Հայաստանը շարունակում է վստահորեն առաջ շարժվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում. Հակոբ Արշակյան
Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում շարունակում է վստահորեն առաջ գնալ. ոլորտը երկրի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղն է:
Տնտեսության տարբեր ճյուղերում խելացի լուծումների կիրառմանը նվիրված SILICON MOUNTAINS 2022 տարեվերջյան ամփոփիչ միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի ընթացքում,- ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
«Առկա ճգնաժամային պայմաններում բարձր տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր ներկայացուցիչների ներհոսք եղավ Հայաստան: Տարածաշրջանում բազմաթիվ երկրներ մրցավազքի մեջ են մտնում իրենց հարկային համակարգերով, ենթակառուցվածքային ծրագրերով, մեծ ընկերությունների հետ բանակցելու իրենց մարտավարությամբ: Անհրաժեշտ է սա որպես մարտահրավեր ընդունել և շարունակել այս ուղղությամբ մեծ աշխատանքներ ու ջանքեր գործադրել: Պետք է նաև խոստովանել, որ Հայաստանում՝ որքան էլ բարձր տեխնոլոգիաների ոլորտը առաջատար է աճի տեմպերով, դրանց կիրառումը հասարակության շրջանում և բիզնեսում գտնվում է ոչ այնքան բարձր մակարդակի վրա: Այս համատեքստում այսօրվա պանելային քննարկումները շատ կարևոր են»,- նշեց Արշակյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում գիտատեխնոլոգիական նոր թռիչք ապահովելու համար գիտությունը, կրթությունը, արդյունաբերությունը և տնեսությունը պետք է բերել ֆունդամենտալ նոր մակարդակի վրա:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ նախարարության առջև խնդիր է դրված ջանքեր գործադրել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու, զարգացնելու և առաջ մղելու ուղղությամբ։ Նպատակին հասնելու կարևորագույն քայլերից մեկը գիտության զարգացումն է, որակյալ կադրեր պատրաստելու անհրաժեշտությունը, հասարակության շրջանում գիտելիքի կարևորության ամրապնդումը։
«Մենք ունենք այնպիսի տաղանդավոր մասնագետներ, որոնք կարող են աշխատել բարդագույն ինժեներական և տեխնոլոգիական լուծումների վրա՝ ներկայանալով աշխարհին որպես բարձրակարգ մասնագետներ, Հայաստանը ներկայացնելով որպես տեխնոլոգիական երկիր։ Մենք հազարավոր կիլոմետրերով հեռու ենք Սիլիկոնյան հովտից, որտեղ նաև հայ մասնագետներն իրենց տեղն ու կարևոր դերն ունեն, բայց մենք ունենք մեր լեռների բարձունքներին հասնող միտք, որը Սիլիկոնյան հովտից հայկական լեռներն է բարձրացնում տեխնոլոգիական միտքն ու գաղափարները»,- նշեց նա:
Գագաթնաժողովը բաղկացած էր «Խելացի կառավարում», «Խելացի տնտեսություն», «Խելացի բանկային համակարգ», «Խելացի ենթակառուցվածքներ» խորագրերով պանելային քննարկումներից:
Խելացի կառավարումը ժամանակակից տնտեսության կարևորագույն բաղադրիչներից է, որը համադրում է տեխնոլոգիայի և նորարարության օգտագործումը՝ կառավարման մարմիններում որոշումների կայացումն ու պլանավորումը հեշտացնելու և աջակցելու նպատակով:
Խելացի տնտեսությունը տեխնոլոգիական նորարարությունների վրա հիմնված տնտեսությունն է, որն ապահովում է արդյունավետություն, կայունություն և բարձր սոցիալական բարեկեցություն, ինչպես նաև ծառայում է որպես հաջողության շարժիչ: Նորարարությունների և ձեռնարկատիրական նոր նախաձեռնությունների ընդունումը բարձրացնում է արտադրողականությունը և մրցունակությունը՝ նպատակ ունենալով բարելավել բոլոր քաղաքացիների կյանքի որակը:
Խելացի բանկային համակարգն անմասն չէր կարող մնալ, երբ խոսքը վերաբերում է թվային լուծումներին, քանի որ բանկն այսօր յուրաքանչյուրիս գրպանում է։
Խելացի բանկային համակարգի մասին խոսեցին ինչպես թվային լուծումներ կիրառած ու բազմամյա փորձ ունեցող բանկերի ղեկավարները, այնպես էլ նորաստեղծ ստարտափի հիմնադիրները։
Խելացի ենթակառուցվածքները էական նշանակություն ունեն խելացի երկիր ստեղծելու գործում, իսկ հեռահաղորդակցության ընկերությունները՝ կենսական դեր են խաղում ենթակառուցվածքների անխափան կապի ապահովման համար։
Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերությունների տնօրենները քննարկեցին խելացի ենթակառուցվածքներ ստեղծելու տեսլականը։
Արդեն չորրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն էր Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։
Silicon Mountains առաջին համաժողովն անցկացվել էր 2019թ. նվիրված էր ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին: Համաժողովի պատվավոր հյուրն էր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական դոկտոր Տակեո Կանադեն: Միջոցառմանը մասնակցում էին բանախոսներ համաշխարհային առաջատար կազմակերպություններից՝ Microsoft, Cisco, nCipher Security եւ NXP Semiconductors:
2021թ. կայացավ Silicon Mountains երկրորդ համաժողովը՝ նվիրված տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը (Digital Smart Economy)։ Համաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Դր. Չի-Ֆուն Չանը, ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։
2022 թվականին կայացավ թվով երրորդ Silicon Mountains համաժողովը, որը նվիրված էր թվային փոխակերպմանը։ Միջոցառմանն աջակցում էր ՀՀ Կենտրոնական բանկը։ Գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրեց «Կառավարության և ԿԲ համատեղ թվայնացման օրակարգը» թեման: Միջոցառման ընթացքում կայացավ երկու պանելային քննարկում՝ Թվային փոխակերպում և Ֆինտեք։
Սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է ներդրումներ անել Հայաստանում. Երևանում մեկնարկել է այլընտրանքային ներդրումների թեմայով միջազգային համաժողով
Երևանում մեկնարկել է «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» երկօրյա միջազգային համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 150 ներկայացուցիչներ` Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Կուրասաոյից։
Համաժողովի հիմնական նպատակն է Հայաստանում այլընտրանքային ներդրումների աղբյուրների աճի համար հնարավորությունների ստեղծումը: Միաժամանակ, համաժողովը Թվային Ջուղա ցանցի ակտիվացման կարևոր միջոցառումներից է՝ ի լրումն հայկական ստարտափների համար ներդրումների ներգրավման։
Վենչուրային և կորպորատիվ վենչուրային ֆոնդերը ֆինանսների աղբյուր են, որոնք ապահովում են ներդրումներ ստարտափներում, նորարարական նախագծերում` խթանելով տնտեսական աճը: Միջոցառման օրակարգը ներառում է ոլորտի վերաբերյալ կարևոր թեմաները՝ մասնավոր կապիտալի համաշխարհային շուկայի միտումները, մասնավոր կապիտալը՝ որպես այլընտրանքային ակտիվներ խելացի փողով ներդրումներ անելու համար:
Երկօրյա համաժողովի ամբողջ ընթացքում կաշխատի BDO Armenia-ի խումբը, որի մասնագետներն առաջնային խորհրդատվություն կմատուցեն ընկերություններին՝ հարկային և իրավական թեմաներով։
«Այլընտրանքային ներդրումների աղբյուրները կխթանեն փողի հոսքը դեպի Հայաստանի տնտեսություն՝ աջակցելով նորարար գաղափարներին, կբարձրացնեն արդյունավետությունը և հնարավորություն կստեղծեն ինստիտուցիոնալ կապիտալի կառավարման համար»,- նշեց «Orion Worldwide Innovations» -ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը:
Համաժողովը մեկ ընդհանուր հարթակում է հավաքել ներդրողների, վենչուրային ընկերությունների, ընտանեկան գրասենյակների, ֆինանսական կառույցների, մասնավոր ընկերությունների, կառավարությունների, դեսպանատների ներկայացուցիչների։
«Հայաստանի ֆինանսական շուկան այսօր բաղկացած է մոտ 10,3 մլրդ ԱՄՆ դոլարի վարկային ներդրումներից, 3,6 միլիարդ դոլարի պետական պարտատոմսերից, 1,1 միլիարդ դոլարի կորպորատիվ պարտատոմսերից, 670 միլիոն դոլարի թողարկված բաժնետոմսերից, իսկ մասնավոր կապիտալի ֆոնդերի կողմից տնտեսության մեջ տեղաբաշխված միջոցները 200 միլիոն դոլարից պակաս են: Զարգացած ֆինանսական էկոհամակարգեր ունեցող երկրներում մասնավոր կապիտալի ֆոնդերն ունեն բանկային վարկավորման և արժեթղթերի շուկայի կապիտալիզացիայի հետ համադրելի ծավալներ։ Այս համաժողովի նպատակներից մեկն էլ այլընտրանքային ներդրումների առավել արագանցիկ աճին նպաստելն է, որը վերջնարդյունքում նպաստելու է տնտեսական աճին և հանրային բարիքի ստեղծմանը»,- նշեց BDO-ի գործընկեր, Խորհրդատվական ծառայությունների ղեկավար Ալեքսանդր Շաղիկյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կարևորելով համաժողովը, նշեց, որ նախարարությունն ու կառավարությունը նպատակ ունեն զարգացնել տնտեսության ֆինանսավորման այլընտրանքային շերտերը։ Նրա խոսքով՝ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ կատարած համատեղ հետազոտությունների արդյունքը ցույց է տվել, որ սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել։ Մարդիկ դիտարկում են նաև մասնավոր ներդրումային հնարավորությունները։
«Հայաստանում կան մեծ հնարավորություններ մասնավոր ներդրումներ ներգրավելու համար։ Մեր կառավարության նպատակն է փոխել տնտեսության կառուցվածքը և սպառման վրա հիմնված աճի մոդելից տեղափոխվել ներդրումների վրա հիմնված մոդելի՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով ՀՆԱ-ի 25 տոկոսին, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ ՀՆԱ-ի 6 տոկոսին և այլն։ Ես հավաստիացնում եմ, որ ստեղծված են բոլոր նախապայմանները, որպեսզի մասնավոր ներդրումային ֆոնդերը Հայաստանում ծավալեն հաջող գործունեություն, և կառավարությունն ամեն կերպ կօժանդակի այդ ֆոնդերի ձևավորմանը և հաջողությանը»,- եզրափակեց Քերոբյանը։
Միջոցառումը կազմակերպվել է Orior Worldwide Innovations-ի և BDO Armenia-ի համագործակցությամբ։
Սիլիկոնային օազիսի հետ համագործակցությամբ ՏՏ ոլորտի հայկական ընկերություններ մասնաճյուղեր կբացեն Դուբայում
Դուբայի Սիլիկոնային օազիսի գլխավոր տնօրեն Հանս Հենրիկ Քրիստենսենը, որը Հայաստան է եկել «Մեյդ ին Արմենիա» ՀԿ-ի հրավերով, նախատեսում է համագորակցել հայկական ստարտափ ընկերությունների հետ: Նրա խոսքով՝ համագործակցությունների արդյունքում կաջակցեն հայկական ստարտափներին, Դուբայում հայկական ՏՏ ընկերությունների մասնաճյուղեր կբացվեն, հայ ծրագրավորողները Դուբայում աշխատելու հնարավորություն կունենան։
«Ակնհայտ է, որ համագործակցության մեծ հնարավորություններ կան, արդեն համատեղ աշխատանքներ տարվում են։ Դուբայը ՏՏ ոլորտում արտապատվիրման (աութսորսինգ) կարիք ունի։ Դուբայի կառավարությունը նպատակ ունի 1 միլիոն ՏՏ ծրագրավորող ունենալ։ Մենք շահագրրգռված ենք, որ հայկական ՏՏ կազմակերպությունները բացվեն նաև Դուբայում։ Խոսքը ոչ թե ռելոկացիայի, այլ նոր մասնաճյուղերի բացման մասին է։ Մենք կարևորում ենք նաև, որ Դուբայի ՏՏ կազմակերպությունները մասնաճյուղեր բացեն Հայաստանում։ Իմ այցով նպատակ ունեի հասկանալ թե ինչպես է Հայաստանի մշակույթն ու ՏՏ էկոհամակարգը գործում և զարգանում»,- նշեց Դուբայի Սիլիկոնային օազիսի գլխավոր տնօրենը։
«Մեյդ Ին Արմենիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը նշեց, որ Քրիստենսենի հետ հանդիպել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ԲՏԱ նախարարության ղեկավարության հետ, այցելել են ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, հանդիպում են ունեցել ISTC հիմնադրամի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարակատիրությունների, ՏՀՏ գործատուների միությունների հետ։
«Առաջիկայում «Մեյդ Ին Արմենիա» ՀԿ-ի և Դուբայի Սիլիկոնային օազիսի միջև համագործակցության հուշագիր կկնքվի։ Դուբայի Սիլիկոնային օազիսի ծրագրերը նախատեսվում են իրականացնել ՀԿ-ի միջոցով»,- նշեց Գրիգորյանը։
Դուբայի Սիլիկոնային օազիսի գլխավոր տնօրենը նշեց, որ «Բլոքսենթրո» կազմակերպության հետ կնքել են համագործակցության հուշագիր՝ ստեղծելու աշխարհում բլոկչեյնի առաջին էկոհամակարգը։
«Բլոքսենթրո» կազմակերպության հիմնադիր նախագահ Հայկ Վարդանյանն ընդգծեց, որ տոկենիզացումն ու բլոկչեյնը նոր հնարավորություններ կտան Հայաստանին։ Նրա խոսքով՝ սահմաններն արդեն դերակատարում չեն ունենա միջոցների ներգրավման հարցում։ Հայաստանը կունենա էկոնոմիկա առանց սահմանների:
Revytech-SAP համագործակցությամբ հայկական տեխնոլոգիաները կներկայացվեն միջազգային առաջատար շուկաներում
Revytech ՏՏ ընկերությունն ու տեխնոլոգիական հսկա համարվող գերմանական SAP-ն ու SAP Fioneer-ը համագործակցության պայմանագրեր են ստորագրել։ Համագործակցության հնարավորությունների, Հայաստանում թվային բարեփոխումների և հեղափոխական տեխնոլոգիաներ առաջարկող Ընկերության մասին պատմել է Revytech-ի գլխավոր տնօրեն Տիգրան Սիմոնյանը:
Revytech-Reform the reality. հեղափոխական տեխնոլոգիաներ հայկական ստարտափից
Ընկերության հիմնադրման գաղափարը վերջնականապես ձևավորվեց Արցախյան վերջին պատերազմից հետո, երբ որ հասկացանք, որ մենք ավելին պետք է անենք Հայաստանում, և պետք է ստեղծենք մի բան, որն իր պոտենցիալով շատ ավելի մեծ է մեր երկրի կողմից ընձեռնված տնտեսական հնարավորություններից և կունենա գլոբալ արժեք։ Իսկ դա կարող էր լինել տեխնոլոգիական ոլորտում, որովհետև այն մրցակցային բարձր պայմաններով ուղղություն է։
Այդպես, ստեղծեցինք Revytech ընկերությունը։ Այս ընկերության գաղափարի շուրջ համախմբված մեր թիմի նպատակն է Revytech-ը դարձնել Հայաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկն ու ձգտել նրան, որ այն համաշխարհային շուկայում զգալի դերակատարում ունենա։
Համաշխարհային շուկա դուրս գալու ամենաօպտիմալ ուղին միջազգային գործընկերային ցանցն է, որը մեզ հաջողվեց ձևավորել բավականին կարճ ժամանակահատվածում։
Revytech-SAP համագործակցությամբ հայկական ընկերությունը ներկայացված է լինելու միջազգային առաջատար շուկաներում
Revytech-ի հրավերով հնգօրյա այցով Հայաստան էին ժամանել տեխնոլոգիական հսկա համարվող, գերմանական առաջատար SAP և նրա դուստր ընկերության SAP Fioneer-ի ներկայացուցիչները Revytech-ի հետ համագործակցության պայմանագրերի ստորագրման, Հայաստանի թվային տրանսֆորմացիայի օրակարգին ծանոթանալու և ընթացիկ նախագծերի շրջանակներում գործնական հանդիպումների մասնակցելու նպատակով։ Այդ այցի շրջանակում էլ SAP-ի և SAP Fioneer-ի հետ կնքեցինք համագործակցության պայմանագրեր, որով Revytech-ը որպես SAP-ի պաշտոնական գործընկեր Հայաստանում, տրամադրելու է SAP ձեռնարկատիրական լուծումների ամբողջական ծառայություններ տնտեսության տարբեր ոլորտներում գործող ձեռնարկությունների համար՝ ներառյալ SAP ծրագրային ապահովման արտոնագրերի տրամադրում, նախագծերի շուրջ խորհրդատվություն, համակարգերի իրագործում և ինտեգրում, ինչպես նաև համակարգերի տեղայնացում, անհատական պահանջների իրագործում և նոր հավելվածների մշակում։
SAP ընկերությունը ձեռնարկությունների կիրառական ծրագրերի աշխարհում խոշորագույն մատակարարն է: Այն հիմնադրվել է 1972 թվականին Գերմանիայում և դարձել բիզնես գործընթացների կառավարման ծրագրային լուծումների աշխարհի առաջատար արտադրողներից մեկը, որը մշակում է ձեռնարկատիրական ծրագրեր՝ բիզնես գործառնությունները և հաճախորդների հետ հարաբերությունները կառավարելու համար։ Ընկերությունը լուծումներ է առաջարկում բիզնեսի 25 ոլորտների և 12 ուղղությունների: SAP ընկերության հաճախորդներ են հանդիսանում աշխարհի 100 խոշորագույն կազմակերպություններից 99-ը:
SAP Fioneer-ը SAP-ի դուստր ձեռնարկությունն է, որը հնարավորություն է տալիս բանկերին և ապահովագրական ընկերություններին փոխակերպել, զարգացնել և տարբերակել իրենց բիզնեսը՝ միաժամանակ բավարարելով արագության, մասշտաբայնության և ծախսարդյունավետության իրենց կարիքները թվային բիզնեսի, ամպային տեխնոլոգիաների, բանկային և ապահովագրական գործընթացների ավարտուն լուծումների միջոցով: SAP Fioneer-ն ունի գրասենյակներ և գործառնություններ ամբողջ աշխարհում և հզոր ներկայություն Եվրոպայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Մեր նպատակներից մեկը նաև երկրի տեխնոլոգիական պոտենցիալը ցույց տալն է, այդ պատճառով էլ այցի շրջանակում հանդիպումներ ենք ունեցել տարբեր կառավարական, բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ներկայացրել ենք մեր տեսլականն ու հնարավորությունները։
Բացի SAP-ից, համագործակցում ենք նաև աշխարհի առաջատար այլ տեխնոլոգիական հսկաների հետ, ինչպիսիք են` HPE-ն (Hewlett Packard Enterprise), UiPath-ը և Thales-ը: Այս ընկերությունները աշխարհի առաջատարներն են իրենց ոլորտներում և ներկայացված են 180-ից ավել երկրներում,ուստի նրանց հետ համագործակցությունը մեզ հնարավորություն կտա հասանելիություն ունենալ այդ երկրների շուկաներին, և, իհարկե, նաև միջազգային լավագույն փորձն ու տեխնոլոգիաները բերել Հայաստան, ու այսպիսով մեր ներդրումն ունենալ Հայաստանի տնտեսական զարգացման և տեխնոլոգիական վերազինման գործում։
Աշխարհում ընդունված ձևաչափ է, երբ ընկերությունները ձեռք են բերում որևէ պրոդուկտի արտոնագիրը և այն վերավաճառում, բայց մեր հիմնական նպատակը այլ է, այն է՝ մեր հաճախորդների համար մշակել և ներդնել բարդ տեխնոլոգիական լուծումներ՝ օգտագործելով մեր մասնագետների և մեր գործընկերների հսկայական ներուժը:
Այսօր Revytech-ը մատուցում է ծառայություններ մի շարք ուղղություններով՝ սերվերային և ցանցային սարքավորումների մատակարարում, SAP, UiPath և Thales ընկերությունների ծրագրային ապահովման արտոնագրերի վաճառք, ծրագրային ապահովման մշակում, ցանկացած բարդության տեղեկատվական ենթակառուցվածքների ստեղծում և սպասարկում, տվյալների կենտրոնների ստեղծում և կառավարում, կառուցվածքային և օպտիկական ցանցերի նախագծում և իրականացում, կորպորատիվ էլեկտրական սնուցման ցանցի նախագծում և մոնտաժ։
Հանդիսանալով Hewlett Packard Enterprise-ի պաշտոնական բիզնես գործընկերը Հայաստանում մենք մատակարարում ենք աշխարհի առաջատար սարքավորումները, ամպային և հիբրիդ տվյալների կենտրոնների լուծումներ, ինչպես նաև Aruba ցանցային և անվտանգության լուծումներ: Ի տարբերություն HPE այլ գործընկերների՝ Revytech-ը հետաքրքրված չէ զուտ սարքավորումների մատակարարմամբ և դրանց սպասարկմամբ, փոխարենը մենք մեր գործընկերներին առաջարկում ենք ամբողջական լուծումներ իրենց բիզնեսի զարգացման համար, որի շրջանակներում և՛ մշակում ենք լուծման ճարտարապետությունը և՛ մատակարարում ենք HPE սարքավորումներ, իրականացնում ենք դրանց տեղադրումը, սպասարկումը, ինչպես նաև իրականացնում անհրաժեշտ տեղեկատվական ենթակառուցվածքի ստեղծումը։
Լինելով RPA ոլորտում աշխարհի առաջատար UiPath ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ Revytech-ը մատուցում է նաև ռոբոտացման միջոցով գործընթացների ավտոմատացման (RPA - Robotic Process Automation) ծառայություն, որի միջոցով ձեռնարկությունները կարող են իրականացնել թվային աշխատուժի ստեղծման հայեցակարգը՝ էապես բարձրացնելով գործառնական արդյունավետությունը: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս ցանկացած բարդության կրկնվող և ձանձրալի աշխատանքը փոխանցել ռոբոտներին, իսկ մարդկային ռեսուրսը օգտագործել միայն հավելյալ արժեք ստեղծելու նպատակով։
Revytech-ն առաջարկում է արհեստական բանականության (AI) և մեքենայական ուսուցման (ML) տեխնոլոգիաների վրա հիմնված պրոդուկտների մշակման ծառայություններ, ինչպես նաև կիբեր (Cyber security) և տեղեկատվական անվտանգության (Information Security) ապահովման ծառայություններ։ Կիբեր անվտանգությունը ընդհանրապես մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերներից մեկն է և այստեղ մենք բավականին լուրջ անելիք ունենք: Շուտով կգործարկենք մեր մասնագետների կողմից տարատեսակ ձեռնարկությունների տեղեկատվական համակարգերի ներթափանցման թեստավորում (Penetration testing), ընդ որում՝ հաշվի առնելով այսօրվա իրողությունները՝ պատրաստ ենք երկրի կրիտիկական ենթակառուցվածքի մաս հանդիսացող ձեռնարկությունների համակարգերի թեստավորումն իրականացնել անվճար և հնարավորինս զսպել օտարերկրյա հաքերային հարձակումներից բխող ռիսկերը:
Այսինքն՝ մենք կարող են բավարարել հաճախորդի ամենապարզից մինչև ամենաբարդ պահանջները:
Ինչպես նշեցի, մեր նպատակը հեղափոխական տեխնոլոգիական լուծումներ առաջարկելն ու միջազգային շուկա դուրս գալն է։ Այս ուղղությամբ ևս մեկ կարևոր ձեռքբերում ունենք. Ամերիկայի Միացյալ Նահանգներում արդեն գործում է Revytech America ընկերությունը, որը մեր դուստր ձեռնարկությունն է, ու ավելի լայն հնարավորություններ կընձեռի Ամերիկյան շուկա մտնելու և միջազգային ներդրումների ներգրավման տեսանկյունից։
Պրոֆեսիոնալ թիմը՝ հաջողության գրավական
Այսօր, ցանկացած բնագավառում ամենակարևորը մարդկային կապիտալն է՝ թիմը, որն ունի հստակ տեսլական, կիսում է միևնույն արժեքները, գաղափարն ու նպատակները։ Revytech-ը ստեղծվել է ֆինանսաբանկային ոլորտում ավելի քան քսան տարվա աշխատանքային և բազմազան նախագծերի իրականացման փորձ ունեցող պրոֆեսիոնալների կողմից: Պրոֆեսիոնալիզմը, գիտելիքը, հմտությունն ու փորձը և աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ ինստիտուցիոնալ կապերն են այն նախադրյալները, որոնց շնորհիվ հավակնում ենք դառնալ առաջատարը Հայաստանում։
Revytech-ի թիմը մեծ փորձ ունի ֆինանսաբանկային ոլորտում, իսկ աշխարհում ու առավել ևս Հայաստանում այդպիսի հմտությունները բավականին քիչ են։ Մեր թիմը համալրելու համար նաև մասնագիտական որակավորման դասընթացներ ենք անցկացնելու, որպեսզի տեղում պատրաստենք ժամանակակից պահանջներին համապատասխան կադրեր։
Նախատեսում ենք 3-4 տարվա ընթացքում թիմն ընդլայնել՝ ստեղծելով 400-ից 500 աշխատատեղ։ Մեր թիմը ներդնում է իր ամբողջ գիտելիքը, տաղանդն ու ժամանակը՝ կյանքի կոչելու մեր ամենահամարձակ գաղափարներն ու նպատակները։
Ինչպե՞ս կապել գիտությունը, տեխնոլոգիաները և բիզնեսը, և ո՞րն է դրանում պետության դերը. Հայաստանում ընթանում է Science & Technology Convergence Conference 2022–ը
Երևանում սեպտեմբերի 28-29- ին կայացել էարհեստական բանականության, ռոբոտաշինության և կառավարման, ավիատիեզերական արդյունաբերության և հաշվողական կենսաբանության թեմաներով է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա STCC գիտաժողովը:
Գիտության եւ տեխնոլոգիաների կապի հարցում պետությունը երկու դեր ունի. առաջինը՝ չխանգարել, երկրորդը՝ հանդես գալ ռազմավարական նախաձեռնություններով, ընտրել նպատակներ եւ դրանց համար կոնկրետ բյուջե նախատեսել։ Այս մասին Science & Technology Convergence Conference 2022 (STCC) համաժողովի ընթացքում NEWS.am Tech-ի թղթակցի հետ զրույցում ասաց կազմակերպիչներից մեկը՝ SmartGateVC վենչուրային հիմնադրամի համաղեկավար Աշոտ Արզումանյանը։
Նա նշեց, որ պետությանն այսօր լավ է հաջողվում կատարել առաջին դերը, իսկ ահա երկրորդի համար դեռ շատ աշխատանք կա կատարելու։
Աշոտ Արզումանյանը նշեց, որ Science & Technology Convergence Conference 2022 համաժողովի նպատակը մեկ տանիքի տակ ներդրողներին, գործարարներին, պետական հատվածի ներկայացուցիչներին հավաքելն է՝ քննարկելու համար Հայաստանում գիտության զարգացման կարեւոր խնդիրները, տնտեսության եւ գիտության կապի հարցերը, առանձին թիրախային ոլորտներում, մասնավորապես՝ հաշվիչ կենսաբանությունում, ինքնավար համակարգերի վերլուծությունում, ռոբոտոշինության զարգացման նախաձեռնությունների իրականացման խնդիրները եւ այլն։
Նա հավելեց, որ համաժողովը նաև մի հարթակ է, որտեղ գիտնականները եւ գործարարները կարող են ներկայացնել իրենց տեսակետը պետական պաշտոնյաներին, ինչպես նաեւ լսել, թե իշխանության ներկայացուցիչներն ինչ պատկերացումներ եւ մտահղացումներ ունեն այս ուղղությամբ։
«Պետք է հասկանալ, որ պետությանն այս ամենի համար անհրաժեշտ է մեծ կառավարչական ռեսուրս՝ բարձրորակ կադրերով։ Իսկ մենք գիտենք, որ մեր համակարգում սա խնդիր է, դրա համար էլ կառավարչական որոշումների առաջխաղացումը բավական դժվար է։ Մենք ունենք ե՛ւ պրոֆեսիոնալ կադրերի ներգրավման, ե՛ւ աշխատավարձի բարձրացման, ե՛ւ մրցունակ պետական հատվածի ձեւավորման խնդիր», - ասաց նա։
Որպես համագործակցության հաջող օրինակ, որը հաստատվել է STCC-ի անցած տարվա համաժողովի շրջանակում (ընթացիկը չորրորդն է), Աշոտ Արզումանյանը նշեց Biosim ընկերության ստեղծումը, որն ԱՄՆ-ում հիմնել է Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Գարեգին Պապոյանը։ Ընկերությունն զբաղվում է հաշվիչ մեթոդների հիման վրա դեղերի ստեղծման հեղափոխական մեթոդներով, եւ դրա գիտական մշակումները կատարում է գիտնականների խումբն այստեղ՝ Հայաստանում։ Նախագծի ներդրողը SmartGateVC հիմնադրամն է։
Համաժողովի համակազմակերպիչ՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Աբրահամյանը NEWS.am Tech-ի թղթակցի հետ զրույցում նշեղ, որ այս համաժողովի նպատակը ինդուստրիալ ընկերությունների հետ գիտական ինստիտուտների համագործակցությունը խթանելն է։
«Հիմնական խնդիրը գիտության եւ ինդուստրիայի միջեւ բացը լրացնելն է, եւ կարեւոր է, որպեսզի գիտության եւ ինդուստրիայի ներկայացուցիչները սկսեն շփվել միմյանց հետ։ Եվ մենք շփման այդպիսի հարթակ ենք տրամադրում ու հրավիրում ենք երկրի բոլոր գիտական ինստիտուտների եւ բուհերի ներկայացուցիչներին»,- ասաց նա։
Խոսքն, ըստ նրա, այն մասին է, որ ինդուստրիալ ընկերությունները ԳՀԻ-ներին պատվիրում են գիտահետազոտական աշխատանքեր եւ վճարում են դրանց դիմաց։ Եվ դա խթանում է թե՛ գիտության, թե՛ արդյունաբերության զարգացումը։
Սերգեյ Աբրահամյանը նշեց, որ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, շնորհիվ այս հարթակի, սերտ համագործակցություն է հաստատել Siemens ընկերության հետ թվային տեխնոլոգիաների ոլորտում, ծածկագրության, արհեստական բանականության կիրառման եւ այլ ոլորտներում։ Այլ օրինակ. անցած տարվա համաժողովից հետո երիտասարդ գիտնականները, որոնք ուսանել են արտասահմանում, վերադարձել են Հայաստան եւ հիմնել նոր լաբորատորիա ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետում։
Նա նշեց, որ համագործակցությունը պետական հատվածի հետ առայժմ այնքան էլ լավ չի ստացվում, եւ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի պետությունը ճիշտ ձեւավորի պետպատվերը, եւ համաժողովի պանելային քննարկումներից մեկը նվիրված է լինելու այդ թեմային։ «Մենք հարցեր ենք առաջադրում. ինչպիսի՞ն պետք է լինի պետպատվերը, ո՞վ պետք է կազմի այն, ունի՞ արդյոք պետությունն այնպիսի մարմին, որը կկարողանա ճիշտ ձեւակերպել գիտական խնդիրըները, ո՞վ է գնահատելու կատարված աշխատանքի որակը եւ այլն»,- ասաց նա։
STCC համաժողովի գործընկերոջ՝ «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչ Տիգրան Շահվերդյանը նշեց, որ այս միջոցառման նպատակը գիտությունը եւ տեխնոլոգիաները, ակադեմիական հանրույթը մասնավորի եւ քաղաքականություն մշակողների հետ կապելն է՝ ավելի մեծ ավելացված արժեքի ստեղծման համար։
Նա նշեց, որ սա դասական համաժողով չէ, որտեղ գիտնականները ներկայացնում են իրենց ձեռքբերումները։ Միջոցառման նպատակը կապերի խթանումն է, հրավիրված են մարդիկ, ովքեր մասնագիտացել են հենց այդ ոլորտում։ Խոսելով այս գործում պետության դերի մասին՝ Տիգրան Շահվերդյանը նշեց, որ Հայաստանում չի ձեւավորվել պետպատվերի համակարգ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿ) ոլորտում։ Օրինակը Ռազմարդյունաբերական կոմիտեի աշխատանքն է, որը չի կարողանում ծախսել ընդամենը 10 մլն դրամանոց բյուջեն։
Հայաստանի զբոսաշրջային վայրերը կարող են տեղ գտնել աշխարհահռչակ վիրտուալ հարթակում․ կորեական ընկերությունը պատրաստ է համագործակցության
Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում լրջագույն նվաճումների հասած Հարավային Կորեայում քիչ չեն մարդկանց տարբեր ծառայություններ առաջարկող, նրանց կյանքը հեշտացնող, հետաքրքրությունները բավարարող հավելվածները։ Երկրի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Naver Z-ի ZEPETO հավելվածը համարվում է Հարավային Կորեայի հիմնական բրենդներից մեկը։ Հավելվածը մարդկանց հնարավորություն է տալիս վիրտուալ տիրույթում, այլընտրանքային իրականության մեջ ստեղծել սեփական կերպարը՝ ավատարը, և դրանով իր համար տարբեր բացահայտումներ անել, լինել վայրերում, որտեղ իրական կյանքում այցելել չի հաջողվել, օրինակ, Փարիզում, ծանոթանալ այլ երկրների զբոսաշրջային վայրերին, շփվել այլ մարդկանց հետ, ավտոմեքենա վարել, ամուսնանալ, մասնակցել երեկույթների, բավարարել տարբեր այլ հետաքրքրություններ։ Հավելվածը 300 միլիոնի հասնող օգտատերեր ունի աշխարհի տարբեր երկրներում։ Ընկերությունից պատրաստակամություն են հայտնում համագործակցել նաև Հայաստանի հետ, մասնավորապես, այնտեղ կարող են տեղ գտնել Հայաստանի զբոսաշրջային վայրերը և աշխարհի տարբեր երկրների օգտատերեր կարող են վիրտուալ տիրույթում տեսնել դրանք ու, ինչու ոչ, ցանկություն հայտնեն այցելել Հայաստան։
Կորեայի մշակույթի և տեղեկատվության ծառայության կազմակերպած մեդիատուրի շրջանակներում Naver Z ընկերության բիզնեսի առաջխաղացման մենեջեր Այրիս Սոնն ընդգծեց, որ իրենց ամենահայտնի ծրագիրը ZEPETO հավելվածն է, որը մեծ թափով տարածում է ստանում աշխարհի տարբեր երկրներում՝ ներգրավելով նորանոր և տարբեր հետաքրքրություններ ունեցող օգտատերերի։ Ընկերությունը ներդրումներ է ստանում ինչպես Հարավային Կորեայի կառավարությունից, այնպես էլ տարբեր մասնավոր կազմակերպություններից։
«ZEPETO-ն հարթակ է վիրտուալ իրականության մեջ, որտեղ մարդիկ կարող են հանդիպել միմյանց: Այնտեղ մարդիկ կարող են ստեղծել իրենց ավատարները, ստեղծել իրենց համար հարմար միջավայր։ Դա, այսպես ասած, նոր աշխարհ է վիրտուալ իրականության մեջ։ Հարթակի հիմնական օգտատերերը 13-22 տարեկան անձինք են: Օգտատերերի մեծ մասը կանայք են: Սա անսովոր երևույթ է խաղերի և տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտների համար: Օգտատերերի 90 տոկոսն այլ երկներից են: Սա շատ զարմանալի է: Մենք նրանց անվանում ենք գլոբալ օգտատերեր: Նրանք սովորաբար Ասիայի երկրներից են՝ Ինդոնեզիայից, Թայլանդից, օգտատերեր կան նաև Ֆրանսիայից, Բրազիլիայից և այլն»,- մանրամասնեց Այրիս Սոնը:
Նա հավելեց, որ հարթակի կորեացի օգտատերերը, ի տարբերություն արտերկրի օգտատերերի, տարբեր տարիքային խմբերի օգտատերեր են։ Սոնը դա բացատրում է այն հանգամանքով, որ Naver Z-ը, համաշխարհային խոշոր ընկերություն է, ուստի կորեացիների մոտ վստահություն կա ընկերության առաջարկած ծառայությունների նկատմամբ։
Զրույցի ընթացքում պարզեցինք, որ ZEPETO հարթակում Հայաստանից ևս կան օգտատերեր, սակայն նրանց քանակը շատ քիչ է: ZEPETO հարթակի ծառայություններից օգտվելու համար հարկավոր է ընդամենը սմարթֆոն, ինտերնետ և հավելվածը: Հավելվածը ներբեռնումն անվճար է:
Ընկերությունը համագործակցում է նաև Կորեայի պետական կառույցների հետ: Սոնը տեղեկացրեց, որ համագործակցել են Կորեայի Հանրապետության զբոսաշրջային գործակալության հետ․ համագործակցությունից առաջ հարցում են անցկացրել՝ հասկանալու համար, թե Կորեայում որն է ամենաշատ ժողովրդականություն վայելող վայրն օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Եվ արդյունքը եղավ այն, որ ամենաժողովրդականություն վայելով վայրը երկրի մայրաքաղաք Սեուլ գետի մեջտեղով հոսող Հան գետի ափին գտնվող Հանգանգ այգին է: Հենվելով այդ արդյունքի վրա՝ ZEPETO-ն ստեղծել է այդ այգին այլընտրանքային իրականության մեջ: «Այնպես որ ես հույս ունեմ, որ մենք կարող ենք համագործակցել նաև Հայաստանի հետ: Դուք հավանաբար ունեք գեղեցիկ վայրեր, և մենք կցանկանանք, որ այդպիսի գեղեցիկ վայրերը լինեն մեր հարթակում: Այդ դեպքում մենք տնից, բազմոցին նստած, կարող ենք վայելել Հայաստանի գեղատեսիլ վայրերի գեղեցկությունը: Իրականում կորոնավիրուսի պատճառով շատերն էին միայնակ զգում, և մետավերսի համակարգում մարդկային շփումն անսահման պոտենցիալ ունի, դրա համար մարդիկ կարող են զգալ և անել այն, ինչ հնարավոր չէ անել իրական կյանքում»,- նշեց Սոնը:
Naver Z ընկերության բիզնեսի առաջխաղացման մենեջերը հայտնեց, որ իրենց ընկերությունը համագործակցում է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Nike-ը, Gucci-ն, Samsung-ը։ Նրա խոսքով՝ այդ ընկերությունները իրենց հետ համագործակցում են՝ երկարաժամկետ հեռանկարում իրենց բրենդն առաջ մղելու նպատակով։ «Նրանք ցանկանում են հասկանալ, թե ինչպես են Z սերնդի ներկայացուցիչները՝ ZEPETO հարթակի օգտատերերը, իրենց դրսևորում այլընտրանքային իրականությունում, ինչ են նրանք սիրում, ինչ նախասիրություններ ունեն, ինչով են զբաղվում ազատ ժամանակ: Հենց դրա համար են նրանք համագործակցում մեր ընկերության հետ»,- մանրամասնեց Այրիս Սոնը:
Ընկերությունը պլանավորում է ընդլայնել հարթակի հնարավորությունները, ստեղծել նոր այլընտրանքային աշխարհներ վիրտուալ տիրույթում։ Սոնն ընդգծում է, որ շուկայում արդեն կան շատ նման հարթակներ, դրա համար ցանկանում են բոլոր այդ հարթակները միավորել, որպեսզի ավելի շատ մարդկանց համար այլընտրանքային իրականության մեջ հանդիպելու հնարավորություն ստեղծեն:
Եզրափակելով զրույցը՝ Այրիս Սոնը հայտնեց, որ վերջերս ZEPETO հարթակում նոր տարի են դիմավորել և հավելվածում հետհաշվարկ են արել աշխարհի տարբեր քաղաքներում:
Զալցբուրգի համալսարանն Արցախի մշակութային-հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար դրամաշնորհներ է սահմանել
Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի քրիստոնեական արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժինը բաժնի վարիչ, հայագետ Ժասմին Դում-Թրագուտի նախաձեռնությամբ կրթաթոշակներ է սահմանել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությունն ուսումնասիրող հետազոտողների համար: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
2022 թվականի գարնանը սկսված կրթաթոշակային նոր ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ հետազոտողներին՝ ուսումնասիրելու Արցախի մշակույթի և արվեստի պատմությանը վերաբերող թեմաները՝ առանձնահատուկ շեշտադրելով նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող հարցերը։
Կրթաթոշակի առավելագույն գումարը 3000 եվրո է: Դրամաշնորհի շրջանակում հնարավոր է կազմակերպել նաև կարճաժամկետ կացություն Զալցբուրգում։
«Արցախի մշակութային հոգևոր ժառանգության վրա կենտրոնացած հայագիտական հետազոտությունների դրամաշնորհների» հայտերի ընդունման ժամկետը մեկնարկել է հուլիսի 1-ից, իսկ վերջնաժամկետը 2022 թվականի հոկտեմբերի 1-ն է։
Հետազոտությունների շրջանակն ընդգրկում է հետևյալ թեմաները.
Հայագիտության ցանկացած բնագավառ (լեզու, պատմություն, մշակույթ, արվեստ, աստվածաբանություն, ազգագրություն, հնագիտություն և այլն)՝ կենտրոնանալով Արցախի մշակութային-հոգևոր ժառանգության վրա և շեշտադրելով միջառարկայական մեթոդներն ու մոտեցումները: Հատկապես ողջունելի են հայագիտության հետևյալ ուղղությունները՝ ընդհանուր, պատմական և համեմատական լեզվաբանություն, տարածքային լեզվաբանություն, կոնտակտային լեզվաբանություն, բարբառագիտություն, ազգագրություն, արվեստ և ճարտարապետություն, ձեռագիր ուսումնասիրություններ (կոդիկագիտություն), հնագիտություն, միջնադարյան պատմություն, վաղ ժամանակակից պատմություն, աստվածաբանություն, կրոնագիտություն և ոլորտին սերտորեն կապված այլ առարկաներ:
Նախագծերը պետք է հիմնված լինեն հիմնարար հետազոտության, արխիվային կամ դաշտային աշխատանքի, ինչպես նաև արդի գիտական մոտեցումների ու տեսությունների վրա:
Նախագծերը պետք է ունենան հստակ արդյունք՝ գիտական հրապարակման տեսքով:
Դիմումի լեզուն պետք է լինի անգլերենը: Ծրագրի արդյունք(ներ)ը նույնպես պետք է գրված լինի անգլերեն կամ ցանկացած արևմտյան լեզվով: Նախագիծն ինքնին կարող է լինել հայերեն կամ այլ լեզվով (օրինակ՝ ռուսերեն, գերմաներեն, իտալերեն և այլն):
Կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել վերոհիշյալ առարկաների մինչև 35 տարեկան և արդեն իսկ գիտական ուսումնասիրության փորձ ունեցող շրջանավարտները, մագիստրոսներն ու ասպիրանտները:
Անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացնել նաև ծախսերի բաշխման, ժամանակացույցի, աշխատանքային պլանի, ինչպես նաև հետազոտության հայեցակարգի վերաբերյալ տեղեկություններ:
Պայմանների և պահանջների մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի գլխավոր էջ:
FAST-ը դարձել է «Սթարմուս» փառատոնի գործընկեր. կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ու STARMUS միջազգային փառատոնի միջև հուշագիր է ստորագրվել սեպտեմբերի 5-11-ը Երևանում կայանալիք միջազգային «Սթարմուս» գիտական 6-րդ փառատոնին ընդառաջ։ FAST-ը՝ որպես Հայաստանում կրթական ու գիտական էկոհամակարգի վերափոխման առաջամարտիկ, հանդես կգա գիտության, արվեստի ու երաժշտության ոլորտի «Սթարմուս» փառատոնի գործընկեր՝ նպաստելով կազմակերպության առաքելության իրականացմանն ու գիտության հանրայնացմանն ուղղված միջոցառումների կայացմանը Հայաստանում։ Հավատարիմ մնալով գիտության ոլորտում կրթության զարգացման տեսլականին՝ FAST-ը ձեռք է բերել «Սթարմուս» փառատոնի 100 տոմս, որոնք տրամադրելու է Հայաստանի ավագ դպրոցների աշակերտներին՝ այս կարևոր իրադարձությանը մաս կազմելու համար։
Հիմնադրամը նաև մասնակցություն կունենա «50 տարի Մարսի վրա» խորագրով փառատոնի շրջանակներում իրականացվող Գիտության ճամբարին, որը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից՝ Ազատության հրապարակում։ «Սթարմուսի» Գիտության ճամբարը կմեկտեղի ամենատարբեր թեմատիկ ուղղություններ։ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն (FAST) առանձին տաղավարի միջոցով կներկայացնի իր հնգամյա գործունեությունը արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում և կցուցադրի տեղական ԱԲ ընկերությունների պրոդուկտները՝ ոլորտի հանրայնացման նպատակով։
FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը բարձր է գնահատել այս համագործակցությունը՝ շեշտելով, որ այն կնպաստի նոր սերնդի շրջանում գիտության հանդեպ հետաքրքրության բարձրացմանը։ «Մեր նպատակներից է աջակցել Հայաստանին մինչև 2041 թվականը հայտնվելու տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտում հինգ առաջատար նորարար երկրների ցանկում: Գիտենք՝ ճանապարհը բարդ է ու շատ աշխատատար, բայց Հայաստանի գիտական ավանդույթները հույս են ներշնչում, որ, զարգացած նորարարական էկոհամակարգ ունենալու պարագայում, կկարողանանք մեր ներուժը ճիշտ իրացնել ու ապահովել այդքան ցանկալի թռիչքաձև աճը»,-նշել է Արմեն Օրուջյանը։
«Սթարմուսի գլխավոր նպատակը երիտասարդներին ոգեշնչելն է, որպեսզի հետաքրքրվեն ու զբաղվեն գիտությամբ։ Մենք ի սկզբանե էլ համոզված էինք, որ համագործակցելու ենք FAST-ի հետ և վստահ ենք, որ այն կշարունակվի նաև ապագայում, քանի որ FAST-ի գլխավոր նպատակն է գիտության ու տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում, ինչը լիովին համընկնում է մեր առջև դրված խնդիրների հետ։ Ես ուղղակի համոզված եմ՝ FAST-ի հետ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի սևեռենք աշխարհի ուշադրությունը Հայաստանի վրա՝ որպես գիտական նվաճումների երկրի»,- ասել է «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը:
FAST-ի տաղավարում ներկաները կծանոթանան արհեստական բանականության կիրառություններին երաժշտության, դեղերի նախագծման և այլ ոլորտներում։ Տասը նորարար ստարտափեր, որոնք FAST-ի տարբեր ծրագրերի շահառուներ են, կներկայացնեն իրենց կողմից կիրառվող ԱԲ լուծումները։ Տաղավարի այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու հետաքրքիր խաղերի և մրցույթների՝ ձեռք բերելով նոր գիտելիք և տպավորիչ փորձառություն։
«Սթարմուս» փառատոնի ձևաչափը ներառում է գիտական բանավեճեր, պանելային քննարկումներ, ցուցահանդեսներ, համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ և բազմաթիվ այլ միջոցառումներ: Հայաստանում անցկացվող փառատոնին ելույթ կունենան Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Քիփ Թորնը, Էմանուել Չարպանտյեն, Դոննա Սթրիքլենդը, Էդվարդ Մոզերը, Միշել Մայորը, տիեզերագնացներ Չարլի Դյուկը և Քրիս Հադֆիլդը, ով առաջին անգամ տիեզերքից կիթառ է նվագել, Չարլզ Բոլդենը և iPod-ի նվագարկիչի գյուտարար Թոնի Ֆադելը, ինչպես նաև ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Ջիմ Բաղյանը։
«Սթարմուս» միջազգային գիտական փառատոնը հիմնադրել են աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը և Queen խմբի լեգենդար կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը։
Այս տարի աշնանը՝ հոկտեմբերի 5-6-ին արդեն չորրորդ անգամ Երևանում FAST-ը կանցկացնի Գլոբալ ինովացիոն ֆորումը (GIF22)-ը՝ «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո՝ առանցքում ունենալով արհեստական բանականության բազմոլորտ կիրառություններն ու մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցությունները։ Այն բացառիկ հարթակ է գիտական աշխարհի առաջատար մասնագետներին, գործարարներին ու մտածողներին Հայաստանում համախմբելու, աշխարհում առկա նորարարական թրենդներն ու ի հայտ եկող մարտահրավերները քննարկելու, լուծումներ ուրվագծելու, այդպիսով՝ ստեղծելով կամուրջ գիտության ու արդյունաբերության, կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների միջև:
Հայաստանը՝ ինժեներական լուծումներ առաջարկող երկիր. մեկնարկեց SILICON MOUNTAINS 2022 գագաթնաժողովը
Արդեն երրորդ անգամ անցկացվող SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովն այս տարի նվիրված է թվային փոխակերպմանը։ Գագաթնաժողովը մեկնարկեց Մատենադարանում՝ հունիսի 17-ին, ՀՀ կառավարության ներկայացուցիչների, ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարների և արտերկրից հրավիրված փորձագետների մասնակցությամբ, որոնք քննարկել են թվային փոխակերպման կարևորությունը և թվային լուծումների կիրառումը տարբեր ոլորտներում:
ՏՀՏ գործատուների միության տնօրեն Էդուարդ Մուսայելյանը նշեց, որ նպատակ ունեն Հայաստանը դիրքավորել որպես տեխնոլոգիապես զարգացած, ինժեներական լուծումներ առաջարկող, բարձրակարգ մասնագետների երկիր:
«Նախորդ երկու գագաթնաժողովները նվիրված էին «խելացի» թվային տնտեսությանը. թե ինչպես թվային տեխնոլոգիաները կարելի է կիրառել տնտեսության տարբեր ճյուղերում և ստանալ արդյունք: Թվային փոխակերպումը դրա տրամաբանական շարունակությունն է: Ունենք հետաքրքիր բանախոսներ, պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր խոսել են թվային օրակարգից, միջազգային փորձից, ֆինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից»,- նշեց Մուսայելյանը:
Վերջինս կարևորեց Հայաստանի դիրքը որպես տեխնոլոգիապես զարգացած, ինժեներական լուծումներ առաջարկող, բարձրակարգ մասնագետների երկիր:
«Սրա նպատակն է ինֆորմացիան էլ ավելի հասանելի դարձնել՝ մատուցելով այնպես, որ մարդիկ հասկանան տեխնոլոգիաների կիրառության կարևորությունը: Հասկանան, որ մենք չունենք այլ շանս. պետք է գնանք բարձր տեխնոլոգիական և ինժեներական ուղղությամբ: Տարբեր երկրների օրինակներին նայելով և հաշվի առնելով Հայաստանի յուրահատկությունը՝ պետք է փորձել միջազգային փորձը այստեղ ևս կիրառել: Դա է ճիշտ ճանապարհը, դրանով են զարգացած և զարգացող երկրները շարժվում առաջ»,- ասաց նա:
Մուսայելյանը ընդգծեց՝ թվային փոխակերպում ասածը IT ունենալու մեջ չէ, մենեջմենթի մակարդակով պետք է հասկանալ դրա կարևորությունը:
Գագաթնաժողովի ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրեց Կառավարության և ԿԲ համատեղ թվայնացման օրակարգը։
«Կենտրոնական բանկը մշակել է իր ռազմավարությունը, որտեղ ֆինանսական համակարգի թվային տրանսֆորմացիան կարևորագույն ռազմավարական ուղղություն է: Կառավարության հետ որոշակի խաչվող խնդիրներ կան: Համաձայնություն է ձեռք բերվել այդ խնդիրները միասնաբար լուծել ազգային մակարդակով: Քանի որ բարդ ճանապարհ է և շատ փոփոխություններ են սպասվում բոլոր ոլորտներում՝ բոլորս պետք է հասկանանք՝ ուր ենք գնում և միասին տարբեր զոհաբերությունների գնալով՝ ստեղծենք նոր հնարավորություններ»,- նշեց Երիցյանը:
Վերջինս վստահեցրեց, որ եթե խնդիրը ձևակերպվի, որ թվայնացման նպատակը քաղաքացու կյանքի, բիզնեսի բարելավումն է, ոչ թե ներքին գործընթացները ավտոմատացնելը, հարցը կսկսի այլ ընկալում ունենալ, լուծումները հասանելի, տեսանելի կլինեն այն մարդկանց, ովքեր դրա շահառուներն են:
Միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը: Այս տարի միջոցառմանն աջակցում է ՀՀ Կենտրոնական բանկը։
Գագաթնաժողովի այս տարվա հատուկ հյուրերն էին էստոնական Proud Engineers խորհրդատվական ընկերության տեխնոլոգիական տնօրեն (CTO) Անդրես Կուտտը և ռիսկի կառավարման փորձագետ Ռամզես Գալլեգոն։
Silicon Mountains առաջին գագաթնաժողովն անցկացվել էր 2019թ. դեկտեմբերի 4-5-ին և նվիրված էր ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին: Գագաթնաժողովի պատվավոր հյուրն էր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական դոկտոր Տակեո Կանադեն: Միջոցառմանը մասնակցում էին բանախոսներ համաշխարհային առաջատար կազմակերպություններից՝ Microsoft, Cisco, nCipher Security եւ NXP Semiconductors:
2021թ. նոյեմբերի 19-ին կայացավ Silicon Mountains երկրորդ գագաթնաժողովը` նվիրված տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը (Digital Smart Economy)։ Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Դր. Չի-Ֆուն Չանը, ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GITAward 2020) մրցանակակիրն է։
Ներկայացվել է Հայաստանում Starmus VI միջազգային փառատոնի ծրագիրը
Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում կանցկացվի Starmus VI միջազգային փառատոնը՝ նվիրված Մարսի վրա «Մարս-3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին։
Փառատոնի շրջանակներում երկիր կայցելեն աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ, տիեզերագնացներ, երաժշտության եւ արվեստի համաշխարհային աստղեր, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ։
Փառատոնի ծրագիրը նախատեսում է գիտաժողովների, տարբեր գիտական եւ մշակութային համաժողովների անցկացում։ Միջազգային փառատոնը նպատակ ունի ոգեշնչել եւ կրթել գիտնականների նոր սերնդի։ Starmus ֆորմատը եզակի է նրանով, որ հանրահռչակում է գիտությունը, մոտեցնում է գիտությունը երիտասարդությանը՝ միավորելով այն արվեստի ու երաժշտության հետ։
Հայաստանում Starmus համաշխարհային փառատոնի ծրագրում տիեզերքն է, տեխնոլոգիաները, գիտությունը, արվեստը եւ երաժշտությունը։
Starmus փառատոնի շնորհիվ սեպտեմբերին Հայաստանը կդառնա գիտության, տեխնիկայի, արվեստի եւ երաժշտության համաշխարհային կենտրոն, որտեղ կմասնակցեն մեծ գիտնականներ եւ աստղեր։
Փառատոնը կներառի հետեւյալ միջոցառումները.
«Բացահայտիր տիեզերքը եւ փոխիր աշխարհը» համաժողով՝ շուրջ 7000 մարդու մասնակցությամբ:
Սթիվեն Հոքինգի մեդալի հանձնման արարողություն, որն ամբողջ աշխարհում ճանաչվել է որպես գիտությունների հանրահռչակման համար «Օսկար»
«Կլոր սեղանի 108 րոպե»՝ Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ:
Star Party հատուկ միջոցառում՝ աշխարհահռչակ հյուրերի մասնակցությամբ, որը կանցկացվի Գառնիում։ Այստեղ փառատոնի շրջանակներում կտեղադրվեն Հայաստան բերված մեծ թվով աստղադիտակներ:
«Գիտական ճամբար» (Science Camp) հատուկ միջոցառման շրջանակներում Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնին հարող տարածքը մեկ շաբաթով կվերածվի տեխնոլոգիաների լայնածավալ կենտրոնի, որտեղ 20 մեծ թեմատիկ տաղավարներում կներկայացվեն գիտության վերջին նվաճումները, տեղի կունենան համերգներ։ Սպասվում է մոտ 100 000 այցելու Երեւանից, մարզերից եւ Ղարաբաղից:
«Տիեզերական տեխնոլոգիաներ» (Space Technologies) երկօրյա համաժողով, որին կմասնակցեն շուրջ 20 աշխարհահռչակ բանախոսներ, այդ թվում՝ Satlantis ընկերությունից։
Կարեւոր միջոցառումների շարքը ներառում է հայաստանյան բուհերի մասնակցությամբ ծրագիր, որի շրջանակներում ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու աշխարհահռչակ գիտնականների դասախոսություններին։ Բացի այդ, Աղվերանում կկազմակերպվի աստղային լուսանկարչության դպրոց։
Մասնակցության մատչելի պայմաններ
Ի տարբերություն Եվրոպայի, որտեղ փառատոնի տոմսերի արժեքը հասել է 700 եվրոյի, որոշվել է հայկական փառատոնի համար սահմանել ամենացածր մատչելի գինը՝ մասնակիցների համար 25 000 դրամ (50 դոլար), իսկ ուսանողների համար՝ 20 000 դրամ։ Բոլոր գիտաժողովները կսկսվեն ժամը 15:00-ին եւ տեղեկատվության ներկայացման տեսանկյունից հասանելի կլինեն նույնիսկ դպրոցականների համար։
Աստղաֆիզիկոս, Starmus փառատոնի հեղինակ եւ գլխավոր կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանը հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, որ սովորաբար մասնակիցների 90 տոկոսը կապ չունի գիտության հետ եւ ցանկանում է ծանոթանալ գիտական նվաճումներին։
Աստղային կազմ
Փառատոնի շրջանակներում Հայաստանը կհյուրընկալի աշխարհահռչակ տիեզերագնացներ Չարլզ Բոլդենին, Քրիս Հեդֆիլդին, Ջիմ Բաղյանին, Ջորջ Նիլդին, Չառլի Դյուկին, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Էդվարդ Մոզերին, Քիփ Թորնին, Էմանուել Շարպանտյեին։ Բացի այդ, Հայաստան կժամանեն հայազգի ամերիկացի կոմպոզիտոր Դերեկ Շերինյանը, Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը եւ այլ ականավոր մարդիկ։ Ջիմ Բաղյանի մասնակցությամբ 1500-2000 դպրոցականների համար կկազմակերպվի դասախոսություն։
Իսրայելյանը հույս հայտնեց, որ փառատոնին կմասնակցի նաեւ Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, եւ հենց ինքն է այս միջոցառումը Հայաստանում կազմակերպելու նախաձեռնողը։ «Ես խնդրեցի Արմեն Սարգսյանին մասնակցել: Նա առողջական խնդիրներ ունի, որոնք հուսով եմ՝ կլուծվեն, եւ նա կարող է միանալ մեզ»,- հավելեց նա։
Խնդիրներ, նպատակներ, ակնկալիքներ
Starmus-ն արդեն հասցրել է հանրաճանաչ եւ պահանջված դառնալ աշխարհի տարբեր երկրներում, որտեղ բարձր են գնահատում գիտությունը եւ դրա նկատմամբ հանրային, մեդիա եւ պետական հետաքրքրություն են ցուցաբերում։
Այդ վայրերից մեկը, ըստ փառատոնի կազմակերպիչների, Նորվեգիան է, որտեղ մասնակցել է 50 000 մարդ, իսկ միջոցառումները լուսաբանել են 150 լրատվամիջոցներ։
Գիտնականն ասաց, որ մասնակցելու հրավերներ են ստացվել ԱՄՆ-ից եւ Եվրոպայի որոշ երկրներից՝ հույս հայտնելով, որ նույնպիսի հետաքրքրություն Հայաստանում կդրսեւորվի, այդ թվում՝ բիզնեսի եւ մամուլի կողմից։
Իսրայելյանը նշեց Հայաստանում միջոցառումների անցկացման կարեւորությունը՝ դեպրեսիայից դուրս գալու համար, հատկապես հայ երիտասարդներին, որոնք մշտապես բացասական տեղեկատվություն են ստանում մամուլից եւ բառիս բուն իմաստով լրատվական ռմբակոծության են ենթարկվում։
«Եթե ես երիտասարդ լինեի, հավանաբար նույնպես կմտածեի Հայաստանից հեռանալու մասին։ Ամեն ինչ սահման ունի։ Թող ոչ ոք ինձնից ավելի հայրենասեր չլինի։ Հայրենասիրության դրսեւորումներից մեկը գիտությամբ զբաղվելն է։ Չի կարելի միայն քաղաքականության ու պատերազմի մասին խոսել, սա մեզ կհանգեցնի կործանման, պետք է գնալ գիտության ու կրթության ճանապարհով։ Հենց դա կապահովի ապագան։ Կարեւոր է բուհերում վերականգնել աստղաֆիզիկայի ամբիոնները, դպրոցներում անցկացնել համապատասխան պարապմունքներ»,- հավելեց նա։
Նրա գնահատմամբ՝ եթե այնպիսի իրադարձությունը, ինչպիսին Starmus-ն է, կարեւոր տեղ չի զբաղեցնում տեղեկատվական դաշտում, դա նշանակում է, որ երկիրը կործանման ճանապարհին է, այդպիսի երկրին պետք է փրկել։
«Հատկանշական է, որ Հայաստանից ոչ մի հովանավոր չկա, մինչդեռ այլ երկրներում աջակցություն ենք ստանում ինչպես տեղական բիզնեսից, այնպես էլ լրատվամիջոցներից»,- ընդգծեց նա։
Միջոցառման կազմակերպիչները նախատեսում են մի քանի աստղադիտակ նվիրել հայկական դպրոցներին եւ այցելել Բյուրականի աստղադիտարան։
Փառատոնի շրջանակներում 100 հոգու համար ժամանակավոր պլանետարիում կկազմակերպվի։
Իսրայելյանը հիշեցրեց, որ Ղարաբաղում եւ Երեւանում մեծ պլանետարիումներ բացելու ծրագրեր կային, սակայն ֆինանսավորման եւ այլ պատճառներով գաղափարը չհաջողվեց իրականացնել։
Հայաստանում կկառուցվի եվրոպական ստանդարտներին համապատասխան «խելացի տուն»
«Ռաֆֆայել» շինարարական ընկերության և միջազգային համբավ ունեցող հայտնի ճարտարապետների ու դիզայներների համագործակցությամբ Արարատի շրջանի Մասիս գյուղում շահագործման կհանձվի եվրոպական ստանդարտներին համապատասխան «խելացի տունը», խելացի՝ բոլոր առումներով։ «Ռաֆֆայել» ընկերությունը հանդիսանում է Հայաստանում «First» ընկերության միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, հենց այս ընկերության բնական ծագման շինանյութերով է կառուցվում խելացի տունը։ Սմարթ տան գլխավոր ճարտարապետ Վլադիսլավ Գորչակովը վստահեցնում է, որ տունը կարող է դիմանալ ցանկացած տեսակի սեյմիկ ճնշումներին և բնական աղետներին։
«Ռաֆֆայել» ընկերության հրավերով սմարթ տան կառուցման համար Հայաստան է ժամանել բրիտանացի դիազայներ Ֆիլիպ Բոլլը։ Վերջինս համոզված է, որ սա առաջին, բայց ոչ վերջին համագործակցությունն է լինելու «Ռաֆֆայել» ընկերության հետ։
Միջազգային գործընկերների հետ ընկերությունը կնքել է հինգ պայմանագիր, ապագայի երազանքների տունը շահագործման կհանձվի այս տարվա սեպտեմբերին։
Նշենք, որ «Ռաֆֆայել» շինարարական ընկերությունը հնարավորություն է տալիս կառուցել տուն՝ բոլոր հարմարություններով, ինչպես ձեր նախընտրած, այնպես էլ ընկերության առաջարկած լավագույն տարածքներում` ըստ նախասիրության և ճաշակի։ Ընկերությունը համագործակցում է Հայաստանի, Եվրոպայի, Ամերիկայի, Ռուսաստանի լավագույն ճարտարապետների և դիզայներների հետ։
«Ռաֆֆայել» շինարարական ընկերությունը առաջատարն է անհատական դիզայնի, ինտերիերի բացառիկ լուծումներով, բարձրորակ շինարարական, ինժեներական ծառայությունների շուկայում։ Ընկերության հիմնական առավելությունն այլ ընկերությունների նկատմամբ ծառայությունների ամբողջական փաթեթի համապարփակ տրամադրումն է: Ճարտարապետները, շինարարները, դիզայներները, ինժեներները աշխատում են արդյունավետ և արագ:
Հայ մասնագետների մշակած ծրագիրը կօգտագործվի Զամբիայի կառավարության կողմից
Հայկական Synergy ընկերության ստեղծած համակարգն օգնելու է մոտ 15 հազար ընտանիքի Զամբիայում նվազեցնել հիգիենայի խնդիրներից առաջացող հիվանդությունների ռիսկը: Ստորագրվել է համաձայնագիր Զամբիայի սանիտարական նախագծի պատվիրակության հետ:
«Օգտագործելով մեր մշակած ավելի քան 800 ցուցիչ՝ այսօր Զամբիայի սանիտարական նախագիծն օգնում է բազմաշերտ ու ընդլայնված մոնիտորինգ իրականացնել: Համակարգն այս պահին աջակցում է մոտ 15 000 ընտանիքի նվազեցնել հիգիենայի խնդիրներից առաջացող հիվանդությունների ռիսկը: Նախագծի հաջորդ փուլերում նախատեսվում է, որ կընդգրկվի ևս 250 000 շահառու»,-նշել է Synergy-ի ծրագրերի տնօրեն Հայկ Մանուկյանը:
Զամբիայի կառավարությունն իրականացնում է Լուսակայի սանիտարական ծրագիրը, որը հիգիենիկ պայմաններով կապահովի ամենաաղքատ տնտեսություններին: Ծրագիրն ընդգրկում է կոյուղու ցանցի ընդլայնում, սանիտարական ենթակառուցվածքների և ոլորտի կառավարման համակարգերի մշակում: Նախագիծն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ:
«Վերջին հինգ տարում Synergy-ի մասնագետներն օգնել են մեզ՝ իրականացնելով ծրագրի ուսումնասիրության, նախագծման, մշակման և թվայնացման աշխատանքները, որի նպատակն է հեշտացնել սանիտարական և հիգիենայի արդյունավետության գնահատումն ու ներդրումները Լուսակայում»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Լուսակայի ջրամատակարարման և ջրահեռացման ընկերության տնօրեն Ժոնաթան Կամպատանը:
Երևանում կկառուցվի տեխնոլոգիական նոր կենտրոն
Երևանում 110 միլիոն ԱՄՆ դոլար ներդրմամբ կկառուցվի բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիական «Դալան» կենտրոնը:
158.000 քառակուսի մետր ընդհանուր տարածքում «Դալանը» ներառելու է գրասենյակային, առևտրային տարածքներ, մարզական և գիտակրթական կենտրոններ, հանրային և վերականգնողական վայրեր: Համալիրում գործելու է հյուրանոց, ավելի քան հազար մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի: Այն BOMA A Class շինարարական ստանդարտին համապատասխանող առաջին կառույցն է լինելու տարածաշրջանում: Ստանդարտը տրվում է ամենաբարձր դասի և հեղինակավոր շինություններին, որոնք առաջարկում են բարձրակարգ և որակյալ լուծումներ, ժամանակակից համակարգեր։ Ծրագիրն իրականացվելու է LEED սերտիֆիկատի չափորոշիչների հիման վրա:
«Էնթերփրայզ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը ընդգծել է կենտրոնի առանձնահատուկ նշանակությունը թե ներդրումների ծավալի, թե ակնկալվող ներգործությամբ՝ Հայաստանի տեխնոլոգիական էկոմիջավայրի զարգացման գործում։
«Դալանը» շահագործման կհանձնվի 2026 թվականին։
Հայկական ստարտափը զրոյից ձեռքի պրոթեզներ է արտադրում
Նախագծում են, մոդելավորում, 3D պրինտերով տպում և հավաքում. ArmBionics ստարտափի երիտասարդ անդամները զրոյից ստեղծում են ձեռքի պրոթեզներ։
Ստարտափի տնօրեն և համահիմնադիր Մարինա Դավթյանը բժշկական համալսարանի ուսանող է, ընկերների հետ հետազոտական նախագիծը սկսել է 2017-ին։ Բայց նոր թափով սկսեցին աշխատել 2020-ի պատերազմից հետո՝ հաշմանդամություն ձեռք բերած տղաներին օգնելու համար։
Ստարտափը մշակում է ձեռքի պրոթեզների երեք տեսակ՝ միոէլեկտրիկ, մասնակի և մեխանիկական, որոնք աշխատելու են մատների, ձեռքի, արմունկի հատվածներում:
ArmBionics-ը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի 2021 թվականի դրամաշնորհային ծրագրի շահառուներից է։ Հիմնադրամի ֆինանսավորմամբ ստարտափը ձեռք է բերել ձեռքի պրոթեզների պրոտոտիպերի կատարելագործման համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկա, նյութեր և սարքավորումներ։
Աջակցության շնորհիվ նաև մեծացել է թիմը, ստեղծվել են նոր աշխատատեղեր։ Ստարտափն իր շուրջն է միավորել նաև սփյուռքահայ կամավորների աշխարհի տարբեր կողմերից։
«Նախագիծն իր շուրջ համախմբել է Հայաստանի ու սփյուռքի տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդների, որոնց նպատակն է զրոյից ներկայացնել միջազգային ստանդարտին համապատասխան ձեռքի պրոթեզներ և այդ ամենը իրականացնել Հայաստանում։ Ստարտափը նաև սկսնակ մասնագետներին ու ուսանողներին հնարավորություն է ընձեռում ստանալ փորձ և գիտելիքներ, որոնք կկարողանան կիրառել նաև պրակտիկորեն։ Ուրախ եմ նշել, որ մեր հիմնադրամը Հայաստանում առաջին կազմակերպությունն է, որ իր լուման ունեցավ այս կարևոր ծրագրում»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:
«Մեր շահառուները վերին վերջույթների հաշմանդամություն ունեցող մարդիկ են, ովքեր ամպուտացվել են տարբեր մակարդակներում: Մեր պրոդուկտները մի քանի տեսակի են և մենք կենտրոնացած ենք արմունկից ներքև պրոթեզների կատարելագործման ու արտադրության վրա: Շատ ոգևորիչ է մեզ համար, որ հիմնադրամի աջակցության շնորհիվ կարողանում ենք համալրել թիմը, նոր աշխատակիցներ ներգրավել, նաև հնարավորություն ընձեռվեց մեզ մոտ կամավոր անդամներից մեկին սփյուռքից բերել Հայաստան, ինչը շատ կարևոր է»,- նշել է ArmBionics ստարտափի համահիմնադիր Մարինա Դավթյանը:
Առաջին շահառուներին մեխանիկական պրոթեզները կնվիրաբերվեն: Մեկ շահառու արդեն ստացել է արմնկային պրոթեզ, 2-րդ շահառուն՝ մասնակի, 3-րդը՝ աշխատանքային գործընթացում է:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:
Երևանը կհյուրընկալի EMERGE 2022 միջազգային ՏՏ համաժողովը
Հունիսի 1-ին և 2-ին Երևանում կանցկացվի EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովը։ Միջոցառմանը մասնակցելու են ՏՏ ոլորտի ավելի քան երկու հազար ներկայացուցիչներ` ԱՄՆ-ից, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներից, Բալկանյան տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից: Բանախոսների թվում են TechCrunch, Microsoft, Amazon Web Services, Snap Inc., Pinterest, Google Deepmind, Glovo և բազմաթիվ այլ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակն է մասնագետներին, հիմնադիրներին և ներդրողներին պատմել ՏՏ ոլորտի զարգացման միտումների ու պատկերացումների մասին, ինչպես նաև բարձրակարգ մասնագետների միջև ցանցերի ձևավորման հարթակ դառնալ:
Հիմնական բեմում լինելու է ելույթների երկու ուղղություն՝ թրենդեր (#trendwatching) և հաջողության պատմություններ (#founderstories): Առաջինի ընթացքում փորձագետները կքննարկեն, թե ինչպես է տեխնոլոգիաների արագ զարգացումն ազդում մեր կյանքի վրա, իսկ երկրորդի ընթացքում ստարտափների հիմնադիրները կկիսվեն իրենց հաջողության պատմություններով և մարտահրավերներով, որոնց միջով ստիպված են եղել անցնել: Բացի այդ՝ նրանք կներկայացնեն ընկերության ռազմավարության ստեղծման, իրենց տեղը գնահատելու, համաշխարհային շուկա մուտք գործելու և վենչուրային կապիտալ ներդրումներ ներգրավելու իրենց փորձը:
EMERGE-ի մասնակիցներն ունեն նաև matchmaking-ի՝ բանախոսների և ներդրողների հետ դեմ առ դեմ հանդիպումների, մենթորական սեսիաների, ինչպես նաև
ամաժողովից հետո հավելյալ միջոցառումների և երեկույթների մասնակցելու հնարավորություն։
Համաժողովի մյուս և ամենակարևոր բաղադրիչներից մեկը ստարտափների ամենամյա EMERGE CHALLENGE մրցույթն է, որի հաղթողները ստանալու են ներդրումներ և մրցանակներ Amazon Web Services-ից։ Անցյալ տարի EMERGE կոնֆերանսի ժամանակ ստարտափները ներգրավել են ավելի քան 5 միլիոն եվրոյի ներդրումներ:
EMERGE կոնֆերանսը նվիրված է նոր տեխնոլոգիաներին, ստարտափ խնդիրներին և ՏՏ ոլորտում համաշխարհային միտումներին։ Երկու օրվա ընթացքում միջոցառմանը ելույթ կունենան մի քանի տասնյակ բանախոսներ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ վենչուրային ներդրումների ոլորտից Speedinvest-ը և Runa Capital-ը, ներդրողների պատվիրակություն Չեխիայից (Presto Ventures, Depo Ventures), աքսելերատորներ Startups Wise Guys-ը, Rockstart-ը և ավելի քան հարյուր հիսուն ներդրողներ:
Համաժողովն անցկացվելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Պաշտոնական լեզուն անգլերենն է։
Կոնֆերանսին ելույթ կունենան Մայք Բուչերը (TechCrunch, Techfugees), Ալյոնա Դոլեցկայան (Vogue Russia-ի նախկին գլխավոր խմբագիր, Interview Russia), Դավիթ Բաղդասարյանը (Krisp), Ստայան Յանկովը (PERFORM: The Unsexy Truth about (Startup) Success գրքի հեղինակ, Startup Wise Guys-ի նախկին coach), Քրիս Ֆարբերը (Openface), սթրիթ արտ նկարիչ Սերգեյ Նավասարդյանը, ինչպես նաև հայկական արմատներով առաջին միաեղջյուրի (unicorn)՝ Picsart-ի համահիմնադիր Միքայել Վարդանյանը։
Համաժողովի տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց: Կոնֆերանսի գործընկերներն են Dom-Daniel, Microsoft, Amazon Web Services, Inecobank, Semrush, the Untitled, Vibranium VC, BigStory VC, Team Telecom ընկերությունները:
NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում
Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում։ Այս մասին հաղորդում է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։ «Աշխարհի առաջատար տեխնոլոգիական հսկաներից մեկը, որն ունի 27 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն և ավելի քան 20 000 աշխատակից ամբողջ աշխարհում, բացում է իր նոր գրասենյակի դռները Երևանում: Հայաստանյան մասնաճյուղը ղեկավարելու է Ռեւ Լեբարեդյանը՝ Omniverse-ի և սիմուլյացիոն տեխնոլոգիաների ուղղությամբ ընկերության փոխնախագահը»,- գրել է Արշակյանը: Նրա տվյալներով՝ 1999-ին NVIDIA-ի GPU-ի գյուտը խթանեց համակարգչային խաղերի շուկայի աճը և վերաիմաստավորեց ժամանակակից համակարգչային գրաֆիկան: Ընկերության աշխատանքն արագացված հաշվարկների և արհեստական բանականության ոլորտում վերափոխում է տրանսպորտը, առողջապահությունը և արտադրությունը և խթանում բազմաթիվ այլ ոլորտների զարգացումը: Հիշեցնենք, որ 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր NVIDIA ընկերության կենտրոնակայան՝ Սիլիկոնյան հովտում։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է հնարավոր համագործակցությունը NVIDIA-ի հետ։
Հայաստանում առաջին անգամ կիրականացվի աէրոմագնիսական հետազոտություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՌԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Գլիկոյին: Հանդիպմանը մասնակցել են ՌԳԱ երկրաֆիզիկական կենտրոնի աշխատակիցները՝ գիտական ղեկավար, ՌԳԱ ակադեմիկոս Ալեքսեյ Գվիշիանին, տնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ Անատոլի Սոլովյովը, գիտության գծով փոխտնօրեն Բորիս Դզեբոևը: ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ՌԳԱ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ինստիտուտների և ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի համագործակցության հարցերը: Դրանք վերաբերում են ՌԳԱ և ՀՀ ԳԱԱ միջև ստորագրված գիտատեխնիկական համագործակցության ճանապարհային քարտեզում նշված ծրագրերի իրականացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլին Հայաստանում իրականացնել «Գյուլագարակ» Երկրի մագնիսական դիտարանի տարածքի բարձր ճշգրտության աերոմագնիսական հանույթ:
«Նման աշխատանք Հայաստանում կիրականացվի առաջին անգամ: Ռուսական կողմը կբերի երկու անօդաչու թռչող սարք, որոնք իրականացնելու են աերոմագնիսական հանույթ ամբողջ դիտարանի տարածքում: Այդ աշխատանքը մեզ հնարավորություն կտա պարզելու լեռնային ապարների մագնիսական հատկությունները, կառուցելու եռաչափ թվային մոդելը, ինչպես նաև լիարժեք պատկերացնելու դիտարանի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու խնդիրը: Սա թույլ կտա, որ աստղադիտարանն ընդգրկվի «INTERMAGNET» ցանց՝ ինստիտուտների համաշխարհային կոնսորցիում, որոնք մագնիսաչափերով գրանցում են Երկրի իրական ժամանակում փոփոխվող մագնիսական դաշտը՝ ըստ երկրամագնիսական դաշտի գրանցումների մեթոդաբանության առումով միջազգային հստակ չափորոշիչներին բավարարող ստանդարտների», - նշել է Ջոն Կարապետյանը: Նա տեղեկացրել է, որ նման հետազոտությունը կխթանի Երկրի մագնիսական դաշտի ուսումնասիրության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացմանը:
«Գյուլագարակ» մագնիսական դիտարանը ստեղծվել է 2019 թվականին՝ ՀՀ ԳԱԱ-ի և ՌԳԱ-ի կողմից: Հայկական կողմն իրականացրել է շինարարությունը՝ բացառելով երկաթային բաղադրիչը, իսկ ռուսական կողմը տրամադրել է թանկարժեք սարքավորումները: «Մագնիսական դաշտի վրա խոտորիչ ազդեցությունը բացառելու համար դիտարանը կառուցվել է ապակեպլաստիկ կոմպոզիտային նյութերից, ինչն ԱՊՀ տարածքում իրականացվել է առաջին անգամ», - նշեց Ջոն Կարապետյանը:
Հայաստանում գիտության, արհեստական բանականության զարգացում. ինչ նպատակներ է դրել FAST-ը
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) նպատակ է դրել 5 տարվա ընթացքում 62 երկրից բաղկացած արհեստական բանականության ինդեքսում Հայաստանը ներառել առաջատար խմբում: Այս մասին ասաց FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:
Օրուջյանի խոսքով՝ երբ սկսել են իրենց գործունեությունը, առաքելությունն է եղել էկոհամակարգ ստեղծել և ներդրում անել գիտության մեջ: Սակայն հետո հասկացել են, որ հաջողության հասնելու համար պետք է մի փոքր այլ մոտեցում ունենալ, և սկսել են դիտարկել արհեստական բանականությունը: «Կա արհեստական բանականության ինդեքս, որը բաղկացած է 62 երկրից: Երբ դիտարկում էինք արհեստական բանականությունը 2020-2021 թթ, Հայաստանը դեռևս այդ ինդեքսում չկար: Ներկայում Հայաստանը 57-րդն է, երկու տարի առաջ ընդհանրապես չկար»,-ասաց Օրուջյանը:
Նա շեշտեց՝ արհեստական բանականությունն այն գիտական ոլորտն է, որը հիմնված չէ միայն միլիարդներ ծախսելու վրա: Արհեստական բանականության համար օրինակ ենթակառուցվածքների վրա շատ ծախս պետք չէ անել: «Սրա մեջ շատ ներդրում անելու կարիք չկա, որը կարևոր է Հայաստանի պես սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրի համար»,-ասաց Օրուջյանը:
FAST- ի նպատակն է Հայաստանին 5 տարվա ընթացքում այդ ինդեքսում Rising star խմբում ներառել, որում այսօր, օրինակ, Ֆինլանդիան, Շվեդիան են: Դրա համար լուրջ աշխատանքի կարիք են տեսնում: «Հեքիաթների մեջ չապրելը շատ կարևոր է»,-շեշտեց Օրուջյանը:
Օրուջյանը մեծապես կարևորեց տաղանդների ներգրավումը: «Դրա համար կրթությունն ամենաառաջնային խնդիրն է: Ամեն ինչի հիմնաքարը կրթությունն է: Ինչպե՞ս ենք կարողանալու գիտությունը զարգացնել, եթե չունենանք այդ կրթված մարդկանց: Սա առաջին քայլն է»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմնադրամը գիտության և տեխնոլոգիաների է, սակայն հիմնական շեշտադրումը դրված է կրթության վրա:
Արհեստական բանականությունը, սակայն միակ ոլորտը չէ, որի հետ կապված հիմնադրամն աջակցություն է տրամադրում: Հիմնադրամը շատ հետազոտություններ է իրականացնում, հետազոտողների թիմը փորձում է հասկանալ, թե Հայաստանը որտե՞ղ է գտնվում, ի՞նչ վիճակում է, աշխարհն ո՞ւր է գնում նորարարության տեսակետից, որտեղ ինչ նոր հնարավորություններ են բացվում և ապագային միտված պլանավորում է անում: «Այս ամենն անում ենք, որ հասկանանք, թե կոնկրետ ինչ լուծումներ կարելի է տալ, լավագույն փորձը բերել Հայաստան: Այդ առումով 50-ից ավելի ծրագրերի կոնցեպտներ ենք մշակել, որ փորձենք հասկանալ, թե ինչ ծրագրեր է կարելի իրականացնել: 31 ծրագիր է իրականացվել, որից 10-ը ընթացիկ է, ընդգրկվել են 6000 շահառուներ»,-ասաց FAST-ի Ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը:
Կրթության հետ կապված հիմնադրամը շատ ծրագրեր է իրականացնում, որպեսզի չբախվեն լավ մասնագետների պակասի խնդրին: FAST-ն իրականացնում է գիտական գործունեության աջակցության ծրագրեր, աջակցություն ստարտափերին, որոնք ունեն նորարարության էլեմենտ: Կան նաև միջազգային կամուրջներ ստեղծելուն ուղղված ծրագրեր: «Ինչքան շատ տարբեր շուկաների և աշխարհագրությունների հետ կապված լինենք, այնքան ավելի լավ: Այդ առումով մենք միայն Արևմուտք չենք նայում, նայում ենք նաև Ասիա, Աֆրիկա, որոնք շատ-շատ մեծ շուկաներ են»,-ասաց Շամախյանը:FAST-ի Հետազոտական առաջխաղացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանն էլ նկատեց՝ ֆինանսավորման խնդիրը կարևոր է, գիտության զարգացմանը հատկացվող բյուջեն նվազել է: Սակայն անցյալ տարվանից հայտարարվել է, որ գիտության ֆինանսավորումը էականորեն կավելանա: Աղաջանյանը շեշտեց, որ, այնուամենայնիվ, խնդիրը միայն ֆինանսավորումը չէ:
«Գիտական էկոհամակարգում գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ակտիվ գիտնականների քանակը շատ քիչ է»,-ասաց Աղաջանյանը՝ նկատելով, որ, սակայն դա միշտ չէ այդպես եղել, ԽՍՀՄ ժամանակ հայկական գիտությունը շատ ավելի լուրջ արդյունքներ է տվել:
FAST-ն այս ուղղությամբ աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում:
Podcast-100 գաղափար. երիտասարդ ծրագրավորողն առաջարկում է ԱԹՍ-ների դեմ պայքարող նոր ՀՕՊ համակարգ
Նոր սերնդի պատերազմները պաշտպանական նոր համակարգեր են պահանջում. այս հրամայականը երիտասարդ նախկին սպա, ծրագրավորողին մղել է նորարարության: Ստեղծվել է «Ավտոմատացված օպտիկական հայտնաբերմամբ ակտիվ հակաօդային պաշտպանության համակարգ։ Հայերեն անվանումը՝ «Վիշապաքաղ», ռազմական ոլորտում գիտական նոր ծրագրի մասին, որի հեղինակն է «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի հաղթող Ալբերտ Հովակիմյանը:
Նա նշում է, որ նախագիծը մեր այսօրվա ռազմական-քաղաքական իրադրության պայմաններում արդիական է, քանի որ գրեթե չկան միջոցներ, որոնք հուսալի և արդյունավետ կարողանում են պայքարել հակառակորդի սպառազինությունում առկա «կամիկաձե» դրոնների, մասնավորապես իսրայելական արտադրության «Harop»-ի դեմ, իսկ տվյալ տեսակի սպառազինության զարգացումը գնում է նրան, որ «կամիկաձե» դրոնների չափերը գնալով փոքրանում, հարվածային խմբերի քանակը շատանում, իսկ ծրագրային ապահովումն անցնում է արհեստական ինտելեկտի։
«Նախագիծը ժամանակակից, հասանելի թվային տեխնոլոգիաներով ու գործիքներով մինիմալ արտադրական ռեսուրսներ պահանջող լուծում է, իր սկզբունքով ունի մոդուլային կառուցվածք, որոնք իրար միացված են լոկալ ցանցով և կարող են օգտագործվել մոդուլների տարբեր կոմբինացիաներով և տեսակներով։ Իրենից ներկայացնում է արդեն իսկ գոյություն ունեցող, որոշ մասը Հայաստանում արտադրվող միջոցների՝ ժամանակակից լուծումներով ծրագրային ապահովմամբ իրար միացում, համադրում և օգտագործում, որոնք միասին կազմելու են ՀՕՊ ակտիվ պաշտպանության համակարգ, իսկ շահագործման համար պահանջվելու է մինիմալ էներգետիկ և մարդկային ռեսուրսներ։ Յուրօրինակ է նրանով, որ գոյություն ունեցող ռադիոլոկացիոն հայտնաբերման-ուղեկցման, ռադիոէլեկտրոնային ճնշման մեթոդների սկզբունքները օգտագործվելու են օպտիկական լուծումների կիրառմամբ»,-ասաց Ալբերտ Հովակիմյանը։
Ստեղծվելու է ԱԹՍ-ներից յուրային զորքերի, զորամասերի, կարևոր օբյեկտների ու մարտական տեխնիկայի ակտիվ պաշտպանության համակարգ, որը հնարավորություն կունենա կիսաավտոմատ և ավտոմատ ձևով հայտնաբերել, շեղել, ինչպես նաև խոցել հակառակորդի դրոնները օպտիկական տեսանելիության պայմաններում՝ անմիջական հարձակման պահին մինչև նրանց թիրախին մոտենալը։
Նախագծի հեղինակը շեշտեց, որ այն ամբողջությամբ թվային լուծումներով է, կոմպոնենտները չեն պահանջելու անմիջական մշտական սպասարկում մարդու կողմից, լինելու է «մեկ անգամ տեղադրեցիր մոռացար» սկզբունքով, կառավարումը և վերահսկումը իրականացվելու է ներքին լոկալ ցանցի միջոցով 1 թիմի (ստորաբաժանման) կողմից։ Բանակում այն կարող է մշտապես փոխարինել ՕԴԿ (օդային դիտարկման կետի) դիտորդին՝ շատ անգամներ ավելի արդյունավետ կատարելով այդ աշխատանքը։ Տեղում օպերատորի գտնվելու անհրաժեշտության բացակայությունը կյանքեր է փրկելու հնարավոր վտանգների դեպքում։ Մոդուլային կառուցվածքի շնորհիվ համակարգը հեշտ փոփոխվող արդիականացվող և ճկուն զարգացման հնարավորություններով է, չի պահանջում մեծ արտադրական ռեսուրսներ։
«Նախագիծը այս պահին դեռ հետազոտությունների 1-ին փուլում է: Ես, ունենալով գիտելիքներ և ՀՕՊ համակարգերից և ծրագրավորումից, վստահ եմ, որ մեր երկրում բավականին զարգացած IT ոլորտի մասնագետների ներգրավմամբ մի փոքր թիմային աշխատանք կատարելով՝ կարող ենք մեծ արդյունքների հասնել»,- ասաց նա։
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը երիտասարդական ծրագիր է, որը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության կողմից գիտությամբ զբաղվող երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու և նորարարական գաղափարներ առաջարկելու համար: Մրցույթն ունի ավելի քան 20 անվանակարգ, որոնք ներառում են տարբեր ոլորտներ: 2021 թվականին նախարարի հրամանով մրցույթի անցկացման կարգում իրականացվել է փոփոխություն, ըստ որի ծրագրի համար նախատեսված պետական միջոցների շրջանակում հինգ անվանակարգում սահմանվել է մրցանակային գումար՝ յուրաքանչյուրին 500.000-ական դրամ:
Տեղորոշում առանց GPS-ի. hայ մասնագետները ստեղծում են լոկալ տեղորոշման ունիվերսալ հարթակ
Հայ մասնագետները ստեղծում են հեռակառավարվող ունիվերսալ սարք, որի միջոցով հնարավոր կլինի լոկալ տեղորոշում իրականացնել առանց GPS-ի: Թվային աշխարհի այնքան կարևոր բաղադրիչները` հեռակառավարումը, տվյալների ընդունումն ու փոխանցումը շուտով հնարավոր կլինի իրականացնել հայկական արտադրության հեռակառավարվող ունվերսալ սարքի միջոցով։ Առայժմ սարքը հատուկ անվանում չունի։
Նախագիծը կոչվում է «Լոկալ տեղորոշման հարթակ»։ Լոկալ, քանի որ տվյալների ընդունումն իրականացվում է առանց GPS-ի։ Կիրառության ոլորտը բավականին լայն է․ վերականգնողական բժշկություն, ռազմարդյունաբերություն, ռոբոտաշինություն, սարքաշինություն, ուսումնական ծրագրեր, օրինակ՝ VR վիրահատարաններ, որտեղ պրակտիկանտը զգում է վիրտուալ պացիենտի մարմինը, կտրվածքի չափն ու վիրահատական այլ գործընթացները։ Դրսում տարածում ունեցող ուսումնական այս մեթոդը նոր սարքի միջոցով հնարավոր է տեղակայվի նաև մեր երկրում։ Սակայն ինժեներական այս նորամուծության հեռանկարային բաղադրիչները շատ ավելի հեռու են տանում։ Ի վերջո, կա՞ն նմանատիպ հարթակներ միջազգային շուկայում, ինչո՞վ է բացառիկ ու կարևոր հայկական արտադրության սարքը և ի՞նչ կիրառություն է գտնելու առաջիկայում։ ՝ «Հարթակի ստեղծումը դարձել է առաջնային հատկապես՝ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի աշխատակցի հետ իրականացրած հետազոտությունների ժամանակ»,- ընդգծում է ծրագիրն իրականացնող «Թրասթ Էդվայզեր» ընկերության տնօրեն Վահան Վերմիշյանը:
Ընկերության VR սարքը կցվել է հայկական արտադրության «Քայլաբեր»-ին, որը հնարավորություն է տալիս վերջույթների շարժունակությունը կորցրած պացիենտին (բուժառուին) ուղղահայաց դիրքով, ֆիքսված կատարել վերականգնողական վարժություններ։ VR համակարգը «Քայլաբեր»-ին հաղորդում է լրացուցիչ սիմուլիացիոն էֆեկտ, և պացիենտը հնարավորություն է ունենում քայլքը կատարել նախապես ծրագրավորված միջավայրում ու սցենարով (հետաքրքիր վայր, էքստրեմալ վայր, փողոցի խաչմերուկ և այլն)։ Հետազոտության ընթացքում պարզվել է, որ նման մոտեցմամբ իրականացվող վարժանքը նպաստում է պացիենտի` որոշակի տոկոսով ավելի արագ վերականգնվելուն՝ նյարդերի վրա լրացուցիչ իմպուլսների ստացման հաշվին։ Բացի այդ՝ վարժություններն ավելի հետաքրքրությամբ ու հաճախակի են կատարում։
Հեռակառավարող այս սարքի ստեղծման գաղափարով՝ ընկերությունը մասնակցել և շահել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կազմակերպվող «Գաղափարից-Բիզնես» անվանումով դրամաշնորհին, որի արդյունքում տրամադրվել է 10 միլիոն դրամ աջակցություն։ Ծրագիրն ինքնին շատ ավելի մեծ ներդրումներ է պահանջում, ինչը «Թրասթ Էդվայզեր»-ն իրականացնում է սեփական միջոցներով։
Սարքը մշակման փուլում է, փորձարկումներ են անում և մոտ են ավարտին։ Մի շարք տեխնիկական խնդիրների են հանդիպել։ Սարքը համեմատական փոքր չափի է լինելու, սակայն դրանում տեղադրված չափիչ սարքերը բավականին բարձր ճշգրտությամբ պետք է ստանան խնդրի լուծման պատասխանները։ Դա նշանակում է, որ տարբեր ընկերությունների արտադրած մասերը «Թրասթ Էդվայզերի» ստեղծած ծրագրի և մաթեմատիկական ալգորիթմի միջոցով պետք է կարողանան աշխատել միմյանց հետ համակցված։ Մինչդեռ փորձարկումների ընթացքում պարզվել է, որ մասերի մի մասը մյուսների հետ չի աշխատում, և այլն։ Ծրագրի ավարտը նախանշել են մինչև 2022-ի մարտը և վստահ են, որ մինչ այդ կհաղթահարեն բոլոր խնդիրները, կստանան պահանջվող հարթակը ու կներկայացնեն այն։
Հայաստանը տնտեսական ազատության աշխարհի ինդեքսում լավացրել է իր դիրքը
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հայաստանը ևս 2 տեղով լավացրել է իր դիրքը տնտեսական ազատության աշխարհի ինդեքսում:
«Այժմ 32-րդ ենք։ Կարևոր է նաև այն, որ ԵԱՏՄ տարածքում ամրապնդում ենք ամենալավ բիզնես միջավայր ունեցող երկրի դիրքը։ Չենք գոհանում արդյունքներով, դեռ շատ բան կա լավացնելու բիզնես անելու համար, ինչը խոստացել ենք կառավարության նոր ծրագրով» - նշել է նախարարը:
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ։
Նախագահ Սարգսյանին ներկայացվել են ընկերության գործունեության ուղղություններն ու նոր նախագծերը, արհեստական բանականությամբ գործող սարքավորումների հնարավորություններն ու կարողությունները, ինչպես նաև միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Նախագահ Սարգսյանը ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է փոխգործակցության հնարավորությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է եղել արհեստական բանականության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանն ու դրանց ուղղություններին, ինչպես նաև Հայաստանում ընկերության ներկայացվածությանը:
YAMAHA-ն ճապոնական ամենահին (հիմնադրվել է 1887թ.) բազմամիլիարդանոց շրջանառություն և համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններից մեկն է: Այն բացի երաժշտական գործիքներից արտադրում է մասնագիտացված աուդիո սարքավորմներ, տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից միջոցներ, էլեկտրոնային և ավտոմատացված սարքեր, մեքենաների ներքին բաղադրիչներ, որոնք գործում են արհեստական բանականությամբ: YAMAHA-ի հատուկ նախագծերից մեկը Արհեստական բանականության երաժշտական համույթի համակարգն է (YOO), որը վերլուծում է երաժիշտների կատարումը և կանխատեսում նրանց ժամանակն ու կատարման ընթացքը՝ միաժամանակ սինքրոնիզացնելով այն այլ երաժշտական գործիքների հետ: YAMAHA-ն արտադրում է նաև փոքր շարժական միջոցներ՝ շարժիչներով նավակներ, մոտոցիկլետներ, հեծանիվներ, ձնամեքենաներ, արդյունաբերության մեջ օգտագործվող ռոբոտներ և այլ սարքավորումներ:
Հայաստանը դառնում է աշխարհում երկրորդ երկիրը ԱՄՆ-ից հետո, որն իրականացնում է համակարգչային ծրագրերի արտոնագրում
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է գյուտերի ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված գույքային և անձնական հարաբերությունները։
Նոր օրենքի ընդունմամբ Հայաստանը դառնում է աշխարհում երկրորդ երկիրը ԱՄՆ-ից հետո, որն իրականացնում է համակարգչային ծրագրերի արտոնագրում։ Համակարգչային ծրագրերի հուսալի պաշտպանությունը բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանում ստարտապների, նորարար հեղինակների համար մտավոր արժեքներ ստեղծելու և դրանք Հայաստանում արտոնագրելու համար։ Արված փոփոխությունները և Հայաստանում արտոնագրման գործընթացի կազմակերպման արագությունն ու հեշտությունը նախադրյալներ կստեղծեն տարածաշրջանում Հայաստանի ավելի բարենպաստ դիրքավորման և երկրում նորարարության ու կայուն տեխնոլոգիական զարգացման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համար։
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, քանի որ կայուն զարգացած տնտեսության կայացման նախադրյալներից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաներն ու նորարարություններն են։ Դեռևս 2019 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը հռչակել է ռազմավարական ուղղություն․ կայուն և ներառական տնտեսական աճի խթանման նպատակով Կառավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում հստակ գործողություններով բարենպաստ պայմաններ է ստեղծում բարձր տեխնոլոգիաների ոլորտում տեղական և օտարերկրյա ներդրումների համար, նպաստում նորարարական ստարտափ էկոհամակարգերի ակտիվ ներդրմանը։
Վերոնշյալ ուղղությունների կատարելագործման գործում մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համապարփակ և ժամանակակից օրենսդրական բարեփոխումների մշակման գործում Հայաստանի կառավարությանն իրենց փորձով և գիտելիքով աջակցում են սփյուռքի ոլորտի լավագույն փորձագետները։
Դեռևս 2018 թվականի նոյեմբերին ԱՄՆ Հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) կողմից ձևավորվել է ՄՍ/ՏՏ կոմիտե, որի նպատակն է դյուրացնել առաջարկությունների և լուծումների մշակման գործընթացը ոլորտում օրենսդրական թերությունները վերացնելու համար: Աշխատանքային խումբը կազմված էր սփյուռքի և Հայաստանի ոլորտի լավագույն փորձագետներից, իրավաբաններից, պետական և մասնավոր հատվածի, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներից, Ազգային ժողովի պատգամավորներից։ Աշխատանքային խմբի կողմից «Արտոնագրերի մասին» օրենքում արված փոփոխությունների և առաջարկների շուրջ իրականացված համատեղ աշխատանքների արդյունքում այսօր արդեն հնարավոր է Հայաստանում իրականացնել համակարգչային ծրագրերի արտոնագրումը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է հայ ինժեներների մշակած 3D ակնոցը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակներում նորարական, ինքնատիպ գաղափարների պակաս չկա։ Հայ գիտնականների նոր սերունդն իր գաղափարներով ու արտադրական լուծումներով բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր է ներկայացնում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կայացած ընկերությունների դրամաշնորհի հաղթող նախագծերի թվում է «10X Ինժեներինգ»-ը։ Օգտագործելով VR տեխնոլոգիա՝ ընկերության ինժեներական թիմը մշակել է եռաչափ 3D ակնոց, որը հնարավորություն է տալիս մարդու տեսողական և լսողական զգայարանները տեղափոխել դեպի վիրտուալ աշխարհ, ինչի արդյունքում բժշկական հետազոտությունների կամ սթրեսային այլ իրավիճակներում նվազում է ցավն ու սթրեսի աստիճանը։
Գաղափարի հեղինակը ընկերության ղեկավար Դավիթ Զարգարյանն է։ Ցանկացած գաղափար ծնվում է, երբ առնչվում ես խնդրի հետ։ Դավիթը նշում է, որ այս նախագիծն էլ սեփական խնդրի արդյունք է, երբ երեխայի մոտ առաջացել էր ֆոբիա բժշկի և ներարկումների նկատմամբ։
«Նմանօրինակ սարքեր աշխարհում արդեն կան, սակայն հայկական մոդելը մի քանի քայլ առաջ է եղածներից, քանի որ հայ ինժեներների մշակած կոնտենտում հաշվի է առնվում նաև յուրաքանչյուր մարդու անհատականությունը՝ ազգությունը, տարիքը, նախասիրությունները, տարբեր երևույթների նկատմամբ ընկալունակությունը, ճաշակը, այլ հատկություններ։ 17-րդ ծրագրի շրջանակներում ընկերությունը առաջնահերթ նպատակը գիտահետազոտական լուրջ աշխատանքի իրականացումն է։
Պրոդուկտի ներդրումը՝ առաջին թեստավորումը, նախատեսվում է 6 ամիս հետո, «Ուիգմոր Քլինիք»-ում։ Թեստավորումն անցնելուց հետո ընկերությունը Հայաստանի բուժհաստատություններին սարքերը կտրամադրի անվճար։ Հայաստանի սահմաններից դուրս լիցենզիայի տրամադրման արժեքը մոտ 1000 եվրոյի սահմաններում կլինի։
Ստացած դրամաշնորհով ինժեներ-գիտնականները նաև նախատեսում են աշխարհի լավագույն գիտական ամսագրերից մեկում հանդես գալ հոդվածով՝ գիտականորեն ապացուցելով, որ մշակված այս մոդելն ամենաարդյունավետն է՝ աշխարհում արդեն եղած նմանօրինակ պրոդուկտներից։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման ծրագրի շրջանակներում հաղթող 61 կազմակերպությունների հետ արդեն կնքվել են պայմանագրեր և դրամաշնորհային միջոցները փոխանցվել են կազմակերպությունների հաշիվներին: Հատկացված դրամական միջոցների հանրագումարը կազմել է 967,871,345 ՀՀ դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարը Netflix-ի համար ՀՀ ստարտափ էկոհամակարգի մասին ֆիլմ նկարահանողների հետ քննարկում է ունեցել
Հեղինակավոր կինոհեռարձակող Netflix-ի համար Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող 10-12 մասանոց ֆիլմ կնկարահանվի: «Հեղինակավոր կինոհեռարձակող Netflix-ի համար Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող ծրագրի հեղինակներ Ռաֆայել Թադևոսյանի և Արթուր Ալոյանի հետ քննարկեցինք նախագիծը, կատարված աշխատանքները, առաջիկա ծրագրերը և համագործակցության հնարավորությունները»,- գրել է նախարարը:
«Musk Factor» 10-12 մասանոց ֆիլմը պատմելու է չորս տղաների մասին, ովքեր անիրական թվացող գաղափարից հասնում են անհավանական հաջողության՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները։
«Նախագիծը թույլ կտա աշխարհին ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները: Ի դեպ, նախագծի ստեղծագործական թիմի ոգեշնչման աղբյուրը Կարեն Վարդանյանն է»,- նշել է Արշակյանը:
Ֆիլմի աշխատանքներում նախատեսվում է ներգրավել համահայկական ներուժը՝ տեխնիկական և ստեղծագործական թիմում ներառելով աշխարհի տարբեր երկրներում հաջողությունների հասած հայերի։
Իշխանությունները պատերազմի մասնակիցների համար ՏՏ ոլորտում զբաղվածության ծրագիր են նախաձեռնել
2021 թվականին իրականացվելու է «Զինվորի հաջողությունը» փորձնական ծրագիրը՝ ուղղված ղարաբաղյան պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների սատարմանը, եւ ՏՏ ոլորտում վերաորակավորմանը: Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նա հավելեց, որ 2020 թվականի վերջին որոշում է ընդունվել «բուհ – մասնավոր հատված» համագործակցության ձեւաչափում կադրերի պատրաստման ծրագրի շրջանակում ղարաբաղյան պատերազմում վիրավորվածների եւ մասնակիցների անվճար ուսուցման կազմակերպման մասին: «Ընդհանուր առմամբ, այս ծրագրի շրջանակում 2020 թվականին բոլոր դիմորդների համար հատկացվել է 400 մլն դրամ»,- նշեց նախարարը:
Հայաստանում հիմնվելու է դրոնաշինության և ռոբոտաշինության ուսումնական կենտրոն
Startup Armenia Foundation-ը մտադիր է հաջորդ ամիս Հայաստանում հիմնել քաղաքացիական դրոնների արտադրությամբ աշխարհում առաջատար՝ չինական DJI ընկերության կրթական ծրագրերով գործող ուսումնական կենտրոն՝ Dron EduLab-ը, որը մասնագետներ կպատրաստի դրոնաշինության և ռոբոտաշինության ոլորտներում, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը։
2016 թվականից գործող և մի քանի նախաձեռնությունների, այդ թվում՝ ամեն տարի ու նաև արտերկրում իրականացվող հայտնի՝ Sevan Startup Summit-ի հեղինակ Startup Armenia Foundation-ը, ըստ Հարությունյանի, սեփական միջոցներով արդեն ձեռք է բերել DJI Steam կրթական ծրագրերի մի մասը, որոնք օգտագործվում են առաջատար տեխնոլոգիական համալսարաններում, օրինակ, աշխարհահռչակ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Սակայն ծրագրերի ամբողջական շարանն իրականացնելու համար լրացուցիչ` 110 հազար դոլար ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել։ Այդ նպատակով հիմնադրամը Ֆեյսբուքում ձեռնամուխ է եղել դրամահավաքի անցկացմանը, արդեն իսկ կատարվել է շուրջ 64 հազարի նվիրատվություն։
«Այս պահին բավական թրենդային է Stem կրթությունը, իրենք առաջ են քաշել Steam գաղափարը, որը ավելի պատասխանատու է՝ Stem-ին գումարած կրեատիվություն, որտեղ երիտասարդները, պատանիները հնարավորություն ունեն իրենց կրեատիվությունը տալ այդ ամենին: Այսինքն, օրինակ, դրոնների ու ռոբոտների աշխատանքն իրականացվում է կոդերի արդյունքում, ու դա քո կրեատիվությունից է կախված, թե դու ինչ կոդավորում կտաս ռոբոտներին ու դրոններին որևէ ֆունկցիա կատարելու համար», - ասաց Startup Armenia Foundation-ի տնօրենը:
Հարությունյանի խոսքով, ուսումնական կենտրոնի համար մտադիր են ձեռք բերել հատուկ դրոններ և ռոբոտներ, նրանց կրթական ծրագրերը և ի վերջո հայաֆիկացնել այդ ծրագրերը, որպեսզի ստեղծվող կրթական հնարավորությունը հասանելի դառնա շատերին, այդ թվում՝ հանրակրթական դպրոցների համար։
Հայաստանում դրոնները հայտնվեցին ուշադրության կենտրոնում 2016 թվականի քառօրյա և հատկապես՝ անցած տարվա արցախյան պատերազմի հետևանքով, երբ ռազմական վերլուծաբանների գնահատմամբ՝ վճռորոշ դեր ունեցան պատերազմի ժամանակ։
Աշխարհում դրոնաշինության ոլորտը համարվում է ամենաարագ աճողներից մեկը՝ ծրագրային ապահովման՝ software-ի հետ միասին։ Դրոնների համաշխարհային շուկայի ուսումնասիրությամբ հայտնի Drone Industry Insights ընկերության Global Drone Market Report 2020-2025 զեկույցի համաձայն, առաջիկայում դրոնաշինությունը տարեկան աճելու է միջինը 13,8 տոկոսով, և 2025-ին քաղաքացիական դրոնների գլոբալ շուկան կկազմի 42,8 միլիարդ դոլար։
Drone Industry Insights-ի մեկ այլ՝ Drone Manufacturer Ranking 2020 զեկույցի համաձայն, քաղաքացիական դրոնների արտադրության ոլորտում այսօր աշխարհում գերակայում են չինական ընկերությունները։ 2006 թվականին ստեղծված, 2017-ին 2,8 միլիարդ դոլար եկամուտ ապահոված և շուրջ 14 հազար աշխատակից ունեցող DJI-ը անվիճելի առաջատարն է, որին պատկանում է համաշխարհային շուկայի մինչև 80 տոկոսը։ Երկրորդ հորիզոնականում դարձյալ չինական ընկերություն է՝ Yuneec-ը, եռյակը եզրափակում է ֆրանսիական Parrot Drones ընկերությունը։
«Ընդհանուր տեխնիկական գիտելիքներ է տալու այդ ծրագիրը ու այդ գիտելիքները հնարավոր է օգտագործել բոլոր ոլորտներում՝ գյուղատնտեսության ոլորտում է հնարավոր, ինչո՞ւ չէ, ռազմարդյունաբերության ոլորտում է հնարավոր: Այսինքն միջազգային ճանաչում ունեցող կրթական ծրագրերի մասին է խոսքը, որի հնարավորինս շատ օգտագործումը շատ հետաքրքիր բաների կարող է մեզ բերել», - նշեց Արսեն Հարությունյանը:
Նախորդ ամսվա վերջին Startup Armenia-ի ներկայացուցիչներին ընդունել էր հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, քննարկվել էին երկրում ստեղծված իրավիճակի ազդեցությանը տնտեսության վրա, ինչպես նաև հիմնադրամի ծրագրերը:
«Նոր կրթական որակ բերելու հնարավորություն ունենք Հայաստան, որն անծայրածիր հնարավորություններ կարող է բացել մեր պատանիների ու երիտասարդների համար ու մեծ հնարավորություններ կստեղծի տեխնիկական գիտելիքներ ստանալով, տեխնիկական մեծ խնդիրներ դնել մեր առաջ ու իրականացնել», - ընդգծեց Հարությունյանը:
Հայաստանյան նորարարար ընկերությունները կարող են մասնակցել համաշխարհային մրցույթին
Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) հայտարարել է մրցույթ և ընդունում է հայտեր նորարարական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) 2020թ. համաշխարհային առցանց մրցանակաբաշխության համար (ITU Digital World SME Virtual Awards 2020)։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, մրցանակները օգնելու են նորարարական փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) կատարելագործելու իրենց ներկայացման հմտությունները (pitching skills), ցուցադրելու նոր լուծումներ, հաստատելու կապեր, ներգրավելու ներդրումներ՝ իրականացնելով այս ամենը առցանց միջոցներով:
Դիմումների վերջնաժամկետը ս.թ. հոկտեմբերի 5-ն է, մրցույթի արդյունքները հայտարարվելու են 2020թ. դեկտեմբերին։
Մրցանակաբաշխության մասին առավել մանրամասն տեղեկատվությանը հնարավոր է ծանոթանալ միջոցառման կայքից հետևյալ հղումով, իսկ Հեռահաղորդակցության միջազգային միության հաղորդագրությունը ներկայացված է պաշտոնական կայքում:
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր ՓՄՁ-ները` հետևյալ չորս անվանակարգերում.
