Բիզնեսին նվիրված մոտիվացիոն գրքերի ներկայացում - քննարկում
Ս.թ. մարտի 16-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը «Էդիթ Պրինտ» հրատարակչության հետ համատեղ կազմակերպել է վերջինիս կողմից հայերեն թարգմանված և հրատարակված համաշխարհային բեսթսելերներ հանդիսացող բիզնեսին նվիրված մոտիվացիոն գրքերի ներկայացում - քննարկում:
Միջոցառման նպատակն էր կարևորել «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից ձևավորված նոր մշակույթը` հայերեն թարգմանելու և հանրությանը հնարավորություն ընձեռելու մայրենի լեզվով ուսումնասիրելու բիզնեսին նվիրված մոտիվացիոն գրականության համաշխարհային բեսթսելերները, ինչպես նաև արժևորել հրատարակչություն-գրադարան համագործակցությունը, որը կնպաստի նաև համալրելու ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ֆոնդը լավագույն բիզնես գրականությամբ:
Միջոցառմանը մասնակցել են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, Եվրասիա միջազգային համալսարանի, Ռուսաստանի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողներ, դասախոսներ, գրադարանների ղեկավարներ և հետաքրքրված անձինք:
Բացման խոսքով հանդես է եկել Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը, որից հետո խոսքը փոխանցել «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանին: Վերջինս խոսել է հրատարակչության իրականացրած աշխատանքների և մոտակա ծրագրերի մասին, շեշտել, որ հրատարակչությունը շարունակում է հայերեն թարգմանել և հայ ընթերցողներին տրամադրել մոտիվացիոն և բիզնես գրականության համաշխարհային բեսթսելերները, որոնք տասնամյակներ շարունակ օգնել են միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Նշել նաև, որ այս նախաձեռնությամբ ոչ թե միայն բիզնես նպատակներ են հետապնդել, այլ փորձել են թե՛ նյութական, թե՛ հոգևոր արժեքները համատեղել և օգնել մեր հայրենակիցներին հետ չմնալու ժամանակի շնչից:
Ներկաները ծանոթացել են հետևյալ բեսթսելերներին, դրանք են`
- Հանրահայտ գործարար և գրող Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը, որտեղ ներկայացված է սկզբունքակենտրոն մոտեցում`լուծելու անհատական և մասնագիտական խնդիրները, օգնելու փոխվել և օգտվել փոփոխությունների արդյունքում ստեղծված հնարավորություններից: Time ամսագիրն այն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում:
- Կյանքն ու գործը ճիշտ և արդյունավետ ղեկավարելու բոլոր ժամանակների բեսթսելեր Սպենսեր Ջոնսոնի և Քեն Բլանչարդի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը, որը համարվում է երբևէ հրատարակված ամենահաջողակ մենեջմենթի գրքերից:
- Մոտիվացիոն գրականության նմուշներից է կյանքում և բիզնեսում փոփոխություն մտցնելու բոլոր ժամանակների թիվ 1 բեսթսելերը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը, այն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր վերաբերմունքը փոփոխության նկատմամբ:
Բանախոսը ներկայացրել է նաև Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» վերնագրով առաջին հայալեզու, ծավալուն բիզնես ուղղվածություն ունեցող գիրքը, որտեղ ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են և ներկայացված է Հայաստանի փորձը: Գիրքը հնարավորություն է տալիս յուրացնել սեփական բիզնեսը զարգացնելու 100 մոտեցում, ինչպես նաև կրթել երիտասարդ սերնդին իրենց կարիերայում և սեփական նախագծերում ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ցուցաբերելու համար:
Ելույթից հետո Շ. Կարապետյանը գրքերը նվիրել է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանին և հայտնել համագործակցությունը շարունակելու մասին: Ի պատասխան ՆՁԱԿ-ի տնօրենը հրատարակչության ղեկավարությանը հանձնել է շնորհակալագիր` ի նշան երախտագիտության` գրադարանին արժեքավոր բիզնես գրքեր նվիրաբերելու համար:
Վերջում ներկաները իրենց հարցերը ուղղել են հրատարկչության ներկայացուցիչներին և հայտնել իրենց շնորհակալությունը և գոհունակությունը մարդկանց գրքասիրությամբ և ընթերցասիրությամբ վարակելու համար, որի արդյունքում կունենանք կարդացած, զարգացած, ժամանակի շունչը զգացող հասարակություն:
Ելույթներ են ունեցել նաև հրատարակչության կոմերցիոն տնօրեն` Արեգ Մկրտչյանը, «Մենեջեր «Մեկ րոպեն»» և «Ո՞ւր է իմ պանիրը» գրքերի թարգմանիչ Նազելի Կարապետյանը և «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքի թարգմանիչ Ալինա Միրզոյանը:
Միջոցառման շրջանակներում գործել է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում առկա բիզնես գրականության ցուցահանդես, մասնակիցներից ոմանք դարձել են գրադարանի օգտատեր:
Նայել նաև`
- Մոտիվացիոն գրականությունը՝ սեփական երկիրն ավելի լավը դարձնելու միջոց. գրքերի ներկայացում-քննարկում
- Քովի, Ջոնսոն, Բլանչարդ. մոտիվացիոն գրքերի ներկայացում-քննարկում
http://haynews.am/hy/1521111702
- Բիզնեսին նվիրված մոտիվացիոն գրքերի ներկայացում-քննարկում
http://www.bso.am/calendar/action~agenda/page_offset~-1/request_format~html/
- «Առավոտ» օրաթերթ
http://www.aravot.am/2018/03/17/943307/
- Panorama.am