«Ժամանակակից քիմիայի հաջողությունները և հրատարակությունները Հայաստանում»
Հանդիպում-քննարկում
2017թ. նոյեմբերի 15-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանում կազմակերպվել էր Հայաստանում հրատարակված քիմիայի ոլորտին վերաբերող նոր գրքերի հեղինակների հետ հանդիպում-քննարկում` «Ժամանակակից քիմիայի հաջողությունները և հրատարակությունները Հայաստանում» խորագրով:
Միջոցառման նպատակն էր կարևորել Հայաստանում ժամանակակից քիմիայի դերը երկրի գիտական և տեխնոլոգիական զարգացման, կյանքի որակի, մասնավորապես, առողջ սննդի, մաքուր շրջակա միջավայրի, մարդու առողջության բարելավման գործում և համալրել գիտատեխնիկական գրադարանի հավաքածուն` քիմիայի ոլորտին առնչվող հայերեն նոր հրատարակություններով:
Միջոցառմանը մասնակցել են Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտություն ֆակուլտետի, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի, Ա.Բ. Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, «ԼԻԿՎՈՐ» դեղագործական ձեռնարկության ներկայացուցիչներ և ՆՁԱԿ-ի աշխատակիցներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գ. Վարդանյանը: Միջոցառումը վարեց ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լ. Ղարիբյանը, ով նշեց գրքերի հեղինակների հետ հանդիպման կարևորությունը և խոսքը տրամադրեց վերջիններիս:
Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Ա. Թադևոսյանը, լինելով գրքերի հեղինակ, ներկայացրեց ֆակուլտետի թվով 8 հրատարակությունները` դասագրքեր, բառարաններ, գիտահանրամատչելի գրքույկներ: Դրանք վերաբերվում էին ֆակուլտետի գիտնականների ձեռքբերումներին, մարդու գործունեության և շրջակա միջավայրի փոխհարաբերություններին և առողջ ապրելակերպի մոտեցումներին:
Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Մարտիրյանը և պրոֆեսոր Կարինե Գրիգորյանը ներկայացրեցին ֆակուլտետում նոր բացված «սննդի անվտանգություն» և «կենցաղային քիմիա» մասնագիտություններով ուսուցման համար նախատեսված` իրենց հեղինակած սննդի անվտանգության, սննդի քիմիայի և սննդարտադրական տեխնոլոգիաների անգլերեն-հայերեն-ռուսերեն տերմինաբանական բառարանը, ինչպես նաև նոր հրատարակված դասագիրքը:
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտքարտուղար Արա Գյուլնազարյանը ներկայացրեց Կենտրոնի գիտնականների գիտական միտքը և նվաճումները ներառող գրքերի հատորյակները, և այլ հրատարակություններ: Հեղինակը խոսեց նաև 60-ամյա Օրգանական քիմիայի ինստիտուտի ձեռքբերումները պահպանելու, իրենց կառույցի երիտասարդ գիտնականներին աջակցելու և գիտատեխնիկական գրադարանին գրքերը հետագա սերունդների համար ի պահ տալու կարևորության մասին:
Միջոցառման ընթացքում կայացան քննարկումներ և մտքերի փոխանակումներ, բուհերի ներկայացուցիչները անդրադարձան քիմիական ֆակուլտետ ընդունվողների խնդիրներին, որի հետ կապված իրենց մտահոգությունն արտահայտեցին ապագա մասնագետների թվի նվազման, Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակի հետ կապված քիմիական արդյունաբերության անկման կապակցությամբ: Չնայած դրան բարձրաձայնվեց, որ գիտնականները և մասնագետները ամեն ինչ անում են ստեղծվածը, ձեռք բերվածը չկորցնելու և պահպանելու համար, համոզված լինելով որ կգա ժամանակը ու քիմիական արդյունաբերությունն նորից իր նշանակալի տեղը կունենա երկրի տնտեսության զարգացման գործում:
Հեղինակներին ՆՁԱԿ-ի տնօրենը հանձնեց շնորհակալագրեր` ի նշան երախտագիտության` գրադարանին արժեքավոր գրքեր նվիրաբերելու համար:
Հյուրերը մասնակցեցին նաև գրադարանում առկա քիմիայի ոլորտին վերաբերող գիտատեխնիկական գրականության ցուցահանդեսին, ծանոթացան տրամադրվող ժամանակակից տեղեկատվական և գրադարանային ծառայություններին, որոնց մի մասը ցանկություն հայտնեցին և տեղում դարձան գրադարանի օգտվողներ: Վերջիններս էլեկտրոնային փոստով կօգտվեն մասնագիտական ամսագրերից` փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության միջոցով, որը բացառիկ է հանրապետությունում:
«ՆՁԱԿ» ՊՈԱԿ
Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին