Տեղեկատվական սեմինար «Հայաստանում գործող ընկերություններին հասանելի ծրագրեր և գործիքներ»
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը գործընկեր կազմակերպություններ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ, Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում, գերմանական «SES» ավագ փորձագետների ծառայություն, «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ ս.թ. մայիսի 23-ին անցկացրել է տեղեկատվական սեմինար «Հայաստանում գործող ընկերություններին հասանելի ծրագրեր և գործիքներ» թեմայով:
Միջոցառմանը ներկա էին Երևանի առևտրաարդյունաբերական պալատի, «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի, բիզնես խորհրդատվական, հետազոտական, ծրագրային ապահովման, ծառայություններ տրամադրող ընկերությունների, բուհերի, ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի, փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներ և այլ հետաքրքրված անձինք:
Բացման խոսքով հանդես եկավ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը, ով կարևորեց Հայաստանում գործող ընկերությունների աջակցմանը ուղղված ծրագրերի, այդ թվում ՆՁԱԿ-ի կողմից ևս իրականացվող պետական ծրագրի վերաբերյալ նմանօրինակ տեղեկատվական միջոցառումների կազմակերպումը և հրավիրեց ներկաներին Կենտրոնի հետ համագործակցության:
ՆՁԱԿ-ի գլխավոր մասնագետ Մարգարիտա Մանուկյանը ներկայացրեց ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման աջակցության ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել ՀՀ տարածքում գործող ընկերությունների արտադրողականությունը` աջակցելով տնտեսավարողներին ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների:
Ձեռներեցների համար Եվրամիության շուկա արտահանման հնարավորությունների մասին ներկայացրեց Հայաստանում ԵՄ պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը:
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ներկայացուցիչ Գրիգոր Գասպարյանը ներկայացրեց Հայաստանի արտահանման ծրագրերը, արտահանող ընկերություններին մատուցվող ապահովագրական ծառայությունները, որոնք հանդիսանում են արդյունավետ լուծում արտահանման ռիսկերի կառավարման համար:
Գերմանական SES հայաստանյան ներկայացուցիչ Մարիամ Մաժինյանը և ծրագրի ղեկավարը ներկայացրերին Ավագ փորձագետների ծառայությունը, համաձայն որի գերմանացի փորձագետները իրենց օգնությունն ու կարողություններն են առաջարկում կազմակերպություններին, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատիրության, կրթական ու առողջապահական ոլորտների ներկայացուցիչներին:
ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրի ընդհանուր նկարագրի և եվրոպական նորարարական խորհրդի մրցույթների մասին ծավալուն ներկայացրեց ԳՆԳԱԿ հիմնադրամի ծրագրի ղեկավար Անահիտ Խաչիկյանը:
Միջոցառման ընթացքում մասնակիցները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ վերջում ունեցան անմիջական շփման և կապերի հաստատման հնարավորություն ոլորտի մասնագետների հետ: