ՆՁԱԿ
   
 

«Նորարարությունների կառավարում»
IV միջազգային երիտասարդական գիտական դպրոց
 

Ս.թ. մայիսի 24-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում տրվեց «Նորարարությունների կառավարում» IV միջազգային երիտասարդական գիտական դպրոցի մեկնարկը:

Բացման խոսքով հանդես եկավ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը: Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին և կարևորեցին Դպրոցի դերն ու նշանակությունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի Ելբասի ֆոնդի գիտության խորհրդի փոխնահագահ Սուխրաբ Ժապարովը:

Մասնակիցներին  ողջունեցին նաև Հումանիտար գիտությունների և արվեստի Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Դմիտրի Յակիմչուկը, դասընթացավարներ` Հայաստանի Ամերիկյան Համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս, «NASA տիեզերական առաքելությունների զարգացման» ծրագրի նորարարական տեխնոլոգիական առաջարկների վերանայման և գնահատման մենեջեր Մարի-Հրաչուհի Պօղոսեանը, «Այ Բի Էս» քոնսալթինգ գրուպի գործադիր տնօրեն Հայկ Մանասյանը: Վերջիններս  Դպրոցը համարեցին լավ սկիզբ «սթարթ-ափ» ընկերություններ ստեղծելու և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար:

Մի շարք մասնակիցներ երախտագիտությունը հայտնեցին Դպրոցին մասնակցելու և իրենց նորարարական գաղափարները կյանքի կոչելու ընձեռած հնարավորության համար:

Բացման արարողության ավարտից հետո աշխատանքային խմբերը  մեկնեցին ք. Ծաղկաձոր:

 

Առաջին աշխատանքային օրը բաղկացած էր 3 սեսիայից, որոնցից առաջինում «Ստեղծագործական մտածելակերպ և ինովացիա» թեմայով հանդես եկավ «NASA տիեզերական առաքելությունների զարգացման» ծրագրի նորարարական տեխնոլոգիական առաջարկների վերանայման և գնահատման մենեջեր, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս տիկին Mary Boghosian: Նա իր դասախոսության ժամանակ մասնակիցներին ներկայացրեց մշտապես փոփոխվող և բիզնես միջավայրում դիմակայելու գործում նորարարությունների անհրաժեշտությունը`այդ գործընթացում կարևորելով ստեղծագործական և քննադատական մտածելակերպի դերն ու նշանակությունը: Ինտերակտիվ քննարկման միջոցով մասնակիցները փորձեցին վերհանել և սահմանել իրենց ստեղծագործական ներուժը, բացահայտելու և զարգացնելու ճանապարհին հանդիպող հնարավոր խոչընդոտները:

Տիկին Մարին 2-րդ սեսիայի ընթացքում մասնակիցներին ծանոթացրեց գաղափարների քարտեզագրման մեթոդին և սկզբունքներին, ապա մասնակիցները, խմբերի բաժանվելով, անցան գործնական աշխատանքների` կիրառելով ներկայացված մեթոդը և փորձեցին զուգամետ ու տարամետ մտածողության գործիքները:

Վերջին դասախոսության ժամանակ Այ Բի Էս Քոնսալթինգ Գրուպի գործադիր տնօրեն Hayk Manassian ներկայացրեց գաղափարների առևտրայնացման գործում հաջողության հասնելու համար անհրաժեշտ մտածելակերպի և վարքագծի հիմնական տարրերը:

Օրն ավարտվեց մշակութային գեղեցիկ երեկոյով, անմիջական միջավայրում մասնակիցները վայելեցին տարբեր ազգերի երաժշտություն, կազմակերպվեցին պարեր և խաղեր:

   

Ծաղկաձորում ընթացող «Նորարարությունների կառավարում» չորրորդ միջազգային գիտական դպրոցի երկրորդ աշխատանքային օրը բաղկացած էր մի շարք սեսիաներից: Մասնավորապես, օրը սկսվեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կոլբա» նորարարական լաբորատորիայի ղեկավար Մարինա Մխիթարյանի դասախոսությամբ, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան ձեռներեցության ոչ ավանդական եղանակներին, պատկերացում կազմեցին սոցիալական նորարարության բնույթի, ինչպես նաև տեղեկացան համաշխարհային ճանաչում ստացած հաջողված սոցիալական նախաձեռնությունների առանձնահատկությունների մասին:

Այնուհետև «Երիտասարդական միքս» հասարակական կազմակերպության նախագահ Arsen Hayriyan -ի վարած գործնական սեսիայի ընթացքում մասնակիցները խմբային աշխատանքի միջոցով սահմանեցին նորարարական գաղափարների ֆինանսավորման տարբեր աղբյուրները,  ապա վերլուծեցին դրանց առավելություններն ու թերությունները: Նորարարական գաղափարների ֆինանսավորման թեման շարունակեց The Crowdfunding Formula հարթակի հիմնադիր և «Քրաուդֆանդինգի 37 գաղտնիք» գրքի հեղինակ Նարեկ Վարդանյանը, ով ներկայացրեց քրաուդֆանդինգի՝ որպես նորարարական գաղափարների այլընտրանքային ֆինանսավորման միջոցի էությունը, մեխանիզմը, կիրառվող տարբեր գործիքների առավելություններն ու հաջողության գործոնները:

Օրվա 2-րդ կեսը նվիրված էր ստեղծագործական մտածելակերպի արդյունքում ծնվող նորարարական ձեռներեցության գործընթացին, բիզնես միջավայրում նորարարության ներդրման գործիքներին և մեխանիզմներին:

Որպես ամփոփում, աշխատանքային օրվա վերջում` Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական գծով փոխնախագահ Davit Iskandaryan-ի գործնական օրինակի քննարկման միջոցով հնարավորություն տրվեց մասնակիցներին ավելի մանրամասն վերլուծել բիզնես գործընթացների առանձին բաղադրիչներ կազմող գործողությունների կառավարման սխեմային:

 

 

«Նորարարությունների կառավարում» 4-րդ միջազգային երիտասարդական գիտական դպրոցի երրորդ օրվա երկու դասաժամ նվիրված էր բիզնես հաջողության հարցում շատ կարևոր բաղադրիչ հանդիսացող բիզնես պլանավորման կառավարման հարցին: «Փի-Էմ-Էյ» ՍՊԸ խորհրդատվական ընկերության կառավարող գործընկեր, PMP® որակավորում ունցող մասնագետ Davit Iskandaryan-ը ներկայացրեց բիզնես պլանի բաղադրիչները, կազմման մեխանիզմները` դասախոսությունն ավարտելով ֆինանսական մոդելավորման գործիքների մանրամասն նկարագրությամբ:

Օրվա 2-րդ մասում բիզնես խորհրդատու Տաթև Հովհաննիսյանը ինտերակտիվ խաղի և կոնկրետ օրինակների միջոցով ներկայացրեց բիզնես պլանի մարքեթինգային ռազմավարության և արտադրական պլանի հիմնական բաղադրիչներն ու դրանց առաձնահատկությունները:

Blue Book Training & Coaching Center -ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Narek Manaseryan-ը անցկացրեց գործնական սեսիա, որի ընթացքում նա ծանոթացրեց տարբեր շահառուներին նախագծերի ներկայացման հմտություններին, ինչպես նաև նախագծերի, գաղափարների առավելությունների ճիշտ կիրառման ձևերին և սխալներից խուսափելու տարբերակներին:

Աշխատանքային օրն ամփոփվեց շատ ակտիվ և խանդավառ միջավայրում` մասնակիցների սեփական նորարարական գաղափարների և նախագծերի անհատական և ձևավորված թիմերի շնորհանդեսներով: Սեսիայի ընթացքում նրանց ձեռք բերած գիտելիքների ճիշտ կիրառումը գնահատելու համար, այդ օրվա սեսիաներն անցկացնող փորձագետներից ձևավորվեց պայմանական հանձնաժողով, որը հաղթող ճանաչեց Մկրտչյան Հովհաննեսի և Հովսեփյան Ռաֆիկի ավտոկայանատեղերի ավտոմատացման և դրա համար բջջային հավելված ապահովող «Ինոպարկ» նախագիծը: Հանձնաժողովը հետաքրքիր լուծում առաջարկեց 2-րդ տեղը զբաղեցրած «Արևային լիցքավորիչ» նախագծի համար` վերջնական առևտրային առաջարկ դարձնելու նպատակով բաց մնացած ՏՏ լուծումների համար համագործակցել հաղթող նախագծի հեղինակների հետ: Բացի այդ, հանձնաժողովի փորձագետները բոլոր ներկայացված նախագծերի համար անհրաժեշտ մասնագիտական ուղղորդումներ ցույց տվեցին դրանց հետագա զարգացման համար:

Որպես ծրագրի ամփոփում` հիմնվելով դպրոցի շրջանակներում ձեռք բերված գիտելիքների վրա, նորարարական գաղափարներ ունեցող մասնակիցներն անհատապես, ինչպես նաև ձևավորված թիմերով ներկայացրին իրենց գաղափարներն ոլորտի առաջատար փորձագետներին և ստացան անհրաժեշտ ուղղորդում դրանց զարգացման համար:

Ծրագրի ավարտին տեղի ունեցավ սերտիֆիկատների հանձնման արարողությունը, որին հաջորդեց հրաժեշտի երեկոն:

Աշխատանքներն ավարտելուց հետո ծրագրի աշխատանքային խումբը մեկնեց էքսկուրսիայի`ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային որոշ կոթողների` այցելելով Սևանի, Գոշի և Հաղարծնի վանական համալիրներ: