ՆՁԱԿ
   
 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Կարևորելով Հայաստանի տնտեսության թվային փոխակերպումների անհրաժեշտությունը՝ ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը 2023թ. մարտի 23-ին իրականացրեց միջոցառում-քննարկում «Թվային տնտեսություն. ագրարային ոլորտի զարգացման հեռանկարներ» խորագրով գրքի շուրջ գրքի հեղինակի՝ ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի փոխտնօրեն, տ.գ.թ., դոցենտ Մերի Մանուչարյանի մասնակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին ՀԱԱՀ Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի, ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի, Ռուսաստանի Գ.Վ.Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի, Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի դասախոսներ, ուսանողներ, «ԱՄԲԵՐԴ» հետազոտական կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի, «Էնթերփրայզ Արմենիա» (Ներդրումների աջակցման կենտրոն) հիմնադրամի, «Էներգետիկայի ինստիտուտ» ՍՊԸ-ի, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցներ:

Ներկաներին ողջունեց ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Նարինե Սիրականյանը՝ իր խոսքում կարևորելով արդի ժամանակներում թվային տնտեսության զարգացումը Հայաստանում՝ որպես առաջնահերթություն: Այդ տեսանկյունից նա կարևորեց թվային տնտեսության վերաբերյալ հեղինակի գիրքը, որի քննարկումը ոլորտի ներկայացուցիչների և հեղինակի մասնակցությամբ մի շարք նոր գաղափարների առաջացման և հիմնախնդիրների վերհանման հիմք կարող է հանդիսանալ ոլորտի հետագա զարգացման համար: Նա նշեց նաև, որ գիտատեխնիկական գրադարանը, ելնելով իր ուրույն բնույթից, որդեգրել է առաքելություն՝ դառնալ տնտեսության զարգացման գերակա ոլորտներում արդիական թեմաների շուրջ քննարկումների, հանդիպումների և այլ ձևաչափով միջոցառումների կազմակերպման և իրականացման հարթակ՝ գիտնականների, գյուտարարների, մասնագետների և հանրության շահագրգիռ ներկայացուցիչների համար:

Գրքի հեղինակ Մերի Մանուչարյանը մասնակիցներին ներկայացրեց իր գրքում տեղ գտած ագրարային ոլորտում թվային տնտեսության զարգացման առանցքային հիմնախնդիրները, թվայնացման մարտահրավերները, ոլորտի նորարարական ներուժը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, թվային տնտեսության ազդեցությունը աշխատաշուկայի վերափոխման վրա և նոր սերնդի թվային տեխնոլոգիաների մի շարք առավելությունները, ինչպես նաև անդրադարձավ թվային տնտեսության զարգացմանը ՀՀ-ում:

Հեղինակը իր հրատարակած մի շարք գրքեր նվիրաբերեց գրադարանին, որի համար գրադարանը նրան հանձնեց Շնորհակալագիր:

Մասնակիցները ծանոթացան նաև «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի կողմից մշակված խելացի գյուղատնտեսության առցանց հարթակին, որը ֆինանսավորվել էր Եվրոպական Հանձնաժողովի կողմից:

Հարթակը ներկայացրեց խելացի գյուղատնտեսություն ծրագրի հաղորդակցության փորձագետ Օնիկ Սանջյանը՝ խոսելով հարթակի բավականին հարուստ գործիքակազմի մասին, որը հնարավորություն է տալիս խելացի գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներին կապեր հաստատել Սևծովյան ավազանի տարածաշրջանի երկրների գործարարների, ֆերմերների, տեխնոլոգիա առաջարկողների և փնտրողների միջև և միաժամանակ համալիր գիտելիք է տրամադրում ոլորտի ներկայացուցիչներին:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում, ակտիվ քննարկում թվային տնտեսության տարբեր հարցերի շուրջ:

Մասնակից ուսանողների համար անցկացվեց նաև թվային տնտեսության վերաբերյալ վիկտորինա, որի հաղթողը նվեր ստացավ «Թվային տնտեսություն. ագրարային ոլորտի զարգացման հեռանկարներ» գիրքը հեղինակի մակագրությամբ:

Մասնակիցները ծանոթացան նաև գրադարանի մասնագիտական տեղեկատվական պաշարների թեմատիկ ցուցահանդեսին, առաջարկվող ժամանակակից ծառայություններին, իսկ նրանցից ոմանք գրանցվեցին՝ դառնալով գրադարանի օգտվողներ: