Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգող խորհրդի 26-րդ նիստ
2019թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) տեղի է ունեցել ԱՊՀ Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգող խորհրդի 26-րդ նիստը (ԳՏՏՄՀԽ):
Նիստին մասնակցել են ԳՏՏՄՀԽ-ի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը, ԱՊՀ Գործադիր կոմիտեի գիտատեխնիկական համագործակցության և ինովացիոն դեպարտամենտի բաժնի պետը, ՌԴ-ի Գիտության և բարձրագույն կրթության նախարարության Գիտական և գիտատեխնիկական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալը, ԱՊՀ մասնակից պետությունների գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման բազային կազմակերպության` ՌԴ գիտությունների ակադեմիայի Գիտական և տեխնիկական տեղեկատվության համառուսաստանյան ինստիտուտի, ԳՏՏՄՀԽ անդամ ԱՊՀ մասնակից պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչներ: Նիստին մասնակցել են նաև Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ու ՆՁԱԿ-ի ներկայացուցիչները:
Ողջույնի խոսքով ելույթ ունեցան ԳՏՏՄՀԽ-ի նախագահ, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը և ԱՊՀ Գործադիր կոմիտեի գիտատեխնիկական համագործակցության և ինովացիոն դեպարտամենտի բաժնի պետ Թիմուր Մանսուրովը:
Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր գիտատեխնիկական տեղեկատվության և նորարարության ոլորտների վերաբերյալ, որոնց թվում են`
- ԳՏՏՄՀԽ անդամ ԱՊՀ մասնակից պետությունների գիտատեխնիկական տեղեկատվության բնագավառում տիրող իրավիճակը և մինչև 2020թ. ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության երրորդ փուլի (2016-2020թթ.) իրագործմանն ուղղված միջոցառումների իրականացման Պլանը ու մինչև 2030թ. ԳՏՏ բնագավառում ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2021-2025թթ.) իրականացման Պլանի վերաբերյալ առաջարկությունները:
- ԱՊՀ արտոնագրերի և նորարարությունների բանկի ստեղծման հայեցակարգի իրականացման վերաբերյալ, որը հաստատվել է Կառավարությունների ղեկավարների խորհրդի 2013 թվականի մայիսի 31-ի որոշմամբ:
- Հաշվետու ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպության` ՌԴ գիտությունների ակադեմիայի Գիտական և տեխնիկական տեղեկատվության համառուսաստանյան ինստիտուտի գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման գործունեության մասին:
- ԳՏՏՄՀԽ-ի կայքի և «Տեղեկատվություն ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական գործունեության մասին» ԱՊՀ պորտալի վիճակի մասին:
- ԱՊՀ պորտալում АО «НТЦ «Интернавигация» ռուսաստանյան նավիգացիոն սերվերի վերաբերյալ տեղեկատվություն տեղադրելու հնարավորության մասին:
Քննարկվեցին համագործակցության վերաբերյալ մի շարք նոր առաջարկներ ինովացիոն և գիտատեխնիկական տեղեկատվության ոլորտներում:
Նիստի մասնակիցները ամփոփեցին 2018թ. ԳՏՏՄՀԽ-ի կատարած աշխատանքների արդյունքները և քննարկեցին 2019թ. ԳՏՏՄՀԽ-ի աշխատանքային պլանը:
ԳՏՏՄՀԽ անդամ ԱՊՀ մասնակից պետությունների ներկայացուցիչների առաջարկով, միաձայն ԳՏՏՄՀԽ-ի նախագահ վերընտրվեց Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը:
Վերջում որոշվեց Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգող խորհրդի հերթական նիստի վայրը` Երևան, իսկ ժամկետները կհստակեցվեն: