատեսում է աշխատանքի ընդունել 30 որակյալ մասնագետների, որոնք ԱՄՆ–ից ժամանած գործընկերների հետ  կաշխատեն ինչպես ընկերության՝ արդեն իսկ ունեցած հաճախորդների (որոնց թվում շատ խոշոր ընկերություններ, որոնք ներառված են Fortune 500 ցուցակում), այնպես էլ նորերի հետ։
Իր հերթին ինժեներական տնօրեն Հարություն Բաղդասարյանը նշել է, որ DISQO–ն նախատեսում է անցկացնել ինթերնշիփեր, թրեյնինգներ, որոնց շնորհիվ կարելի կլինի նոր կադրեր պատրաստել ինչպես ընկերության, այնպես էլ երկրի համար ընդհանուր առմամբ։ Ավելին, բացառված չէ, որ այդ ծրագրերը կանցկացվեն ՀՀ–ում գործող այլ ՏՏ ընկերությունների հետ համատեղ։ DISQO–ի ներկայացուցիչների խոսքով՝ նրանց երբեք չեն դիտարկի որպես մրցակից, իրենք ցանկանում են համագործակցել այլ ընկերությունների հետ, նրանց հետ համատեղ իրականացնել փոխշահավետ ծրագրեր։
Դրո Քոչարեանը Հայաստան կատարած այս այցի ընթացքում նախատեսում է ավելի մոտիկից ծանոթանալ ՀՀ–ում ՏՏ ոլորտին, մի շարք հանդիպումներ անցկացնել և մասնակցել մի շարք միջոցառումների, որոնցից ամենախոշորը կանցկացվի հոկտեմբերի 18-ին, ժամը 19:00–ին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
DISQO-ն հիմնադրվել է Լոս-Անջելեսում 2015 թ.-ին՝ ազգությամբ հայ գործարարների կողմից՝ Արմեն Աճեմյանի (գործադիր տնօրեն), Դրո Քոչարեանի (տեխնիկական տնօրեն), Արմեն Պետրոսյանի (մարքեթինգի տնօրեն): Այն սպառողներից ուղղակիորեն հավաքագրած ստույգ տվյալներ է տրամադրում աշխարհի խոշորագույն մարքեթինգային ու հետազոտական ընկերություններին: Դրանց օգնությամբ հնարավոր է դառնում բացահայտել սպառողի վարքագիծը, ապահովել ապրանքների ճիշտ դիրքավորումը և բրենդի առաջխաղացումը: Ընկերությունն առաջատարն է ոլորտում և ստեղծել է սպառողների հետազոտության միասնական հարթակ, որ ներգրավում է մարդկանց՝ որպես սպառող տվյալների փոխանակման համար: Այստեղ իրականացվում են տարեկան 10 միլիոնից ավելի հարցումներ: Ալֆա Էդիսոնի (Alpha Edison) և Բոնֆայր Վենչրսի (Bonfire Ventures) կողմից ստացած 13.5 մլն ԱՄՆ դոլար չափով Ա սերիայի ներդրման շնորհիվ DISQO-ն հնարավորություն է ստանում առաջարկվող ծառայությունների ցանկը համալրելու նոր հավելվածներով ու մեխանիզմներով, որոնք հետազոտում են սպառողի վարքագիծն ու կարծիքը: Ընկերությունն արդեն կկիրառի նաև արհեստական բանականաությամբ (AI) լուծումներ, ինչպես նաև կստեղծի նոր գործիքներ սպառողների իրական և ամբողջական պատկեր ձևավորելու համար: 
https://news.am/arm/news/475914.html