ՆՁԱԿ
   
 

Մեկնարկել է մենթորական ծրագիր՝ ՏՏ ընկերությունների համար

06.11.2018

Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը, Եվրամիության կողմից նախաձեռնած Ձեռնարկությունների Եվրոպական ցանց Հայաստան ծրագրի շրջանակներում, տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում գործող  12 ընկերությունների համար կազմակերպում է մենթորական ծրագիր՝ «Նորարարության կառավարում» թեմայով։ Ծրագիրը կմեկնարկի նոյեմբերի 5-ին եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 8-ը։
Մենթորական ծրագիրը նպատակ ունի աջակցել ՏՏ ոլորտի ընկերություններին՝ ձեռք բերել նոր հաճախորդներ եւ ուժեղացնել գոյություն ունեցողների վստահությունը, նրանց հաղորդել համաշխարհային միտումներին համընթաց քայլելու, նորարար ու մրցունակ լուծումներ մշակելու, դրանք միջազգային շուկայում ներկայացնելու եւ նոր գործընկերներ գտնելու, ինչպես նաեւ ֆինանսավորման համար միջազգային ֆոնդերին դիմելու հմտություններ։
Մասնակից 12 ընկերությունների ընտրությունը կատարվել է բաց հայտարարության միջոցով։ 4 դասընթացներից հետո կընտրվեն 5 մասնակից ընկերություններ, որոնց հետ կտարվեն անհատական աշխատանքներ, կմշակվեն ճանապարհային քարտեզներ՝ իրենց ընկերություններում նորարարությունը կառավարելու եւ ճիշտ ուղղությամբ զարգացնելու ուղղությամբ։
Ծրագրի ավարտին ՏՏ ընկերությունները կունենան նորարարական բիզնես մոդել, հաստատված գաղափարներ/արտադրանք, եւ տեղեկատվություն՝ ինչպես դիմել տարբեր ֆոնդերի ֆինանսավորմանը եւ որ աղբյուրն է առավել համապատասխանում իրենց գաղափարին:
https://news.am/arm/news/479709.html