ՆՁԱԿ
   
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Նորամուծության եվ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ 

ՀՐԱՎԵՐ 

«Հանդիպում գրքերի հեղինակների, գիտնականների հետ» միջոցառումների շարքից 

Հանդիպում-քննարկում

«Ավելի մաքուր, առողջ և կանաչ Երկիր մոլորակ» խորագրով 

2019թ. հունիսի 7-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված  կազմակերպում է  հանդիպում ոլորտին նվիրված գրքերի հեղինակների հետ:

Միջոցառման նպատակն է ժամանակակից տեղեկատվական միջավայրում կարևորել գրքերի դերակատարումը բնապահպանական կրթության, հանրության իրազեկության բարձրացման, ինչպես նաև բնության պահպանության և ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների լուծման գործընթացներում:

Միջոցառման շրջանակներում հեղինակները կներկայացնեն իրենց նոր գրքերը, որոնք վերաբերում են ոլորտի արդիական խնդիրներին, մասնավորապես շրջակա միջավայրի պահպանության համար կիրառվող բնապահպանական կենսատեխնոլոգիական մեթոդներին, կենսոլորտի և մարդու էկոլոգիական անվտանգության հիմնախնդիրներին` բնական ռեսուրսների օգտագործմանը, շրջակա միջավայրի աղտոտման աղբյուրներին, ինչպես նաև թափոնների կառավարման ոլորտում նորարարական լուծումներին, Հայաստանում շրջանաձև տնտեսության զարգացմանը և այլն։

Հեղինակները գիտատեխնիկական գրադարանին կնվիրաբերեն իրենց մասնագիտական գրքերը:

Միջոցառումը նախատեսված է բնապահպանության ոլորտի կառավարման մարմինների, բուհերի, գիտահետազոտական, հասարակական և միջազգային  կազմակերպությունների ներկայացուցիչների,  մասնագետների և հետաքրքրված անձանց  համար:

 

ԾՐԱԳԻՐ

  • Ողջույնի խոսք 
  • Հեղինակների ելույթներ
    Հայաստանի ազգային ագրարային համալսարանից (ՀԱԱՀ) գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մերուժան Գալստյանը կներկայացնի «Բնապահպանական կենսատեխնոլոգիաներ» դասագիրքը, որտեղ բացահայտված են հիմնական բնապահպանական կենսատեխնոլոգիական մեթոդները և ուղղությունները, ինչպես նաև թափոնների վերամշակման, անթափոն արտադրության կազմակերպման ու մակրոմիցետների արտադրության կենսատեխնոլոգիական գործընթացները և այլն:

    Հայաստանի ազգային ագրարային համալսարանից գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Վյաչեսլավ Հարությունյանը կներկայացնի «Էկոլոգիական անվտանգություն» դասագիրքը, որտեղ շարադրված են կենսոլորտի և մարդու էկոլոգիական անվտանգության հիմնախնդիրները` կապված ազգաբնակչության աճի, բնական ռեսուրսների օգտագործման, էկոլոգիական և տեխնածին ռիսկերի և շրջակա միջավայրի աղտոտման աղբյուրների ու առանձնահատկությունների հետ:

    Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը կխոսի «Բնական պաշարների օգտագործման նորամուծական եղանակների միջազգային փորձը և Հայաստանում կիրառման հնարավորությունները» հրատարակության մասին, որտեղ ուսումնասիրված են բնական ռեսուրսների օգտագործման ներկայիս միտումները, ոչ արդյունավետ օգտագործման հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրները, ջրային, հողային, ընդերքի և լանդշաֆտային պաշարների օգտագործման միջազգային առաջատար փորձն ու տեղայնացման հնարավորությունները ՀՀ-ում:

    «ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ISSD ՀԿ)` հասարակական կազմակերպության ֆինանսիստ Պետրոս Հերգնյանը կծանոթացնի ՀՀ-ում թափոնների կառավարման ոլորտում նորարարական լուծումներին, ինչպես նաև ՄԱԶԾ-ԳԷՀ ՓԴԾ-ի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ի կողմից ֆինանսավորվող  «Recycle it!» ծրագրին։ Ժնևում կայացած Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի Կոնվենցիաների Կողմերի կոնֆերանսին ներկայացված «Պլաստիկը և շրջանաձև տնտեսությունը․ համայնքային լուծումներ» խորագրով հրատարակությունը 10 երկրների շարքում է ներառել նաև «Recycle it!» ծրագիրը։
     

Մասնակիցների համար կգործի գրադարանի «Բնապահպանություն»  խորագրով գրականության թեմատիկ ցուցահանդեսը (գրքեր, ատենախոսությունների սեղմագրեր, ամսագրեր, սեղմագրային հանդեսներ, արտոնագրային, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր, արդյունաբերական կատալոգներ): Ցանկացողները կարող են շրջայց կատարել գրադարանում, ծանոթանալ և հետագայում օգտվել Կենտրոնի ժամանակակից տեղեկատվական ծառայություններից:

Միջոցառումը տեղի կունենա 2019թ. հունիսի  7-ին, ժամը 14:30-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, հասցե` ք. Երևան, Կոմիտասի 49/3, խորհրդակցությունների դահլիճ, 2-րդ հարկ, կայքէջ` http://www.innovcentre.am/hy/, ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/InnovCentre 

«ՆՁԱԿ» ՊՈԱԿ
Տեղեկատվական ապահովման և հասարակայնության հետ կապերի բաժին

Հեռախոս`011- 238747, 
էլ. փոստ` adasarg@innovcentre.am