ա) Փոխկապակցման հնարավորություններ (Connectivity),
բ) Խելացի քաղաքներ, խելացի կենսակերպ (Smart cities, smart living),
գ) Էլեկտրոնային առողջապահություն (E-health),
դ) Թվային ֆինանսներ (Digital finance)։
Մրցույթի չափանիշներին համապատասխանող դիմորդները ս.թ. նոյեմբերին մասնակցելու են առցանց վարպետաց դասերի։ Ընտրված թեկնածուները կկարողանան իրենց ձեռքբերումները ներկայացնել ներդրողներից, ձեռներեցներից և տեխնիկական ոլորտի մասնագետներից բաղկացած ժյուրիի քննարկմանը։
Մրցույթի հաղթողները ոչ միայն կստանան հավաստագրեր, ճանաչում ՄԱԿ-ի կողմից, այլ նաև կստանան հնարավորություն մասնակցելու 2021թ. վերջին եռամսյակում Հանոյում (Վիետնամ) կայանալիք «ITU Digital World 2021 in Ha Noi, Viet Nam» ժողովին։
Մրցանակաբաշխությունը նպատակ ունի կարևորելու նորարարական տեխնոլոգիական լուծումները, խթանելու ստեղծագործ ՓՄՁ-ներում ներդրումները և կայուն զարգացման հիմքեր ստեղծելու ճգնաժամի պայմաններում:
50 տարի անց գիտամշակութային STARMUS փառատոնը կրկին գիտնականների կբերի Հայաստան
Հայաստանում 2021թ. սեպտեմբերի 6-11-ը կհյուրընկալի գիտության և արվեստի աշխարհահռչակ STARMUS-ի 6-րդ փառատոնը,այս մասին հուլիսի 22-ին կայացած առցանց միջոցառման ժամանակ պաշտոնապես հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Երբ անցյալ տարի STARMUS 5-րդի անկացման շրջանակներում ես առաջարկեցի անցկացնել հաջորդ փառատոնը Հայաստանում, մասնակիցներից ոմանք մեծ ոգևորությամբ ընդունեցին այս առաջարկը, իսկ ոմանք, ըստ երևույթին, չգիտեին, թե ինչ երկրի մասին է խոսքը։ Հայաստանը STARMUS VI փառատոնը հյուրընկալելու է մեծ պատասխանատվությամբ, ոգևորությամբ և ակնկալիքներով»,- ասաց Սարգսյանը։
6-րդ Starmus փառատոնը Հայաստան կբերի աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների, արվեստագետների: STARMUS-ը փառատոն է, որտեղ միասին են հանդես գալիս արվեստը, գիտությունը և տեխնոլոգիաները: Այն երիտասարդ սերնդին ոգեշնչելու, գիտությամբ զբաղվելը պոպուլյար և գրավիչ դարձնելու ձևերից մեկն է:
Նախագահը շնորհակալություն հայտնեց փառատոնի խորհրդին՝ այն Հայաստանում անցկացնելու որոշման համար:
«Մենք բարձր եք գնահատում այս փառատոնը Հայաստանում անցկացնելու փաստը, Խորհրդի անդամները կարող են վստահ լինել, որ այս փառատոնը հիանալի կազմակերպված և առանձնահատուկ է լինելու: Նա նշեց, որ Խորհրդի անդամները չեն փոշմանի իրենց որոշման համար և հպարտ կլինեն փառատոնը Հայաստանում անցկացնելու մասին որոշմամբ»,- նշեց ՀՀ նախագահը:
STARMUS փառատոնի խորհրդի անդամ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը նշեց, որ մոտ 50 տարի առաջ` 1971 թվականին առաջին անգամ ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը համատեղ խորհրդաժողով էին իրականացրել և այն անց էր կացվել Բյուրականում։
«Ես այդ ժամանակ չկարողացա գալ, քանի որ ուսանող էի և հնարավորություն չունեցա մասնակցելու։ Այժմ ես հույս ունեմ, որ կկարողանամ հաջորդ տարի գալ և մասնակցել STARMUS 6-րդ փառատոնին։ Լիահույս եմ, որ ակտիվ ծրագիր կլինի, որպեսզի կարողանանք հնարավորինս շատ ուսանողների ու քաղաքացիների ներգրավել»,- ընդգծեց Ջիլ Տարտերը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ փառատոնի անցկացումը Հայաստանում հնարավորություն է նոր զարկ տալու գիտության, արվեստի և տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը։
«Հաշվի առնելով այս փառատոնի կարևորությունը՝ նախատեսում ենք առանձնահատուկ և նշանավոր համաժողովների և գիտաժողովների շարք անել, ինչպես նաև տարբեր միջոցառումներ, որոնք կմիավորեն գիտությունն ու արվեստը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ փառատոնի թեմատիկ թիրախներից է գիտության և ռոք երաժշտության միավորման կարևորությունը։
«Սա կարող է նպաստել, որ երիտասարդ սերնդի հետաքրքրությունը մեծանա գիտության հանդեպ։ Զբաղվել գիտությամբ նշանակում է լինել առաջադեմ, լինել առաջնորդ և նորարար։ Աշխարհն առաջ տանող ուժերը նորարարական ուժերն են․ այս ոլորտում տեղի է ունեցել կտրուկ շրջադարձ դեպի տեխնոլոգիական, հատկապես գիտատեխնոլոգիական ուղղություններ»,- նշեց Արշակյանը։
Գիտության և արվեստի աշխարհահռչակ STARMUS փառատոնը 2021 թվականի սեպտեմբերին Երևանում գիտության շուրջ կմիավորի համաշխարհային մակարդակի գիտնականների, արվեստագետների և տիեզերագնացների:
STARMUS VI-ը նվիրված կլինի Մարսին. առաջին՝ խորհրդային MARS 3-ից և ամերիկյան MARINER 9-ից մինչև NASA-ի տպավորիչ առաքելություններն ու Space X-ի հավակնոտ վայրէջքի ծրագրերը։
Orion. Հայկական ինովացիաները համաշխարհային ապրանքանիշ կդառնան
Orion Worldwide Innovations Armenia-ն (“Orion Armenia”) բացել է իր ներկայացուցչությունը Հայաստանում՝ ստարտափների առավել արդյունավետ առաջխաղացման նպատակով:
Ստարտափների առաջխաղացումը՝ Նյու Յորքյան սխեմայով
Ներկայացուցչությունը Հայաստանում գործում է ընդամենը մեկ ամիս, սակայն 2017-ին ընկերության հիմնադրումից ի վեր ամերիկյան գրասենյակը Orion Worldwide Innovations LLC ընկերության տնօրեն և հիմնադիր Էմմա Առաքելյանի գլխավորությամբ, ակտիվորեն համագործակցում է Հայաստանի հետ՝ նպաստելով տեխնոլոգիական,օրենսդրական և կրթական բարեփոխումների իրականացմանը: Նման նախաձեռնություններից մեկն են դարձել օրենսդրական բարեփոխումները մտավոր սեփականության պաշտպանության և կորպորատիվ օրենսդրության ոլորտում, որոնք այժմ ներկայացված են կառավարության հաստատմանը: Մտավոր սեփականության պաշտպանության և կորպորատիվ իրավունքի ամրապնդումը հզոր խթան կլինի հայկական ստարտափների առաջխաղացման եւ հայկական ինովացիաների բրենդի համաշխարհային ճանաչելիության բարձրացման համար, համոզված են ընկերությունում:
«Ներկայացուցչության բացման նպատակը հայկական ստարտափների ներդրումային գրավչության, մրցունակության եւ ճանաչելիության բարձրացման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումն է՝ ԱՄՆ-ից եւ եվրոպական երկրներից ներդրողներ ներգրավելու համար»,- ասաց ներկայացուցչության գլխավոր տնօրեն եւ համահիմնադիր Դիանա Արզումանյանը:
Գրասենյակը ծառայությունների ամբողջական փաթեթ կտրամադրի ինովացիաների պաշտպանության եւ հայկական ստարտափների մուտքն ԱՄՆ եւ ԵՄ շուկաներ արագացնելու համար: «Մենք մտադիր ենք իրականացնել նույն քաղաքականությունը, որը ժամանակին զարգացած երկերները,մասնավորապես Իսրայելն էր իրականացնում: Մենք փաստացի կօգտագործենք աշխատանքի և շուկայավարման նույն սխեմաները, որպեսզի ավելի արագ հաջողությունների հասնենք հայկական ստարտափների առաջխաղացման հարցում»,- հայտարարեց նա:
Ստարտափներին առցանց խորհրդատվություններ
Սահմանված նպատակներին հասնելու համար Orion Armenia ընկերությունը առցանց դասընթացների շարք է նախաձեռնել “How to become investable in the U.S.” («Ինչպես դառնալ ներդրումային ԱՄՆ-ում») խորագրով, համագործակցելով Նյու Յորքում գործող BAJ Accelerator-ի, IAB International Academy of Business և Skill.am.-ի հետ: Հեռավար դասընթացները կվարեն բիզնեսի, տեխնոլոգիրաների, գիտության ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ և ներդրողներ:
Մասնակիցները կկիսեն իրենց փորձը եւ խորհուրդ կտան տեղական և միջազգային ստարտափներին՝ ինչպես բարձրացնել իրենց ներդրումային գրավչության մակարդակը, ինչպես գրավել վենչուրային հիմնադրամների, միկրովենչուրային հիմնադրամների, «հրեշտակ» ներդրողների ինչպես նաեւ ԱՄՆ-ում տարածված ընտանեկան ներդրումային գրասենյակների հետաքրքրությունը:
Այս առցանց դասընթացների միջոցով ընկերությունը փորձում է արագացված եղանակով ավելացնել մասնակիցների պատրաստվածության մակարդակն ամերիկյան շուկա մուտք գործելու համար: Բոլորը ցանկացողները կարող են միանալ դասընթացներին երեքշաբթի և հինգշաբթի օրերին առցանց կամ լսել ձայնագրությունները, որոնք հասանելի կլինեն կայքում օգոստոս ամսից։ Մանրամասները հրապարակված են www.orionwi.com ընկերության կայքում, ինչպես նաև ընկերության ֆեյսբուքյան էջում։ Առաջին երեք ամիսների (հուլիս-սեպտեմբեր) ընթացքում տեղական ստարտափների համար դասընթացներն ու թրեյնինգներն անվճար կլինեն:
ԱՄՆ ներդրողներից կազմված ներկայացուցչությունը կայցելի Հայաստան
Բացի ուսուցման դասընթացներից, օգտագործվելու են ԱՄՆ-ում Orion Worldwide Innovations LLC ներկայացուցչության բոլոր գործարար կապերը հայկական եւ ամերիկյան բիզնես ոլորտների միջեւ համագործակցությունն ամրապնդելու համար: Orion Armenia-ն նաև BAJ Accelerator-ի( www.bajаccelerator.com ) գործընկերն է և հովանավորը: 2021 թվականին ընկերությունը նախատեսում է Հայաստանում կազմակերպել BAJ Accelerator-ի ներկայացուցիչների հանդիպում ԱՄՆ ներդրողների եւ ձեռներեցների մասնակցությամբ: Էմմա Առաքելյանը, ով նաև BAJ Accelerator-ի համահիմնադիրն է , իր առաքելությունն է համարում նպաստել հայկական ստարտափ էկոհամակարգի կայացմանն ու զարգացմանը և միջազգային ներդրողների և մասնագետների հետ ամուր կապերի հաստատմանը։ Համաժողովին մասնակցելու են ոչ միայն հայկական, այլ նաև բալթյան, իսրայելական, ամերիկյան և այլ երկրներից ստարտափները։ Այցը նախատեսված էր այս տարի, սակայն ժամկետները տեղափոխվել են COVID-19 համավարակի պատճառով:
Կորոնավիրուսը՝ որպես հնարավորություն
Չնայած բոլոր դժվարություններին, որոնց հանգեցրել է համավարակը, շատ ստարտափներ, այդ թվում նաեւ Հայաստանում, կարողացել են կորոնավիրուսն օգտագործել որպես նորարարությունների հնարավորություն հասարակությանը օգնելու համար: AI ոլորտում կան շատ հետաքրքիր ստարտափներ, որոնք կրեատիվորեն են մոտեցել կորոնավիրուսի լույսի ներքո ստեղծված մի շարք խնդիրների լուծմանը: Օրինակ՝ HealthTech, AI and Computer Vision տեխնոլոգիաներն օգտագործվել են վիրուսի տարածում թույլ չտալու նախազգուշական միջոցառումների ապահովման նպատակներով:
Ներդրողները նաեւ հատուկ ուշադրություն են դարձնում COVID-19-ի հետ կապված նախագծերին: Ներկայումս ներդրողներին հետաքրքրում են DeepTech, SaaS, բժշկության, COVID-19-ի եւ AI-ի հետ կապված նախագծերը: AI-ում հիմա նախագծերը հիմնականում կապում են համավարակի ոլորտում ստեղծված իրավիճակի հետ, այնպես որ՝ հիմա համանման նախագծերը որոշակի չափով կարելի է համարել առանձին եւ անչափ հետաքրքիր ուղղություն:
«Մենք հրավիրում ենք հայկական և հայ հիմնադիրներ ունեցող արտասահմանյան ստարտափներին համագործակցելու մեզ հետ իրենց գործունեությունն ու նորարարությունները ԱՄՆ-ում և ողջ աշխարհում հասանելի և ճանաչելի դարձնելու նպատակով։ Մենք պատրաստում ենք հաջորդ unicorn-ներին»,- ասաց ընկերության տնօրենը։
Աղմուկի ճնշման համար Krisp արհեստական ինտելեկտը ստեղծած հայկական ստարտափը անցնում է հաջորդ մակարդակին
Աղմուկի ճնշման Krisp ինտելեկտուալ տեխնոլոգիան, որը խլեցնում է շրջապատող ձայները, հայտնվել է ճիշտ ժամանակին:
Ընկերությունը առաջ է անցել վիրտուալ ներկայությանը գլոբալ անցման գործընթացում եւ 5 միլիոն ԱՄՆ դոլարի A սերիայի ֆինանսավորման փայլուն ռաունդ է ներգրավել` իր ակտուալ առաջարկն ընդլայնելու եւ դիվերսիֆիկացնելու համար:
Ընկերությունն առաջիններից մեկն էր արհեստական ինտելեկտի բազմաթիվ նորաստեղծ ձեռնարկությունների շարքում` ունենալով օգտագործման պարզ տարբերակ եւ ակնհայտորեն արդյունավետ տեխնոլոգիաներ:
Krisp-ը կիրառում է իրական ժամանակում մեքենայական ուսուցման համակարգ ձայնի համար, որը կարող է ճանաչել մարդու ձայնը: Կողմնակի հնչյունները մանրակրկիտ կերպով հեռացվում են նույնիսկ խոսքի ընթացքում, իսկ այն, ինչ մնում է, ավելի պարզ է հնչում: Այսքանը: Ձգձգումը նվազագույն են (15 միլիվայրկյան) եւ ցածր հաշվարկային ծախսեր, ինչը նշանակում է, որ համակարգը կարող է գործել գրեթե ցանկացած սարքի վրա, հատկապես` ԱԻ-ի արագացմամբ սարքերի, ինչպես ժամանակակից սմարթֆոնների մեծ մասի դեպքում է:
Ընկերությունը սկսել է վճարովի մակարդակով անվճար ավտոնոմ ծրագրային ապահովման առաջարկով, որը վերացնում էր ժամանակավոր սահմանափակումները:
«Նախկինում մեր եկամուտները լավն էին, բայց դեկտեմբերին մենք սկսեցինք աշխատել ձեռնարկություններում: COVID-ն իսկապես արագացրեց այս պլանը»,- բացատրեց Krisp-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը: «Մարտին մեր ամենախոշոր հաճախորդը դարձավ խոշոր տեխնոլոգիական ընկերությունը` 2000 աշխատակցով: Ընկերությունների թիվը գնալով մեծանում է: Բայց մենք կարծում ենք, որ Krisp-ը դեռ կհետաքրքրի սպառողներին, որովհետեւ բոլորն ունեն դրա կարիքը, այնպես չէ՞»:
Նա ասաց, որ ավելի շատ մեծ խոշոր ընկերություններ են միացել Krisp-ին, այդ թվում` մեկ քոլ կենտրոն` շուրջ 40 000 աշխատակցով: Բաղդասարյանը նշեց, որ ընկերությունն արդեն աշխատում է 600 ձեռնարկության հետ, իսկ տարեկան եկամուտներն աճել են 0-ից մինչեւ 4 միլիոն դոլար:
Սա մեծ հաղթանակ է Krisp-ի թիմի համար, որը բաժանված է ԱՄՆ-ի եւ Հայաստանի, որտեղ հիմնադրվել է ընկերությունը, եւ աշխատակազմի կոմպլեկտավորման գլոբալ մոտեցման ստուգման միջեւ. համաշխարհային մակարդակի տաղանդավոր մասնագետներ կարելի է գտնել ոչ միայն Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Բեռլինում եւ այլ տեխնոլոգիական կենտրոններում, այլեւ` փոքր երկրներում, որոնք չեն օգտվում տեղական գովազդի եւ ներդրումային ենթակառուցվածքների առավելություններից:
Ֆինանսավորումը, իհարկե, այլ պատմություն է, բայց, գումար հավաքելով, ընկերությունն այժմ աշխատում է ընդլայնել իր արտադրանքը եւ թիմը: Krisp-ի հաջորդ քայլը խոսակցությունների մետատվյալների մոնիտորինգն ու ներկայացումն է:
«Հաջորդ ինտեռացիան ձեզ իրական ժամանակում հետադարձ կապ կտա այն մասին, թե ինչպես եք դուք հանդես գալիս որպես զեկուցող»,- բացատրեց Բաղդասարյանը: «Խոսելը հմտություն է, որը մարդիկ կարող են բարելավել: Երբ ինչ-որ մեկը խոսում է, նա միշտ չէ, որ ուզում է դա տեսնել: Բայց ժամանակի ընթացքում մենք կվերլուծենք այն, թե ինչ եք դուք ասում, հուշումներ կտանք բառապաշարի մասին, թե ինչպես բարելավել ձեր խոսակցական հմտությունները»:
Քանի որ ճարտարապետական տեսանկյունից Krisp-ի համար հասանելի են մուտքային եւ ելքային բոլոր հնչյունները, այն կարող է բավականին հեշտությամբ հավաքել այդ տվյալները: Բայց մի անհանգստացեք. ինչպես ընկերության մյուս արտադրանքները, սա եւս բոլորովին գաղտնի է եւ մատչելի սարքերի համար:
«Այս առումով մենք շատ ինքնավստահ ենք. մեր ընկերությունը երբեք տվյալներ չի ուղարկում իր սերվերներին»,- ասել է Բաղդասարյանը: «Մենք դա երբեք չենք բախվել դրան: Մենք հավելյալ քայլեր ենք ձեռնարկում մեր տեխնոլոգիաների ստեղծման եւ օպտիմիզացման ուղղությամբ, որպեսզի ձայնը երբեք չլքի սարքը»: Սա պետք է մխիթարի գաղտնիության սիրահարներին, ովքեր կասկածանքով են վերաբերվում իրենց բոլոր խոսակցությունները երրորդ կողմի միջոցով վերլուծության ուղարկելու համար:
Թողնել մեկնաբանություն