WCIT 2019 հայկական թիմը երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը կկազմակերպի Մոսկվայում
WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի հայկական թիմը կազմակերպչական որակյալ աշխատանքի շնորհիվ միջազգային ճանաչում է ստացել և շուտով Մոսկավայում նախատեսում է կազմակերպել իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը։
«ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը հատկանշական ակնթարթ էր մեր երկրի համար, հնարավորություն՝ աշխարհի ուշադրությունը սևեռելու այն նորարարությունների վրա, որոնք ամեն օր ստեղծվում են հենց Հայաստանում: WCIT 2019-ը իսկապես կարևոր ու հիշարժան տեխնոլոգիական համաժողով էր, որի հիմքում թիմային մեծ ձգտումն էր, աշխատանքի որակն ու կատարման վարպետությունը:
Համաժողովի գերազանց հաջողության հետևում մասնագետների հսկայական թիմ էր, որն աշխատում էր մեկ տեսլականի ու նպատակի համար: Սակայն WCIT 2019-ը Երևանում կայացավ հենց WCIT 2019- ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ, ԱՏՁՄ նախագահ, «UCOM»-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի մեծ ջանքերի ու ներդրման շնորհիվ: Արդյունքում՝ Հայաստանը տեխնոլոգիական կոնֆերանսների նոր չափանիշ սահմանեց ամբողջ աշխարհում»։
ՏՏ հայ մասնագետների խումբը կմոդելավորի կորոնավիրուսի հնարավոր տարածումը Հայաստանում
Կորոնավիրուսի (COVID-19) տարածման տվյալների հավաքագրման, վերլուծության, միջազգային գործընկերների ունեցած տվյալների համադրման, իրավիճակի ընթացքի կանխատեսման նպատակով ստեղծվել է հետազոտական խումբ, որում ներգրավված են վերլուծաբաններ, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության մասնագետներ, այլ փորձագետներ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ձևավորված խմբի մասնագետների հետ, քննարկել առաջիկա քայլերն ու հնարավորությունները։
Խմբի ձևավորումը նպատակ ուներ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ օջախների քարտեզագրման, մարդկանց տեղաշարժերի վերաբերյալ տեղեկատվության, տարածման գոտիների և այլ տեղեկատվության համադրման արդյունքում կորոնավիրուսի (COVID-19) ընդհանուր հավանական տարածման մոդելավորում իրականացնելու, ինչը լուրջ աջակցություն կարող է հանդիսանալ առողջապահական ոլորտի ենթակառուցվածքների աշխատանքի համար:
Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ հետազոտական խմբի գործունեությունը թույլ կտա իրավիճակի մասին հավաստի և ճշգրիտ տեղեկատվություն ստանալ, ինչը կնպաստի հիվանդության տարածման կանխարգելման աշխատանքների առավել լավ համակարգման իրականացմանն ու կառավարելի դարձնելուն:
Նախարարը կարևորել է գիտահեն այս նախագիծը կյանքի կոչելու ուղղությամբ՝ միասնական նպատակի իրականացման գործում յուրաքանչյուր մասնագետի անհատական ջանքերի ներդրումը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են նաև խմբի գործունեության ուղղությունները, ռեսուրսների անհրաժեշտությունն ու հնարավոր ժամկետները։
Նախագիծն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ ՀՀ առողջապահության նախարարության հետ փոխգործակցության արդյունքում:
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։
Հայաստանը շահագրգռված Է Բելառուսի հետ համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում
Հայաստանը շահագրգռված Է Բելառուսի հետ համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Այդ մասին հայտնել Է Բելառուսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանը երկրի Առեւտրաարդյունաբերական պալատում բելառուս գործարարների հետ հանդիպումից առաջ:
Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի տվյալներով՝ 2018 թվականին Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել Է 50 մլն դոլար՝ աճելով 17 տոկոսով, 2019 թվականին այդ ցուցանիշը հասել Է մոտավորապես 70 մլն դոլարի: «Մեզ հաջողվեց այդ ուղղությամբ առաջ շարժվել երկու երկրների համակարգված աշխատանքի, բիզնես-հանրակցությունների ձեռներեցության շնորհիվ: Ապրանքաշրջանառությունը միատեսակ Է ինչպես արտահանման, այնպես Էլ ներմուծման առումով, այսինքն՝ այն տեղի չի ունեցել մեկ կամ երկու ճյուղերի կամ ուղղությունների կտրուկ առաջ մղվելու հաշվին: Բայց ես հեռու եմ այն մտքից, որ երկկողմ առեւտրում մենք հասել ենք այն մակարդակին, որից հետո կարելի Է ասել, որ դա մեր առավելակետն Է»,-նշել Է դեսպանը: Նա ընդգծել Է, որ Հայաստանը եւ Բելառուսը չեն օգտագործել իրենց բոլոր հնարավորությունները: «Հարկավոր Է հաշվի առնել նաեւ այն, որ Հայաստանի տնտեսությունը եւ Բելառուսի տնտեսությունը Էվոլյուցիոն փոփոխություններ են կրում: Դա առաջին հերթին պայմանավորված Է նրանով, որ կառավարությունները հատուկ ուշադրություն են դարձնում այն թրենդին, որպիսին բարձր տեխնոլոգիաներն են: Դա այն Է, առանց որի դժվար կլիներ պատկերացնել 21-րդ դարի տնտեսությունը: Ես վստահ եմ, որ փոխգործակցության ավանդական ոլորտների կողքին մենք բազմապատիկ աճ կունենանք տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում գործակցելիս, իսկ մեր նախաձեռնող ուղեղներն այդ բնագավառում կլուծեն ոչ միայն իրենց համար ակտուալ խնդիրները, այլեւ կհաստատեն ավելի սերտ կոոպերացիոն կապեր»,-ասել Է Արմեն Ղեւոնդյանը: Դեսպանը նաեւ այն կարծիքին Է, որ երկրներին անհրաժեշտ Է ամրապնդել միջտարածաշրջանային համագործակցությունը: «Այն պետք Է ներառի պրակտիկ փոխգործակցության ավելի շատ ոլորտներ: Դա Էլ ավելի բազմազան կդարձնի մեր համագործակցության ուղղությունները եւ դրականորեն կազդի հանրագումարային ցուցանիշների վրա»,-նշել Է Բելառուսում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը:
Հայ երիտասարդները կմասնակցեն Սիլիկոնյան հովտում Իլոն Մասկի և Yahoo-ի ստեղծողների դասախոսություններին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և Դրեյփեր համալսարանի նախագահ Ասրա Նադիմի միջև ստորագրվեց հայ ուսանողներին պետական կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ պայմանագիր:
Արշակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ձեռներեցության դասընթացների մասնակցելու մրցույթ է անցկացվել, ինչի արդյունքում Դրեյփեր համալսարանը Հայաստանից ընդհանուր առմամբ 15 հոգու պետք է ընտրի իրենց մոտ սովորելու համար:
«3 նմանատիպ մրցույթ է անցկացվելու, մեկն արդեն կայացել է և ընտրվել է 8 հոգի: Սկզբում որոշված էր 5 հաղթող, հետո Դրեյփեր համալսարանի ժյուրին ընտրեց ևս 3 հոգու, քանի որ նրանց գաղափարները շատ էին հավանել: Մրցույթում հաղթած անձինք հնարավորություն կունենան ձեռներեցության դպրոցում դասընթացներ անցնել, իրենց գաղափարները ներկայացնել Սիլիկոնյան հովտի վենչուրային ֆոնդերին և այլ ձեռներեցների: Իլոն Մասկը, Yahoo ընկերության հիմնադիրները և այլ կազմակերպությունների հիմնադիրներ այնտեղ դասախոսություններ կունենան, կներկայացնեն իրենց հաջողության բանաձևը»,- ասաց Արշակյանը:
Անդրադառնալով հաղթողների հայրենիք չվերադառնալու վերաբերյալ մտավախություններին՝ նախարարը վստահեցրեց, որ հայ ձեռներեցները խնդիր չունեն Հայաստանից այլ երկիր գնալու: Նրա խոսքով՝ այս պահին հակառակ գործընթաց կա, և այն անձինք, ովքեր հաջողություններ են գրանցել օտար երկրներում՝ վերադառնում են ու իրենց գործունեությունը ծավալում են հայրենիքում:
«Պայմաններում մի կետ կա, որ պետք է վերադառնան և իրենց սովորածը մարզերում դասավանդեն»,- ասաց Արշակյանը:
Պայմանագրի ստորագրումից հետո հավաստագրեր տրվեցին 8 հոգու, որոնցից էր Yolo նախագծի հեղինակ, 23 ամյա Հակոբ Թումանյանը: Նա մրցույթում ներկայացրել էր ավտոմատ վենդինգ մեքենաներ:
«Yolo-ն աշխարհի ապագայի վենդինգ մեքենան է, որը պատրաստելու և վաճառելու է ըմպելիքներ և այդ ամենն արվելու է բնական հումքից, բաժակները չեն լինելու պլաստիկից և թղթից մեկանգամյա օգտագործման: Դրանք լինելու են թերմոս բաժակներ, որոնց վրա հարկավոր կլինի կպցնել QR կոդերը, տեղադրել մեքենայի մեջ և ձեզ կտրամադրի ցանկացած ըմպելիք՝ սուրճ, թեյ, հյութեր: Հաջորդ անգամ վենդինգ մեքենայի մեջ դնելիս, այն կլվանա թերմոսը: Ստեղծված է հատուկ ծրագիր, ինչի միջոցով կերևա, թե որքան պլաստիկ խնայվեց և որքան ծառ չվնասվեց»,- ասաց Հակոբը և հավելեց, որ պիլոտային շուկան իրենց համար Հայաստանն է:
Հաղթողների դասընթացները տևելու են մարտի 15-ից ապրիլի 18-ը: Սիլիկոնյան Հովտում սովորելու համար հաղթողներին դրամաշնորհ է տրամադրել ՀՀ կառավարությունը: Դասընթացներից զատ՝ ևս 2 շաբաթ, համաձայն նոր կնքված պայմանագրի, մասնակիցները հնարավորություն կունենան մնալ Դրեյփերի համալսարանում: Այնտեղ նրանք կկարողանան շփվել և ներդրումներ գտնել իրենց նախագծերի համար:
Ամբերդ» հետազոտական կենտրոնն աշխարհի լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում է
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը աշխարհի լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում է:
2020 թ. հունվարի 30-ին լույս է տեսել Փենսիլվանիայի համալսարանի TTCSP Global Go To Think Tank Index ծրագրի 2019 թվականի վարկանիշավորման զեկույցը, որում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնն աշխարհի «Լավագույն համալսարանական ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ զբաղեցրել է 94-րդ, իսկ «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ՝ 59-րդ հորիզոնականը:
Փենսիլվանիայի համալսարանը միակն է, որ մշտադիտարկում և հավաքագրում է տվյալներ աշխարհում գործող ավելի քան 8000 ուղեղային կենտրոնների գործունեության վերաբերյալ, որոնցից լավագույնները որոշակի մեթոդաբանությամբ և մի քանի փուլից բաղկացած փորձագիտական գնահատումից հետո տեղ են գտնում ամենամյա վարկանիշավորման զեկույցում:
«Լավագույն համալսարանական ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ, բացի ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից, Հարավային Կովկասի երկրները ներկայացնող այլ համալսարանական ուղեղային կենտրոններ չկան: «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ տեղ է գտել Հայաստանը ներկայացնող 10 ուղեղային կենտրոն: Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ Հայաստանում գործում է 30 ուղեղային կենտրոն:
Գաղափարից մինչև բիզնես. հայտնի են դրամաշնորհային մրցույթում հաղթած նորարարները
Հայաստանում նորարական 7 գաղափար 2.5 մլն դրամի աջակցություն ստացավ պետությունից՝ այն բիզնես դարձնելու համար: ետրվարի 5-ին ամփոփվեցին «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային մրցույթի արդյունքները, հայտնի դարձան հաղթած 7 նորարար թիմերը:
«Մի քանի օրվա ընթացքում մոտ 250 հայտ էր ստացվել: Կարծում եմ, որ կառավարության բռնած այն ուղենիշը, որ մենք աջակցում ենք նախաձեռնող քաղաքացուն, այս ծրագրով իրագործվում է: Այսինքն` եթե դուք տեխնոլոգիական ոլորտում նախաձեռնող եք, ուզում եք ինչ-որ բան ստեղծել, մենք ձեզ հետ կիսում են առաջնային շրջանի ռիսկը: Նաև մեր երիտասարդությանը լավ մեսիջներ ենք հաղորդում՝ լինել ակտիվ, մասնակցել, գաղափարները կյանքի կոչել»,-ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նա նշեց՝ ուզում են ֆինանսավորել այն նախաձեռնությունները, որոնք բեկումնային ազդեցություն կարող են ունենալ որևէ ուղղության վրա, ինչպես օրինակ ավտոմեքենաների ինդուստրիայում բեկումնային ազդեցություն ունեցան էլեկտրոմոբիլները, ինքնավար մեքենաները:
Յուրաքանչյուր հաղթող թիմ ստացավ 2.5 մլն դրամ: Հաղթողներին ընտրել էր անկախ ժյուրին, սկզբում մոտ 250 հոգուց, ապա 16 լավագույններից: «Նանո էներջի սոլար սենս»-ը հաղթող թիմերից մեկն էր: Թիմի ղեկավար Էլբակ Էլբակյանը պատմեց՝ ներկայացնում են թափանցիկ արևային պատուհաններ, որոնք պատուհան լինելուց զատ, կարող են արևի էներգիան կլանելով այն փոխակերպել էլեկտրաէներգիայի: «Սա կփոխարինի արևային պանելներին, տարածքներն ավելի արդյունավետ կօգտագործվեն: Դրանք կարելի է ամբողջությամբ տեղադրել բարձրահարկ շենքերի, էլեկտրական մեքենաների պատուհաններին: Սրանով արդյունավետությունը էապես կբարձրանա»,-ասաց նա: Ներկայում թիմի ստացած բոլոր թաղանթները լաբորատոր փուլում են, ստացել են ամենակարևոր 2 շերտերը, սակայն դեռ պետք է համալրեն, որպեսզի ստանան վերջնական պրոդուկտը: Հաղթած գումարն օգտագործելու են երրորդ կարևոր շերտը ստեղծելու համար: Սակայն վերջնական ապրանքանիշը ստեղծելու համար մոտավոր հաշվարկներով 50 հազար դոլարի չափով ներդրում պետք է անեն: Այս տարի իրականացնելու են ևս մի քանիսի այսպիսի դրամաշնորհային մրցույթներ: Նախարարը չհաղթածներին հորդորեց չհուսահատվել, առջևում նոր մրցույթներ կան՝ միգուցե ավելի մեծ դրամաշնորհներով: Հաղթող 7-յակում չէր Հակոբ Թումանյանն ու իր թիմը: Նրանք ներկայացնում են նոր սերնդի առևտրային ավտոմատներ, որոնք սպասարկելու են ըմպելիքներ՝ առանց միանգամյա բաժակների օգտագործման: Դա նպատակ ունի նաև պլաստիկի օգտագործումը նվազեցնել: Սարքավորման մոդելն արդեն ունեն, որը պատրաստվում է մեկ տեսակի հյութ: «Մարդը կարող է իր թերմոսով, բաժակով մոտենալ սարքին, սարքն արդեն գիտի, թե տվյալ մարդն ինչպես է խմում սուրճը կամ հյութը, և այն պատրաստում ու մատուցում է: Հետո սարքը նաև լվանում, չորացնում է թերմոսն ու մատուցում», -պատմեց նա ու հավելեց՝ դա ավելի մատչելի է լինելու, հանվելու է բաժակի գինը:
Թվային հասարակությունից մինչև խելացի քաղաքներ. Ճապոնացի փորձագետը Հայաստանում կիսվում է փորձառությամբ
Ճապոնիայի կառավարության Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով պատասխանատուի գործադիր խորհրդական, Թվային կառավարության միջազգային խորհրդի նախկին ղեկավար Տոշիյուկի Զամման Հայաստանի հետ համագործակցության լավ հեռանկարներ է տեսնում: Զամման օրերս Հայաստան կատարած այցի ընթացքում կիսվել է իր փորձով` թվային հասարակության, խելացի քաղաք ստեղծելու, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ:
«Իմ այս այցի նպատակն է կիսվել իմ փորձառությամբ և ծանոթանալ ձեր երկրի փորձին: Ես աշխատում եմ Ճապոնիայի կառավարության համար, Ճապոնիայի կառավարության Տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատուի գործադիր խորհրդատուն եմ, նաև Թվային կառավարության միջազգային խորհրդի նախկին ղեկավարը:
Զամման Հայաստան այցի ընթացքում դասախոսություն է ունեցել Հայաստանում Ամերիկյան համալսարանում, ստացել շատ հարցեր, տվել մեկնաբանություններ: Նա նկատեց` Հայաստանն ու Ճապոնիան նույն խնդիրներն ունեն և կարող են միասին լուծել: «Օրինակ` Ճապոնիան շատ է հարգում թուղթը։ Որոշ ընկերություններ ստեղծել են ավտոմատ կնիքի ռոբոտ: Բայց մենք թղթի բիզնեսում ենք, թղթի դարաշրջանում: Հայաստանը մեզ շատ նման է»,-ասաց նա ու նշեց՝ երկու երկրներն ունեն նույն խնդիրները և կարող են լուծել դրանք:
Զամման Հայաստանում հանդիպել է նաև կառավարության ներկայացուցիչների, նրանց հետ խոսել ոչ միայն թվային տնտեսության, այլ նաև թվային հասարակության մասին: «Դուք պետք է կենտրոնանաք թվային հասարակության վրա, օգտագործեք թվայնացման ուժը՝ քաղաքացիների համար ավելի լավ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Ընկերությունները պետք է մրցակցեն այլ երկրների ընկերությունների հետ: Կառավարությունը պետք է ավելի լավ միջավայր ստեղծի բիզնեսի համար»,-ասաց նա:
Նրա խոսքով` կառավարությունը չպետք է լինի ծառայության մատակարար: Զամման առաջարկում է կառավարությանը թվային ոլորտում լինել պլատֆորմ և մասնավոր հատվածի ծառայությունները դարձնել ավելի լավը: ՏՏ ոլորտի զարգացման համար նա Հայաստանում պոտենցիալ տեսնում է: Դրանցից մեկը համարում է մարդկային ռեսուրսը` լավ կրթված մարդիկ: «Եվ դուք պետք է կենտրոնանաք երիտասարդների վրա`թվայնացման համար: Հաջորդ քայլը կարծում եմ պետք է լինի հրավիրել որոշ միջազգային ընկերությունների՝ միավորվելու դրանց հետ և գրավելու լավ հաճախորդներ: Դա է աճի ձևը: Էստոնիան 10 տարի առաջ այս առումով ոչինչ չուներ, իսկ հիմա թոփ թվային կառավարություն ունի: Նրանք կենտրոնացան մարդկային ռեսուրսի, համագործակցության վրա»,-ասաց Զամման:
Նա նկատեց` հայերը շատ խելացի են և շատ լավ վարվելակերպ ունեն: Նա նշեց` դա նշանակում է, որ մեծ պոտենցիալ կա` աշխատելու այլ երկրների հետ միջազգայնորեն: «Ես կարծում եմ, որ մարդկային ռեսուրսը Հայաստանում մեծ պոտենցիալ ունի: Հայերը շատ արհեստավարժ կերպով անգլերեն են խոսում, լավ են մաթեմատիկայից: Երբեմն մենք կարող ենք տեսնել խնդիր` բիզնեսի ավանդական ձևի, մտածողության ավանդական ձևի, դա խոչընդոտ է՝ շարժվելու առաջ: Սակայն լսել եմ, որ ձեր կառավարությունը փոխվել է, դարձել ավելի երիտասարդ: Դուք բախտավոր եք»,-ասաց Զամման:
Անդրադառնալով Հայաստան-Ճապոնիա համագործակցությանը` Զամման նշեց` իրենք Ճապոնիայում շատ գաղափարներ ունեն, բայց տարբեր կարգավորումներ կան: «Քանի որ շատ գաղափարներ դժվար է իրականացնել Ճապոնիայում, եթե խնդիր չլինի դա այստեղ՝ Հայաստանում անելու համար, մենք կարող ենք համագործակցել և դա փորձարկել այստեղ, արդյունքը լավ կլինի հայերի համար: Կարծում եմ՝ մենք պետք է Հայաստանից գնենք այդ լուծումը: Բիզնես համագործակցությունն, իհարկե, հնարավոր կլինի»,-ասաց նա:
Զամման ներկայացրեց նաև խելացի քաղաքի ստեղծման իրենց հաջող փորձը: Նա շեշտեց` իրական խելացի քաղաքը տեխնոլոգիաների օգտագործումն է` մարդկանց կյանքի որակը բարձրացնելու համար: «Այս կոնտեքստում մենք պետք է գտնենք, թե որն է ամենամեծ խնդիրը ձեր քաղաքում և դա լուծենք: Հաջորդ անգամ պետք է լուծել երկրորդ խնդիրը` օգտագործելով թվային տեխնոլոգիաները: Երբեմն, թյուրիմացաբար կարծում են, թե խելացի քաղաքն այն է, երբ պարզապես ապահովում են լավ ցանց, լավ հավելվածներ»,-ասաց նա:
Ճապոնիան ներկայում շատ հավելվածներ ունի: Հավելվածներից մեկը ահազանգում է, որ մի քանի վայրկյանից երկրաշարժի ալիք է սպասվում: Մեկ այլ հավելված հանցագործողությունների քարտեզ է, որում ինֆորմացիան տրամադրվում է ոստիկանության կողմից: «Լավ կազմակերպված քաղաքն է խելացի քաղաքը: Այն լավ ծրագրերը, որոնք որևէ խնդիր չեն լուծում, ոչ ոք չի օգտագործի»,-նշեց նա:
Հասարակական տրանսպորտի խնդրի կարգավորման համար Ճապոնիայում օգտագործում են սենսորներ, դրանք տեղադրվում են ավտոբուսների, գնացքների վրա: Այսպիսով` մարդը կարող է հասկանալ, թե որտեղ է ավտոբուսը, երբ կգա հաջորդը, որքան պետք է սպասել հաջորդ ավտոբուսին: Զամման նշեց` մեծ սիրով ևս հաջորդ հնարավորության դեպքում Հայաստանում պատրաստ է կրկին դասախոսություններ կարդալ, կիսվել փորձով: Ինքը կենտրոնացած է այլ մարդկանց կրթելու, թրեյնինգներ անցկացնելու վրա:
Հայկական SmartClick-ը մշակում է SmartCity նորարարական տեխնոլոգիա
Հայկական SmartClick ընկերությունն սկսել է մշակել արհեստական բանականության վրա հիմնված SmartCity (Խելացի քաղաք) նորարարական տեխնոլոգիան՝ նպաստելու քաղաքների ենթակառուցվածքի և քաղաքային ծառայությունների որակի ու արտադրողականության բարելավմանը։
Արհեստական բանականության վրա հիմնված խելացի տեխնոլոգիայի ինտեգրման առաջնային նպատակն է բարելավել քաղաքացիների կյանքի որակը երթևեկության կառավարման, քաղաքային տրանսպորտի, փողոցային լուսավորության, հանրային անվտանգության և այլ ոլորտներում առկա բարդ խնդիրների կարգավորման միջոցով։
Արհեստական բանականությամբ աշխատող համակարգերի կիրառումը երթևեկության կառավարման համար թույլ է տալիս ապահովել ավելի խելացի լուծումներ երթևեկության հոսքը վերահսկելու, գերբեռնվածությունները նվազեցնելու և ռեսուրսների կառավարումը կատարելագործելու համար: Երթևեկության կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով ստացված տվյալները վերլուծվում են՝ գնահատելու երթևեկության հոսքի կառուցվածքը, դրա ինտենսիվությունը, արագությունը, ինչպես նաև հայտնաբերելու երթևեկության կառավարման ոլորտում առկա խնդիրները:
Հասարակական տրանսպորտը նույնպես այն ոլորտներից է, որ կարող է զգալիորեն օգուտ քաղել արհեստական բանականության տեխնոլոգիաների գործադրումից։ Հիմնական խնդիրները, որոնք կարող են կարգավորվել տրանսպորտի ոլորտում արհեստական բանականության միջոցով, ներառում են անվտանգությունը, հուսալիությունը և արդյունավետությունը։ Արհեստական բանականության օգտագործումը անվտանգության կարգավորման համապատասխանության, երթուղիների օպտիմալ պլանավորման կառավարման համար, իրական ժամանակում երթուղիների ճշգրտման հնարավորությունները, ինչպես նաև երթուղիների և վարորդների վարքագծի մասին տվյալների ստացումը այն դարձնում են կենսունակ լուծում տրանսպորտի պլանավորման ընդհանուր գործընթացը բարելավելու համար:
Խելացի քաղաք ենթակառուցվածքը ամբողջական չէ առանց խելացի լուսավորության։ Արհեստական բանականության վրա հիմնված լուծումները կարող են դիտարկվել էներգիայի սպառումը նվազեցնելու, հետիոտների առկայությամբ պայմանավորված փողոցային լուսավորությունը կառավարելու, հետիոտնային սպասման ժամերը կարգավորելու կամ սենսորներով և հանրային WiFi կետերով խելացի լամպեր գործարկելու համար:
Խելացի քաղաք կառուցելու կարևոր գործոններից է քաղաքացիների համար հանրային անվտանգության ապահովումը: Դեմքի նույնականացման և իսկության ճանաչման ամբողջական լուծումները կարող են նպաստել հանրային անվտանգության բարելավմանը: Դեմքի ճանաչման արագ և ճշգրիտ համակարգերի ինտեգրումը հնարավորություն է տալիս մեծացնել անվտանգության վերահսկողության հնարավորությունները տարբեր ոլորտներում և տեղանքներում:
Forbes-ն անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական հեռանկարին
Հեղինակավոր Forbes ամսագրում լույս է տեսել Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի ու հեռանկարների վերաբերյալ հոդված։ «Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնո հաբ՝ Հայաստան» վերնագրով հոդվածը հեղինակել է անցյալ տարվա աշնանը՝ «WCIT 2019»-ի օրերին, Հայաստան ժամանած լրագրող Վեյդ Շեպարդը։
Անդրադառնալով Հայաստանի աշխարհաքաղաքական պայմաններին՝ Վեյդ Շեպարտը նշում է, որ մեր երկիրն ունի մարդկային կապիտալ, ինչը կրկնապատկվում է, քանի որ բարձր տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու զարգացումը դարձել են ազգային առաջնահերթություն․ անել կամ մեռնել, նպատակ ունենալով կապվել և աշխատել արտաքին աշխարհի հետ՝ կոտրելով շրջապատող շրջափակումը:
Հոդվածում Շեպարդը ներկայացնում է Հայաստանի էկո-համակարգում գործող հաջողակ ստրատփները` Apple Design Award ստացած Shadowmatic-ը, քրաուդֆանդինգի մասնագետ Նարեկ Վարդանյանի հիմնած The Crowdfunding Formula ընկերությունը, անդրադարձ է կատարվում նաև նկարներ խմբագրելու համար նախատեսված PicsArt հավելվածին։ Որպես լավ օրինակ նշում է տեսանյութեր խմաբագրող Zoomerang-ին, որը մրցակցում է TikTok-ի հետ իր 10 միլիոն օգտատերերով։
Նշվում է, որ Հայաստանի կառավարությունը բիզնես սկսելու համար շահավետ նախապայմաններ է ստեղծում՝ առաջարկելով «բաց դռների» քաղաքականություն, որը նախատեսված է օտարերկրյա բիզնեսների և ներդրողների ներգրավման համար։
Կրթական բաժնում անդրադարձ է կատարվում նաև «Արմաթ» լաբորատորիաներին, որոնցից մեկում էլ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ներկայացրել է դասապրոցեսն ու նախագիծը։
«Մեկ անհատ Հայաստանի ուսանողների տեխնոլոգիական կրթության բարելավումը դարձրեց իր կյանքի առաքելությունը՝ Կարեն Վարդանյանը։ 2014 թվականին նա մեկնարկ տվեց «Արմաթ» ծրագրին, որը նպատակ ունի ռոբոտաշինական խմբակներ տեղադրել մարզային դպրոցներում Հայաստանով մեկ», – գրում է Շեպարդը։
«Արմաթ» նախագիծն անվճար է ու տարածվում է մեծ արագությամբ։ Այժմ կա ավելի քան 575 լաբորատորիա Հայաստանում ու Վրաստանում, որոնցում սովորելու հնարավորություն ունի ավելի քան 15,000 աշակերտ։ Շրջանավարտների 84%-ը, ըստ վիճակագրության, հետագայում ընդունվում է բուհ։
Հոդվածի վերջում Շեպարդը մեջբերում է կատարում Ալեքսիս Օհանյաի հետ ունեցած զրույցից, որում Օհանյանը նշում է, որ Հայաստանը կարող է դառնալ տաղանդավոր Արհեստական Բանականություն մշակողների էկո-համակարգ, ինչի մասին փաստում է մեր երկրում մաթեմատիկայի ու գիտության նկատմամբ մեծ քաղցը։